Показаны сообщения с ярлыком <<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком <<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ. Показать все сообщения

27.02.2014

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՄՔ


Փաստելով, որ օրվա հայությունը զերծ է ազգային ամբողջականության զգացումից, որով եւ՝ ազգային միության գիտակցումից, նաեւ, լինելով հատվածապաշտ եւ եսակենտրոն՝ առաջնորդվում է նախանձի, հաշվի վրա հենված ներկուսակցական բարոյականով, Տարոնականությունը իբրեւ սկզբունք որդեգրելով ներցեղային բարոյականը՝ ձգտում է արմատախիլ անել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը ներքին ճակատից տեղափոխել եւ կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ: ՙԿա՜ արտաքին ճակատը, որի  վրա միայն  կարելի է  արժանապես
հերոսանալ՚,- նշանաբանում է Տարոնականությունը:    Միաժամանակ,  մատնանշելով  այն  վտանգավոր  հանդուրժողականությունը եւ համակերպվելու տրամադրությունը, որ առկա են մեր մեջ ներքին թշնամիների` ստոր, նյութապաշտ, թուլամորթ, հաշվենկատ ՙհայ- րենասիրությամբ՚ հայ կոչվողների ներկայության նկատմամբ, որոնք, ցավոք, հաճախ առաջավոր դիրքեր են գրավում մեր ազգային կյանքում, Տարոնականության գաղափարախոսները գտնում էին, որ անհրաժեշտ է ամենից առաջ ներքին այս արգելքները վերացնել, որպեսզի կարողանանք հաջողությամբ դիմագրավել արտաքին անխուսափելի արգելքները:
Որպես ցեղային միություն դավանող ուսմունք՝ Տարոնականությունը դեմ է ՙդասակարգային՚ մտածումին, որ կոչված է մասնատելու ազգային մարմինը: Նա ապադասակարգային ուսմունք է:
- Մի՜ ըսեր ՙհայ աշխատավորություն՚, ՙհայ քաղքենիություն՚ (բուրժուազիա,- Մ. Լ.), ՙհայ ավատատեր՚, ՙհայ կղեր՚, ազգը մի՜ պատկերեր ներքուստ պառակտված, այլ ըսե՝ ՙհավիտենական հայկականություն՚, ՙհայություն՚,- ուսուցանում է Տարոնականությունը:
Նա ընդամենը ազգային միության քարոզ չէ. վստահ, որ ՙմիությունը կստեղծվի ո՜չ թե կողմերի, հատվածների սակարկություններով, այլ՝ ընդհանուր նպատակի մը, արժեքի մը ենթարկվելու բացարձակ կամքով՚ , Տարոնականությունը սահմանում է այդ ընդհանուր նպատակը (իմա՜ Ցեղի հավերժացումը) եւ ցույց տալիս ընդհանրական հավիտենական արժեքները (իմա՜ Ցեղը եւ Հայրենիքը): Միա՜յն այս գերնպատակի ու ընդհանրական այս արժեքների շուրջ եւ դրանց ծառայելու կամքով է հնարավոր մեր ազգային միությունը:

29.12.2013

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՙՄենք տեսանք գաղութի բարոյական
զարհուրանքը, հայրենազուրկ մարդու
հոգու չարչարանքով դիմեցինք մեր
հայրերու աստվածների խորհուրդին
եւ գտանք տարոնականությունը՚:






ՑԵՂԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝  ՏԱՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Տարոնական աշխարհայեցողության էաբանական խորքը Ցեղն է՝ տեսակը, որը կենսաբանական (բնական) ըմբռնում է եւ ո՜չ պատմական՝ ինչպես ազգությունը, կամ ընկերային՝ ինչպես ժողովուրդը: Ցեղի (տեսակի) հավերժացումը Տարոնականության սահմանած ընդհանուր գերնպատակն է, իսկ Ցեղի կենսաբանական որակները՝ Արյունը եւ Ոգին, որոնք ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական կենսահայեցողության շաղախը: Ցեղը արյան (նյութի) եւ ոգու՝ մարմնականի ու հոգեկանի բնական ներդաշնակությունն է, եւ Տարոնականությունը ցեղի մարմնական ու հոգեկան հատկանիշների (արյան եւ ոգու) փոխադարձ ազդեցությունն ընդունում է որպես բնածին ճշմարտություն:
  ՙՈրոշ որակի արյունը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու եւ ոգու միջեւ այնքա՜ն տարբերություն կա, որքան՝ արյունի եւ արյունի: Տարբեր են  ո՜չ  միայն սպիտակների եւ  դեղինների  մարմնական հատկանիշները, այլեւ՝ նրանց հոգեգծությունը՚,- պարզաբանում է Հայկ Ասատրյանը: Այսպիսով, Տարոնականությունը հաստատում է ցեղի ոգու (որով պայմանավորված են նրա հոգեկան հատկանիշները)  եւ  արյան (որը պայմանավորում է ցեղի մարմնական գծերը)  փոխադարձ կապը, դրանց անկրկնելիությունը, ինքնատիպությունը:
Որպես ՙԱստծո կամքի արտահայտություն՚, ցե՜ղն է, որ ապահովում է բնական կապը մարդու եւ աստվածայինի՝ անցավորի եւ հավիտենականության միջեւ: Այլ խոսքով, անհատն անցավոր է, իսկ տեսակը՝ ենթակա մշտնջենացման, եւ  մարդը հաղորդակցվում է  հավիտենականի հետ՝ Աստծո կամոք արարված իր տեսակը (ցեղը) հավերժացնելու ճանապարհով:
  Ըստ Տարոնականության, տեսակը ո՜չ թե Աստծուց  կանխորոշված է հավերժելու, այլ՝ ենթակա է ինչպես հավիտենացման, այնպես էլ վերացման՝ կախված գոյության կռվում նրա կենսունակությունից եւ Աստծո հետ կենդանի կապից: Այստեղ տեղին է բերել Նժդեհի արտահայտած անհանգստությունը ճակատագրապաշտական ծուլության վերաբերյալ, որով համակվածները կարծում են, թե Հայ տեսակը երբեւէ վերանալ չի կարող. ՙԵս հարցնում եմ այնպես, ինչպես ո՜չ ոք դեռ չի հարցրել. ո՞ւր ենք գնում: Մեզ համար տեղ կա՞ պատմության մեջ... Գիտե՞ մեկը, որ եթե դադարենք գոյություն ունենալե՝ տիեզերաշենքի մեջ մի հատիկ հյուլե իսկ պիտի  չշարժվի՚:

15.12.2013

ՏԱՐՈՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



Հ.Յ.Դ-ից Նժդեհի եւ Հայկ Ասատրյանի հեռացումով՝ Ցեղակրոն շարժումը սկսեց
տեղատվություն ապրել: Ամերիկայի Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտերը, որոնք արդեն կուսակցականացվել էին, այլեւս չէին կարող հանդես գալ որպես համահայկական կառույցի հիմք: Ուստի, անհրաժեշտություն կար համագաղութային մի նոր շարժումի:
Միաժամանակ, Ցեղակրոն ուսմունքը չէր պատասխանում ոգու եւ արարչագործության հետ կապված մի շարք հարցերի, եւ կարիք կար տալու դրանց հիմնավորումները: Ցեղակրոնության նկատմամբ անտարբեր կամ անբարյացկամ վերաբերմունք ուներ Հայ եկեղեցին, որն ազդեցիկ ուժ էր գաղութահայ կյանքում. թելադրող այս իրականությունը պետք էր հաշվի առնել: Հետեւաբար, անհրաժեշտ էր ամբողջացնել Ցեղային աշխարհայեցողությունը, այն միավորիչ դարձնել հայության բոլոր հատվածների, այդ թվում՝ եւ Հայ եկեղեցու համար:
Նոր շարժման նախաձեռնող կորիզը հիմնականում եղավ Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպությունը՝ ի դեմս Գ. Նժդեհի, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի, որոնք 1937թ.-ից Պլովդիվում հրատարակում էին ՙՌազմիկ՚ թերթը, որի էջերում էլ այդ թվականին սկսեցին լույս տես-նել  առանձին հրապարակումներ Տարոնականության վերաբերյալ:
Շարժման հենարանը հանդիսացավ Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը (հիմնվել է 1917թ.-ին, ԱՄՆ-ում), որը լինելով առավել հզորը համանման միությունների մեջ, գաղութներում հանդիսանում էր Ցեղակրոն շարժման ամուր հենարաններից մեկը: Միությունը որդեգրել եւ որպես հավատո հանգանակ, իր զինանշանի վրա արձանագրել էր դարերի խորքից քաղված Մամիկոնեից Ուխտը՝ ՙՔԱՋՈՒԹԵԱՄԲ ՄԵՌՑՈՒՔ Ի ՎԵՐԱՅ ԱՇԽԱՐՀԻՍ ՄԵՐ ԵՒ Ի ՎԵՐԱՅ ԱԶԳԻՍ ՄԵՐ, ԵՒ ՄԻ ՏԵՍՑԵՆ ԱՉՔ ՄԵՐ ԿՈԽԱՆ ՈՏԻՑ ՊՂԾԱԼԻՑ ԼԵԱԼ ԶՍՐԲԱՐԱՆՍ ՄԵՐ՚: Սրանով միությունն արդեն հաստատել, որ ինքը  սովորական հայրենակցական միություն չէ, այլ ավելի ՙքաղաքական բնույթ կրող հայրենասիրական կազմակերպություն մը, հին ասպետական ուխտերու տիպարով՚ :
Եվ ահա՜, 1938 թ. ապրիլին, Սոֆիայում, Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը (Տ. Տ. Հ. Մ.) սկսեց լույս ընծայել ՙՏարոնի Արծիվ՚ ամսաթերթը՝ Հայկ Ասատրյանի խմբագրությամբ (պատասխանատու տնօրեն՝ Ներսես Աստվածատուրյան), որով ավետվեց տարոնական ոգու վերածնունդը եւ սկիզբը դրվեց Տարոնական շարժման:
Որո՞նք էին շարժման նախադրյալները եւ ի՞նչ նպատակներ ունեին այն նախաձեռնողները: Դրանք  հիմնականում  նույնն  էին,  ինչ  Ցեղակրոն  շարժման դեպքում:
Հայ ճակատագրի տագնապն էր ծնունդ տալիս Տարոնական հոգեվերանորոգչական շարժմանը, որի ղեկավարները ելնում էին այն ճշմարտությունից,  թե  փոփոխելի  է  ամեն  ճակատագիր, եթե  կա բարոյական վերանորոգում:
Դա մի ժամանակ էր, երբ ներքին պառակտիչ պայքարները, փոխադարձ անհանդուրժողականությունն ու ատելությունը գաղթահայությանը կանգնեցրել էին դժոխքի շեմին: Եվ ժամանակի հրամայականն էր՝ բնականորեն վերջ տալ հայության քաղաքական հոսանքների, կրոնական հարանվանությունների, անձնանպատակ խմբերի միջեւ մղվող ներքին  հայակործան  պայքարներին:
Դա մի ժամանակ էր, երբ աշխարհում ազգերը վերաքննում էին սեփական արժեքները, որոնում իրենց պարտությունների եւ դժբախտությունների պատճառները, սպառազինվում հին, բայց մշտապես նոր ու պատմականորեն   արդարացված  հավիտենական   արժեքներով:
Այդ նույն ժամանակի պահանջն էր եւ Տարոնական շարժումը, որը եկավ վերածնելու ու վերակոչելու Ցեղի հավիտենական առաքինությունները, հոգեբարոյական հեղաշրջում անելու օրվա ճահճացած, դատապարտվածության զգացումով ապրող եւ այլասերումի ենթակա հայության մեջ:
ՙԴա բարոյական հեղաշրջում է, որով կրնա իր ոգին ուժաստանի վերածել հայ ռազմիկը, իր երեւակայությանը ստեղծագործ թափ ու թեւ տալ հայ մտավորականը, իր քաղաքական գործի մեջ նպատակ, հանճար եւ սրբություն դնել հայրենապաշտ հայ կուսակցականը՚. գրում էր ՙՏարոնի Արծիվը՚ :

08.10.2013

ՏԱՐՕՆԱԿԱՆ ՈԳԻ


Կը խօսուի նոր հայի, նոր ճակատագրի մասին։ Ի՞նչ է ՙնոր հայ՚ը։ Ի՞նչ պիտի ըլլայ ՙնոր
ճակատագիր՚ը։ Առանց պատմութեան յաւիտենագործ եւ յաւիտենարժէք ոյժերու ներազդեցութեան` չկայ ապագայ եւ նորաստեղծութիւն։ Պատմութիւնը նախ` ոգիի յայտնութիւն է, իսկ ոգին` յաւիտենական է։
Կենսագործ նորը այն է, որու մէջ յաւիտենականը խառնուածք է։ Մեր ցեղի պատմութիւնը Տարօնական Ոգիի յայտնութիւնն է` հին ճշմարտութիւն, նոր իմացութիւն։ Դա կեանքի ճշմարտութիւն է, որովհետեւ էաբանական խորք է: Դա ուղեփոխիչ իմացութիւն է, որովհետեւ յաւիտենականը գոյութեան խանդով ապրելու, որով եւ` պատմութիւն նորակերտելու ճիգ է։ Ճանչնալ ճակատագիրը վարող ոգին կը նշանակէ` տիրապետել պատմութեան ենթակայական ոյժերուն։ Գիտենք, որ մեր անկումը նաեւ ներքին հոգեբանական պատճառներ ունի` ՙերկու հոգիներու պայքար՚, որմէ օգտւեցան հայաստանակործան արտաքին ոյժերը։
Պայքար յաւիտենարժէքի եւ անցաւորի, համահայկականութեան եւ հատուածականութեան, քաղաքական ընդհանրականութեան, կեդրոնացումի եւ անհատականացման, ապակեդրոնացումի, հայկական օրիէնտացիայի եւ օտարահակութեան միջեւ։ Այս ոգիներէն առաջինը մենք կանուանենք ՙՏարօնական՚` տարօնական ո՜չ թէ ՙտարօնցու՚ տեղական հասկացողութեամբ, այլ կապակցութեամբ ՙՅաւիտենական Հայի՚, որու ոգին յայտնութիւն ստացաւ Տարօնէն։ Որո՞նք են այդ ոգիի յայտնութեան գլխաւոր գծերը կամ Տարօնական Հայի պատմականօրէն բախտորոշ գործերը.
Ա. Հայրենաստեղծում: Տարօնի հայօրէն նուաճումէն առաջ ո՜չ Հայաստան կար, ո՜չ ալ քաղաքական հայութիւն։ Մուսասիրի աւերակներու վրայ բարձրացաւ քաղաքական հայութեան առաջին դրօշը` Տարօնի մէջ։ Առաջանալով Արածանի գետի հոսանքն ի վեր 5-րդ դարուն (Ք. ծ. ա.) տարօնական այս հայերը ներխուժեցին Այրարատ, ուրկէ 2-րդ դարուն (Ք. ծ. ա.) թափանցեցին Վասպուրական, Բարձր-Հայք եւ արագօրէն ամբողջացուցին Հայկական Բարձրաւանդակի նուաճումը։ Տարօնն է քաղաքական Հայաստանի առաջին կորիզը եւ Տարօնական Հայը` Հայոց Հայրենիքի ստեղծիչը։
Բ. Ազգակերտում: Նուաճողական թափով օժտուած Ցեղ` Տարօնական Հայերը ո՜չ միայն քաղաքականօրէն իրենց ենթարկեցին, այլեւ ձուլեցին Հայկական Բարձրաւանդակի բնիկները։ Երկրի անջատական բնութեան բերումով` Հայաստանի ազգագրական ամբողջացման գործը դանդաղ ընթացաւ, բայց եւ այնպէս ազգային կազմաւորում խմորող ոգին յանգեցաւ կազմակերպուած ազգութեան ձեւին եւ բովանդակութեան։
Տարօնատիպ հայն է հայոց ազգային օրգանիզմի կազմակերպիչը, Հայաստանը ազգագրօրէն ամբողջացնողը, կազմակերպուած ազգութիւն ստեղծողը։

13.09.2013

ԱՌՈՂՋ ՑԵՂԻ ԿԵՐՏՈՒՄ


Մարդկութիւնը այսօր, անկասկած, նշանակալի անկիւնադարձի մը առջեւ կը գտնուի։ Հին
գաղափարները, ինչպէս օրինակ` ազգերու հաւասարութիւն, ազատութիւն, եղբայրակցութիւն, որոնք ժամանակին հանդիսաւորապէս ընդունուած եւ որոշ գրաւչութիւն ու հմայք ունէին` վաղուց արդէն տեղի են տուած նոր ըմբռնումներու։
Կեանքի օրէնքը աւելի զօրաւոր դուրս եկաւ, քան մարդոց ցանկութիւններով պայմանաւորուած գաղափարները, որոնք արտաքնապէս թէեւ կախարդիչ էին, սակայն իրենց խորքին մէջ` հաշիւներու վրայ էին հիմնուած։ Կեանքը ցոյց տուաւ, որ ընկերային գեղեցիկ առաջնորդութիւնները ու իրօ՜ք խաղաղասիրական զգացումները ոչինչով կրնան փոխել ժողովուրդի մը ճակատագիրը, եթէ այս վերջինը չկոփուի բուն իսկ այդ ժողովուրդի կամ ազգութեան կենսաբանական գործօններով, վճռելու ու յաջողելու անդրդուելի կամքով։
Իւրաքանչիւր ազգ, որ կը վճռէ ապրիլ, կը պատրաստուի ենթարկուիլ կեանքի անողոք հրամայականին, ի՜ր իսկ մէջ կենդանացնելով Ցեղը, որ կենսաբանական ըմբռնում է եւ հետեւաբար, ինչպէս ամեն կենսաբանական կառուցուածք` ուժածին գործօններու նախաղբիւր։
Բոլոր այն ազգերը, որոնք ըմբռնելով օրուայ հրամայականը` սկսած են ցեղօրէն տառապիլ, ցեղօրէն մտածել, ցեղօրէն վճռել ու ցեղօրէն գործել, առօրեայի վրայով կը դիմեն դէպի իրենց ապագան, կը կերտեն իրենց վաղուայ ճակատագիրը, կը հարթեն յաւիտենականութեան ճամբան։
Արդի ընկերային կենսաբանութիւնը ցոյց տուաւ, որ ազգերու յատկանիշերը անփոփոխելի չեն։ Անոնք ստեղծուած են անցեալի պատմական ելեւէջներու ընթացքին ու պայմաններու ներգործութեամբ կրնան փոխուիլ։
Ազգերու ճակատագիրը, սակայն, կը մշակէ ցեղը, որ բնական անշէջ դարբնոց մըն է, ուր կը վերանորոգուին, կազնուանան կենսա-բանական ոյժերը, բնազդները եւ բոլոր այն կարողութիւնները, որոնք թաղուած գորշ իրականութեան մոխիրին տակ` դադրած էին պատմութեան մարզին մէջ արտայայտութիւն ստանալու ընդունակութիւն ունենալէ։
Ի՜նչ խօսք, որ մեր ժողովուրդի մէջ քնած ոյժեր կան, որոնք պէտք է վերակերտուին ցեղային կրակարանին մէջ։ Եւ ի՜նչ խօսք, որ կենսաբանական սթափումով, բարոյական ոյժերու վերազարթնումով միայն մենք կրնանք ազատիլ այն նուաստացուցիչ ճակատագրէն, որ մեր մեղսակցութեամբ աշխարհը պարտադրած է մեզ։
Հագեփոխուելու, վերանորոգուելու պահանջ կայ, եթէ կուզենք ցեղօրէն արժեցնել մեզ, եթէ կուզենք պատմութիւն ստեղծող ոյժ դառնալ կրկին։

04.09.2013

Ի՞ՆՉ Է ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹԻՒՆԸ


ՙԱմէն ինչ որ կը ծնի, յառաջ կու գայ պատճառէ մը, ամէն ինչ որ ծնած է, կարելի չէ ըմբռնել
առանց պատճառի՚, կ’ըսէ յոյն  մեծ իմաստասէրը`   Պղատոն:   Արդարեւ,   մեր  ցեղակրօնութիւնը   ծնաւ գաղթահայ կեանքի նուաստութենէն, կուսակցական պայքարներու աւերներէն,    պառակտուած   ժողովուրդի    տկարութենէն    եւ    մեր ճակատագրի ողբերգութենէն: Ծնաւ եւ այնքան  շուտ  տարածուեցաւ, որ բացի Ամերիկայէն, կարգ մը այլ գաղութներ ալ ունեցան իրենց Ցեղակրօն Ուխտերը: Քեմանչիստ Ռուբէն մեզի կը հաւաստէր, թէ մինչեւ  անգամ Փէքինի  մէջ  (Չինաստան) հանդիպած էր  ցեղակրօն երիտասարդներու ուխտի մը` 15-20 հոգիէ բաղկացած:
Քմահաճոյքով կամ փափաքով ո՜չ միութիւն կը ստեղծուի, ո՜չ ալ կանգուն կը մնայ: Կեանքը, պայմանները հասունցուցած պէտք է ըլլան  ասպարէզ  իջնող  կազմակերպութեան  պահանջը,  որ  ան ապրի  ու զարգանայ: Եւ ցեղակրօնութիւնը կենսական ու անյետաձգելի պահանջ մըն էր, մեր կեանքի հարազատ ծնունդը, այլապէս` ան ո՜չ ժողովրդականութիւն կը գտնէր եւ ո՜չ ալ հազարաւոր երիտասարդներու սիրտը կը յափշտակէր ու կը խանդավառէր:
Այս աննախընթաց ոգեւորութեան եւ յաջողութեան պատճառը այն էր, որ ցեղակրօնութիւնը կը բերէր նոր ոգի մը - ոգի մը, որ կը ցնցէր Հայը մինչեւ հոգիին խորերը, կը սթափեցնէր եւ ցոյց կու տար նոր ուղի: Ցեղակրօնութիւնը ցեղային ոգիի, ցեղային բարոյականի եւ ցեղային գիտակցութեան կազմակերպութիւն էր եւ ոգեպաշտ հայ ժողովուրդի նշանակալից մէկ մասը, որ հոգեւոր եւ մտաւոր բարոյա- կանով չէր այլասերած ու փճացած, անմիջապէս իւրացուց ցեղակրօնութեան  էութիւնն  ու  գաղափարաբանութիւնը:
Ցեղակրօնութիւնը առաւելապէս ոգիի կազմակերպութիւն է: Ցեղակրօնը ոգեպաշտ անհատ է: Հայ ժողովուրդը դարեր  շարունակ տոկաց ու կանգուն մնաց շնորհիւ իր անյաղթահարելի ոգիին: Ճիշդ է, որ մեր նիւթեղէն շէնքերն ու հարստութիւնները հրդեհուեցան, քանդուեցան ու մոխրացան, բայց Հայու Ոգին աննուաճելի եւ անյաղթելի մնաց: Մեր երկրէն անցան ասորիներն ու պարսիկները, արաբներն ու հոռոմները, թաթարներն ու թուրքերը, անցան ու իրենց ետին միայն աւեր ու մոխիր թողուցին: Բայց, հակառակ այդ ծանր դէպքերուն, Հայու Ոգին չյուսահատեցաւ, չընկճուեցաւ եւ անսասան մնաց: Հայը իր նիւթեղէն մարմինը սիրայօժար կերպով զոհեց, որ հոգին անաղարտ մնայ ու փրկուի: Եթէ ոգիի ժողովուրդ չըլլար հայը` մինչեւ հիմա պատմութեան էջերուն անցած կ’ըլլար: Ճշմարտութիւն է,  որ ազգ մը ֆիզիքապէս հիւծելէ առաջ ոգեպէս կը սպառի, նիւթապէս փճանալէ առաջ բարոյապէս կը կործանի:

28.08.2013

ՑԵՂԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ


Յանձնւած աշխարհի չորս հովերուն` հայերը կը տեսնեն եւ սակայն իր ամբողջ խորութեանը
մէջ չեն ապրիր իրենց բեկորներուն ոչնչացումը։
Քայքայումի առաջընթաց ո՜չ միայն Անատոլուի խորերը, ուր կը շարունակուի բուռ մը հայերու մարտիրոսացումը, ո՜չ միայն Պոլսոյ մէջ, ուր ամեն օր զանազան ՙթուրք լուսաւորչականներ՚ կը ծնին, այլեւ խորհրդային գիծէն ներս, ուր հայկական տարազնում կայ եւ արտասահման, ուր հայը դեռ կայան չունի։
Փրկութիւնը, կըսեն, հայրենի երկրին մէջ ամփոփւելն է։ Մխիթարական խօսք մը միայն, որովհետեւ Խ. Հայաստանը ցարդ չկրցաւ Կովկասի, Ռուսիոյ եւ Թուրքեստանի մէջ դեգերող իր բնիկներուն իսկ տեղաւորել: ՙՆերգաղթ՚ բառը, որ այնքան յուզում, շփոթ` կատարեալ բաբելոնական աշտարակաշինութիւն, առաջ բերաւ գաղութներուն մէջ, կը շարունակուի օգտագործուիլ իբր քաղաքական նշանախօսք։ Եօթ հարիւր հազարը տակաւին կը մնայ իր ճակատագրին։ Ուրիշ զարմանք մըն ալ սա ՙեօթ հարիւր հազարն է՚. վիճակագրական ըմբռնո՞ւմն է սա, թէ՞ մաթեմատիկական անփոփոխ մեծութիւն մը։ Յամենայն դէպս 15 տարիէ ի վեր ան ո՜չ կաւելնայ, ոչ ալ կը պակսի։ Աս ալ հայկական նախապաշարում մըն է։
Ըմբռնումներու աս քաոսին մէջ գաղութահայ կեանքի պատկերը վերլուծող մը պիտի հարկադրուէր ենթադրել, թէ գործ ունի ազգի մը հետ, ըստ որու բարոյականի ընդհանուր կազմակերպութեան մը ծրագիրը բացասական կը համարուի, իսկ անիշխանութիւնը եւ կիրքերու փոթորկումը` դրական։
Ո՜չ ոք կուզէ անդրադառնալ, թէ նման հոգեվիճակը ազգային կեանքի վախճանի, ցեղային ոգիի սպառումի ախտանշան մըն է։
Այո՜, ամենէն ողբալին ան է, որ մեր կեանքին մէջ գիտակցութիւն չկայ ու ատոր համար ալ ցեղապահպանումի գործը անհնարին դժուարութիւններու կը բախի։
Աւելին։ Ցեղային շունչի բացակայութեան շնորհիւն է, որ կը մնանք ժողովուրդի մը բեկորները ու չենք կրնար վերածուիլ կազմակերպուած ազգութեան։ Կազմակերպուած ազգութիւնը միայն իրաւունք ունի դատէ մը խօսիլ եւ դատ մը կենսաբանական թափով ու քաղաքական լուրջ ծրագրով մը հետապնդել։
Կը խօսինք հայկական դատէ մը, որ չկրնար (եւ պէտք չէ՜) տարբեր ըմբռնուի։ Ան պէտք է ընդհանուր ըլլայ` թէ՜ երկրի, թէ՜ գաղութներու հայութեան համար։
Հայ մը աւելի հայրենիքին մէջ` ասիկա ցեղային բարձր նշանախօսք մըն է։ Սակայն, որքան որ կը խանդավառինք ներգաղթի գաղափարով, նոյնքան ալ` կը տառապինք անոր փաստէն։ Իրողութիւն է, թէ ներգաղթը աւելի քաղաքական որոգայթ է, քան` ազգահաւաքումի ճիգ։ Ատոր պատճառները երկուք են` Խոր. Հայաստանի վարիչներուն տկարութիւնը ու Ռուսիոյ մասնաւոր քաղաքականութիւնը եւ գաղութահայութեան անկերպարան, անկազմակերպ, պառակտեալ վիճակը։

21.08.2013

ՑԵՂԱՅՆԱՑԻ՜Ր, ՑԵՂԱՅՆԱՑՈ՜ՒՐ


Ցեղակրօնութիւնը ո՜չ միայն գեղեցիկ անուն մըն է, այլեւ  ադամանդեղէն յաւիտենական
ներքին բովանդակութիւն մը, որ դարերուն դիմանալու, տոկալու ոյժ եւ անսասանութիւն ունի իր մէջ:  Ցեղակրօնութիւնը վարդապետութիւն մըն է, որ ո՜չ մէկ ժողովուրդի այնքան անհրաժեշտ է, որքան հայ ժողովուրդին: Ցեղակրօնութեան մէջ կայ անցեալի ապրում, ներկայի կեանք ու պայքար, ապագայի նուաճում եւ յաւիտենականի տենչ: 
Ցեղակրօնութիւն կը քարոզենք, որովհետեւ կուզենք, որ հայը հատուածի մը կամ կողմի մը, կուսակցութեան մը չպատկանի, եւ այսպիսով հայութիւնը ճակատներու, կողմերու կամ կուսակցութիւններու չբաժնուի, մեր ազգային կեանքը ներքին ճակատներ, ներքին պայքարներ, ոյժերու ջլատում չունենայ, այլ` կեդրոնանայ, միաձոյլ եւ միակամ դառնայ: Ցեղակրօնութիւնը դէմ է ամէն ներքին հատուածականութեան եւ տարանջատումներու, եւ միակ գաղափարաμանութիւնն է, որ կրնայ բոլոր հայերը միացնել, որովհետեւ կուսակցութիւն մը չէ՜, կողմնակի կամ մասնաւոր ընկերային ուղղութեան մը ջատագովը չէ՜, այլ` ուղղակի ցեղային, համահայկական շարժում մըն է, որ խտրութիւն չի՜ դներ իր անդամներուն միջեւ, եւ նկատի չառներ անոնց ընկերային դիրքն ու կրօնական դաւանանքը: Ցեղակրօնութեան համար կարեւորը հայն է, բաւ է, որ ան իր մէջ չունենայ կուսակցական եւ անջատական միտումներ, 
չարհամարհէ մեր անցեալը, չյուսահատի ներկայի անյաջողութիւններէն եւ վառ յոյսով նայի մեր վաղուան: 
Արդ, Ցեղակրօնութիւնը հայութեան կը քարոզէ` վե՜րջ կուսակցականութեան, վե՜րջ ներքին պայքարներու եւ պառակտումներու, վե՜րջ ոյժերու ջլատման եւ կեդրոնախոյս, տարանջատ գործունէութեան: Մէ՜կ ճամբայ` Հայաստանի ճամբան, մէ՜կ գործ` Ցեղի ապահովութիւնն ու յարատեւումը հայրենի հողին վրայ: 
Ցեղակրօնութիւնը ցեղային հարցեր արծարծելէ աւելի` վերանորոգչական, հոգեւոր արիութեան եւ մեծագործութեան շարժում է: Ցեղակրօնութիւնը նոյն ցեղին անդամները եղբայրացնելու, կեանքը հզօրացնելու, կամքերը միաձուլելու, աշխատանքը արդիւնաւորելու եւ ցեղի կենսական պահանջները բաւարարելու գաղափարաμանութիւն է: 
ՙՑեղայնանալ եւ ցեղայնացնել՚. Ցեղայնանա՜լ հոգիով, ցեղայնանա՜լ մտքով եւ ձեր ցեղայնացումը ցոյց տալ կենդանի՜ օրինակով, գործո՜վ եւ գործունէութեամբ: Ի՞նչ կը հասկնաք ասկէ: 
Ցեղայնանալ ըսելով պիտի հասկնաք. 

18.08.2013

ՀԱՅ ԿԵԱՆՔԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ


Համաշխարհային պատերազմի արհաւիրքէն շատ մը չարիքներու հետ` ծնունդ առին նաեւ
դրական երեւոյթներ, որոնցմէ ամենէն յատկանշականը մասնաւորապէս առաջադէմ ազգերու աշխարհայեցողութեան յեղաշրջումն է։ Ցնցող դէպքերը եւ ասոնց պատճառած ապրումները ազգերը մղեցին իրենց իսկ էութեան մէջ փնտռել ինքնակազդուրումի հոգեկան եւ ֆիզիքական գործօնները։ Ներքին պըրպտումով եւ խորացումով անոնք յանգեցան իրենց գոյութեան յաւիտենական խարիսխի իմացութեան եւ ցեղը դարձուցին իրենց մտածումի եւ աշխարհայեցողութեան հիմքը։ Մինչ այդ` ժողովուրդները, գրեթէ անգիտակ կը մնային իրենց էութեան ներբնակ ա՜յն զօրութիւն, կենսաբանական անհուն ա՜յն հարստութեան, զոր ցեղ, ցեղային պատիւ, ցեղային բարոյական, ցեղային կորով, ցեղային անպարտելիութիւն, ցեղային անմահութիւն կը կոչենք։
Թէպէտեւ ցեղի յաւիտենական կրակն էր, որ սերունդէ սերունդ փոխանցւելով ժողովուրդները կը համակէր պատմութիւն երկնելու եւ ստեղծելու կամքով, սակայն անոր, այդ կրակին էութիւնը կը մնար աւելի անծանօթ, խորհրդաւոր բան մը եւ յաճախ կը մոռցւէր առօրեայի գորշ քողին տակ։
Օրհասական պահեր էին հարկաւոր, որպէսզի ժողովուրդները դադրէին պատմութեան ետեւէն վազել, գոյութեան խորին տագնապ մըն էր հարկաւոր, որպէսզի անոնք կարենային նոր իմացութիւն մը ձեռք բերել։ Եւ ահա, համաշխարհային պատերազմի տագնապէն ծնունդ առաւ այն կենսանորոգ իմացութիւնը, ըստ որու պատմութիւնը ո՜չ թէ անհրաժեշտօրէն պարտադրւած ճակատագիր է, այլ ցեղի ոգիի, անոր կենսաբանական կորովի արտայայտութիւնը։
Պատմութենէն արդէն յայտնի է, որ օրհասական բոլոր ա՜յն պահերուն, երբ ժողովուրդներու մէջ ցեղն է խօսած` ամօթանքն ու տկարութիւնը տեղի տուած են հպարտանքի եւ հերոսականի։ Այլ բան չէ, որ կը վկայէ նաեւ վերջին քսանամեակի հայոց պատմութիւնը։
Ապրիլեան Եղեռնը ժողովուրդին ՙճակատագիրն՚ էր, բայց հոն, ուր ցեղը, յաւիտենական այդ անմահը ցցուեցաւ անոր դէմ, պատմութիւնը անգամ մըն ալ հարկադրուեցաւ նուիրագործել ցեղային կամքի անպարտելիութիւնը։
Մայիս 28ին, ՙճակատագիրը՚ կը սպառնար հայ ժողովուրդը ընդմիշտ դուրս նետել գոյութեան ասպարէզէն, բայց ցեղին կամքն ընդվզեցաւ այդ ճակատագրին դէմ, ան չնետուեցաւ պատմութեան անիւներուն տակ, այլ վսեմական խոյանքով մը ինքզինքը պարտադրեց աշխարհին եւ նոր պատմութիւն ստեղծեց։

14.08.2013

ՄԵԾ ՔԷՆԸ


Հայ-թուրքական ամբողջ պատերազմը մի Հին Քէնի պոռթկումն է երկու կողմից: Երկու
կայծակներ, որ իրար են պլլւում մեր սեւ երկնակամարին, երբ կախուած ամպերը մարտնչող կողմերի ճակատներն են թրջում մահասարսուռ համբոյրով: Իսկական պատերազմ, անագորոյն ու վայրագ, որ մի անիծուած ցեղ մի օր մեր լեռները բերեց ստիպեց մեզ այն ընդունել, որպէս իր հետ կենակցութեան միակ օրէնք, կռիւ, ուր բռունցքի զօրութեան մէջ օձի 
թանձրացած թոյնի պէս ատելութիւնը կայ մեր խիզախ արիութեան դէմ դաւադիր նենգութիւնը, մեր ասպետական մեծագոհութեան դէմ անմեղների նախճիրը, մեր հոգու սրբութեան եւ հայեացքի գեղեցկութեան դէմ ճիւաղային խրախճանքն արիւնի, եւ մեր ճակատների արեւաշող պայծառաթուեան դէմ ոճրածին գանկերից ժայթկած պղծութիւն համատարած: 
Հին էր քէնը: Մենք այն տեսանք հինգ դար յետոյ, երբ ողջ մեր հայրենիքը նրա խանձող բոցերով էր մրկուած, երբ մեծ ապականութիւնը վաղուց հետէ թոյնի պէս սողոսկել էր մեր ցեղայինի խառնուածքի մէջ: 
Մեր դռների առջեւ անապատի Մեծ Շէկ գայլն էր կցուել բորենու հետ եւ ցկնել մի հազարգլխեան ճիւաղ, մինչ Վիշապաքաղ մեր հսկան՝ Վահագնը դարերի խոր քունն էր մտել: Ամբողջ յիսուն տարի պէտք եղաւ դիւցազնին զարթեցնելու համար իր խորունկ նիրհից ... 
Հայ ժողովրդի պայքարը թուրքի դէմ, որ տակաւ տեւում է կէս դարից աւելի, իր նմանը չունի տիեզերական պատմութեան մէջ: 
Շատ ազգեր են իրար բաղխուել, շատ անազատ ցեղեր իրենց վրայ բռնացողների վրայ են խոյացել, մահու վճռականութեամբ ընկել են, արիւնոտուել, նորէն բարձրացել, նորէն զարկւել ... Հայ ու թուրքի կռիւը սրանցից ոչ մէկին նման չէ, վասնզի թշնամին միայն տիրապետող կառավարութիւն չէ, այլ չանչերով մեր հայրենիքին կպած մի պարազիտ, որին սատկացնելուց առաջ հարկ էր նախ այն մեր մարմնից շորթել: 
Թուրքի կատաղութիւնն անսահման էր: Այս անգամ գոռոզ արհամարանքով չէր, որ նա իր ձեռքը սրին տարաւ. ապշած էր ու շւարած, որ երէկի իր խոնարհ, հնազանդ րայան ոտքի ելած կռւում է իր դէմ մահասարսուռ կորովով ու սրտմտութեամբ: Իր հին քէնին խառնւում էր նոր ցասումը, հին արհամարանքի տեղ զարթնում էր վախը սեփական կործանումի, որ անխուսափելի էր, երբ իր հպատակը նրան ծունկի բերէց ճակատամարտի բաց դաշտում: 
Եվ սպառազէն ու սուսերամերկ նա մեր վրայ խոյացաւ ոչ թե ընկճելու, այլ սպառ ի սպուռ ոչնչացումի համար: 
Սովորական չէր այս պատերազմը նրա համար, եւ նա անխնայ եղաւ անգամ դէպի իր կենսական շահերը, աւեր ու արիւն սփռում էր այնտեղ իսկ, ուր դա բնաւ անխուսափելի չէր: Մեր դէմ կռուողը այլեւս պետութիւն չէր, որ վճռել էր զսպել իր ըմբոստացած հպատակներին, այլ յանկարծական կատաղութեամբ բռնւած մի զինուած խուժան, որ նախճիր էր գործում տարերային շարժումով, մի ատաւիկ բնազդի հնազանդ: Ծովի պէս ծփանք տուած այս արհաւիրքի, այս մեծ քէնի դէմ, հայը ծառացաւ, վասնզի հին արիւնի ու հողի հաշիւ ունէր կարգադրելու իր հինաւուրց ոսոխի հետ: 
Եվ իր հետ միասին ոտքի էին կանգնել այնքան դարեր արիւնով, արցունքով թաթաւուն: Մեր հին օրերի եռուն ու փրփրուն զուլումը սուրում էր ռազմի դաշտերով որպէս աղտոտ ցնցոտիներով պատած մի գարշահոտ բորոտ՝ քաշ տալով իր յետեւից միաժամանակ, լացող ու ոռնացող ճիւաղների շարան: 

12.08.2013

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՆԱՄԱԿԸ ԿՆՈՋԸ


Պարտականության զգացմունքը եւ մեծ սերը
դեպի վերածնվող հայրենիքը եւ հայ ժողովուրդը` 
ահա թե ինչն է պահում ինձ իմ տեղը՚: 
Հովհաննես Քաջազնունի 

Սիրելի՜ս, անձնապես եւ նյութապես ես ոչինչ զրկանք չեմ կրում, ունեմ բնակարան, սնունդ, շոր, ծխախոտ, նույնիսկ շաքար: Շատ հաճախ, (համարյա ամեն օր) ճաշի նստելիս ձեզ եմ հիշում: Գիտեմ, թե ինչ նեղության մեջ պիտի լինեք դուք, գիտեմ, որ ամեն մի պատառ հացը, ամեն մի կտոր միսը, ամեն մի կտոր փայտը հաշվով եւ խնայողաμար եք գործածում: Գիտեմ, որ սենյակներդ ցուրտ է, սնունդներդ պակաս, շորերդ պակաս ու գիտեմ, թե անձնապես դու 
որքան հոգնած պիտի լինես շուկա գնալուց, խոհանոցում աշխատելուց, լվացք անելուց: Ես ստանում եմ 1300 ռ. ռոճիկ եւ 500 ռ.՝ ՙներկայացուցչության՚ համար: Այդ ՙներկայացուցչությունը՚  գլխավորապես՝ ստորագրություններ հօգուտ որբերին ու որբանոցներին, գաղթականներին, զինվորներին, հաշմանդամներին եւ այլն, եւ այլն: Հավանական է, որ հունվարից սկսած բոլոր պետական ծառայողների ռոճիկը ավելացվի 30 տոկոսով. եթե այդ օրենքը ընդունվի խորհրդի կողմից, ես կստանամ 1733 ռ. ... Հիշում եմ Հրաչյային, Արամին, ապա հիշում եմ` ոչ չեմ հիշում, այլ աչքերիս առաջը տեսնում եմ այն ժողովուրդը, այն հարյուր հազարավոր մարդիկ, որոնց կառավարելը ինձ է վիճակված - հիշում եմ, մտածում եւ խելագարվում եմ ցավից ու կսկիծից: 
Չգիտեմ, արդյոք երբեւիցե, որեւէ ժողովուրդ եղե՞լ է այն օրհասական, այն անելանելի կացության մեջ, որ ապրում է այսօր հայ ժողովուրդը, տեղեկություն չունեմ, թե ի՞նչ դրության մեջ են մեր փախստականները Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, Ազրբեյջանում, բայց մեր հանրապետության սահմաններում ժողովուրդը հասել է ծայր աստիճան թշվառության, ժողովուրդը հոգեւարքի մեջ է, հաց չունենք ուտելու, անոթի ենք, տուն չունենք ապրելու, մեր գյուղերը քանդված ու ավերված են, այս ձմեռ ժամանակ մնացել ենք բացօդյա, փլատակների եւ քարերի տակ, շոր չունենք հագնելու, մերկ ենք, սառում ենք ցնցոտիների մեջ, ուժասպառ ենք, հիվանդ, մահամերձ հիվանդ: Բծավոր տիֆը այնպիսի ծավալ է ստացել, որ ստատիստիկան չի հիշում անցյալներում: Երեւան քաղաքում, որ ունի 60-65 հազար ազգաբնակչություն, այսօր ավելի քան 2000 հիվանդ կա, 30 մարդուց մեկը պառկած է՝ հիվանդ բծավոր տիֆով: Բժիշկներ չունենք, ֆելդշերներ չունենք, եղածներից կեսը հիվանդ պառկած է կամ մեռած, հիվանդանոցներ չունենք, դեզինֆեկցիայի միջոցներ չունենք, վառելիք չունենք, որ բաղնիքները տաքացնենք, մարդկանց լողացնենք, ոջիլներից ազատենք, սապոն չունենք, որ լվացք անենք (ֆունտը 15-20 ռուբլի է), փող չունենք, մեր փողերը վրացիք ձերբակալել են Թիֆլիսում, հաղորդակցության միջոցներ չունենք, երկաթուղային գիծը ավերված է, չունենք նյութ եւ միջոցներ, որ վերականգնենք, չունենք շոգեկառքեր եւ վագոնններ, եղածները քայքայված են, եւ չենք կարող նորոգել, որովհետեւ արհեստանոցներ չունենք, չկա նավթ, որ տաքացնենք շոգեկառքերը, ֆուրգոններ եւ սայլեր չենք կարող բանեցնել, որովհետեւ ձիերը սատկում են անոթությունից, իսկ եզները մորթում են ուտելու համար 

11.08.2013

ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ - ՑԵՂԸ, ՏԱԿԱՆՔԸ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ


Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք շերտերի՝ ազգային-ցեղային
(Ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը), ամբոխացած, հակազգային (տականքը): 
Արդի հայությունը գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որեւէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու: Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձեւով նկատվում է որպես Հայ ցեղ (ազգ):
Հայության մի հատվածն էլ կազմում է տականքը: 
Տականքը - Սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը: Սա Ցեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ՝ որպես հայ եւ զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՜չ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող: 
Նա ազգային պատկանելություն չունի, եւ եթե խոսում էլ է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձեւ դեռ չի գտել: Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի՜ ճանաչում եւ առաջնորդվում է ՙորտեղ հաց, էնտեղ կա՜ց՚ սկզբունքով: Նրա համոզումով՝ Հայ ցեղը ՙցեխ՚ է, մարդկային ստորադաս տեսակ: ՙՑեղանենգ շեյթա՜ն՚,- այսպես խարանեց նրան Հայկ Ասատրյանը: Դա՝ հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած: 
Ցե՛ղը - Սա հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում: Նա՜ է իր մեջ կրում Հայկականությունը եւ այն փոխանցում սերունդներին: Ցեղի համար՝անփոխարինելի՜ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ: Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս: 
Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող տարրն է: Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի:  Ժողովուրդն ապրում է առօրեայով, Ցեղը՝ հավիտենականով. նա՝ օրվա մտածումներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով եւ օրվա հարատեւ պայքարով, միաժամանա՜կ: 
Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, Ցեղը՝ համահայկական շահերով: Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է. Ցեղի մեջ չկա՜ն տիրող եւ հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ կա՜ն միայն Հայեր:

07.08.2013

ՑԵՂԱԿՐՈՆԸ (ՑԵՂԱՄԱՐԴԸ)


Ցեղակրոնությունը ձգտում է ստեղծել հոգեբանական այն մթնոլորտը, որի պայմաններում
հնարավոր լինի Ցեղի առաքինությունների ու կարողությունների դրսեւորումը: Այն ՙճգնում է աշխարհ բերել ցեղամարդը՝ ամբողջակա՜ն հայ մարդը, որի մեջ եւ միջոցով պիտի արտահայտվեն ցեղի բովանդակ դրական ուժերն ու հատկությունները: 
Ցեղամարդ հայի գաղափարատիպն է ցեղակրոնը: Ցեղակրոնը չի՜ սարսափում միջավայրի այլասերիչ ազդեցությունից, քանզի գիտե, որ այն անզոր կլինի ուծացնել, եթե մենք ապրում ենք ցեղորե՜ն: 
Նա ատում է վախկոտությունը: Պատահական չէ, որ Ցեղակրոն Ուխտերում խստիվ արգելված էր ՙմի՜ վախնար՚ խոսքը, քանզի ցեղակրոնի հասկացողությամբ ՙվախենալ մեկի համար՝ ասել է թշնամանել (անպատվել, անարգել,- Մ. Լ.) նրան՚ : 
Պարտվողականությանը նա հակադրում է հաղթական ոգին, կրավորական տառապանքին՝ ներգործուն պայքարը, սարսափի հոգեբանությանը՝ մեռնելու կամքը, լալկանությանը՝ արիադավանությունը, մտքի անիշխանականությանը՝ ցեղային մտածումը, կրոնական անդենականությանը՝ երկրավոր հայրենապաշտությունը, դասակարգային եւ հարանվանական եսականությանը՝ ներցեղային բարոյականը:  Ցեղակրոնը թշնամի է ճանաչում թուրքին, բոլշեւիկին ու սրանց հայադավ գործակալներին, որոնց վճռաբար հակադրում է իր զորութենական ցեղապաշտությունը: Նա խորշում է բոլոր այն հոսանքներից, կրոններից ու վարդապետություններից, որոնք ժխտելով ազգերի անհրաժեշտությունը կամ եղծելով ցեղային անհատականությունը, վտանգում են նաեւ Հայ ցեղի գոյությունը: 
Ցեղի եւ Հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք ունի նա: Նրա համար սրբազան են Հայրենիքի անկախության գաղափարը եւ այն խորհրդանշող նվիրական Եռագույնը, ու գիտե նաեւ, թե արյամբ եւ զոհաբերությամբ է նվաճվում Հայրենիքի իրական անկախությունը:  Իր փառահեղ նախնիների մեծությանը հետամուտ՝ նա պատկառում է իր Ցեղից եւ աշխատում ամենուրեք արժանավորապես ներկայացնել այն: 

04.08.2013

ՑԵՂԱԿՐՈՆՈւԹՅՈւՆԸ Եւ ԿՐՈՆԸ


Ցեղակրոնությունը կրոն չէ՜: Այն գերազանցապես աշխարհիկ ուսմունք է, ՙիսկ եթե կրոն է դա,
ապա դա կրո՜նն է ցեղային հպարտության, ուժի եւ արիության...՚ :  Նժդեհը հին հավատքին վերադառնալու կոչ չի անում, քանզի հասկանում է դրա միամտությունն ու հնարավոր վտանգավոր հետեւանքները: Այնուհանդերձ, նա չի՜ թաքցնում իր համակրանքը դեպի Հայոց հին կրոնը եւ մեր հեթանոս անցյալը: Լսենք իրեն. ՙԱյս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար, նրան պիտի դիտել իր հոգու հայելիի՝ իր կրոնի մեջ... Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է,- հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՜ն է հայը - ահա՜, ակն ու աղբյուրը մեր մեծ Հույսի ու Զորույթի՚ : Նա հիացմունքով է խոսում ՙնախաքրիստոնեական հայու անգերազանցելի մարդկայնության եւ բարձրորեն ասպետական ոգու մասին՚:
Վահագնա-Անահտական Հայաստանում ես տեսնում եմ այնպիսի հոգեգծեր, առաքինություններ, որոնք պիտի բաղձալ մեր՝ որքան գոռոզ, այնքան հոգեպես աղքատ ու տմարդի դարաշրջանին՚:  Նա տեսնում է նաեւ հեթանոս հայի հոգեւոր կերպարի համամարդկային արժեքը եւ գտնում, որ նրա ՙմարդկայնացուցիչ գաղափարներով պիտի թթխմորել Արեւելքի հոգեւոր հացը՚ :  Նժդեհը հակաքրիստոնյա չէ, բայց նաեւ Քրիստոսի ուսմունքի մոլեռանդ պաշտպանը չէ. մեզ նույնիսկ համարում է ՙզոհը քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակում է մնալ որպես ներկ եւ շպար, որպես քող եւ դիմակ ուժեղների հոգու համար՚ : Նա հարգում է Նազովրեցու անձը՝ իբրեւ գաղափարի հերոս, իբրեւ Աստվածամարդ, սակայն համարում է նրան ցնորապաշտ (ուտոպիստ - Մ. Լ.), իսկ նրա խոսքը՝ վսեմ, բայց թյուրըմբռնման, ավելի շուտ՝ տառացի ընկալման դեպքում՝ վտանգավոր:  Առհասարակ, հետաքրքիր են Քրիստոսի անձի՝ նժդեհյան արժեւորումները. ՙՔրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր, նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզոր էր... Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել՚ : Կամ՝ ՙՎերացնելով մահվան ու կյանքի միջեւ գոյություն ունեցող անջրպետը, Նազովրեցին ժխտեց մահը, որով եւ հանդիսացավ հավիտենական սերմնացանը ոգու հսկաների՝ սրբերի, նահատակների, հերոսների՚ : 

01.08.2013

ՑԵՂԱԿՐՈՆՈւԹՅՈւՆԸ ԵՎ ՕՏԱՐ ՑԵՂԱՊԱՇՏՈՒԹՅՈւՆՆԵՐԸ


Հաճախ, միամիտ կամ միտումնավոր կերպով, Ցեղակրոնությունը որակվում է որպես փոխառյալ ֆաշիզմ կամ նացիզմ:
  Երբ 1933 թ.-ին, Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովում Նժդեհին հարցրին՝ արդյոք իր քարոզածը ֆաշի՞զմ է, թե՞ հիտլերիզմ, նա պատասխանեց. ՙԻմ քարոզածը այդ վարդապետություններից ո՜չ մեկն է. ես կփափաքիմ ի հայտ բերել մեր պատմական հին հերոսությունները եւ հայ մշակույթի ծալքերը, որոնք փոշիներու տակ մնացած են՚: 
   Ֆաշիզմը ազգայնականության, ցեղապաշտության իտալական դրսեւորումն է, նացիզմը՝ գերմանական: ՙԳերազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը: Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա: Դեռ խոսք չկար ֆաշիզմի եւ հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում...՚: Երբ Նժդեհի ուխտյալները արշավների ժամանակ սեւ պատանքներ էին կրում (ՙպատանակրաց՚ արշավանք) եւ ցեղային առյուծացման ու հպարտության դասեր առնում իրենց սպարապետից, Մուսոլինին դեռ նոր էր նախաձեռնում ՙՍեւ շապիկավորների՚ իր շարժումը: 

  Նժդեհի ուսմունքի եւ հիտլերականության ընդհանրությունը հիմնականում միայն նրանումն է, որ երկու դեպքում էլ, իբրեւ գերակա արժեք, հռչակված է տեսակը (ցեղը), ինչը բնորոշ է ցանկացած ազգայնական կամ ցեղապաշտական ուսմունքի: Սակայն, էականը դրանց միջեւ առկա սկզբունքային տարբերություններն են, որոնցից կթվարկենք մի քանիսը: 
    Հիտլերը Արիական ցեղը (որի բնորոշումը նրա մոտ անստույգ է) հռչակում է միակ մշակութաստեղծ ռասա, իսկ մնացած ազգերին՝ իբրեւ ստորադաս տեսակներ: Նժդեհը զերծ է ընտրյալության կամ բացառիկության քարոզներից: 
    Հիտլերը, այսպես կոչված ՙկենսական տարածքների՚ անհրաժեշտությամբ, փորձում է հիմնավորել ծավալապաշտությունը, որը, անբնականորեն, դուրս է գալիս նաեւ հայրենիքի սահմաններից: Նժդեհը խնդիր է դնում մեր բո՜ւն հայրենիքի՝ Հայկական Բարձրավանդակի վերատիրումը: 

30.07.2013

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ


Ցեղակրոն շարժման գաղափարաբանությունը Ցեղակրոնությունն է:  Անշուշտ,
Ցեղակրոնությունը գաղափարական դատարկության վրա չէր ստեղծվում: Դրան նախորդել էին Ալիշանի, Րաֆֆու, Պատկանյանի, Վարուժանի, Ահարոնյանի եւ այլոց ցեղաշունչ գաղափարները: Սակայն նրանք տվել են գաղափարներ, բայց ոչ՝ գաղափարախոսություն: Նժդեհին էր վիճակված, խտացնելով ու ամփոփելով իր մեջ մինչ այդ եղած Հայ ցեղային միտքը, համակարգելով ու ամբողջացնելով այն, հիմք դնել հայկականորեն հիմնավորված՝ Հայի էության եւ բարոյականի վրա կառուցված մի ուսմունքի, որը կոչեց Ցեղակրոնություն: Ցեղակրոնության գաղափարները ծնունդ չառան գաղթաշխարհում, այլ՝ բերվեցին Հայրենիքից, որի լեռներում կյանքի կոչվել ու հաջող քննություն էին բռնել դրանք 1919-21թթ.-ին՝ Դավիթբեկյան Ուխտի ձեւով: ՙՀանձին մեր Դավիթբեկյան ցեղապահ ուխտերի՝ 1920-ին գործեց ու հաղթանակեց ցեղակրոնությունը՚. գրում է Նժդեհը: Նժդեհն իր ուսմունքը խարսխեց այն աստվածային ուժ-էության վրա, որ կոչվում է ՙՀայ ցեղ՚: Եվ Ցեղակրոնությունը, առաջին հերթին, այդ ուժ-էությունից սերված լինելու, ասել է՝ Հայ ծնված լինելու գիտակցումն ու հպարտությունն է, այդ ծնունդին անմնացորդ նվիրվելու եւ ցմահ հավատարիմ մնալու ուխտը:  Նժդեհի համար՝ ՙցեղ՚ հասկացության՝ մարդաբանության տված սահմանումներից ՙեւ ո՜չ մեկն է ընդունելի՚: Առհասարակ, ըստ նրա, ՙդժվար է դա սահմանել գիտական լեզվով. այստեղ միա՜յն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել՚: Նժդեհին ՙբավական չեն հին եզրերը (տերմինները)՚, քանզի ՙնրանցով չի կարելի սպառել ցեղի ողջ տարողությունը՚: Ըստ նրա ընդհանրացումների՝ ՙցեղն ավելի՜ հոգի է, քան՝ կավ (իմա՜ նյութ,- Մ. Լ.)՚ : Այն նախաստեղծ է եւ գոյություն ունի արարչագործության սկզբից.
ՙՑեղը նախագոյ է Աստծո նման՚ : ՙՆա ժամանակների վկան է, հավիտենական հայը, Աստծո գործակիցը՚ :  Ցեղը Ոգու եւ Արյան միություն է, հոգեկան խառնվածք ու կենսաբանական կազմվածք, միաժամանա՜կ. այն անկրկնելի հոգեկանն ու անխառն մարմնականը, որ մարդկային տեսակը (իմա՜ էթնոսը) դարձնում է ինքնատիպ եւ, որով տեսակները տարբերվում են իրարից: Այս ինքնատիպության պահպանման ու հավիտենականացման ճիգն է Ցեղակրոնությունը - հայորեն ապրելու եւ հարատեւելու տենչ, մղում: Ցեղակրոնության հիմքում ընկած են երկու հիմնարար սկզբունքներ՝

28.07.2013

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԸ


Ա. Ես ցեղակրօն եմ - 
Եւ ահա՝ կ երդնում Վահագնի աջի վրայ՝ երբեք չմեղանչել ուխտիս դէմ -ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ: 
Բ. Ինձ համար անհատականութեան եւ ազատութեան ամենաբարձր արարքը - դա հնազանդուելն է ցեղիս:
Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա՝ գիտեմ, թէ մե՜ծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն աւելի՜ն է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը: 
Դ. Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՜ պաշտում եմ ե՜ւ մի այլ աստուածութիւն - ցեղիս արի՜ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան: 
Ե. Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՜ զգում եմ, որ իմ անձը աւելի՜ իմ գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին: 
Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա՜ պայքարում եմ մի մե՜ծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը: 
Է. Ցեղակրօն ե՜մ, ասել է՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:
Ը. Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ի՜նչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր՝ անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՜, վերադարձ կայ: 
Թ. Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՜ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը - առիւծի բաժինն է, ամենամե՜ծը: 
Ժ. Ցեղակրօնը, որի նշանբանն է - աւելի՜, է՜լ աւելի զօրութիւն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա՜ Հայ Յեղ. Դաշնակցութեան հանդէպ: 
ԺԱ. Զոհապաշտ եմ ես, եւ ահա՜ երկիւղածօրէն կ ոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան իրենց արիութեան մէջ, աստւածացան իրենց հոյակապ նուիրումի մէջ - որոնք իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար: 
ԺԲ. Ցեղակրօնն էլ է ձգտում երջանկութեան - տեսնել թէ ինչպէ՛ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը: 
ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչո՜ւ ցեղային անհատականութեան եղծումը ցեղակրօնը համարում է ոճիր՝ ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ: 

26.07.2013

ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


1932 թ.-ին, Սոֆիայում լույս տեսնող ՙԽռովք՚ ամսագրում, Գ. Նժդեհը,  ՙՀոգեւոր նորոգության
խնդիրներ՚ խորագրի տակ, լույս ընծայեց ՙՑեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ հիմնադրութային հոդվածը (Նժդեհի մի բանախոսության սղագրումն է սա), ուր մասնավորապես կարդում ենք. ՙԵթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում եւ ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել - դրապատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն... Ցեղակրոնությո՜ւն - ահա՜ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը՚ :  Նժդեհը գալիս էր ավետելու ցեղահայտնության ժամը, սկզբնավորելով Հայկականության տեսությունը:
1933 թ.-ի ամռանը, Նժդեհը, Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մեկնեց ԱՄՆ, ուր նախաձեռնեց Ցեղակրոն շարժումը եւ այն ծավալելու համար հիմնադրեց Ցեղակրոն Ուխտերը, որոնց ՙԾրագիր-Կանոնագիր՚-ի մեջ կազմակերպության ստեղծման նպատակն ամ-
րագրված է. ՙՍտեղծել ցեղակրոն սերունդ մը, որուն անդամները ապրին եւ գործեն որպես ցեղի հպատակն ու մարտիկը, ուր որ էլ լինեն եւ ընկերային ինչ դիրք էլ ունենան...՚: 
Մինչեւ Նժդեհի ԱՄՆ գալը, այնտեղ գործում էին մի շարք երիտասարդական միություններ՝ ՙՀայորդիք՚, ՙՈրդիք Հայաստանեայց՚ եւ այլն: Իրարից անջատ գործող այս միությունները համախմբելու եւ մեկ հայտարարի բերելու դժվարին գործը ստանձնեց Նժդեհը՝ ծավալելով Ցեղակրոն շարժումը, որի գաղափարախոսությունը շարադրեց 1933թ. վերջին, Բոստոնի ՙՀայրենիք՚ օրաթերթում՝ ՙՑեղային արթնություն՚ խորագիրը կրող հոդվածաշարով : 
Ի՞նչ հանգամանքներով էր թելադրված շարժման անհրաժեշտությունը: 
Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղթահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակը, ներքին ճակատում մոլեգնող միջկուսակցական պառակտիչ կռիվները եւ դրանց միացած՝ օտար այլասերիչ միջավայրը, մղել էին դրսի հայությանն իր նվաստ վիճակին հնազանդորեն համակերպվելու, սպառնալով՝ դարասկզբի մեր պարտությունը վերջնական դարձնել: Սրանց ավելացել էր նաեւ հիվանդագին կրոնականությունը. հայկական գաղթօջախներում գործում էին մի շարք ապազգային աղանդներ որոնք քարոզում էին հրաժարում Հայրենիքի գաղափարից, հեռացում ազգային-հասարակական կյանքից եւ նվիրում ՙերկնային հայրենիքին՚: Ստեղծված մթնոլորտն անխուսափելիորեն պիտի բերեր գաղթաշխարհի շուրջ մեկ միլիոն հայության փոշիացմանը, իսկ ավելի ճիշտ՝ ինքնասպանությա՜նը: Պետք էր կանխել այն:

23.07.2013

ՑԵՂԱՅԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՉԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ


1932թվականի նոյեմբերին, Սոֆիայում, Հայկ Ասատրյանի խմբագրությամբ, <<Խռովք>>
իմաստասիրական-գիտական ամսագրի հրատարակումով ազդարարվեց հայկական ցեղային-վերանորոգչական շարժման սկիզբը:
   Ի՞նչ խնդիրներ էր առաջադրում <<Խռովքը>>:
   Հայոց անցյալի ողբերգականությունը պայմանավորող ենթակայական գործոնների մեջ մատնանշելով նաև այն, որ <<մեր կյանքի և գործի մեջ գիտականություն չմտցրինք>>. <<Խռովքը>> նպատակ էր դնում իրականացնել հետևյալ առաջադրությունները.
ա) Համակարգել հայ իմաստասիրական մտքի արդյունքները, այսինքն՝ վեր հանել հայ իմաստասիրության գծերն ու մշակել նրա պատմությունը և ներգործությունը: Ուսումնասիրել նաև հայ կյանքում առկա հոգևոր խմորումները և վերլուծել գործող հայ հոսանքների գաղափարաբանությունը:
բ) Հոգեբանորեն կազմակերպել հայության ինքնապաշտպանության գործը, որի համար՝ վերծանել հայոց հոգեբանական առանձնահատկությունները, միջոցներ առաջարկել մեր հոգեբանական թերությունները սրբագրելու և առավելությունները համահայկականացնելու: 
գ) Մշակել հայոց պատմության փիլիսոփայությունը: Գիտական ուսումնասիրության նյութ դարձնել Հայկական Բարձրավանդակը:
դ) Արժեքավորել հայոց հնագույն և նորագույն ազատագրական կռիվները, գտնել մեր պատմության զարգացման տրամաբանությունը, մատնանշել հայոց քաղաքական-հասարակական վերածնության ուղիները:
   Ցավոք, <<Խռովքը>> լույս տեսավ ընդհամենը մեկ համար, որում ամփոփված լրջախոհ հոդվածների զգալի մասը մնացին շարունակելի: Հատկապես հիշատակելի է Գ. Նժդեհի <<Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ>> հոդվածը, որը Ցեղակրոն ուսմունքի վերաբերյալ՝ մեզ հայտնի առաջին հրապարակումն է:
  Չնայած կարճ ընթացքին, <<Խռովքը>> էական դեր ունեցավ հայկական ցեղային շարժման համար: Այս պարբերականում <<հստակորեն բնութագրված է ցեղակրոնությունը, ուրվագծված է տարոնականությունը և առաջադրված է վերանորոգչական շարժումը>>: <<Խռովքի>> առաջադրությունները խթան հանդիսացան Ցեղակրոն և տարոնական շարժումների ծավալման և դրանց գաղափարաբանությունների ձևավորման համար:
   <<Խռովքի>> օրգանական շարունակությունն է <<Ցեղ և Հայրենիք>> հանդեսը, որը հիմնականում Հայկ Ասատրյանի ինչպես նաև Ներսես Աստվածատուրյանի ջանքերով, սկսեց լույս տեսնել Սոֆիայում, 1936թ.-ի <<Ցեղ և Հայրենիքի>> և 1938 -ից հրատարակվող <<Տարոնի Արծիվի>> միջև: