Գուցե և միակ տեղն է կռվադաշտը, ուր ամեն բանից ավելի և ամեն բանից սուր զգացվում է
կարիքը բարոյապես ազդելու և իշխելու մտքերի, սրտերի և կամքերի վրա:
Կարողանալ բռնակալորեն իշխել հոգիների վրա, - ահա՛ ղեկավարի ամենամեծ և ամենաանհրաժեշտ կարողությունը, առանց որի զորանոցն ու մարտադաշտը զինվորներին չի կարող հաղթության մղել:
Այն, ինչ որ հաճախ դժվարանում է կատարել արդիական հեռաձիգ թնդանոթը, հեշտությամբ կատարում է ղեկավարի զորավոր խոսքը:
Խոսքը՝ երբեմն հրամայող ու իշխող, երբեմն՝ կանչող ու մղող, խոսքը միշտ պատկերավոր ու սեղմ, սրտերին կրակ, բազուկներին թափ, կամքերին մղում տվող խոսքն է իշխելու և վարվելու միակ միջոցը:
Եվ որքան զորավոր՝ այնդքան մեծ է նրա հմայքը, այնքան ընդարձակ է նրա տիրապետությունը:
Խոսքը՝ դա ինքը ղեկավարն է:
Հաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պետք է զորավոր խոսքը:
Առանց զորավոր խոսքի բութ են սրերը, թույլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը:
Առանց զորավոր խոսքի չկա իշխանություն հոգիների վրա, իսկ առանց այդ իշխանության՝ չկա հաղթանակ:
Մարդկային լեզուն չունի մի հատիկ բառ, որն այս կամ այն կերպ չխազեր կռվում գտնվող զինվորի հոգեբանության վրա:
Պետք է գիտենալ՝ ի՞նչ և ինչպե՞ս խոսել զինվորի հետ: Իսկ դրա համար պետք է ծանոթ լինել, եթե այսպես կարելի է ասել, <<հոգեկան քիմիայի>> օրենքներին: Պետք է բաղադրել կարողանալ որոշ զգացումներ զինվորի մեջ՝ մեր ցանկացած հոգեկան հուզումն առացացնելու համար:
Տպավորություն է գործում, շատ անգամ ոչ թե այն, թե ինչ որ ասում ենք, այլ այն, թե ե՞րբ և որտե՞ղ, ինչպե՛ս ենք ասում:
Հայրենապաշտություն, կրոնական մոլեռանդություն, ազատասիրություն, բարի նախանձ և այլն, - ահա՛ զինվորական զորավոր խոսքի աղբյուրները:
Բարձր հայրենասիրություն: Դա զինվորի սրտի ամենազգայուն լարն է, որի թրթռումներից մեծապես օգտվել են և օգտվում են ղեկավարները: Չկա, չգիտեմ մի պատմական զոհաբերություն, մի մեծագործություն, մի հերոսական թռիչք, որին ընդունակ չլիներ այդ հզոր զգացումը: Դա է անմահացրել Թերմոպիլյան կիրճը, Բուլղարական Շիպկան, Հայկական Սյունիքը:
Կրոնական զգացումը հրաշքներ է կատարել անցյալում:
<<Ձեր առջև արքայությունն է, ձեր հետևը դժոխքը, ընտրեցեք մեկն ու մեկը: Որպես կայծոռիկներ ճառագայթում են պատերազմում ընկած վերքերը: Նրանք կմտնեն Եդեմի գեղեցիկ պարտեզները, և կպառկեն ոսկեթել բարձերի վրա...>>:
Այսպես էր խոսում արաբի հոգուն ծանոթ ռազմիկ մարգարեն և իր ղեկավարած սպառազեն ամբողը մղում էր դեպի մահ ու նվաճումներ:
Նույն հրաշագործ զգացումն էր մղում խաչակիրներին դեպի Հիսուսի գերեզմանը:
Գուստաֆ Ադոլֆը ամեն ճակատամարտից առաջ ծունկի էր բերում իր բանակները Տիրոջ առջև:
Կրոմվելի զինվորների համար մահը նահատակություն էր հավատքի համար: Նրա բանակներում սպաները կատարում էին քահանայի դեր:
Սովորովի ամենասիրած խոսքն էր՝ <<Աստված է մեզ առաջնորդում, նա՛ է մեր զորավարը>>:
Ազատասիրության կրակով իր մարտիկների սիրտը վառում էր Գարիբալդին:
Իսկ Բոնապարտը՝ ծանոթ ֆրանսիացու հոգուն՝ իր զինվորի և զորավարի ոգևորության աղբյուրը դարձնում էր պատվո լեգեոնը:
Եթե խոսքդ հայրենիքի մասին է, մի՛ խոսիր, այլ խոսեցրու հայրենիքը: Այս ձևով վարվիր և հերոսների և նահատակների նկատմամբ: Մի խոսիր, այլ խոսեցրու նրանց, խոսիր, զգալով նրանց սրտի զարկը, շունչը, ներկայությունը:
Երբ ես խոսում եմ Հայաստանի մասին, խոսքեր չէ, որ փնտրում եմ մտքերս արտահայտելու համար, այլ՝ հայրենիքիս հոգևոր դեմքը, որ՝ նրանով գինովցած սիրահար, կարողանամ սերս, կարոտս, պաշտամունքս փոխանցել լսարանիս:
Գիտական դարձվածքներ չի սիրում զինվորը:
Հեռո՛ւ դատողություններից: Մի՛ փոլիսոփայիր, մի՛ ապացուցիր, այլ եղիր պատկերավոր և հոգեգրավ: Շատախոսության տեղ չի կռվադաշտը՝ <<քիչ խօսէ, շատ ակօսէ>>: Խոսի՛ր զինվորիդ սրտի հետ:












