Показаны сообщения с ярлыком ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ. Показать все сообщения

10.04.2013

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔ


ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ
    Գերագույն հաճույք է ինձ համար վերհիշել, թող հիշեցնեմ և քեզ, ընթերցո՛ղ, մի այլաբանական և իմաստալից պատկեր Կառլ Հաուպտմանի ծանոթ թատրերգությունից: Տարվա այն եղանակն է, երբ բոլորը ձգտում են դեպի լեռները: Անսպասելիորեն, <<Հսկաների Լեռան>> վրա պայթում է փոթորիկը: Մարդիկ ապաստան են գտնում փրկարար տանը: Այնտեղ երգ, երաժշտություն, հանգիստ կա: Դուրսը փոթորիկը կրկնապատկել է իր կատաղությունը: Երկնահաս կատարների վրա հայտնվում է արծվահայաց մի տղամարդ՝ ջահել, գլխաբաց, գանգրահեր: Նրա կողքին ընթանում է մի ամեհի զամբիկ՝ իր թեթևորեն թամբված և ապերասան ձին: Մեկը՝ պատկերը ուժի, մյուսը՝ խելահեղ թռիչքի: Մարդը կանգ է առնում ժայռերի վրա և խոսում ինքն իրեն: Հայտնվում է մի ուրիշը՝ սպառազեն հրեշտակի պատկերով: Առաջինը՝ <<Լեռների Պահակն>> է, երկրորդը՝ համագերմանական Ազատության և Միության թևավոր բանբերը: Նայի՛ր և տե՛ս, - ասում է այդ վերջինը և նշանացի ցույց է տալիս ընկերոջը՝ բարձրացող փոթորիկի ալիքները: Անհամար զինավառ զանգվածներ՝ ատելությամբ գինով և ոգևոր: Նրանք կուտակվում են Արևելքում, Հարավում, Արևմուտքում: Շարժվում են լեռներով, գետերով, ծովերով: Նրանց ոտքի տակ տրորվում է և երկինքը, օդը: Գալիս են գերման մշտաջահել հայրենիքի դեմ:
     Ժամանա՛կն է, ահազանգի ժամը: Լեռների Պահակը պիտ արձակի իր ճիչը, նա հեռուները պիտ նետի իր աղաղակը:.
    -<<Հայրենիքը վտանգի մե՜ջ է, արթնացե՜ք>>... Կանչը գնում է,, հասնում հեռուները, բայց մնում անարձագանք:
     -<<Մեկ է՛լ>>, - թելադրում է Ազատության Ոգին:
     -<<Հայրենիքը վտանգի մե՜ջ է, արթնացե՜ք>>...
Թույլ արձագանք: Լռել են երգն ու երաժշտությունը փրկարար տանը, բայց ոչ ոք դեռ դուրս չի նետվել: Անհանգիստ՝ Լեռների Պահակը նետվում ձիու վրա և շեփորում զարհուրելի ուժով.
   -<<Հե՜յ, հայրենիքը վտանգի մեջ է, արթնացե՜ք, փրկե՜ք>>...
Այժմ ոտքի վրա են բոլո՛րը, բոլո՛րը: Ամեն ոք աճապարում է դուրս և ի զեն: Այժմ ոտքի է ողջ ցեղը և լսվում է նրա երգերից ամենագոռն ու էլեկտրացուցիչը:

08.04.2013

ԲԱԽՏՈՐՈՇ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Երբեք տեսնված չէ, որ ժողովուրդն ավելին չտար, քան կարող են պահանջել իր
առաջնորդները: Ժողովուրդներն այն են, ավելի ճիշտը՝ դառնում են այն, ինչպիսին որ համարվում են իրենց մտավորականության կողմից: Մի ժողովուրդ, որ իր ղեկավար տարրերի կողմից համարվում է <<փափկամարմին>> կենդանիների տեսակից, երբեք չի լինի հաղթական ու հարգված: Տկար, քաղաքականապես մուրացիկ և դիպվածով գոյությունը քարշ տվող, ահա՛ նման ժողովուրդը:
     Պարտվում է մի ժողովուրդ, հենց որ իրեն պարտված է զգում մտավորականությունը: Կորած է այն ազգային դատը, որի ղեկավարները կորած են այն համարում: Պայքարում տեղի է տալիս այն կողմը, որի առաջնորդող տարրերն առաջինն են հուսահատվում: Այո՛, հանձին ժողովուրդների, միշտ էլ չափվում են իրենց մտավորականությունները, հաղթում կամ պարտվում իրենց առաջնորդող տարրերը:
    Եվ չի պարտվում այն կողմը, որ չի ուզում պարտվել: Պիտի չպարտվեր հայ ժողովուրդը և հոգեբանորեն, եթե նրա մարտավարության մի խոշոր  մասը չնետվեր պարտվողական ոգու գիրկը: Դժբախտաբար, այսօր նա ոչ թե իրեն պարտված է զգում, այլև պարտվողական: Նրա որոշ տարրերը մեր պարտության և բարոյալքումի օրերին ոչ թե չկարողացան բարոյական շանթարգել հանդիսանալ զանգվածների համար, այլև պարտվողականության քարոզիչներ և բարոյալքիչներ դառնան: Զուրկ ապագայի զգացումից, ինչպես և ազգային բարոյականից,  նա առանց մի հատիկ իսկ հարված փոխանակելու փորձի, թշնամուն հանձնեց իր դիրքերը, որին այնքա՜ն մեծացրել էր տկարի իր երկչոտ երևակայությունը: Նա բառացիորեն բաժանեց ճակատագիրը ծանոթ առակի այն դժբախտ եղնիկի, որը օդի մեջ քամուց տարուբերվող փետուրից սարսափահար, նետվում է... ուղղակի որսորդի գիրկը: Նա նմանվեց այն զորամասին, որ ոչխարների հոտի բարձրացրած փոշու ամպը թշնամի համարելով, փախչում է գլուխը կորցրած և ընկնում... թշնամու ամրացրած բնակատեղին:

27.03.2013

ՄԻ ՆԱԽԱԳԻԾ


Դժվար թե գտնվի դիտելու և տեսնելու ընդունակ մի հայ մարդ, որ չտեսներ Հայաստանի վրա
կախված և աղետալի գալիքի ստվերը:
     Գիտենք, որ օրվա Թուրքիո գոյության համար  ավելի քան անհրաժեշտ է մեր ժողովրդի չգոյությունը: Գիտակցում ենք, թե հանուն իր հանցավոր գոյության, թրքությունը դավել է և պիտ շարունակել դավել մեր ամբողջական գոյության դեմ: Որ նա առիթ պիտի չփախցնի՝ ոչնչացնելու և՛ Արարատյան դաշտում խճողված մի բուռ հայությանը՝ հայկական հարցը բացասական լուծումի հանգեցնելու համար: Այլևս միամիտ չենք կարծելու, թե մի փոքրիկ և անզոր Հայաստանի գոյությունը՝ որպես բուֆեր պետություն, անհրաժեշտ և ցանկալի է Տաճկահայաստանի համար, քանզի գիտենք, որ այդ վերջինի կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելը ժամանակավոր զիջում էր՝ արված հայությանը, մի բան, որ թելադրում էր հակառակորդին պատմական վայրկյանը: Ժամ առաջ թրքական զորամասերը պիտ նետվեին Բաքու՝ դաշնակցներին զրկելու այն անհրաժեշտ նյութերից, որոնք այնքան մեծ դեր են խաղացել համաշխարհային պատերազմում: Այդ զիջումը պահանջում էին նաև զինակիցների ռազմագիտական և քաղաքական հաշիվները: Բաքվին տեր դառնալու համար թրքական ուժերը պիտ ազատվեին հայկական ռազմաճակատներից, ահա՛ թե ինչի հետևանք էր տաճիկների կողմից մեզ արված ժամանակավոր և ակամա զիջումը: Դաշնակիցների համար պատերազմի անհաջող ելքի դեպքում, Տաճկահայաստանը՝ մեր տկար Անկախությունը ստորագրելու փոխարեն, պիտի չտատանվեր գրելու Անդրկովկասում փակված հայության տապանագիրը: Եվ մարդկության ծանոթ մասը, որ հաղթական լինելով հանդերձ, թրքության ներեց հայության կեսի բնաջնջումը, իր պարտության դեպքում գուցե և շնականություն ունենար ոչ միայն սեղմելու, այլև համբուրելու այն արնոտ ձեռքը, որ բռնամահ դարձրեց մեր ժողովրդի մի մասը:
    Տաճկահայաստանը, չարաչար խրատված բալկանյան ժողովուրդների ընթացքից, խորապես համոզված էր, որ Հայաստանը՝ ինչ աշխարհագրական սահմաններով էլ լինի դա, իրենն համար ցանկալի թումբ՝ պետության դերը չի կատարի:

25.02.2013

ԱՌՅՈՒԾԱԾԻՆ ՄԱՅՐԵՐ


   Տկարության և կեղծիքի դեմ սկսածդ պայքարի մեջ մենակ չես դու, հա՛յ երիտասարդ: Դու պիտ ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը՝ հայ մայրը: Ինչպիսի՜ աստվածային հաճույք մարտնչողի համար՝ լսել խրախուսիչ ձայնը հայրենակրոն մոր: Ո՞վ չգիտի, թե ազգային տագնապների օրերին, երբ հայրենասիրորեն կբաբախի տառապող կնոջ սիրտը՝ կորած չէ դեռ ամեն հույս:
      <<Միշտ էլ հիշենք, - ասում է գալիական պատմությունը, - հիշենք, թե մեր հայրենիքը ծնված է մի կնոջ ստինքից, նրա սիրուց և արցունքներից, այն արյունից, որ նա թափեց մեզ համար>>: Մոր ազդեցությունը՝ որպես դաստիարակչուհին և հոգևորիչը մարտնչող սերունդների, նրա հրաշագործ ազդեցությունն այն ժողովուրդների համար, ինչպիսին է մերը, կմնա լծակը, որ պիտ բարձրացնի և մեր ազգային դատը, որի ծանրությունը այսօր սարսափեցնում է միայն անհայրենասերներին:
      Բնությունը, - ասված է, - կնոջ ձեռքով կգրի տղամարդկանց սրտի մեջ: Ահա թե ինչո՛ւ հայ կինը պիտ դառնա հայրենապաշտության տաճարի Վեստյան Կույսը, նշանակված՝ անշեջ պահելու նրա սրբազան կրակը: Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է դարերով տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջև իր աստվածանման որդու վերքերը սգացող Տիրամորը, հայ կինը ավելի հերոսուհի, քան թաղծության մայր պիտ լինի: Նրա շրթունքներից պիտի չպակասեն Ժանդարկյան բառերը՝  ուղղված մեր սերունդներին. <<Եթե հոգնած եք, դադար առեք, բայց մի՛ լքեք կռվադաշտը, մի՜ դասալքե՛ք>>: Ն

22.02.2013

ՉԱՐԱՐՎԵՍՏ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ


    Պատմության մեջ նախընթացը չունեցող մի ողբերգություն է խաղացվում հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնությունը, բռնության կենդանի գործիքները՝ հայ ժողովրդի տականքը, և բռնության զոհերը՝ ի՛նքը, հայ ժողովուրդը: Առաջին դերակատարաին պետք է հարատևել իր ոճրառատ գոյությունը, և ահա՛ նա դիմել է աշխարհի պես հին, ծանոթ միջոցին. նա պաշտոնի ու ծառայության է հրավիրել հայորեն ու մարդկորեն ընկածներին՝ վարձելով սրանց չարարվեստ միտքը, կամքը, ցանկությունը: Նոր գյուտ չէ այն բարոյազուրկ գործելակերպը, որին դիմել է հայությունը գիշատող կարմիր բռնությունը: Նա  համարձակ կրկնությունն է դասական այն տմարդ միջոցների, որոնց հենված արվեստապես հարատևող են անցյալի բոլոր տեսակի բռնակալությունները: Երկրորդին՝ բռնության ծառաներին, պետք է ապահովել իրենց հանապազորյա անսուրբ հացը: Երրորդին՝ ապրելու համար պետք է անբռնադատորեն  զարգանալու և ստեղծագործելու հնարավորություն: Երեք կողմերն էլ ապրել են ուզում՝ և՛ բռնակալը, և՛ իր գործիքները, և՛ իր զոհերը:
     Անխուսափելի պարտության սարսափով խելագար բռնակալությունը, իր մոլեգնության հետ կրկնապատկում է ժողովուրդների չարչարանքները: Չարչարվող ժողովուրդն իր հերթին՝ վերջնական հաղթանակի անմեռ հույսերով սպառազեն, կրկնապատկում է իր համառությունը՝ հրաժարվում զինաթափել հոգեբանորեն:
       Ահա՛, այսպես, կյանքը Հայոց աշխարհում դառել է միահեծան իշխանություն Կարմիրների, երեսուն արծաթէ սրանց գործիքների,  ամենօրյա գողգոթա՝ մեր ժողովուրդի համար: Այլ պիտի լիներ ժողովուրդների պատմությունը, եթե գոյություն չունենային ընկածներն ու ընկածությունը մարդկային: Առանց սրանց  գոյության պիտի չունենար բռնությունը մարդկային:

20.02.2013

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


Քրքրի՛ ազգերի պատմությունը և երես առ երես պիտ հանդիպես հետևյալ ճշմարտության, ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով կսբեն իրենց երկիրը և ապա՛ այդ սրբացած հողի վրա կբարձրացնեն շենքն իրենց անկախության: Այո՛, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա՝ ազատ ու երջանիկ Հայրենիքը:
      Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները:
      -Անոնք, որոնք պիտ գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը: Ուիլսըն, բախտ, հայկական սվին, սրանցից միայն վերջինի գծած սահմանները կլինեն իրական ու կայուն:
      -Ինչպիսի՞ հայրենիք կունենաք վաղը:
      -Ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի և հոգու մեջ; Երբ որ մեր սիրտը և ուղեղը լցնողը ապառաժահիմն ու հաղթական հայրենիքի գաղափարն է, վաղվա Հայաստանը չի կարող ավազահիմն, ապազոր և դժբախտ լինել: Ազգերն ունեցել են, ունեն ու պիտ ունենան իրենց արժանի ճակատագիրը: Արի և հայրենապաշտ, որ ասել է՝ հզոր, ահա՛ անկախության արժանի ժողովուրդը:
     Քեզանից զատ, - խրատում է պատմությունը, -ո՛չ ոք չի կարող բարեփոխել քո դրությունը: Ինքնափրկություն. ահա՛ պատմության թելադրանքը: Հայը հասկացա՞վ այդ՝ նա կանգնած կլինի փրկության անշեջ ճամփին: Բայց կան, դեռ կան որոշ տարրեր մեզանում, միամիտ, <<հիմա՛ր սրբության աստիճան>>, որ կարծում են, թե կարելի է մուրալ անգամ պետականորեն անկախ ապրելու իրավունքը: Սրանք կուզեին, որ աշխարհի ուժեղները և՛ շնորհ անեին իրենց, և՛ պաշտպանեին այդ շնորհը և՛ արտաքին վտանգից: Սրանք դժբախտություն ունեն ուժեղ համարելու հայությունից զատ բոլորին, բոլոր ժողովուրդներին: Չեն հասկանում, թե հզորությունն ու տկարությունը հարաբերական հասկացողություններ են, թե ժողովուրդներից և ոչ մեկն է առանձին բացարձակորեն ուժեղ, ինչպես և ոչ մեկն է նույն ձևով ամենաթույլը:

16.02.2013

ԱՐԻԱԴԱՎԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ


 Արիությունն է ոստայնանկում ազգերի անկախության ու հզորության դրոշը: Անարիությունը՝ պատրանքն ազգերի: Այն օրից, ընթերցո՛ղ, երբ Հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանում: Ես տեսա մեր վարած ճակատամարտերում, տեսա ամենաընտիր Հայի՝ մեռնելու մտքի հետ հաշտված, ամեն գնով հաղթելու անտեղիտալի վճռականությամբ դեպ թշնամին խոյացող հայ զինվորը: Ճանաչեցի և ամենավատ Հային՝ վախկոտության հանցանքի մեջ բռնված անարին:
     Առաջինը կմեռներ ապրեցնելու համար իր ազգին ու նրա զենքի հմայքը:
Երկրորդը՝ կապրեր ամեն գնով՝ ապրեցնելու համար թշնամու  փառքը: Առաջինը ինձ համար ավելի բարձր էակ է, քան մարդ: Երկրորդը՝ ավելի անասուն է, քան մարդ: Եվ քանի կա այդ վերջինը, թրքությունը իր գոյության ապահովությունը պիտ փնտրի մեր ժողովրդի չգոյության մեջ: Հանգիստ սրտով պիտ մեռնեմ, երիտասա՛րդ Հայ, եթե քո սրենդի օրով հայորեն բառը, մեր ժողովրդի բարեկամների և թշնամիների կողմից գործածվի քաջորեն բառի իմաստով: Քանզի գիտեմ, թե քանի դեռ իր ամբողջության մեջ քաջ և քաջազուն չէ հայությունը, նրա համար անցած չէ դեռ աշխարհի քարտեզից ազգովին անհետանալու վտանգը:
     Ժողովուրդ, պետություն, անհատ, սրանց իրավունք է տրվում ապրելու և ապրում են, և պատրաստ են ամեն վայրկյան ապացուցելու, թե գիտեն մահվամբ պաշտպանել իրենց գոյության իրավունքը: Այլապես, սրանք որպես ավելորդ տեղ գրավող իրեր, հակադրվում են ազատելու իրենց տեղն արևի տակ:

08.02.2013

ԱՆԲԱՐՈՅԱՎԵՏ ԽՈՍՔԸ



Ոչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը: Դա միաժամանակ մեր բարոյական շունչն է: Մեկին մտերմորեն ճանաչելու համար, հարկավոր է լսել նրա խոսքը, անշուշտ, երբ որ չի կեղծում: Մի ընտանիք, մի հասարակություն, մի ժողովուրդ ճանաչելու համար պետք է լսել նրա մեջ հնչող խոսքը: Երբ որ դա գործածվում է որպես քող մտածումների համար, եթե դա ավելի արտաքին բարեկրթության է ծառայում քան բարոյականության, երբ որ դա լսվում է որպես ծաղր սրբության և սկզբունքների դեմ, երբ դա դառնում է ծառայական, օգտախնդիր ու թունավորիչ, և այդ ամենի պատճառով տարտամ, դա նշան է բարոյական անկման ու ապականության: Երբ մի ժողովրդի մեջ, ինչպես մեզանում, որոշ տարրեր ազատորեն ժխտում են և՛ սրբությունները, և՛ սկզբունքները, և՛ Հայրենիքը, առանց հասարակության ցասումը բորբոքելու իրենց դեմ, երբ դա կորցնում է լույսն ու ջերմությունը, դա նշան է, թե այդ ժողովուրդը նվաստացած է, ընկած՝ իր խոսքի հետ: Այսպիսին է, չնչին բացառությամբ, գաղութահայ խոսքն այսօր:
     Հետևա՞նքը: Հավասար չափով՝ կեղծիքի ահավորություն և ճշմարտության թշվառություն մեր կյանքում: Չարության թույն, կատաղության լորձունք և քացախ, ահա՛ թե ինչ են գործածում որոշ գրիչներ ու գրչակներ: Էլ ոչինչ է մնացել գռեհկացած իրականության մեջ, որ հայհոյված չլիներ: Պոռոտ, տգետ ու չար ճառատողներ: Կարծեք, պետք է հայհոյել համոզելու կամ տարհամոզելու համար, զրպարտել, անվանարկել:

06.02.2013

ՊԱՏՃԱՌ և ՀԵՏԵՎԱՆՔ



Մի՛ լինիր ստվերը, արձագանքը, նմանությունը ուրիշների, որ հարկադրված չլինես ծիծաղելիորեն կրելու այլոց գաղափարներն ու տեսակները, ինչպես կրում ես ուրիշների ձեռքով պարտադրված զգեստներդ: Ամենաէականը, որպեսզի արթնանան հոգուդ հեքիաթային ուժերը և ծառայեն քեզ:
      Այդ մասին խոսել եմ քեզ հետ: Ավելացնեմ, թե բավական չէ դեռ սեփական խոկում ու խորհրդածություններ ունենալը: Պետք է, որ այդ վերջինները լինեն մաքուր, վեհ, արդար: Քանզի մեր նկարագիրն այլ բան չէ, եթե ոչ գումարը մեր մտածումների: Մեր արարքները ծնունդ են առնում և կազմակերպվում նախ մեր ուղեղի և հոգու մեջ: Անհատի և ազգի ճակատագիրը բնորոշվում և դարբնվում է այն մտածումնեով, որ այդ վերջինները երկարորեն սնուցել են իրեն մեջ: Տկարություն, թե հզորություն, պարտություն, թե հաղթանակ, տառապանք, թե երջանկություն, այդ բոլորի հեղինակը ի՛նքը՝ անհա՛տն է, ժողովո՛ւրդը, և ոչ սրանց թշնամիները, և ոչ դիպվածը:
Պատճառ ու հետևանք՝ միևնույն փոխհարաբերությունն ունեն ինչպես նյութական, այնպես էլ՝ մտաբարոյական աշխարհում: Ահա թե ինչո՛ւ մեր պայքարը պարագաների և հետևանքների դեմ չպիտի ուղղված լինի, որ դուրս են մեզանից, այլ՝ պատճառների դեմ, որ մեր մեջ են: Մտածումներից ծնունդ է առնում ցանկությունը, սրանից՝ ձգտումը, իսկ այդ վերջինը ունենում է իր այս կամ այն առարկան, որով և անհատը մատնում է իր մտածումների բնույթը: Պարբերաբար ընդունված ներքին ներշնչումներից մենք մշակում ենք մեզ համար հատկություններ, պայմաններ, և որպես արդյունք այդ բոլորի՝ մեր ճակատագիրը: Հսկի՛ր մտածումներիդ մաքրության ու վսեմության վրա:

02.02.2013

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ




Կուզեի, որ դո՛ւ, հա՛յ երիտասարդ, որ դու յուրացնեիր ինքնաճանաչությունը՝ որպես ուժի, հաղթանակի և բարձր երջանկության ամենակարճ և ամենաստույգ ճամփան:
     Ծանի՛ր զքեզ:
     Գիտցի՛ր, - ասում է դելփյան այդ բաղդատմամբ:
   Կուզեի, որ իմաստասիրական այդ հրամայականը քանդակված լիներ մեր դպրոցական շենքերի ճակատին, ապա և մեր աշակերտության ուղեղի մեջ: Այն ողորմելիորեն տկար չէ մարդը, որպիսին ճգնում է այն ներկայացնել նյութապաշտական կարճատես գիտությունը: Նա գրեթե անկարող է, երբ գիտակցում է, թե իր մեջ թաքուն ուժերի մի ամբողջ ծով կա, որից ազատորեն օգտվում է ինքնաճանաչ անհատը: Դու ավելի ուժեղ ես, քան կարող ես երևակայել և զգալ քեզ:

30.01.2013

ՆԱԽ՝ ՄԱՐԴ (ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ)




Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպես լավ Հայ լինել: Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի, անձնական կյանքում նյութակրոն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել: Նա, որ իրեն զգում է որպես  <<ժամանակավոր շունչ և կենդանություն առած մեքենա>> չի կարող հասարակական ասպարեզներում երևան գալ որպես կենդանի հոգեկանություն: Նա, որ որպես մարդ իդեալականացնում է նյութն ու նրանից բխող բավականությունները, որ կյանքի նպատակը համարում է կրավորական հաճույքները՝ որպես Հայ չի կարող լինել անձնվեր, արի, հայրենապաշտ: Միևնույն մարդու մեջ չեն կարող ապրել միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը

24.01.2013

ԿԵՂԾԻՔԸ ԶԻՆԱԹԱՓԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ (ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ)



Քո սկսած պայքարի մեջ, ուղղված հայրերիդ դեմ, կզարնվի կեղծիքը: Ճշմարտությունը կտոնե իր հաղթանակը՝ վերագրավելով իր գահը մեր հասարակական և անհատական կյանքում: Նրա արևը կլուսավորե մեր հոգևոր կյանքը՝ փրկելով մեզ մտավոր կուրությունից: Կբացվեն աչքերը, և նրանք, որոնք բաց աչքերով կապրեն աշխարհում, բայց չեն տեսնի, իրերը և երևույթները տեսնել ու հասկանալ կսկսեն իրենց ճշմարիտ լույսի մեջ: Շարժվել կսկսեն ճշմարտությամբ օծուն գրիչներ: Ստեղծագործ ոգևորության մի հեղեղ կանցնի հայ աշխարհի վրայով՝ աճեցնելով հոգիներն ու կամքերը:

23.01.2013

ԿԵՂԾԻՔԻ ԳԵՐՈՒԹՅՈՒՆ (ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ)


Տարիներից ի վեր  հրապարակի վրա մի կեղծիք կա, մի հրեշային կեղծիք, որին շարունակում է խունկ վառել մի մասը, հա՛յ երիտասարդություն: Կեղծ դառնությամբ սրանք դեռ սգում են հեղափոխության զոհերի վրա: Փարիսեցիորեն կուրծք են ծեծում, իմաստություն ծախում, երբեմն էլ՝ արամազդյան կեցվածք ընդունելով, այդ դասալիքները երևան են գալիս դատավորի դերում և անիծում անկախության գաղափարը:
      Ա՛խ, տխմար հեղափոխականներ, միամիտների ականջին փսփսում են սրանք՝ ի՞նչպես կարելի էր զոհեր տալ, ինչպե՞ս կարելի էր չգիտենալ, թե ազատությունը տարվա եղանակների նման գալիս է ինքնին, առանց պայքարի և արյան, պտուղի պես, պնդում է ծպտված ստրուկը՝ պտուղի պես բան է ազատությունը, ընկնում է հենց որ հասունացավ.....

21.01.2013

ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ (ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ)


Ազգերի կյանքը ժամանակաշրջաններ ունի, երբ որդիները հարկադրաբար իրենց հայրերի դաստիարակիչը կհանդիսանան: Նման մի ժամանակաշրջան է ապրում օրվա հայությունը: Երբեք, հա՛յ երիտասարդություն, մեր ազգն ու ազգայնությունը այնքան լրջորեն վտանգված չի եղել, որքան այսօր: Ինչպես և երբեք մեր ժողովուրդն այն աստիճան պառակտված ու տկարացած չի եղել, ինչպես այժմ: Քո ժողովուրդը բաց աչքերով աշխատում է իր մահացու թշնամիների համար. կատարում ամեն ինչ, որ գալիք աղետը՝ թրքական վտանգը, որ դամոկլյան սրի նման կախված է իր գլխին, որ վաղվա աղետը լինի անչափելիորեն մեծ, անդիմագրավելի և անդարմանալի, որ դա լինի <<իններորդ ալիքը>> մեզ համար: Մենք պառակտված ենք: