Լույսը մարդու մեջ՝ Ցոլքն է Արայի: ԵՎ այդ լույսն իմ մեջ ժխտում է մութի խորհուրդը մռայլ և Աշխարհը բացում այնպես, ինչպես կա: Բյուր հրաշալիքներ պայծառ ու վսեմ իմ շուրջն են խաղում, ինձ հետ են խաղում: Ես էլ հրաշալիք՝ հրաշալիքների մեջ, ես էլ եմ խաղում անծայր Աշխարհում և հասնում մինչև հենց Ինքը՝ Արա՛ն: Ապա փարվում եմ Արայի կրծքին ու ձուլվում նրան: Իմ Արարիչն է նա, իմ հայելին է նա. ես ինձ եմ տեսնում նրա պատկերում: Նա ինձ է նման: Բայց նա նման է նաև բոլորին: ԵՎ բոլորի նման բնական է նա: Ես զգում եմ նրա զարկերը սրտի: Ես նրա կրծքի ջերմությունն եմ զգում: ԵՎ նա հենց իմ մեջ արարում է ինձ:
Փա՛ռք Արային,
Փա՛ռք Արարումին:
Արդյո՞ք արարումը ստեղծումն է նորի: Բա էլ ի՞նչն է իմ մեջ արարում Արա՛ն: Թե ես արդեն կամ՝ նա ինձ չի ստեղծում: Իսկ թե ստեղծում է՝ ուրեմն չկամ: Թե ես կամ, և Արա՛ն արարում է ինձ՝ իմ լինելիության հաստատումն է դա: Իսկ թե Արա՛ն նոր է ինձ ստեղծում՝ իմ լինելիությունն է ժխտվում դրանով: ՈՒրեմն Արարումը Ստեղծում չէ երբեք: ՈՒրեմն դրանք ժխտում են իրար: Որտեղ կա Ստեղծում՝ Արարում չկա: Էլ ի՞նչ Արարում, եթե ամեն ինչ նոր է ստեղծվելու: ՈՒրեմն հաստատ ոչ մի բան չկա՞: ԵՎ ընդհանրապե՞ս ոչինչ չկա: Ամենը պահի առկայությո՞ւն են լոկ: ՈՒրեմն Բնությունն է՞լ պատրանք է միայն, և ընդհանրապես Բնություն չկա՞: ՈՒրեմն հենց Ինքը՝ Արա՛ն է՞լ չկա: Բա էլ ի՞նչը կա: Միայն Ոչի՞նչը կա: Ինչպե՞ս կարող է Ոչինչը լինել: Ոչինչը չկա, Ամենը կան: Կա Արարիչը՝ Բացարձակ Արա՛ն, կա Բնությունը՝ Հաստատուն Որակ: Արարիչը կա, Բնությունը կա. բայց Արարիչը նորը չի ստեղծում այդ Բնության մեջ: ՈՒրեմն Բնությունը իրո՞ք կատարյալ է: ԵՎ ոչ մի պակաս կամ ավել որակ նա չունի՞ իր մեջ: Ես էլ մի որակ՝ կատարյա՞լ եմ ես: ՈՒրեմն Արա՛ն ի՞նչ է արարում, և Արարչագործությունն ի՞նչ է, վերջապես: Արարչագործությունը՝ է կատարյալ Բնության կատարյալ որակների անվերջ նորոգում: Բնության մասերն իրենց որակները միշտ նորոգելով են հավերժության մեջ պահպանում իրենց: ԵՎ Արարիչը հենց բացարձակությունն է անվերջ արարում Բնության բոլոր Տեսակների մեջ, միշտ նորոգելով Որակը նրանց: