Показаны сообщения с ярлыком ՏԱՐԱԶՆԵՐ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՏԱՐԱԶՆԵՐ. Показать все сообщения

05.01.2014

ԱՊԱՐԱՆՑԻ ԿՆՈՋ ՏԱՐԱԶ

Երկրորդ դարից կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է պատմիչ Պտղոմայիսը իսկ տասերորդ դարից կրում է Ապարան անունը, որը նշանակում է Պալատ: Ապարանը պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնն էր: Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ նրանք կառուցել են 6-րդ դարում Քասաղի բազիլիկը: Զաքարիա պատմիչը ԺԷ դարում Ապարանի անունը հիշատակում է Քասաղ իսկ 17-րդ դարից մինչև 1935 թվականը կոչվել է Բաշ-Աբարան:
    Ապարանը հարուստ է եղել իր կոթողային հուշարձաններով՝ Աստվածընկալ վանքը 13-րդ դար, Ապարանի մոտակա գյուղ Մռավյանում՝ Մենաստան վանքը 10-12-րդ դար և այլ հուշարձաններ:
     Մայիսի 20, 1918 թվականին Ապարանի բնակիչները Բաշ-Ապարանի ճակատամարտում, ղեկավարությամբ և գլխավորությամբ Ազգային Հերոս Դրոյի (Դրաստամարտ Կանայան)՝ զգալի հարված հասցրեցին թրքական բանակին: Կասեցնելով Ալեքսանդրապոլից դեպի Երևան առաջընթացը, հետո մղելով խմբերը, փախուստի մատնեցին թշնամուն:
     Հեռավոր Ամերիկայում 1956 թվականի Մարտի 8-ին փակվեց Ազգային Հերոս Դրոյի հիսուն և ավելի տարիների գործուն պատմության կյանքի էջը: Նրա աճյունները փոխադրվեցին Ապարանում կառուցված Բաշ-Աբարան հուշարձանին կից վայրում:

Տարազ
Ապարանի տարազը նշանավոր է իր բարձր գլխարկով, որը պատրաստելու համար միշտ կարվում էին երիզներ. պարեգոտի կուրծքը զարդարված էր ոսկեթել ձեռագործներով ինչպես նաև գոգնոցը: Գոգնոցի և կուրծքի ձեռագործներով զարդարված կտորի գույնը՝ սովորաբար ընտրվում էր գլխարկի գույնից: Թևերը ուներ Զպուն (հագուստի կտորից ավելացրած երկար կտորներ), որոնք կարվում էին թևերի տակիս և կախվում էին ձեռքի վրա: 

29.12.2013

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅՈՒՀՈՒ ՏԱՐԱԶ



Զանգեզուր, բնաշխարհ Հայաստանում՝ իր մեջ ընդգրկում է Գորիսի, Մեղրիի և Սիսյանի շրջանները: Զանգեզուրի տեղանունն  ավանդաբար ստուգաբանել են կապելով հայկական Ձագիկ նահապետի, կամ Ձագեձորի՝ Ձագերի ձոր անվան ձևափոխումներին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի բերած ավանդական տեղեկության, Ձագեձորը հիմնադրվել է Սկյութների կամ Սակերի նախարարների նահապետերից Ձագիկը: Զանգեզուրը համարվել է նաև այստեղ ներխուժած և բնակված Սակերի անվան փոխված ձևը՝ Սակ, Ձագ, Ձագեձոր, Զանգեզուր:

     Զանգեզուրը հայտնի է իբրև Սյունյաց աշխարհ: Սյունիք անունը հայտնի է հնագույն ժամանակներից և ունի էթնիկական ծագում: 11-13 դդ.  Զանգեզուրին տիրել են սելջուկները իսկ 13-14 դդ մոնղոլները և 15-րդ դարից պարսիկները: Պարսիկների տիրապետության ժամանակ Զանգեզուրը եղել է Ղարաբաղի խանության կազմում: 18-րդ դարի 20-ական թվականներից Զանգեզուրի բնակիչները Դավիթ Բեկի գլխավորությամբ ազատագրական, հերոսական պայքար մղեցին թուրք-պարսկական բանակների  դեմ:
     Զանգեզուրի տարածքը հայտնի է պատմական նշանավոր հուշարձաններով: Դրանցից են՝ Բաղաբերդը , Վահանավանքը, Կապան քաղաքը, Տաթևի վանքը, Սյունիքի վանքն ու բերդը, Կաքավաբերդը, Ձագեձորի բերդը և Մխիթար Սպարապետի գերեզմանը Խնձորեսկում:
    Գրականության մեջ Զանգեզուրը ունեցել է հայտնի դեմքեր՝ Ստեփանոս Օրբելյան, որը գրել է <<Պատմություն Նահանգի Սիսական>> 1910 թվականին, Ս. Լիսիցյանը՝ <<Զանգեզուրի հայեր>>-ը 1968 թվական և այլն:

23.12.2013

ԱԳՈՒԼԻՍԻ ԿՆՈՋ ՏԱՐԱԶ



Ագուլիս, հին ձևը Ագուլիք, տեղական բարբառով՝ Յագյուլիս, վերին և ներքին: Բնակավայր պատմական Հայաստանի Վասպուրականի Գողթն գավառում, որն այժմ գտնվում է նախիջևանի Օրդուբադի շրջանում: 
    Վերին Ագուլիսում կառուցված էր հին հայկական գյուղաքաղաք լեռան ժայռոդ լանջին: Բնակիչները հայեր էին, որոնք իրենց կոչում էին՝ <<Զոկեր>> և խոսում էին յուրահատուկ բարբառով ու մեծ մասամբ մետաքսագործներ և առևտրականներ էին:
     Առաջին անգամ 16-րդ դարում Ագուլիսը հիշատակվում է որպես Ռուսաստանի, Պարսկաստանի, Արևմտյան Եվրոպայի ու Հնդկաստանի հետ առևտրական կապեր ունեցող վաճառաշահ քաղաք: Տարբեր շրջաններում Ագուլիսում կառուցվել է 12 եկեղեցի և վանք: Հռչակավոր է մասնավորապես Սուրբ Թովմա Առաքյալի՝ Ագուլեցոց վանքը, որի մուտքի վրա փորագրված է 1694 թիվը:  Վերին Ագուլիսը նշանավոր է եղել իբրև հայ կարևոր գրչության կենտրոն. Սուրբ Թովմա Առաքյալի վանքում գրվել են բազմաթիվ ձեռագրեր:
      Ագուլիսում են ծնունդ առել հայ ժողովրդի նշանավոր մտավորականներ Զաքարիա Ագուլեցին, Ա. Արասխանյանը, Ա. Քալանթարը և ուրիշներ:
     Ագուլիսի գրավումը, որը տեղի է ունեցել 1752 թվբականին Ատրպատականի Ազատ Իշխանի կողմից՝ պատմության մեջ հիշվում է որպես մեծ աղետ: Հակառակ դիմադրության Ագուլիսցիները պարտվեցին, մի մասը փրկվելով գաղթեց դեպի Շուշի, իսկ Ազատ Իշխանը 1200 գերիներով հեռացավ դեպի Պարսկաստան: Ագուլիսցիները 1820 թ-ին գնեցին քաղաքը պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզայից, ըստ 1879 թվականի մարդահամարի, քաղաքը ունեցել է 990 բնակիչ: 

19.12.2013

ԹԱՎՐԻԶԻ ԿՆՈՋ ՏԱՐԱԶ



Թավրիզ, նախկինում Դավրեժ, քաղաք՝ Իրանի հյուսիս-արևմուտքում: Հայերի Թավրիզ հաստատվելու մասին ստույգ տեղեկություններ չկա, սակայն հայտնի է 11-րդ դարում Սելջուկները Հայաստանից հազարավոր հայեր գերեվարել և բնակեցրել են Թավրիզում:
    Թավրիզում հայերի թիվը նվազել  կամ աճել է Իրանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների պատճառով: 19-րդ դարի երկրորդ կեսերին Իրանի կառավարությունը երկրի շահերը նկատի ունենալով, որոշ արտոնություններ է տալիս իրանահայ համայնքին և Թավրիզի հայերին: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ բնակչության թիվը հասել էր 5500-ի: Թավրիզը եղել է նաև Ատրպատականի հայոց թեմի կենտրոնը:
      Միջնադարում Թավրիզը գեղարվեստական, արհեստագործական, մասնավորապես՝ գորգագործության և կերպարվեստի խոշոր կենտրոնն էր:
     1334 թ-ին Թավրիզում գրված  հայկական մի ձեռագիր հիշատակարանում հիշվում է երկու եկեղեցի՝ Սուրբ Սարգիս և Սուրբ Աստվածածին, իսկ 1345 թ-ին մեկ այլ ձեռագրում հիշվում է թե Թավրիզը համարվում է ոչ միայն պարսիկների, այլ նաև հայերի մայրաքաղաք: 1829-30 թթ հայերից շատերը գաղթեցին Արևելյան Հայաստան:
     Եկեղեցիներին կից գործել են դպրոցներ, 1852 թ-ին բացվել է Ներսիսյան դպրոցը., իսկ 1875 թ-ին Հայկազյան և Արամյան դպրոցները: 1889 թվականին Թավրիզում հիմնադրվել է առաջին հայկական տպարանը: Հանրային և մշակութային կյանքը 1898 թ-ին կազմակերպել և ղեկավարել լսարանական կազմակերպությունը, որը հիմք է  դրել քաղաքի հանրային և մշակութային կյանքին:
      1903 թ-ին լույս է տեսել Գործ թերթը, իսկ մշակութային կենտրոն է հիմնվել 1916 թ-ին իսկ առաջին թատերական ներկայացումը տրվել 1879 թվականին: Թավրիզում է ծնվել մատենագիր, պատմաբար Առաքել Դավրիժեցին:

11.12.2013

Նոր Ջուղա - Հայուհու տարազ


Պարսկաստանի Աբբաս Շահը 1604 թվականին, Շիրակից մինչև Նախիջևան ընկած տարածքի ողջ հայությանը բռնագաղթելով, տասնյակ հազարներ զոհեր տալով, սրի և մահվան սպառնալիքով ուղեվորում է դեպի Պարսկաստանի խորքերը: Ջուղայեցիներին նույնպես տեղահանելով տարածք է հատկացնում իր մայրաքաղաքից ոչ հեռու Սպահանի արվանձաններում և հիմնադրում է Նոր Ջուղան:
   Բազմաթիվ փաստեր և ականատեսների վկայություններ կան հայ կանանց, աղջիկների, ծերունիների և առհասարակ՝ ամբողջ գաղթականության անլուր տառապանքների, սովի, ցրտի ու բռնաբարության մասին: Հայ ժողովրդի պատմության ամեջ այս տարագրությունն անվանվել է <<Մեծ սուրգուն>>, որը նշանակում է Մեծ գաղթ: Բռնագաղթի ճանապարհին մեծ զրկանքներ ու մեծ կոտորածներ կրելով հայ ժողովրդի միայն մի մասն է կարողանում հասնել Սպահան: Շահ Աբբասը ցանկանալով զարգացնել իր երկրի տնտեսական վիճակը, մեծ արտոնություններ է տալիս հայ խոջաներին, որի բերմամբ ստեղծվում են հայ առևտրական ընկերություններ:
    Նոր Ջուղան հանդիսացել է հայ մշակույթի ամենախոշոր օջախներից մեկը, որտեղ հավաքված են եղել մեծ թվով մտավորականներ: 1636 թվականին Խաչատուր Վարդապետ Կեսարացու կատարած ջանքերով Նոր Ջուղայում հիմնվում է տպարան, որը Պարսկաստանում և Միջին Արևելքում առաջինն էր: Հայերը ճանաչված էին գորգագործության, մանրանկարչության, ոսկերչության և շատ ուրիշ արհեստներում: Նոր Ջուղայում կառուցվել են 24 եկեղեցի, որոնցից 13-ը այսօր կանգուն են. նրանցից կարող ենք նշել մի քանիսը՝ Ս. Բեթղեհեմ, Ս. Սարգիս, Ս. Աստվածածին եկեղեցիները և Ս. Ամենափրկիչ վանքը:


Տարազ

    Ջուղայի տարազի մեջ զգալի է պարսկական ազդեցությունը, ուշագրավ է իր գլխի կոտը, որի վրայից իջնում է գլխաշորը, որը փաթաթվում է վզի շուրջ: Կզակը ծածկվում է սպիտակ կտորով: Տարազին մաս է կազմում Շալվարը (տաբատ), որի նեղ փողերի եզրերը զարդարված են ասեղնագործ, ինչպես նաև Բատմուճանի (երկար զարդարված զգեստի) եզրերը:

23.11.2013

Շուշեցի հայուհու տարազ


Շուշին գտնվում է Լեռնային Ղարաբաղի կենտրոնական մասում, համարվում է Արցախի հնագույն բնակավայրերից: Հարուստ է պատմական անցյալով. բնական անմատչելի դիրքի շնորհիվ հնագույն ժամանակներից Վարանդա գավառի բնակիչների համար ծառայել է իբրև պաշտպանական  ամրություն՝ որը հետագայում պարսպապատվելով դարձել է բերդ: Բերդապարսպի մեծ մասը այժմ  կանգուն է: Միջնադարում բերդը կոչվել է Շինաքար իսկ հետո տարբեր դարաշրջաններում հիշվել է հետևյալ անուններով՝ Քարագլուխ, Շոշի բերդ, որովհետև թշնամու ուժերի հարձակումների ժամանակ այստեղ զինավորվել են հարևան Շոշ ավանի և գավառի բնակիչները:
     Շուշին 11-րդ դարի երկրորդ կեսերից բերդաքաղաք էր, իսկ 12 -րդ դարից դառնում է առևտրական և մշակութային կարևոր կենտրոն: Ուշագրավ է Շուշիի Հայկական Խանդամիրյան թադրոնի շենքը, Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ 1816 թիվ, Ագուլեցոց Ս. Աստվածածին եկեղեցին՝ 1822թ., Մեղրեցոց Ս. Աստվածածին եկեղեցին՝ 1838 թ., Ղազանչեցող Ամենափրկիչ Մայր Տաճարը՝ 1868-87 թթ, որը այսօր կրում է Սուրբ Ամենափրկիչ անունը: 
     1838թ-ին Շուշիում հիմնվել է թեմական դպրոց, որի տեսչությունն է վարել բանաստեղծ Ղազարոս Աղայանը և դասավանդել են Պ. Պռոշյանը, Ա. Չիլինգարյանը, Լ. Մանվելյանը և ուրիշներ, դպրոցը փակվել է 1920 թվականին: Հայտնի են եղել նաև Շուշիի երաժիշտները, որոնք բարձր աստիճանի են բարձրացրել հին երաժշտական գործիքներով՝ թառ, քամանչա և զուռնայով ժողովրդական մեղեդիները:



Տարազ
   Շուշիի կանացի տարազը չափազանց յուրահատուկ է եղել այն իմաստով, որ նրանք տարբեր տարիքների համար ունեցել են տարբեր տարազներ: Տարեց կնոջ տարազը ամբողջովին տարբեր է եղել երիտասարդ աղջկա կամ կնոջ տարազից: Տարեցների տարազի մեջ կա նմանություն Ստեփանակերտի կանացի տարազին, իսկ երիտասարդ աղջկա տարազը, որը ներկայացվել է գրքում հատկանշական է եղել իր բարձր գլխարկով, որի վրայից կախվում է գունավոր շղարշը՝ իջնելով դեպի թիկունք:


02.11.2013

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ ՏԱՐԱԶ


Վարարակն մինչև 1847 թվականը, 1847-1923 թվականները՝ Խանքենդ, իսկ հետո՝ Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղի կենտրոնը, որը գտնվում է Կառկառ գետի ձախ ափին:
     Ստեփանակերտի հատակագծման և կառուցման առաջին նախագիծը կազմվել է 1926 թ-ին, ճարտարապետ Ալ. Թամանյանի կողմից, երկրորդը1968-ին ճարտարապետ Սլոբոտյանսկիի ղեկավարությամբ և երրորդը 1968 թ-ին ճարտարապետ Բ. Դադաշյանի կողմից:
      Հայկական վաղ շրջանի մշակույթի բազմաթիվ նյութեր են հայտնաբերվել Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում. աշխատանքի գործիքներ, զենքերի նմուշներ, կենցաղային գործածության իրեր, դրամներ, արձանների և խաչքարերի ամենահին տեսակներից մասունքներ, վաղ միջնադարյան բնորոշ զարդանախշերով խոյակներ, որոնք հիմք են տալիս նշելու թե Ստեփանակերտում հնագույն ժամանակներից բնակավայր է եղեն:
      Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը հիմնվել է 1932 թ-ին Մ. Գորկու անվամբ, և Կ. Ալվարյանի ղեկավարությամբ: Բացումը կատարվել է Օգոստոսի 11-ին Վաղարշայանի <<Օղակում>> պիեսի բեմադրությամբ: Թատրոնում ստեղծվել են 300-ից ավելի բեմադրություն, որոնցից կարելի է նշել Սունդուկյանի <<Պեպոն>>, Շիրվանզադեի <<Պատվի համար>>-ը, Դեմիրճյանի <<Քաջ Նազար>>-ը, Շեքսպիրի <<Օթելո>>-ն և այլն:
      Ստեփանակերտ մտնողի վրա անջնջելի տպավորություն է թողնում նրա մուտքի մոտ, բլուրի վրա կառուցված՝ Մենք ենք մեր Սարերը, տուֆակերտ յուրատիպ քանդակը, որը բնութագրում է ղարաբաղցու հոգու վեհությունը, նրա հավատարմությունն ու անսասանությունը: Քանդակը կառուցվել է 1967 թվականին, քանդակագործ Սարգիս Բադավարյանի ձեռքով:



24.10.2013

ԱԽԱԼՑԽԱՅԻ ՆՈՐԱՀԱՐՍԻ ՏԱՐԱԶ


Ախալցխա, քաղաք Վրաստանում: Գտնվում է պատմական Սամցխե գավառում Գուգարքի, Կղարջքի և Ջավախքի գավառների հյուսիսային կողմում: Ախալցխա վրացերենով նշանակում է Նոր բերդ: Ըստ աշխարհագրական բնական բաժանումների Ախալցխան շատ հին ժամանակներից Հայաստանի մասն է կազմել, սակայն շատ քիչ է պատահել, որ մեր իշխանները և թագավորները հաստատվեն Ախալցխայում:
    Ախալցխան շրջապատված էր ամուր պարիսպներով, ուներ բազմաթիվ աշտարակներ, ուներ նաև իր ներքին բերդը: Ախալցխայի հայերը իրենց քաջությամբ դարեր շարունակ պաշտպանել են քաղաքը թշնամիների դեմ և ինչպես ասում են՝ <<Մի կարսեցի երեք Երևանցի արժի, և երկու Կարսեցի՝ մի Ախալցխացի>>: 
      1829-1830 թթ-ին Կարին, այժմ Էրզրում քաղաքից և նրա շրջակա գյուղերից վեց հազար հայ ընտանիք գաղթեց և հաստատվեց Ախալցխա: Կարինից գաղթած արհեստավորները զբաղվել են ոսկերչությամբ, դարբնությամբ, հյուսնությամբ, կաշեգործությամբ և առևտրով: Հայտնի էր նաև իրենց զինագործությունը, արծաթյա և ոսկյա զարդերով, որոնք արտահանվում էին քաղաքից:
      Պատմական հուշարձաններից նշանավոր է Ախալցխայի բերդը 10-11 դարերում կառուցված դժվարամատչելի բլուրների վրա:
      Ախալցխայում են ծնվել ակադեմիկոսներ՝ Հ. Մանանդյանը, Ս. Մալխասյանցը, նկարիչներ՝ Հ. Կոջոյանը, Վ. Սուրենյանցը, Վ. Գայֆեճյանը, բանասեր Գ. Տեր-Մկրտչյանը, ֆիզիկոս՝ Հ. Նավակատիկյանը և շատ ուրիշ կարևոր դեմքեր:


12.10.2013

ԹԻՖԼԻՍՑԻ ՀԱՅՈՒՀՈՒ ՏԱՐԱԶ


Մինչև 1936 թվականը կոչվել է Թիֆլիս, անցյալում Տփխիս և այլժմ Թբիլիսի՝ Վրացական մայրաքաղաք: Անունն ստացել է քաղաքում բխող տաք, Թբիլի անունով աղբյուրներից: Քաղաքը ձգված է Կուր գետի հովտում և մոտակա լեռների լանջերին: Երբ 4-րդ դարում Թիֆլիսը դարձավ Վրաստանի մայրաքաղաքը, այնտեղ հաստատվեցին նաև հայերը:
    Թիֆլիսի ճարտարապետության պարագային որոշակի ավանդ են ունեցել հայերը, որոնք դարեր շարունակ կողք-կողքի ապրել են վրաց ժողովրդի հետ: Դեռևս ուշ միջնադարում Թիֆլիսում եղել են 24 հայկական եկեղեցի և վանք, որոնցից կարող ենք նշել՝ Հարանց Վանքը 12-րդ դար, Նարիկալա բերդը, որի տակ Ումեկ Իշխանը 12-րդ դարում կառուցել է քարաշեն Սուրբ Աստվածածին՝ այժմ Սուրբ Գևորգ քառամույթ գմբեթավոր եկեղեցին և շատ ուրիշ կոթողային հուշարձաններ:
    Թիֆլիսը եղել է նաև հայկական կարևոր մշակութային կենտրոն. Թիֆլիսում են ստեղծագործել Սայաթ-Նովան և Նաղաշ Հովնաթանը և շատ ուրիշներ, ինչպես նաև Խաչատուր Աբովյանը, որը մանկավարժական աշխատանք է տարել Թիֆլիսում:
     Թիֆլիսում 1851 թ-ին սկսել է գործել Թամամշյանի թատրոնը, իսկ 1863 թվականին Պռոշյանի, Չմշկյանի և Գ. Սունդուկյանի ջանքերով հիմք է դրվում Հայ Թատրոնը:
    Անհրաժեշտ է հիշել, թե բանաստեղծ, աշուղ, երգի վարպետ, Արութին, Հարություն՝ Սայաթ-Նովան ծնվել է Թիֆլիսում. կան տարբեր թվականներ իր ծննդյան թվականի մասին՝ 1712,  1717, կամ 1722. շրջել է երկար տարիներ մերձավոր արևելքում, մկրտվել է Սայաթ-Նովա, որը նշանակում է երգի որսորդ պարսկերեն լեզվով: 1759 թ-ի կեսերին ավարտել է Սայաթ-Նովայի իբրև երգահան և երաժշտի կյանքը, նա ձեռնադրվում է քահանա և 1795 թ-ի Սեպտեմբերին Աղա Մոհամադ Ղաջարի արշավանքների օրերին զոհվում է Թիֆլիսում:

30.09.2013

ՄԱՐԱՇՑԻ ԿՆՈՋ ՏԱՐԱԶ


Մարաշը անցյալում Գերմանիկ՝ քաղաք Կիլիկյան Հայաստանում, գտնվում է Ջահան գետի
ափին: Տարբեր ժամանակաշրջաններում Մարաշին տիրապետել են հռոմեացիները, բյուզանդացիները, արաբները և այլ ուրիշ ազգեր:
    Մարաշի կառավարիչ է նշանակվել 12-րդ դարում հայազգի Թաթուլ Իշխանը, իսկ նրա իշխանությունից հետո Մարաշը մտնում է Եդեսիայի իշխանության տակ: Լևոն Բ Մեծագործ թագավորի ժամանակ 1187-1219թ. Մարաշը միացել է Կիլիկիայի Հայկական թագավորությանը իսկ 17-րդ դարից անցել է Օսման թուրքերի տիրապետության տակ: Մինչև 1914 թվականը Մարաշի բնակիչների թիվը հասել է 70.000, որից միայն 40.000 հայեր էին, իսկ մյուսները՝ թուրքեր, ասորիներ և հույներ:
    Մարաշում գոյություն ուներ երեք համայնք, հայ Առաքելական՝ վեց եկեղեցի, Կաթողիկե՝ մեկ եկեղեցի, և Բողոքական՝ չորս եկեղեցի: Մարաշում լույս է տեսել <<Ճշմարտություն>> պարբերականը: Մարաշի հայերը բռնությամբ տեղահան եղան 1915 թվի կազմակերպած ջարդերին: Երևանում հիմնադրվեց Նոր Մարաշ թաղամասը, որտեղ հաստատվեցին ներգաղթած մարաշցիներ:
    Մարաշի Ծով-Դղյակում ծնվել և մեծացել է Ներսես Շնորհալին. ապրել և ներշնչվել է Տավրոսական լեռների գեղեցկությամբ և հետագայում ստեղծագործել է իր գողտրիկ բանաստեղծությունները՝ Առավոտ լուսո, Զարթիք և ուրիշ զմայելի շարականներ:

22.09.2013

ԱԿՆԻ ՆՈՐԱՀԱՐՍԻ ՏԱՐԱԶ


Ակն կամ Էկին՝ գեղեցիկ դիրքով և անցյալով նշանավոր Փոքր Հայքի քաղաքներից մեկն է, կառուցված Եփրատի ափին: Ակն քաղաքի մասին կան հետևյալ ավանդությունները: Անի քաղաքի կործանումից հետո նրա բնակիչներից մեծ մասը գաղթում են դեպի հարավ, նոր հայրենիք գտնելու հույսով: Եփրատ գետի ափերը բռնելով հասնում են մինչև ջրի ակը և հաստատվում են այնտեղ տեղավորելով վրանները. ժամանակի ընթացքում նույն տեղը շինվում է քարաշեն տներ և հիմքն է դրվում նոր քաղաքի, որի անունը կոչվում է Ակն, որը նշանակում է աղբյուր:
   Ակնցիները զբաղվել են վաճառականությամբ և իբրև նշանավոր վաճառականներ ճանաչված են եղել բոլոր աշխարհներում: Ազգային, մշակութային, հասարակական ու տնտեսական փայլուն դիրքի՝ հայեցի առաքինի բարք ու վարքի տեր են եղել Ակնցիները:
   Երբ տեղի ունեցավ 1915 էվականի աղետը՝ Ակնցի հայերը տեղ-տեղ դիմադրեցին, բայց արդյունքի չհասնելով աքսորի ճանապարհին ենթարկվեցին, բազմաթիվ զոհեր տալով:
    Կարևոր է նշել, գեղարվեստական մի շարք գործիչների անուններ՝ Նահապետ Քուչակ, Նալյան Հակոբ Պատրիարք, Մինաս Չերազ, Գրիգոր Զոհրաբ, Նիկոլ Գալանտերյան և Սիամանթո, որի մոր հարսանյաց տարազը ցուցադրվել է այս գրքի մեջ իբրև Ակնեցի հայուհու տարազ:

16.09.2013

ԿԱՐԻՆԻ ՏԻԿՆՈՋ ՏԱՐԱԶ


Կարին, Էրզրում կամ Էրզիրում և Թեոդոսոպոլիս: Կարինը գտնվում է Արևմտյան Հայաստանում, հավանական է, որ Կարինի անվանակոչումը Հայկական ծագում է ունեցել և մնացել է Հայկազյանց շրջանից: Հույն պատմիչ՝ Սրաբոնը հիշատակել է Կարին անունը Կարինիտիս, իսկ ուրիշ հույն պատմիչներ 5-րդ դարում անվանել են Թեոդոսոպոլիս, բայց հայ պատմագիրները հիշատակել են պարզապես Կարնո Շրջան և Կարնո Գավառ: 11-րդ դարից սկսած Կարինը կոչվել է Էրզրում արաբների կողմից, որը նշանակում է Հունաց երկիր կամ Արզի: Շրջակայքում ունեցել է հանքեր, ջերմուկներ և մեծ լիճ, որը Ղազար Փարպեցին անվանել է Ծով Կարնո: Կարնո բարձրավանդակ լեռներից են ակունք առնում Հայաստան Աշխարհի երկու նվիրական՝ Արաքս և Եփրատ գետերը:
     Կարինը պատմական Հայաստանի 15 նահանգներից առաջինն էր. բարձր դիրքի պատճառով կոչվել է Կատար և Կուրծք երկրի: Նշանավոր են եղել Կարնո բերդերը, կամուրջրները, կամարները, աշտարակները և գաղտնի ճանապարհները: Եղել է կարևոր բերդաքաղաք, 1583 թվականին հրաշեն և հայոց ցանկալի Կարինում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, այս երկրաշարժի մասին մանրամասն տեղեկություններ է տվել Վենետիկի Ասորի հյուպատոս Պետրոս Մելիքը:
   Կարին քաղաքը ըստ պատմաբաններին 5-րդ դարից գոյություն է ունեցել, բնակիչների թիվը ժամանակի դեպքերի բերմամբ փոփոխական է եղել: 1915 թ-ին Կարնո բնակչության թիվը հասել էր 25.000-ի սակայն մեծ համազգային աղետները ամայացրեց Կարինը հայերից:
    Եղել է Հայ գրչության նշանավոր կենտրոն, որտեղ գրվել և ընդօրինակվել են ձեռագրեր: Կարինում են լույս տեսել 1909 թ-ին Փարոս և Յառաջ շաբաթաթերթերը:

10.09.2013

ՍԵԲԱՍՏԱՑԻ ՆՈՐԱՀԱՐՍԻ ՏԱՐԱԶ


Կաբիրա, Մեգապոլիս և Սևատ անուններով, տարբեր ժամանակաշրջաններում՝ քաղաք Փոքր Հայքում: Ըստ պատմագրերին Մեգապոլիս անունը ստացել է Հուստինյանոս կայսրի կողմից:
    Հին ժամանակներից Սեբաստիան ունեցել է հոծ բնակչություն. 7-րդ դարից դարձել է Հայ Եկեղեցու թեմական կենտրոն իսկ Արծրունիների իշխանների օրոք՝ Սեբաստիան դարձել է հայ քաղաքական կյանքի ու մշակույթի կենտրոն;
     Սեբաստիայում են ծնվել 11-րդ դարի մատենագիր՝ Սիրանոսը, Հայոց Կաթողիկոս Միքայել Ա. Սեբաստացին, տաղասերներ՝ Հովասափ և Ղազար Սեբաստացիները և Մխիթարյան միաբանության հիմնադիր՝ Մխիթար Սեբաստացին և շատ ուրիշ կարևոր դեմքեր:
    Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիայում 7 Փոտրվարի 1676 թվականին և իր մահկանացուն կնքել 27 Ապրիլի 1749 թվականին Վենետիկում: Հայ հասարակական մշակույթի և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը՝ 1685-91 թվականներին սովորել և Սարկավագ է ձեռնադրվել իր ծննդավայրի Ս. Նշան վանքում, որը միջնադարյան կոթողներից մեկն էր:
    Սեբաստիան 1915 թվականին պարունակում էր շուրջ 60,000 բնակչություն, բաղկացած գլխավորապես հայերից և ապա թուրքերից և հույներից: Հազարից ավելի Սեբաստացի հայեր 1895-96 թվականին զոհվեցին թուրք կառավարության ձեռքով կազմակերպված  ջարդերից իսկ մնացածները 1915 թվականի եղեռնին քշվեցին դեպի Տեր Զոր և իրենց մյուս քույր և եղբայրների ողբալի ճակատագրին ենթարկվեցին:



02.09.2013

ՎԱՆԵՑՈւ ԿՆՈՋ ՏԱՐԱԶ


Վանը կոչվել է Մաննա՝ ըստ Ուրարտական պատմության, ապա Տուշպա, Տոսպ, Բիայնա, Վանական և Վան: Այս անուններից է առաջացել Վասպուրական անունը, որը նշանակում է Վեհորդիք կամ Քաջորդիք: Քաղաքը կառուցվել է Վանա ծովակ լոչված ջրի ափին, և եղել է հայկական լեռնաշխարհում կազմակերպված Նայիրյան ցեղերի առաջին  պետության մայրաքաղաքը:
    Վան անվան ծագումը՝ հավանաբար ավան բառից է առաջացել կրճատ ձևով և ահավասիկ այդ պատճառով է, որ Հայաստանում շինվել են քաղաքներ ավան-ով բարդացած, օրինակ՝ Շիրակավան, Արշակավան, Բագավան, Զարեհավան և այլն: 
     Վան քաղաքում է ծնվել 4 Ապրիլի 1820 թվականին համայն հայության՝ Հայրիկ կոչվող Մկրտիչ Ա. Վանեցին, Հայոց Հայրիկ՝ Խրիմյան Հայրիկը:
    Անմահ է նա իր կատարած հայտնի ու անհայտ ազգապաշտպանման ու ազգաշեն գործերով: Եղել է Պատվիրակ Բեռլինի վեհաժողովում, Պատրիարք Կ.Պոլսի Աթոռի, Կաթողիկոս՝ Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի և իր մահկանացուն կնքել 29 Հոկտեմբերի 1907 թվականին Վաղարշապատում: 
    Վան քաղաքում ստեղծագործել է հայտնի նկարիչ Փ. Թերլեմեզյանը: Վանը եղել է նաև արհեստական կենտրոն. Վանեցիները մեծամասամբ զբաղվել են ոսկերչությամբ և վաճառականությամբ: Ճարտարապետությունը նաև մեծ տեղ է գրավել Վանում: Աղթամար կղզիի վրա եղել են կարևոր շինություններ, որոնցից միայն կանգուն է մնացել Սուրբ Խաչ Եկեղեցին 915-921 թիվ, որը հայկական ճարտարապետության գոհարներից մեկն է:




29.08.2013

ՍԻՍ - ԿԵՌԱՆ ԹԱԳՈւՀՈՒ ՏԱՐԱԶԸ


Կիլիկյան Հայաստանի Լևոն Գ թագավորը գահակալել է 1270-1289 թվականներին: 1262 թվականին ամուսնացել է Լամբրոնի իշխան՝ Հեթումի դուստր Աննայի հետ:  Դշխոյ՝ որը նշանակում է Տիրուհի դարձած Աննային՝ 1270 թվականին, արքունիքում սկսել են կոչել Կիռ Աննա, այսինքն՝ տիրուհի և ապա Կեռան: Կեռան թագուհին Հայոց պատմության 150 թագուհիների մեջ ամենաբազմազավակն է եղել, ունեցել է 15 զավակ: Կեռան թագուհու և Լևոն թագավորի ավագ որդին իր մորն անվանել է՝ <<Հոգով ամենագովելի և մարմնով ամենագեղեցիկ թագուհին>>:
   Լևոն Գ-ի գահակալության ժամանակ, մայրաքաղաքը եղել է Սիս քաղաքը: Կիլիկիայի թագավորության պատմական նշանակություն ունեցող քաղաք, Տավրոսական լեռների դաշտերում հիմնված Սիս ամրակուռ բերդի արևելյան ստորոտին: Մայրաքաղաքը Ռուբինյան թագավորության նաև քաղաքը Տանն Կիլիկյո Հայոց Կաթողիկոսության: 
   Լևոն Մեծագործի շինությունների շնորհիվ քաղաքը ճոխացավ իսկ Հեթում Բ-ի օրոք Կաթողիկոսական Վեհարանը Հռոմկլայից փոխադրվեց Սիս և առաջին կաթողիկոս եղավ Գրիգոր Անավարզացին:  Սիսը ունեցել է նաև համալսարան, ըստ Հովհաննես Երզնկացու՝ <<համալսարան>> բառը առաջին անգամ աղբյուր է ստացել Սիս քաղաքից:
   Նշանավոր է եղել Սիսի Բարձրաբերդը, որը Կիլիկիայի ամուր վայրերից է եղել իր պատմական հիշատակներով: Ռուբեն Ա-ն 1080 թվին այստեղ հաստատեց իր իշխանական գահը: Բնիկ Բարձրաբերցի էին Վարդան Պատմիչ մատենագիրը, Կոստանդին Ա-կաթողիկոսը, քահանայի դուստր՝ կույս Զապելը, որը մտավորական դասին ծանոթ նշանավոր հայուհի է: Քաղաքը 18-րդ դարից գրեթե անբնակ է մնացել: Սիսի համալսարանն են հաճախել Մխիթար Գոշը, Հովհաննես Երզնկացին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ:


28.08.2013

ԿԱՐՍ - ԳՈՐԱՆԴՈւԽՏ ԹԱԳՈւՀՈւ ՏԱՐԱԶԸ


Գորանդուխտ թագուհի. 13-րդ դար. Տարազի վերարտադրությունը
Առաքել Պատրիկի
Գորանդուխտ թագուհի՝ Կարսի թագուհին, Գագիկ թագավորի կինը՝ 10-րդ դարում, որի զգեստը ներկայացված է գրքում:
    Հայաստանի մայրաքաղաքներից և կարևոր բերդաքաղաք՝ կարս կամ Կարուց քաղաքը՝ գտնվում էր Արարատի Վանանդ գավառում: Կարս քաղաքի անվան ծագումի մասին պատմագիրները տվել են զանազան բացատրություններ, վրացիները անվանել են Կարիս քաղաք, որը նշանակում է Դռան քաղաք: Այսպես է կոչվել, Հայոց և Վրաց սահմանների մոտ մուտքի դուռ լինելու պատճառով: Ըստ պատմիչ Մատթևոս Ուռհայեցու, ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվել ու դառել է Ղարս կամ Խարս, իսկ քաղաքի կառուցման թվականի մասին մեր հնագույն պատմագիրներից ոչ մի փաստ չի մնացել:
    Պատմական հուշարձաններից կարելի է հիշել Առաքելոց եկեղեցին, որը համարվում է հայկական ճարտարապետության միջնադարյան հուշարձան, կառուցվել է Աբբաս Բագրատունիի թագավորության օրոք 928-953 թվականին: Կարևոր է նշել հետևյալ  ձեռագրերը՝ Կարսի Ավետարանը և Գագիկ թագավորի Ավետարանը 11-րդ դարի հայկական մագաղաթյա ձեռագիրը՝ գրված և պատկերազարդված Կարսի Գագիկ Աբբասյան թագավորի համար: Այժմ վերոհիշյալ ձեռագրերը պահվում են Երիուսաղեմի Ս. Հակոբի վանքում:
   Հայոց Կաթողիկոս՝ Ներսես Շնորհալին, Կարսը անվանել է <<Հոյակապ Քաղաք>>:  Հայոց անմոռաց բանաստեղծներից՝ Եղիշե Չարենցը ծնվել է Կարսում 13 մարտ 1897-ին և իր մահկանացուն կնքել 29 հունվար 1937 թվականին Երևանում:




27.08.2013

ԹԱԼԻՆ - ՏԱՐԱԶ


Թալին քաղաքը գտնվում է Արագածոտն գավառի՝ Արտենի լեռան մոտ: Արագածի քարքարոտ կողմի վրա շինված է հին և նոր Թալինը: Հին Թալինի և Նոր Թալինի հեռավորությունը 5.000 մետր է: Երկու Թալիններում կան կարևոր հնություններ: Քրիստոնեական Նոր Թալինից առաջ եղել է հեթանոսական շրջանի՝ Թալին քաղաքը, Թալինի բերդը, Բազմաբերդը, Մաստարան, Ծաղկոտը, Արեգը և շատ անվանի շինություններ:
    Ուրարտական շրջանում Թալինը եղել է բերդաքաղաք՝ որի մասին գրել է Թորոս Թորոմանյանը <<Նյութեր հայկական ճարտարապետության>> (Երևան 1948 թվականին) գրքում:
   Ուրարտական պետության անկումից հետո, Երվանդունիների ու Արտաշեսյան  հարստության շրջանում՝ Թալինը տակավին կարևոր բերդաքաղաք է եղել:
   Ներսեհ Պատրիկ Կամսարականը 690-692 թվականներին Թալինում կառուցել է Սուրբ Աստվածածնի եկեղեցին՝ կարմիր քարերով, անսյուն և գմբեթավոր, որը մինչև այսօր դեռ տակավին կիսականգուն է: Այս եկեղեցու մասին Ալիշանը տվել է մանրամասնություններ, ինչպես նաև Ներսեհ Պատրիկը:
   Արաբական արշավանքների հեղեղի պես հարձակումներից՝ 774 թվականին, Արաբները գրավում են բազմաթիվ բերդեր և Թալին քաղաքը:
    Թալինից ոչ շատ հեռու գտնվում է Բազմաբերդ գյուղը, որի բնակիչների նախնիները Սասունից և Մուշից այստեղ են հաստատվել 1915 թվականի ջարդերից հետո: Նշանավոր է նաև Թալինի Քրիստոփոր վանքը 5-րդ դար. միջնադարյան հուշարձաններից՝ Աշնակի բերդը և եկեղեցին, Բայսըզի գմբեթավոր դահլիճը՝ 12-13 դդ և Թալինի Ամրոց՝ 10-13 դդ:



ՏԱՐԱԶ
  Թալինի տարազը առնված է քաղաքում գտնված մի կոթողի վրայից, որի վրա հիշատակված է՝ <<Թևավոր հրեշտակ>> 5-6 դար, իբրև դստրի հագուստ: Վերակազմված այս օրինակը, ուսերի վրայից ունի մի պարեգոտ, որի հետևի մասը կանոնավոր ծալքերով իջնում է թիկունքից և վերջանում կամարաձև, առանց ծածկելու տարազի ցածի մասը: Պարեգոտու տակից ունի ներքնազգեստ, որը շատ պարզ է. ունի միայն կոնքերը ծածկող աղեղնաձև ծալքեր:

26.08.2013

ԱՇԽԵՆ ԹԱԳՈՒՀՈՒ ՏԱՐԱԶԸ


Աշխեն թագուհի. Զգեստի ձևը՝ ըստ Մխիթարյան
Միաբանության բանասերների ուսումնասիրության
Աշխեն թագուհին եղել է Տրդատ թագավորի կինը՝ Քրիստոնեությունը ընդունող առաջին թագուհին՝ երբ Հայաստանը Քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն 301 թվականին:
   Քրիստոնեությունը վերանորոգող անձը Հայաստանի մեջ եղել է Ս. Գրիգոր Լուսավորիչը: Նա եղավ Հայաստանյաց եկեղեցու առաջին Կաթողիկոսը: Իր տեսիլքի համաձայն, Վաղարշապատ քաղաքում՝ որը ժամանակին Հայաստանի մայարաքաղաքն էր կառուցում է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը՝ 303 թվականին:
    Վաղարշապատը մինչև 428 թվականը, Արշակունյաց թագավորության անկումը՝ եղել է Հայաստանի մայրաքաղաքը և մինչև 1945 թիվը կոչվել է Վաղարշապատ, իսկ հետո Էջմիածին և ներկայումս կրկին Վաղարշապատ:
    Տառերի գյուտից հետո հիմնվել է առաջին առաջին դպրոցը Վաղարշապատում, որտեղ՝ դասավանդել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթև Կաթողիկոսը, որը գոյատևել է մինչև 501 թվականը:
    Վանքի հոգաբարձու՝ Ղազար Փարպեցին 481-491 թվականին, հիմնում է Հայոց առաջին մատենադարանը Վաղարշապատում: 1874 թվականին, Վաղարշապատում հիմնվել է Գևորգյան ճեմարանը:







ՏԱՐԱԶ



Զգեստի պատմության տեսակետով Բամբիշն, Դշխոյն, Տիկին Հայոց կամ Թագուհի անունով տարազների մասին մեր մատենագրության մեջ տեղեկությունները սակավաթիվ են և անորոշ, սակայն ինչ որ հայտնի է, Թագ կապելու սովորությունը սկսվել է Տրդատ թագավորից: Նա իր կնոջ՝ Աշխեն թագուհուն Թագ կապել է տալիս՝ որպեսզի նա Արշակունի և թագուհի դառնա: Հայոց աշխարհի թագուհիները կրել են տարբեր թագեր: