Показаны сообщения с ярлыком ԿՈՄԻՏԱՍ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԿՈՄԻՏԱՍ. Показать все сообщения

22.08.2013

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Կոմիտասն իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդական
երաժշտության ուսումնասիրմանն ու մշակմանը։ Թողնելով բազմաթիվ հիասքանչ մշակումներ՝ նա հայ երաժշտության գանձարանն հարստացրել է նաև հեղինակային ստեղծագործություններով։ Չնայած վերջիններս շատ չեն, այնուամենայնիվ, դրանք էլ բավարար են կոմպոզիտորի ստեղծագործական սկզբունքների եւ մտածողության մասին գաղափար կազմելու համար։
Կոմիտասի հեղինակային գործերի առաջին փորձերը՝ «Ազգային օրհներգըե, Հովհաննես Հովհաննիսյանի «Գյուղի ժամըե ոտանավորի երաժշտականացումը վերաբերում են ճեմարանական տարիներին։ Անհամեմատ բարձրորակ են Բեռլինի ուսանողական տարիների գործերը՝ գերմանական պոետների բանաստեղծություններով գրված ռոմանսներն ու խմբերգերը, «Առ գետս Բաբելացվոցե սաղմոսը, «Մայրենի Լեզուե խմբերգը։ Նույն տարիներին է վերաբերում Պատարագի ներդաշնակման առաջին տարբերակը։ 
Գերմանական պոետների բանաստեղծությունների հիման վրա գրված ռոմանսներում նկատվում է գերմանական ռոմանտիկ կոմպոզիտորների գործերի երաժշտական լեզվի ազդեցությունը։ Դրանցից են Օտտո Ռոգնետի խոսքերով «Նոր գարունե քառաձայն խմբերգը (խոսքերը Կոմիտասը թարգմանել է հայերեն), Իոհաննա Ամբրոսիոսի խոսքերով «Դու հարցնում եսե-ը, Գյոթեի խոսքերով «Գիշերերգըե։ Արխիվում պահվում է վերջինիս՝ կոմպոզիտորի ձեռքով գրված նաև ռուսերեն տարբերակը (թարգմանությունը՝ Մ.Լերմոնտովի)։
«Առ գետս Բաբելացվոցե ստեղծագործությունը գրված է Դավթի 137-րդ սաղմոսի գերմաներեն տեքստով 4-8 ձայնանի երգչախմբի, սոպրանոյի, տենորի եւ երգեհոնի համար։ Հին հրեաների խոշտանգումն ու բաբելացիների նկատմամբ նրանց ցասումն ու վրեժը կոմպոզիտորի կողմից յուրատեսակ մեկնաբանում է ստացել։ Կոմիտասը, կարծեք, Աստվածաշնչի առասպելական հեռուներից «անցում է կատարելե դեպի իր ժողովրդի ժամանակակից կյանքը, արտահայտել հայերի ազգային վիշտը եւ յուրովի շոշափել նրանց ազատագրական խնդիրը։ Բիբլիական նյութը ռեալիստորեն մեկնաբանելով եւ օտար սյուժեն իր ժողովրդի կենսական խնդիրներին ենթարկելով՝ կոմպոզիտորն ստեղծագործության մեջ հանդես է եկել որպես քաղաքացի-արվեստագետ։ «Առ գետս Բաբելացվոցըե գրված է ընդհանուր դասական երաժշտական արտահայտչամիջոցներով, ունի շարունակ հոսող մեղեդային գիծ, հիմնականում հոմոֆոն կերտվածքում ձայները բավականաչափ ինքնուրույնացված են, համեստ ու խելացիորեն օգտագործված են պոլիֆոնիայի որոշ հնարներ, ռիթմը բազմազան է։ Սաղմոսի երաժշտական լեզուն ինչ-որ չափով ազգային երանգ ունի։ Կոմիտասն այստեղ նույնիսկ օգտագործել է հայկական մոտիվներ՝ «Մայր Արաքսի ափերովե եւ «Ես լսեցի մի անուշ ձայնե երգերի սկզբնական դարձվածքները։
Կոմպոզիտորի հայրենասիրական զգացմունքների վառ արտահայտություններից է նաև Գերմանիայում գրված «Մայրենի լեզու, մայրենի բարբառե երգը՝ Ստեփանոս Նազարյանի բանաստեղծությամբ։ Կոմիտասը լավ էր հասկանում ժողովրդի ազգային ազատագրման համար մայրենի լեզվի պրոպագանդման մեծ նշանակությունը։ 
Երկձայն խմբի համար գրված «Մայրենի լեզու, մայրենի բարբառե երգում զգացվում է հայկական քաղաքային քնարական երգերի ազդեցությունը։ Այդ ստեղծագործությանը տարիներ հետո պետք է արձագանքեր Ներսես Մեզպուրյանի «Ով, մեծասքանչ դու լեզուե ոտանավորով ժողովրդականացած երգի կոմիտասյան մշակումը, որն աչքի է ընկնում խմբերգային գրության կատարյալ վարպետությամբ։ «Եվրոպեիզմներըե, որոնք երգում բավական ակնհայտ են, չխանգարեցին, որ այն լայն տարածում գտնի՝ դառնալով ժողովրդի նվիրական հույզերի արտահայտիչը։ 
Կոմիտասի՝ ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ ստեղծագործություններից են նաև «Գարունե ծավալուն խմբերգը (խոսք՝ Հովհ.Հովհաննիսյանի), «Ճեմում էի բուրաստանումե ռոմանսը (խոսք՝ Հովհ.Հովհաննիսյանի), «Հայկական ընդհանուր բարեգործական միության քայլերգըե և այլն։ 

19.08.2013

ԿՈՄԻՏԱՍ (ՈւՇ ՇՐՋԱՆ)


Սակայն Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Այստեղ էլ նա հանդիպեց նույն սառն ու թշնամական վերաբերմունքին, ինչ Էջմիածնում։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաև դրանից։
Այս տարիներին Կոմիտասի մոտ սկսում են ի հայտ գալ հոգնածության, հուսահատության, իր մենակությունը, անզորությունը գիտակցելու պահեր, ցավ, տարակուսանք։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգևոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար, որտեղ կոմպոզիտորը բազմաձայնության միջոցներով ճշմարտացի և արտահայտիչ ներկայացրել է հոգևոր մոնոդիայի ոգին և բնույթը։ Պատարագի երաժշտությունն աչքի է ընկնում իր անկրկնելի գեղեցկությամբ, վեհությամբ, ազգային ոճով։
Գիտական խնդիրներից Կոմիտասին առանձնապես զբաղեցնում էր խազերի գաղտնիքը, որի բացահայտմանը նա նվիրեց իր կյանքի շուրջ քսան տարին։ Խազերի վերծանությունը Կոմիտասն համարում էր մեծ նշանակություն ունեցող խնդիր՝ գտնելով, որ այն հնարավորություն կընձեռի ուսումնասիրել հայ միջնադարյան երաժշտությունն ամբողջությամբ, որը դեռ թաքնված է դարերի խորքից եկող ծավալուն ձեռագրերի մեջ։ «Իրավ է, ես գտել եմ հայ խազերի բանալին և նույնիսկ կարդում եմ պարզ գրվածքները, բայց դեռ վերջնակետին չեմ հասել,,, Թող հայ հասարակությունը ներող, մանավանդ համբերող լինի, մինչև որ հնարավոր չափով, կատարելապես վերջացնեմ իմ տասնվեցամյակից ավելի տեւող տաժանագին ուսումնասիրություններս։ Հույս ունիմ, թե մոտիկ ապագայում, առանձին հատորներով, հասարակության սեփականություն պետք է դառնա>>։
Կոմիտասին հաջողվում է Լայպցիգում հրատարակել երկու ոչ մեծ ժողովածուներ, որտեղ տեղ էին գտել ժողովրդական երգերի մշակումները. տպագրության է պատրաստում իր երգերի երկու ժողովածուները «Հայ գեղջուկ երգեր>> խորագրով, իսկ Փարիզում՝ Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն>> և «Հայ հոգևոր երաժշտության մեջ հին և նոր նոտագրության մասին>> թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության և տաղաչափության Մասին>> թեմայով։ Այս առիթով նա գրում է. «...Իմ հայտնած տեղեկություններս հայ հոգևոր և գեղջուկ երաժշտության մասին՝ նորություն էին մանավանդ անոնց համար, որոնք դեռ տարի մ’առաջ կ’անգիտանային կամ կ’մերժեին հայ ինքնուրույն երաժշտության մը գոյությունը։ Ուրախ եմ, որ բոլոր այդ հայտնի վարպետները կրցան թափանցել, որքան հնար էր, հայ երաժշտության խորութեանց և բարձրաձայն հայտարարեցին անոր ուժն ու քնքշությունը՝ չվարանելով նույնիսկ «աստվածային>> կոչել զայն...>>։

18.08.2013

ԿՈՄԻՏԱՍ (ՀԱՍՈՒՆ ՇՐՋԱՆ)


1899 թվականի սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ
լինում իր երաժշտական գործունեությանը: Նա գալիս է հայրենիք իր ժողովրդի արվեստին ամբողջովին նվիրվելու տենչով, նրան օգուտ բերելու ձգտումներով: Այս տարիներին վերջնականապես ձևավորվում են կոմպոզիտորի գեղագիտական հայացքները, նրա ստեղծագործական ոճը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը: Կոմպոզիտորը, կարծես, իր ժամանմամբ, մի նոր լիցք է հաղորդում Էջմիածնի միապաղաղ երաժշտական կյանքին: Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական և թուրքական ժողովրդական մեղեդիներ, կազմում է խոշոր ազգագրական ժողովածու, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական և հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Նրա համերգներում, զեկույցներում հնչում է հայրենասեր մարդու, հարազատ ժողովրդի ազգային մշակույթի համար պայքարող մարտիկի վստահ ձայնը: Կոմիտասը տենչում էր աշխարհին պատմել հայերի բազմադարյան երգարվեստի մասին, ցույց տալ նրա գեղարվեստական մեծ արժեքը, հավաստել ինքնուրույնության իրավունքը: 1907թվականին Փարիզում լույս է տեսնում նրա «Հայ քնարե վերնագրով մշակումների առաջին տետրը: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր երաժշտական էպոսը և շարունակում է իր աշխատանքը «Անուշե օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից: Կոմիտասին հաջողվում է ավարտել օպերային հատվածների մի զգալի մասը: Նա նույնիսկ գրում է Հ.Թումանյանին. «Վաղուց է սկսել եմ և բավական բան գրել քո «Անուշ-ից, բայց դեռ պակասավոր բաներ շատ կան, որպեսզի մի ամբողջություն դառնա: 
Ցավոք, «Անուշ-ն այդպես էլ «մի ամբողջություն չդարձավ... 
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Նա ուներ հարուստ և արտահայտիչ բարիտոն: Շնորհիվ ձայնի լայն դիապազոնի, Կոմիտասը կարողանում էր երգել նաև տենորային պարտիաներ: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին և դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու և համոզելու մեծ ուժով:
Շրջագայելով՝ ճանապարհին կոմպոզիտորը միաժամանակ հավաքում և գրի էր առնում հայ երգարվեստի նմուշներ:
Կոմիտասի ելույթներն Ալեքսանդրապոլում, Իզմիրում, Կահիրեում, Փարիզում, Ժնեւում, Վենետիկում, Բեռնում, Լոզանում և այլուր մեծ անդրադարձ գտան մամուլում, որտեղ անկեղծ հիացմունքով գնահատում էին նրա արվեստը: Շվեյցարական թերթերը գրել են. «Հայաստանը լեռների ու հովիտների մի երկիր է մերի նման: Շվեյցարիան քույր մի երկիր է իր բնությամբ, սակայն հայերը ի՜նչ հրաշալիքներ են հանել իրենց բնության ներշնչումներից, մինչդեռ մենք...>>։ 

16.08.2013

ԿՈՄԻՏԱՍ (Ուսման տարիները)


Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին
Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա նախնիները 17-րդ դարում գաղթել էին Գողթան գավառի Ցխնա գյուղից։ Կոմիտասի հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ «Մեր ընտանիքը ամբողջապես եղել է ձայնեղ։ Հայրս հայտնի թառ ածող, իսկ հորեղբայրս սազ ածող է եղել։ Հայրս ու հորեղբայրս՝ Հարություն Սողոմոնյանը, երգիչ են եղել մինչև իրենց մահը՝ մեր քաղաքի եկեղեցում։ Մորս ու հորս տաճիկ լեզվով և եղանակներով հորինած երգերը, որոնցից մի քանիսն արդեն գրի եմ առել 1893 թվին, դեռ երգում են մեր քաղաքումե։ 
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը՝ Մարիամը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, և չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր... 
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում, առանձնապես ձմեռը, երբ սառնամանիքին դպրոց էր գալիս՝ ցրտից կապտած ու սառած... Մենք մեր տակ բարձեր էինք դնում, բայց Սողոմոնը բոլորովին մերկ տախտակի վրա, ոտքերը տակն առած, դողալով կարդում էր և միշտ իր շնչով տաքացնում ցրտից սառած ձեռներըե,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։ Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ ,Նա հաճախ էր քաղցած լինում, և ես համարյա միշտ նրա հետ կիսում էի իմ նախաճաշը։ Ու նրա հանդեպ իմ ցույց տված «մարդասիրությանե փոխարեն պահանջում էի, որ նա երգի ինձ համար իր գեղեցիկ ձայնովը, ինչ որ բնավ չէր մերժում։ Երբեմն պատահում էր, որ փողոցային տղաները Սողոմոնին նեղացնում էին։ Երբ մենք միասին էինք լինում, իմ ուժերի ներածին չափ ես աշխատում էի նրան պաշտպանել։ Բայց Սողոմոնն ուներ ինքնապաշտպանության մի հիանալի միջոց. նա երգում էր...ե։
Պատահական չէր, որ Կուտինայում Սողոմոնին անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ։ Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։ 
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ։ 
Եվ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին (Կոմիտասն հայտնի էր իբրև նոր, ինչպես նաև հին հայերենի՝ գրաբարի գիտակ)։ 
«...Նա հիմնովին յուրացրել էր հայերենը, թե հին և թե նոր, լավ գիտեր և հանրահաշիվ, և երկրաչափություն, այնպես, որ ճեմարանում ուսուցիչ եղած ժամանակ այդ առարկաների քննության ընթերական նա էր կարգվում և երբեմն ինքը մենակ վարում էր քննությունը։ 
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։