Показаны сообщения с ярлыком ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ. Показать все сообщения

28.08.2013

ՄԵԼԻՔ ԵԳԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


17-18-րդ դարերում Արցախական աշխարհի երբեմնի հզոր իշխանատիրույթում ձևավորվեցին հինգ մելիքություններ, որոնք  իշխանատիրույթի նոր ձև էին: Դրանց թվում էր նաև Դիզակի մելիքությունը:
    Դիզակի մելիքության տարածքն ընգրկում էր նույնանուն լեռներից մինչև Արաքս ընկած հողերը և Հասան-Ջալալի երբեմնի հզոր իշխանատիրույթի մասն էր կազմում:
    Դիզակի իշխանավորները Մելիք-Եգանյաններն էին: Այս իշխանատոհմի ծագման և Խաչենում հաստատվելու մասին հայտնի է հետևյալը. նրանք  սերում են Լոռի գավառի Լոռիս-Մելիքյաններից: Ընտանեկան ընդդիմություն է ծագել տոհմի երկու ներկայացուցիչների՝ Մելիք Էլիզբարի և Մելիք Եգանի միջև՝ հողային ժառանգության կապակցությամբ: Մելիք Էլիզբարն ուժով տիրել է Մելիք Եգանի հողաբաժնին՝ Փամբակ ձորին և Լոռիի մի մասին: Չկարողանալով ընդդիմանալ Մելիք Էլիզբարին՝ Մելիք Եգանը 18-րդ դարի սկզբներին իր ամբողջ գերդաստանով, ժողովրդով հեռանում է Լոռուց և, կտրելով Արցախական աշխարհը՝ հաստատվում է՝ Դիզակ գավառում:
   Մելիք Եգանի տոհմաճյուղի մասին Տող գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչակալի արձանագրությունից հայտնի են հոր՝ Ղուկաս վարդապետի, մոր՝ Մարիամի, եղբոր՝ Արամի, քրոջ՝ Խանումի, կնոջ՝ Խանումի, որդիների՝ Արամի, Եսայու, Բաղդամի, Վերտի և այլ ազգականների անունները:
   Հայրը՝ Ղուկաս վարդապետը և որդին՝ Մելիք Եգանը, ձեռնարկում են նոր իշխանատիրույթի վերաշինությունը: Զբաղեցնելով մի շարք վարչական պաշտոններ՝ ի վերջո Մելիք Եգանը հաստատվում է Դիզակի մելիքական պաշտոնում: Նա մայրաքաղաք է դարձնում Տող գյուղը, իսկ հոգևոր կենտրոն՝ Գտիչի վանքը, որի առաջնորդ է նշանակում հորը՝ Ղուկաս վարդապետին: Վերջինս նորոգում է վանական համալիրը և միաբանություն հաստատում այդտեղ:
   Մելիք Եգանն ամրացնում է Տող գյուղը, կառուցում պաշտպանական կառույցներ: 1707 թվականին գյուղի կենտրոնում կառուցվում է նրա ապարանքը: Այն ի սկզբանե ունեցել է բրգավոր շրջապարիսպ, որը մասամբ պահպանվել է դարպասի հետ միասին: Շենքը կառուցված է սրբատաշ քարով, երկհարկանի է, ներքին հարկը քարածածկ է, վերին հարկն ունի պատշգամբներ: Գյուղի բարձրադիր թաղում Մելիք Եգանը կառուցել է Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը ծառայել է որպես Մելիք-Եգանյան իշխանատոհմի տապանատուն:

25.08.2013

ԱՌԻՆՋԻ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ


Աբովյանի տարածաշրջանի Առինջ գյուղի մոտ պահպանվել են բերդի մնացորդներ:
   Բերդապարսպի ստորին շարքերը մասամբ շարված են անտաշ, իսկ վերին շարքերը և մուտքի հատվածը՝ կոփածո սրբատաշ քարերով:
   Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ: Բերդի տարածքում պահպանվել են նաև միևնույն՝ 1501 թվականի պատրաստված երկու զինանշան:
     Բերդի մուտքի զինանշանը: Այն փորագրված է մուտքի բարավորի երեսին: Միակտոր քանի ներքևի հատվածը գոգավոր մշակում ունի: Ներքին մասում կոր է գծվել, որով ստեղծվել է կիսաշրջան կամ կիսագնդի պատկեր: Կիսագնդի վերևում պատկերված են վիշապներ, որոնց գլուխները քարի կենտրոնական  հատվածում են: Բացված երախները համաչափորեն հպված են իրար, յուրաքանչյուրի բերանում երևում են չորսական իրար սեղմված ատամներ (երկուսը՝ վերևում, երկուսը՝ ներքևում), որոնց արանքում տեսանելի է լեզուն: Կլորավուն գլուխների կենտրոնական մասում տեղադրված են նշաձև աչքերը, գլխի վրա պատկերված են երկու փոքրիկ կոտոշներ, որոնք թագի տպավորություն են ստեղծում: Գլուխների շարունակությունը կազմող հզոր մարմիններն իրար վրայով անցնելով՝ հպվում են կիսագնդին և, արդեն քարի վերին  մասում երկրորդ գալարը տալով՝ սրածայր պոչով ձգվում են մինչև քարի ուղղահայաց եզրերը:
    Վիշապները պատկերված են հարթաքանդակի եղանակով, իրականացված են առանց մանրամասների ընգծման, բայց խոսուն ու արտահայտիչ են, և թվում է՝ աչքերից հուր է ցայտում:
    Կիսաշրջան-կիսագնդի առկայությունը պատկերային համակարգում վերջինիս զինանշանային հաստատումն է:
   Զինանշանի կոնկրետ պատկանելիությունն անհայտ է: Մուտքի բարավորի աջակողմյան հենարան քարին փորագրված արձանագրությունից պարզվում է, որ վիշապներով զինանշանը 1501 թվականին ձևավորել է Մանվել քարգործը:
    Ստեփանոս եպիսկոպոսի զինանշանը: Բերդի տարածքում շարաքարի երկու բեկորների վրա քանդակված է դիմահայաց, ճանկող արծիվ:
   Արծիվը կիսաբաց թևերի եզրերով, հզոր պոչով հենված է գետնին և ճանկերով ողնաշարաջարդ է անում ինչ-որ կենդանու (վերջինս թեև ամբողջովին ջարդոտված է, բայց, ամենայն հավանականությամբ, գառ է): Արծվի գլուխն, ըստ պահպանված մասի, եղել է կլոր, մարմնի վերնամասն ու կուրծքը ձևավորված են իրար վրա շարված եռաշար ռմբափոսիկներով: Թևերի մնացած հատվածները ձևավորված են եռաշարք ուղղահայաց զուգահեռ փոսիկներով, իսկ ոտքերը՝ զուգահեռ բարակ գծերով: Զինանշանն իրականացված է կլոր քանդակի եղանակով:

20.08.2013

ՀԱՍԱՆ - ՋԱԼԱԼԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Հայոց Արևելից երկրամասը՝ պատմական Արցախը, իր բարձրագահ լեռներով, իր ազատատենչ որդիների ուխտով, երբևէ գլուխ չի խոնարհել որևէ նվաճողի առջև: Թշնամիներն արնախում գայլերի պղտոր գետի պես եկել են Արցախի վրա, բայց ծեծված, թրջված կատվի նման՝ պոչները ոտքերի մեջ առած, գլխապատառ փախել են, որ կարողանան փրկվել:
    Երկրամասի իշխանավոր տերեը, որ սերում էին Հայկյան տոհմի Առանշահիկներից, թշնամիների  դեմ մղած դարավոր կռիվներում մաս-մաս կորցրեցին հայրենի հողերը հյուսիսում, արևելքում, բայց 11-րդ դարի կեսերին, երբ Մայր հայրենիքում թշնամիների հարվածներից  կորսվեց անկախությունը, Արցախ աշխարհում այն կարողացան պահել:
   12-րդ դարի երկրոդ կեսին Ներքին Խաչենում իշխում էր Վախտանգ-Տանգիկը: Նրա իշխանատիրույթի մայրաքաղաքը Խոխանա բերդն էր, իսկ իշխանատոհմի հոգևոր կենտրոնը՝ Գանձասարը:
    12-րդ դարի 80-ական թվականներին Զաքարյան Սարգիս Բ-ն, սկսելով Հայաստանի անկախության համար պայքարը, դեռևս իրենց անկախ կամ կիսանկախ վիճակը պահպանած հայ իշխանների ուժերը միավորում էր ոչ միայն քաղաքական ճանապարհով, այլև ազդեցիկ իշխանական տների հետ խնամիական կապեր հաստատելով: Նա իր դուստրերից Դոփին ամուսնացրեց Վերին Խաչենի իշխանաց իշխան Հասան Ա-ի, Վանենուն (հայտնի է նաև Նանա անունով)՝ Լոռու Կյուրիկյան Աբաս թագավորի, Նրջիսին՝ Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան իշխանական տան իշխանազուններից մեկի հետ, իսկ Խորիշահին կնության տվեց Ներքին Խաչենի իշխան Վախտանգ-Տանգիկին:
   Վախտանգ-Տանգիկի և Խորիշահի որդին ու իրավահաջորդը նրանց ավագ որդին՝ Հասան-Ջալալն էր: Նա հորը հաջորդեց 1214 թվականին: Հայրենասեր իշխանապետի գործունեության սկզբնական 20 տարիներին, մինչև մոնղոլ-թաթար նվաճողական արշավանքները, բարձրացավ իշխանատիրույթի տնտեսական հզորությունը, ծավալվեց մշակութային աննախընթաց վերելք: Հասան-Ջալալը մեծ խորաթափանցությամբ ճկուն քաղաքականություն ծավալեց թաթար-մոնղոլների տիրապետության շրջանում և հիմնականում զերծ պահեց իր իշխանատիրույթն ավերածություններից: Մոնղոլ նվաճողների բարեհոգի վերաբերմունքին արժանանալու նպատակով՝ նա 1236 թվականին իր դուստր Ռուզուքանին ամուսնացրեց մոնղոլ զորավար Չարմաղանի որդի Բորա-Նոյինի հետ:
    Մոնղոլների իշխանության հաստատումից հետո՝ 1230-ական թվականների վերջերից, Հասան-Ջալալը դուրս է բերել իր իշխանատիրույթը Զաքարյան Ավագի ենթակայությունից, այն դարձրել ինքնօրեն վարչական միավոր՝ հարկատու ուղղակի մոնղոլներին: Հասան-Ջալալն ինքն իրեն կոչում է <<ինքնակալ բարձր ու մեծ Արցախական աշխարհի, ինքնակալ Խոխանաբերդի>>: Ժամանակակից հիշատակությունների մեջ Հասան-Ջալալը պատվվում է <<ինքնակալ>>, <<արքա>>, <<բարեպաշտ արքա>>, <<թագավոր>> տիտղոսներով, որոնք բնավ էլ ձևի համար չեն օգտագործվել, այլ տրվել են Արցախական աշխարհի կողմակալ Հասան-Ջալալին:

16.08.2013

ԱՎԱՆԻ ՍՈւՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈւ ԽՈՐԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Երևան քաղաքի հյուսիս-արևելյան եզրին է գտնվում Ավանի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այն արևելքից-արևմուտք ձգված ուղղանկյուն տեսքով շինություն է: Կառուցված է տեղական սրբատաշ տուֆ քարով:
    Եկեղեցու կտուրն ամբողջովին ավերված է: Տեղում պահպանված մանրամասները թույլ են տալիս ճշտելու, որ այն սկզբնապես կառուցվել է 4-5-րդ դարերում և այնուհետև մի շարք անգամներ նորոգվել, ունեցել է միաթռիչք երկթեք ծածկով կտուր:
   Եկեղեցին ավերվել է 1679 թվականին ահեղ երկրաշարժից և այլևս չի վերականգնվել:
    Եկեղեցու արևմտյան արտաքին պատին պահպանվել է շինության հնագույն վիմագիր արձանագրությունը: Այն փորագրված է 1271 թվականին: Ցավոք, արձանագրությունը կիսատ է, և պարզ չէ, թե ով է հեղինակը:
    Եկեղեցու խորանի ճակատային մասը շատ հետաքրքիր ձևավորում ունի:
  Գլանաձև եզրակալով ուղղանկյուն հարթության կենտրոնական մասում քանդակված է կլոր գունդ, որը ձևավորված է մանրաքանդակ նախշերով և իր վրա ունի տարբեր կտրվածքներով խորացումներ: Գնդի երկու կողմերին փորագրված են արծիվներ: Արծիվներն ունեն միատեսակ, համաչափ կառուցվածք: Ոտքերով, բաց թևերի եզերով և պոչով հենված են գնդի վրա: Արծիվների թևերի գլխամասային հատվածները և ընդգծված կրծքամասերը մշակված են իրար վրա նստած ռոմբավոր խորացումներով, իսկ պոչը և թևերի եզրային մասերը՝ զուգահեռ ակոսներով: Արծիվների հզոր ճանկերը խրված են գնդի նախշերի մեջ: Արծիվների  գլուխները կոտրված են: Ամբողջ քանդակն իրականացված է կլոր քանդակի եղանակով և ավարտուն ու կատարյալ է:
   Պատկերը հարդարանքի մաս չէ: Այստեղ գունդը իշխանության, իսկ զույգ արծիվները ուժի խորհրդանիշ են, այն ներկայանում է իբրև զինանշան:

12.08.2013

ՄՇԿԱՎԱՆՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Մշակավանքի (կամ Մշակավանքի) եկեղեցական համալիրը գտնվում է Լոռու մարզի Կողբ գյուղի մոտ: 
    Պատմականորեն Կողբ գյուղի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, իսկ 11-12-րդ դարերում՝ Տաշիր-Ձորագետի կամ Կյուրիկյան թագավորության կազմի մեջ՝ ընգրկելով Կողբափոր գավառը և Կանգարքի մի մասը: 1113-ին Կյուրիկյան թագավորությունն ընկավ և Կողբափոր գավառը միացվեց սելջուկյան Գանձակի ամիրայությանը: 1124 թվականին Վրաց Դավիթ  թագավորն ազատագրեց այդ տարածքները և միացրեց Վիրքին: 12-րդ դարի վերջին Կողբափորը և հարակից հողերն անցան Իվան Զաքարյանի տիրապետության տակ:
   Մշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը կառուցված է անտառապատ բլրի բարձրադիր հարթակի վրա: Այստեղ պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, սրա արևմուտքից կից գավիթը՝ անկյունային խեցերով:
   Պատմիչ Վարդան վարդապետի հաղորդման համաձայն՝ 1119 թվականին այստեղ եղած եկեղեցին երկրաշարժից փլվել է:
   Ե՞րբ և ո՞վ է կառուցել ներկայիս եկեղեցախումբը՝ հայտնի չէ:
   Եկեղեցին հատակագծում քառակուսի միանավ դահլիճ է՝ ծածկված կիսագլանաձև թաղով՝ բարձրադիր երկթեք կտուրով:
    Եկեղեցու արևելյան ճակատին առկա է կոմպոզիցիոն բարդ պատկեր:
   Խորանի պատուհանի կենտրոնից ուղղահայաց բարձրանում են երկու զուգահեռ եզրակալներ, որոնք չմիանալով՝ գծում են կլոր շրջանակ, ապա կրկին բարձրանում և նետի ծայրակալի տեսք ընդունելով՝ կազմում են խաչի հիմքը: Նույն եզրակալները, դեպի վեր բարձրանալով. անթերի ոճավորված խաչի կառույցի մաս են դառնում:
    Այլ եկեղեցիների վրա ևս այսպիսի ոճավորված խաչեր կան: Այստեղ առանձնահատկությունն այլ է: Խաչն իր կառույցով վերածվել է զինանշանի: Խաչի վերին թևի վերնամասում պատկերված է դիմահայաց ցուլի գլուխ: Տեղի եռանկյունաձև տարածքին համապատասխան՝ հարթաքանդակի եղանակով իրականացված քանդակն արտահայտիչ երևում է. կարճ կոտոշներ, կլոր գլխամաս, նեղացող դնչամաս, նշաձև աչքեր:

06.08.2013

ՇԱՀՈւՌՆԵՑՈՑ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Օրբելյանների իշխանատիրույթում ճանաչման է արժանացել Շահուռնեցոց տոհմը: Այս տոհմի նշանավոր ներկայացուցիչը Վահրամ Շահուռնեցին է, որ Օրբելյանների զորաբանակի սպարապետն էր: Հավատարիմ ծառայության համար այս քաջազուն զորավարը 13-րդ դարի 70-ական թվականներին Տարսայիճ Օրբելյանից որպես կալվածք ստացել է Վայոց Ձորի Հերհեր գյուղը՝ իր շրջակայքով:
    Վահրամ Շահուռնեցուց հետո նրա գործը շարունակել են որդիները՝ Ուքանը, Ամատը, Հասանը: Թե՛ Վահրամը, թե՛ որդիները նահատակվել են թշնամիների դեմ մղած մարտերում:
    1340-ական թվականներին իշխանատիրույթի գահերեց տերերից Բաշքեն Օրբելյանն իր որդի Կուկային ամուսնացնելով Ամատի միակ դուստր Նաթիլի հետ՝ տիրացավ պատմության թատերաբեմից հեռացած Շահուռնեցոց տիրույթներին:
   Հերհեր գյուղից մեկ կիլոմետր հյուսիս-արևելք, երկու ձորերով եզերվող  բլրի գագաթին գտնվող հնագույն Սուրբ Սիոն միանավ եկեղեցու հարավային պատին կից, Վահրամ Շահուռնեցու օրոք, 1282-83 թվականներին կառուցվել է Սուրբ Աստվածածին միանավ, թաղակապ եկեղեցին:
   Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատի միակ պատուհանի պարակալի գլխին տեղադրված է Շահուռնեցոց տոհմի զինանշանը:
   Դիմահայաց արծվի արձանային քանդակը հիմնականում կրկնում է գահերեց տերերի՝ Օրբելյանների զինանշանը: Արծիվը թևաբաց դիրքով, մարմնի միջնամասից սկսվող ամուր մագիլներով հենված պատուհանի պսակին: Մարմինը լիքն է, ծավալուն, ձևավորված պարուրաձև կլորացող շրջանակներով: Գլուխը կլոր է, հզոր կտուցը մի փոքր խոնարհված է, խոշոր աչքերով հետևում է իր մարմնի տակ սեղմված ու ողնաշարաջարդ արված խոյին: Արծվի բաց թևերը, ընդհանուր բացվածքին համապատասխան, ձևավորված են զուգահեռ ակոսներով: Գլխով դեպի ձախ ուղղված խոյի մարմինը չի երևում. արծվի մարմինն այն ամբողջովին ծածկել է, ձախ կողմի թևի բացվածքի վրա երևում է խոյի առավել մանրամասն մշակված գլուխը, որ ուղղված է դիտողին: Խոյի անպաշտպան ու տառապագին վիճակն արտահայտվում է վերջինիս դուրս ընկած աչքերով:

31.07.2013

ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ




Զաքարյանների իշխանապետության հզոր, ինքնօրեն իշխանատոհմերից են Օրբելյանները: Մոր կողմից Բագրատունիներից սերված Օրբելյանները, որ տիրույթներ ունեին Լոռիում և Ձորագետում, Հայաստանի արևելյան սահմանագլխին հայտնվեցին 12-րդ դարի վերջին:
    Էլիկում Ա-ն, հավանաբար, 12-րդ դարի 70-ական թվականներին Ատրպատականի, Առանի և Նախճավանի կառավարիչ Մուհամեդ  Փահլավանի կողմից նշանակվեց Երնջակ բերդի, Ճահուկ ավանի, Քալասրահի զորքերի գլխավոր: Նա ամուսնացավ տեղական մեծահարուստ Աբաս Ճահկեցու և Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի քրոջ աղջկա՝ Խաթունի հետ, որը կարևոր դեր կատարեց նրա քաղաքական կողմնորոշման գործում դեպի հայկականն ու հայությունը: Նա զոհվում է 1184 թվականին, Գանձակի ճակատամարտում: Միակ որդին՝ Լիպարիտ Գ-ն, մոր հետ արգելափակվում է Նախճավանում: 
    Իսկ հայ-վրացական զորագնդերն արդեն մոտենում էին Սյունիքին: Ստեփանոս եպիսկոպոսը դիմում է Իվանե Ա Զաքարյանին, Թամար թագուհուն, վերջինիս որդի Գեորգի Լաշային և նրա հովանավորությամբ կազմակերպում քրոջ որդու փախուստը Նախճավանից: Իվանե Ա Զաքարյանը Լիպարիտ Գ-ին նշանակում է Սյունիքի վրա հարձակվող զորաջոկատներից մեկի հրամանատար: Լիպարիտ Գ-ն կռվում է քաջաբար և Սյունյաց լեռնաշխարհն ազատագրելուց հետո Իվանե Ա-ից տիրույթներ է ստանում Գեղարքունիքում, Վայոց ձորում, Կոտայքում, Ուրծում: Այս Լիպարիտ Գ-ով էլ սկսվում է Օրբելյան իշխանատոհմը:
     Օրբելյան իշխանատոհմը հայ իրականությանը տվել է ականավոր ռազմական, քաղաքական և հոգևոր գործիչներ: Լիպարիտ Գ-ի որդի Սմբատ Բ-ն, որ մոնղոլների տիրապետության պայմաններում այնքան հզոր դիրք ուներ Հայաստանում և մոնղոլական արքունիքում, որ իր իշխանատիրույթում ինքնօրեն արքա էր ճանաչված, Տարսայիճ Ա-ն, վերջիններիս ժառանգներն ավելի քան երեք ու կես հարյուրամյակ տիրեցին երկրամասին՝ կռվելով բազում թշնամիների դեմ, անխարդախ ծառայելով հայ ժողովրդի հարատևության գաղափարին:
   Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցաղաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդևանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր: Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում:

25.07.2013

ԽԱՂԲԱԿՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Զաքարյան եղբայրների մղած ազատագրական կռիվներին մասնակցեցին Խաղբակ Խաչենցու զավակները: 1201-1203- ական թվականներին Վասակ Խաղբակյանը, նրա եղբայրներ Գրիգորը, Ջաջուռը, որդիներ Պապաք Ա-ն, Մգդեմը, Պռոշ Հասանը մասնակցել են Բջնիի, Դվինի, Վայոց Ձորի համար մղված մարտերին: Հաղթական պատերազմներից հետո Զաքարյան Իվանե Ա-ն Վասակ Խաղբակյանին հանձնեց Կեչառիսից մինչև Վայոց Ձոր, Արփա գետի վերին հոսանքներն ընկած հողերը՝ շնորհելով նրան իշխանական կոչում և տալով կողմնակալ-կուսակալի պաշտոնը: Վասակ Խաղբակյանն իր իշխանության մայրաքաղաքը դարձնում է Սրկղունք ավանը (ներկայումս՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Վերնաշեն գյուղը): Գրիգոր Խաղբակյանին տրվեց Ուրծ գավառի մի մասը (ներկայումս՝ Արարատի տարածաշրջանի հյուսիսային մասը): 
   Նոր իշխանատունը տոհմի հիմնադիր Վասակի հոր անունով ի սկզբանե կոչվեց Խաղբակյան, սակայն ի պատիվ Վասակի որդի ու իրավահաջորդ Պռոշ Հասանի՝ ստացավ Պռոշյան անվանումը:
    Զաքարյան իշխանապետությունը և բովանդակ հայ պատմությունը շատ աղքատ կլիներ առանց այս առնական, շինարար, մշակութանպաստ տոհմի:
   Անկախ նրանից, թե երկրում ինչպիսի իրադրություն էր, հարմար թե անհարմար, միևնույն է, հայը պետք է կառուցեր և կառուցեր հիմնավոր: Կառուցեր բերդեր, որ պաշտպաներ իր ինքնությունը, կառուցեր եկեղեցիներ, գրատներ, դպրանոցներ, համալսարաններ, որ իր ոգուն հավերժություն ապահովեին: Եվ Խաղբակյան տան բոլոր սերունդները իրենց իշխանատիրույթում կանգնեցին ազգանպաստ այդ մեծ գործի գլուխ: Արդեն 1214 թվականին Վասակ Ա-ի պատվերով ավարտվում է Կեչառիսի Կաթողիկե եկեղեցու կառուցումը: Սրան հաջորդում են Գլաձորի սուրբ Ստեփանոսը, Ոծոպը, Կուչին, Վանստանը, Աղջոց Սուրբ Ստեփանոսը, այլ կառույցներ: Բայց այս տոհմի շինարարական գործունեության գլուխգործոցը, անշուշտ, 13-րդ դարի 40-ական թվականներին Պռոշ Հասան իշխանի կողմից Զաքարյան Ավագից գնված Գեղարդավանքում 1280-ական թվականներին փորված վիմափոր եկեղեցիներն են:

19.07.2013

ՀՈՆԵՆՑ ՏՈՀՄԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Զաքարյանների ինքնօրեն իշխանապետությունում և նոր իշխանությունների կողքին բարձրացան նաև ազնվական ծագում չունեցող, բայց հարստության տեր մեծատուներ, որոնք  իրենց հարստության շնորհիվ հասան բարձր դիրքի, պաշտոնի, դարձան նոր տիրակալների՝ Զաքարյանների տնտեսական ու քաղաքական հենարանը:
   Տիգրան Հոնենցը Զաքարյան շրջանի մեծահարուստներից մեկն է: Ապրել և գործել է իշխանապետության մայարաքաղաք  Անիում, Զաքարե Բ-ի ու նրա որդի Շահնշահ Ա-ի օրոք: Հավանական է, որ Զաքարյանների կողմից  1199 թվականին Անին գրավելուց անմիջապես հետո ՝ Տիգրան Հոնենցը նշանակվել է մայրաքաղաքի հարկային վերակացու: Այդ խելամիտ ու գործունյա անձնավորությունը կարճ ժամանակում հարկերի կապալառության, վաշխառության, առևտրի ճանապարհով կուտակել է մեծ հարստություն, գնել Անի քաղաքի մի քանի թաղամասեր, գյուղեր, հյուրատներ, առևտրային կրպակներ, ջրաղացներ, ձիթհաններ, այգիներ, ջրագծեր: Նա կալվածքներ ուներ ոչ միայն Անիում ու շրջակայքում, այլև Մրենում, Կարսում, Երևանում, Կոշում: Նա Անիի ամենախոշոր մեծատուն էր, ամենահայտնի անձը, քաղաքում նրա անվամբ փողոց կար: Տիգրան Հոնենցի դերը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ էր:
   Իր անբավ հարստությունը Տիգրան Հոնենցը ծառայեցրել է Անիի պաշտպանական, հոգևոր շինությունների, ջրագծերի կառուցման, մշակութային-լուսավորչական գործին:
   Տիգրան Հոնենցի անունն առաջին անգամ հիշատակում է 1213 թվականին: Այդ տարի մեծահարուստը նորոգել է Անիի Մայր տաճարը, կառուցել աստիճաններ, նվերներ ընծայել, այդ թվում՝ երկու ձեռագիր տոնական: Իսկ մինչ այդ, հավանաբար, 1200-ական թվականների կեսերին, Տիգրան Հոնենցի պատվերով Ախուրյանի կիրճի պռնկին գտնվող տարածքում կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Անիի Զաքարյան շրջանի ճարտարապետական-կառուցողական զարդերից մեկն է: Հոյաշեն այս կառույցի շինարարությունն ավարտվել է 1215 թվականին: Այստեղ կառուցվել են նաև վանականների կացարաններ, իշխանական պալատ (ամենայն հավանականությամբ, հենց իրենց՝ Հոնենցների համար), բաղնիք, ջրագիծ: Այդ շինությունները շրջապատվել են հզոր պարիսպներով:

15.07.2013

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Ծնվող յուրաքանչյուր հայ երեխա մայրական առաջին  գորովագութ խոսքերից հետո  լսում է
հայ զորավարների, հայոց  պատմության վերելքների ու վայրէջքների մասին: Եվ բոլոր պատմությունների մեջ ամենամեծ ակնածանքով տրվում են Հայոց  աշխարհի պաշտպանության վահան դարձած Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչների անունները: Թե այս բնիկ հայկական ազնվական տոհմը ինչպիսի հերոսներ է ծնել, բավական է հիշել Վասակի, Մուշեղի, Մանվելի, Վարդանի, Վահանի, Վարդի, Դավթի, Գրիգորի անունները:
    12-րդ դարի վերջերին, Միջին արևելքում, Բյուզանդիայում, Վրաստանում ցրված Մամիկոնյան նախարարական տոհմի ճյուղերից մեկը հաստատվել է պատմական Գուգարքում, ներկայիս Դսեղ գյուղում: Այս նոր իշխանական տան հիմնադիրը թեև Սարգիս Մամիկոնյանն էր, բայց նրա պապի՝ Համազասպի անունով տոհմը երբեմն Մամիկոնյանին զուգահեռ կոչում են Համազասպյան:
    Իշխանատիրույթը փոքրերից է: Այն միավորում էր ընդհամենը Դսեղ, Մղարթ, Կարմիր քար, Կկվաշեն, Ծաղկուտ, Իգատակ բնակավայրերն իրենց շրջակա հողերով:
   Իշխանատան հիմնադիր Սարգիս Մամիկոնյանն ակտիվորեն մասնակցել է Հայաստանի ազատագրության համար Զաքարյան եղբայրենրի մղած կռիվներին և 1201 թվականին, հավանաբար, Բջնին  գրավելու համար մղած մարտերում զոհվել է ու մեծ շուքով թաղվել Զաքարյան տոհմի ընտանեկան հանգստարանում՝ Սանահինի վանքի գավթում: Նրա գերեզմանին մի հոյաշուք խաչքար է կանգնեցվել:
    Այս իշխանական ընտանիքը խնամիական կապերով կապված էր միջնադարյան Հայաստանի անվանի իշխանական տների՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Զաքարյանների, Ուքանանց, Դոփյանների հետ: Ընտանիքի որոշ անդամներ եղել են Զաքարյանների զորավարները (Սարգիս Ա, Համազասպ Գ, Մամիկոն Գ), մի քանիսը նվիրվել են հոգևոր ծառայության, եղել են Հաղպատի (Համազասպ եպիսկոպոս), Հովհաննավանքի (Համազասպ և Ներսես եպիսկոպոսներ) առաջնորդներ: Զաքարյաններին մատուցած ծառայությունների համար հողային կալվածքներ են ստացել Ուրծ գավառում, Խաչենում:

09.07.2013

ԱԶԻԶԲԵԿՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Միջնադարյան այս իշխանական ընտանիքի պատմությունը սկսվել է 13-րդ դարի վերջերին և խոտորումներով շարունակվել է մինչև 17-րդ դարի կեսերը:
    Ազիզբեկյանների տոհմի գործունեությունը ծավալվել է Վաչուտյան իշխանական տոհմի տարածքներում, Արայի լեռան արելահայաց լանջերին և ընգրկել է շատ փոքր տարածք՝ ներկայիս Եղվարդ ավանից մինչև Նոր գեղի գյուղը:
    Իշխանատան հիմնադիրը՝ Ավագի և Թամարի որդի Ազիզբեկը, ամենայն հավանականությամբ, այդ հողերին տեր է դարձել 1290-ական թվականներին, երբ մոնղոլ թաթարների ասպատակությունների հետևանքով, ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Վաչուտյանների իշխանատիրույթը հասել էր ծայրագույն քայքայման: Այդ օրերին էլ Ազիզբեկը, որ կամ Վաչուտյանների ազգականներից էր, կամ ծառայակիցներից (ենթակա իշխաններից կամ զորավարներից), ստացել  կամ գնել է Եղվարդն իր շրջակայքով:
    Ազիզբեկյանների շինարարական միակ գործը Եղվարդի Սուրբ Հակոբ եկեղեցին է: Այն եռահարկ (երկհարկ եկեղեցիով և սյունաշար զանգակատնով) կառույց է, ունի վերսլաց տեսք: Եկեղեցու մուտքի բարավորի վրա փորագրված արձանագրության համաձայն՝ այն կառուցվել է 1301 թվականին:
    Եղվարդի Սուրբ Հակոբ եկեղեցու արտաքին պատերի վրա պատվիրատուի պահանջով փորագրվել են այդ տոհմի զինանշանները: Երկրորդ հարկի դռան  վերնամասում  քանդակված են թռիչքի, կռվի պատրաստ առյուծ, իսկ ձախակողմում՝ առջևի ոտքերով ծնկի եկած, գլուխը խոնարհած և հակառակորդի վրա հարձակվելու պատրաստ ցուլ: Առյուծ և ցուլ են պատկերված նաև Սյունքի իշխանների (Ցաղաց քար), Զաքարյանների (Գեղարդ, Մակարավանք) զինանշանների որոշ տարբերակներում:
         Եկեղեցու հարավային ճակատին փորագրված է դեմքով դեպի դիտողը դարձած, թևերը բաց, պոչի վրա հենված և ճանկերում հորթ բռնած արծիվ: Աշխատանքը կատարյալ քանդակագործական ստեղծագործություն է: Արծվի թևերը մշակված են ելունդավոր խորացումներով, դուրս ցցված կրծքին վարդյակ է փորագրված: Ցավոք, արծվի գլուխը կոտրված է, և դիտողը չի տեսնում թռչունի հայացքը, որն ավելի ամբողջականություն կհաղորդեր քանդակին: 

05.07.2013

ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ


13-րդ դարի սկզբներին  Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրների ազատագրական արշավանքների ընթացքում առաջ քաշած իշխանական տոհմերից էր Վաչուտյանների նորաստեղծ իշխանական ընտանիքը, որի անդամներին վիճարկված էր շուրջ մեկուկես  հարյուրամյակ իշխել պատմական Նիգ -Արագածոտնի (ներկայումս՝ Ապարանի և Աշտարակի տարածաշրջանների հողերին):
    Վաչե Ա-ն և Մամախաթունը, ինչպես նաև նրանց հաջորդները՝ Քուրդ Ա-ն և Խորիշահը, Վաչե Բ-ն, Հասանը, Դավիթը, Քուրդ Բ-ն և Խուանդ Խաթունը, Թեոյդոսը Նիգ-Արագածոտնի իրենց իշխանատիրույթում իշխեցին մինչև 1350-ական թվականները: Նրանց կողմից կառուցվեցին Անբերդի նոր դղյակը, բերդաքաղաքի նոր բուրգավոր պարիսպները, Կարբիի բերդը, Վարդենիսի (Ապարան) դղյակը և բերդը, Աստվածընկալի բերդը, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Տեղերի, Ուշիի, Աստվածընկալի, Եղիպատրուշի վանական համալիրները, Կարբիի հաղթակամար զանգակատունը, Արայիի, Ճանճիկի իջևանատները, Աշտարակի կամուրջը (այժմ այդ կամուրջի ձախակողմյան խելը պահպանվում է 1664 թվականին կառուցված կամրջից մի քանի քայլ հեռվում): Վաչե Ա-ն կառուցել է Սանահինի մեծ գավիթը, Մակարավանքի գավիթը: Նա և Մամախաթունը նպաստավորել են նաև Հոռոմոսի գրատան կառուցումը: Վաչե Ա-ն նորոգել է Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին: Ամուսիններով բազմաթիվ նվերներ են ընծայել Հաղպատի և Սանահինի վանական համալիրներին: Քուրդ Ա-ն պատրաստել է տվել Սևանի եկեղեցու փայտե դուռը:

01.07.2013

ՎԱՀՐԱՄՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ



Վահրամյանները Զաքարյան ավատական տան ներկայացուցիչներից են, Զաքարե Ա-ի Վահրամ որդու հաջորդները:
    Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի ազատագրական պատերազմներին ակտիվորեն մասնակցում էին հորեղբորորդիներ Զաքարե Գ-ն և Սարգիս Գ-ն: Թամար թագուհին շռայլորեն վարձատրեց  Զաքարյաններին: Սարգիս Բ-ի ժառանգներից անկախ՝ Զաքարե Գ-ն Վաճառի իր փաքրիկ կալվածքներին ավելացրեց Գագի բերդը (ներկայումս՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում) և շրջակայքը, իսկ նրա եղբայր Սարգիս Գ-ն ստացավ Ջավախքը՝  Թմբուկ  բերդով, և 14 -րդ դարում ընդունելով քաղկեդոնականություն՝ վրացիացավ ու մեծ դեր խաղաց վրացական մշակույթի զարգացման գործում:
    Մինչև 1210-ական թվականները Զաքարե Գ Վահրամյանն իր արյունակիցների օգնությամբ Վերագրավեց Քուռի աջափնյա հայկական պատմական հողերը՝ մինչև Սևանի լեռներն ու մինչև Գանձակ, և ստեղծեց մի մեծ, ուժեղ իշխանատիրույթ, որը իր տարածքով երրորդն էր Զաքարյանների իշխանապետությունում:
    Վահրամյաններն իրենց իշխանատիրույթի սահմաններն ընդարձակելու, երկրամասը խաղաղ պահելու համար կռիվներ են մղել հարևան ելտկուզյանների, Ջալալ էդ-Դինի դեմ, վերագրավել են վերջինիս նվաճած Շամքորը:
    Վահրամյանների իշխանատիրույթի մայրաքաղաքը Գագ ամրոցն էր, իսկ հոգևոր կենտրոնը՝ Նոր Վարագավանքը (ներկայումս՝ Տավուշի տարածաշրջանում):
     Այս հզորագույն իշխանատան ներկայացուցիչները իրենց լայնածաված իշխանատիրույթում ևս հովանավորում էին մշակույթի զարգացումը: Պատերազմական կարճատև դադարների տարիներին երկրամասում ծավալվում էր  աննախադեպ շինարարական եռուզեռ, գրվում ու ընօրինակվում էին արժեքավոր ձեռագիրներ:

27.06.2013

ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


ՄԱԿԱՐԱՎԱՆՔ
Զաքարյանները հայոց պատմության թատերաբեմ բարձրացան 12-րդ դարի կեսին, և հայ ժողովրդի համար, որ արդեն մեկուկես դար կորցրել էր քաղաքական անկախությունը, միասնությունը, հավաքականությունը, սեփական ուժերին  ապավինելու և հարազատ երկրի ու հայ ժողովրդի անկախությունը  բարենորոգելու առաքելական դեր կատարեցին:
     Իշխանատան հիմնադիրը Զաքարեի որդի Սարգիսն էր: Այս Սարգիսը, որ հիշվում է Սարգիս Մեծ անունով, թերևս մեծ էր նախևառաջ որպես քաղաքական գործիչ, դիվանագետ: Իր ժամանակի քաջ ու արժանավոր Հայազգի իշխաններից այս Սարգիսն էր, որ հասկացավ հայ-վրացական զինակցության ուժն ու անհրաժեշտությունը և իր որդիների ու եղբոր քաղաքական կողմնորոշումը դարձրեց անկախ Վրաստանի հզորացումը, այդ երկրում հայերի արտոնյալ վիճակի ապահովումը, հայազգի իշխանների զինական ուժերի համախմբումն ու հայկական առանձին բանակի ստեղծումը վրացական զորքի կազմում, որի հրամանատարն էլ դարձավ ինքը: Նա առաջինն էր, որ դարձավ նաև Հայ-վրացական բանակի ամիրսպասալարը (գլխավոր հրամանատարը): Նրա որիդիները՝ Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն, շարունակեցին հոր սկսած գործը և ի կատար ածեցին հայ ժողովրդի երազանքը, շուրջ երկու տասնամյակում թուրք-սելջուկներից ամբողջովին մաքրեցին Բագրատույնաց Անի-Շիրակի, Կարսի, Ձորագետի թագավորությունների, Սյունյաց իշխանության հողերը և այդ տարածքում ստեղծեցին իրենց իշխանապետությունը:
    Զաքարյանները փոքրիկ կալվածքներ ունեին Հյուսիսային Հայաստանում՝ Տաշիր-Ձորագետում: Հաղարծինի եկեղեցու արձանագրության մեջ Իվանե Ա-ն հայտարարում է, որ իրենք սերում են Բագրատունիներից: Հայտնի է, որ նրանց մայրը Թիֆլիսի ամիրա, Մահկանաբերդի իշխանաց իշխան Քուրդ Արծրունու քույր Սահակադուխտն է: Այս էլ հաստատված է ժամանակի հիշատակություններով, արձանագրություններով, ինչպես նաև Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի՝ Անբերդի արաբատառ արձանագրության մեջ:

22.06.2013

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ



Մայր Հայաստանում կարցնելով պետականությունը՝ հայերի հոծ զանգվածները տեղաշարժվեցին Փոքր Ասիայի արևմտյան մասերը և հիմնականում հաստատվեցին դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից հայերով բնակեցված Դաշտային Կիլիկիայում ու Լեռնային Կիլիկիայում: Ու երբ այս նոր տարածքում հայկական էթնոսը հասավ գերիշխանության, անհրաժեշտություն դարձավ հայկական պետականության ստեղծումը:

    Կիլիկիայի հայկական պետությունը ստեղծվեց 11-րդ դարի վերջին քառորդում՝ բյուզանդական և սելջուկյան նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարի շնորհիվ: Ապրել է զարգացման երկու ժամանակաշրջան՝ մեծ իշխանության (1080-1198թթ.) և թագավորության (1198-1375թթ.):
   Կիլիկյան Հայաստանը գտնվում էր Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում, Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան կողմում: Տարածքը մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր էր: Հարավից Կիլիկյան Հայաստանը շուրջ 500 կմ երկարությամբ ողողում էին Միջերկրականի ջրերը:
   Մեծ իշխանության հիմնադիրը Բագրատունիների և Արծրունիների ազգական Ռուբեն Առաջինն էր, իսկ թագավորությանը՝ Լևոն Բ Մեծագործը:
    Լևոն Ա Մեծագործի թագադրման արարողությունը տեղի ունեցավ 1198 թվականի հունվարի 6-ին՝ Քրիստոսի Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիայի մայր տաճարում: Թագադրության հանդեսին ներկա էին Բյուզանդիայի, Գերմանիայի Սրբազան կայսրության, Բաղդադի խալիֆայի, հարևան այլ երկրների, Մեծ ու Փոքր հայոց պատվիրակությունները, Տարսոնի հունաց պատրիարքը, Ասորիքի ու Հայոց կաթողիկոսները, բարձրաստիճան հոգևոր այլ գործիչներ, հայոց զորաբանակը, բազմահազար ժողովուրդ: Լևոն Ա-ն օծվեց <<Թագավոր ամենայն հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավռից>>:
    Կիլիկյան Հայաստանի պետականությունը շուրջ 300 տարի Փոքրասիական այս տարածաշրջանում հայամտածողության, հայապահպանության, հայ մշակույթի վերակերտման օազիս դարձավ:

15.06.2013

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ


10-րդ դարի 80-ական թվականներին թշնամական հարձակումներից ժամանակավորապես թուլացել էր Բագրատունիների իշխանությունը: Երկիրը ցնցվում էր ոչ միայն արտաքին թշնամիների հարձակումներից, այլև ներքին կենտրոնախույս ուժերի ինքնիշխանական ձգտումներից:
     Ինքնօրինակության էին ձգտում նաև Սյունիքի գահերեց տերերը: Եվ ահա 987 թ-ին Սյունիքի գահերեց իշխան Սմբատ Ա Սահակյանը Սյունիքը հռչակում է անկախ թագավորություն: Նորահաստատ թագավորության սահմաններից դուրս մնացին Սևանա լճի ավազանը և Երնջակ գավառը: Առաջինը մասն էր Բագրատունիների կենտրոնական իշխանության, իսկ Երնջակը կցված էր Գողթնի ամիրայությանը: Անկախության հռչակման հաջորդ տարվանից Սմբատ Ա Սահակյանն ընդունեց Բագրատունի Սմբատ Բ Տիեզերակալի գերագահությունը: Սմբատ Բ Տիեզերակալի հաջորդը՝ Գագիկ Ա-ն, Սյունիքի թագավորությունից անջատեց Վայոց Ձոր, Ճահուկ գավառներն ամբողջությամբ և Ծղուկք գավառի հյուսիսային մասը, որոնց փոխարեն Սյունիքի թագավորությանը տվեց Գողթնի ամիրայությունից գրավված Երնջակ գավառը: Այսպիսով, Սյունիքի թագավորությունը հիմնականում ամփոփվեց պատմական նահանգի հարավային մասում և զբաղեցնում էր մոտ 5500 քառակուսի կիլոմետր տարածք: Սյունիքի թագավորության մայրաքաղաքը Կապան քաղաքն էր, հոգևոր կենտրոնը՝ Տաթևի վանքը:

12.06.2013

ԱՐԾՐՈՒՆԻՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Արծրունիները Հայկական լեռնաշխարհի բնիկներ են, համաձայն Արարատյան
թագավորության ժամանակաշրջանի արձանագրությունների՝ սերվում են Արծրունի տոհմից, որն ապրում էր Վանա լճի արևելյան կողմում՝ Տոսպում: Հետագայում նրանց է անցել նաև Աղբակը, իսկ ավելի ուշ Արծրունիները միավորվելով Մարդպետական տոհմի հետ՝ դարձել են Հայաստանի հզորագույն իշխանատոհմերից մեկը: Արշակունյաց թագավորական  <<Գահնամակի>> համաձայն՝ Արծրունիներն զբաղեցնում էին երեք բարձ (Բագրատունի և Սյունի տոհմերից հետո):
     Արծրունիներն իրենց հզորությունն օգտագործելով՝ գերագահություն ձեռք բերեցին ամբողջ Վասպուրական աշխարհում, և նրանցից վասալական կախվածության էին Ռշտունի, Անձևացի, Ամատունի, Ակեացի, Տրպատունի տոհմերը, որոնք ևս հետագայում սկսեցին ներկայանալ որպես Արծրունիներ: Սրանով է բացատրվում այն փաստը, որ 850-ական թվականներին Արծրունիները բաժանվում էին 16 ճյուղի:
     Արծրունիները իրենց կարողություններով մշտապես եղել են հայրենյաց նվիրյալներ:
    Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը Ներշապուհ Արծրունին էր: Նրանք ակտիվորեն մասնակցել են 480, 774-ական թվականների ազատագրական պատերազմներին, իսկ 851 թվականին Բագրատունիների հետ գլխավորել են Արաբական խալիֆայության դեմ ուղղված ժողովրդական ապստամբությունը:
     Արծրունիները, մասնակցելով Բագրատունիների կողմից Հայաստանի անկախ պետականության վերականգնման գործին, միաժամանակ հանդես բերեցին անջատողական դրսևորումներ և 908 թվականին ստեղծեցին Վասպուրականի անկախ թագավորությունը, որն ընդունելով Բագրատունիների գերագահությունը՝ գոյատևեց մինչև 1021 թվականը: Վասպուրականում հաջորդաբար թագավորել են Գագիկ-Խաչիկը, Աշոտ-Դերենիկը, Աբուսահլ-Համազասպը, իսկ 968 թվականից՝ միաժամանակ Աշոտ-Սահակը, Գագիկ-Խաչիկը, Սենեքերիմ-Հովհաննեսը:

05.06.2013

ԿՅՈՒՐԻԿՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդի Գուրգենը (նրա անունը տեղի բարբառով հնչել է նաև <<Կյուրիկե>>, որից էլ առաջացել է տոհմանունը) 970 թվականին հիմնադրեց Կյուրիկյանների թագավորությունը, որն ընդգրկվում էր Գուգարաց աշխարհի արևելյան գավառները, հիմնականում՝ Տաշիրն ու Ձորափորը: Ինչպես Գուրգենը, այնպես էլ նրա հաջորդներն ընդունել են Բագրատունիների կենտրոնական իշխանության գերհզորությունը:
     Թագավորության մայրաքաղաքն սկզբում Շամշուլդե բերդաքաղաքն էր, որը մինչ այդ էլ Գուգարաց իշխանի կենտրոնատեղին էր: 1065 թվականին Կյուրիկյանները տեղափոխվեցին Լոռե բերդաքաղաք, որը դարձավ թագավորության նոր մայրաքաղաքը:
     10-12 -րդ դարերում Կյուրիկյան թագավորության տարածքում կառուցվեցին Կայան, Լոռե, Մահկանաբերդ, Գագ բերդերը:
      Բագրատունիների կենտրոնական  (1045թ.) և Կարսի (1065թ.) թագավորությունների անկումից հետո Կյուրիկյանների թագավորությունը Բագրատունյաց միակ իշխանությունն էր:
     1113 թվականին Կյուրիկյան գահակալներ Աբաս Ա-ն ու Դավիթը կորցրեցին կենտրոնական իշխանությունը, թողեցին Տաշիրը և տեղափոխվեցին Տավուշ ու Մածնաբերդ՝ հիմնադրելով նույնանուն փոքրիկ իշխանությունները:
      Կյուրիկյանների մշակութային կենտրոններ Սանահինն ու Հաղպատն իրենց գործունեությամբ համահայկական նշանակություն ունեին:
     Կյուրիկյան թագավորական տան զինանշանը պահպանվել է Լոռի բերդը եզերող Ձորագետ գետի վրա կառուցված և հետագայում ավերված կամրջի միջին հենարանի վրա: Լոռե բերդաքաղաքը, ամենայն հավանականությամբ նաև Ձորագետի կամուրջը, կառուցվել են Կյուրիկյան Դավիթ թագավորի օրոք (966-1048թթ.):

31.05.2013

ԱՆԻ ՔԱՂԱՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Անին Հայաստանի մայրաքաղաքն է եղել 961-1045 թվականներին:
    Անին կառուցվել է Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ կիրճերով պաշտպանված, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա: Քաղաքի տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից է եղել: Այստեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ: Անիի ստորգետնյա քարայրներից մեկում գտնվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի բրոնզե ապարանջան, քաղաքի տարածքից հայտնաբերվել են Տիգրան Մեծի արծաթյա դրամներ:
     Պատմիչներ Եղիշեն և Ղազար Փարպեցին Անին առաջին անգամ հիշատակում են 5-րդ դարում՝ որպես Կամսարական իշխանների ամրոց: 783 թվականին Բագրատունի իշխան Աշոտ Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցի հետ:
     Կամսարականների շրջանին են պատկանում Աղջկաբերդի և Անիի միջնաբերդի կառույցները: Միջնաբերդը շրջափակված է բուրգավոր պարիսպներով: Հետագայում դրանք Բագրատունիների կողմից ներառվել են ընդհանուր պաշտպանական համալիրի մեջ:
     953 թվականին Աբաս Բագրատունուց գահը ժառանգած Աշոտ Գ-ն, 961 թվականին Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի ձեռամբ՝ մեծ հանդեսով, բազմաթիվ հյուրերի ու հայոց ողջ բանակի ներկայությամբ թագադրվեց Անի քաղաքում ու Անին հայտարարվեց երկրի մշտական մայրաքաղաք:

27.05.2013

ԿԱՐՍԻ ԳԱԳԻԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ



963 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորի կրտսեր եղբայր Մուշեղ Բագրատունին իրեն հռչակեց Կարսի թագավոր՝ ընդունելով Անիի Բագրատունիների թագավորության գերագահությունը: Քաղաքական այս կազմավորումը գոյատևեց մինչև 1065 թվականը, երբ Գագիկ Կարսեցի Աբասյանը, վախենալով սելջուկ-թուրքերի հարձակումներից, Կարսի թագավորության տիրույթները հանձնեց Բյուզանդիային՝ փոխարենը ստանալով Ծամնդավ, Կեսարիա, Խավատանեք քաղաք-ամրոցները:
     Կարսի թագավորությունն ընդգրկել է շուրջ 10 հազար կմ քառակուս տարածք. Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան մասը՝ Արաքս գետի վերին, Ախուրյան գետի վերին ու միջին հոսանքները:
    Կարսի թագավորության մայրաքաղաքը համահայկական նախկին մայրաքաղաք Կարսն էր: Կարևոր կենտրոններ էին նաև Կաղզվան և Կողբ քաղաքները: Զարգացած էին երկրագործությունը, լեռնագործությունը, գինեգործությունը, անասնապահությունը: Արդյունահանվում էր պղինձ, արծաթ, երկաթ, արճիճ, աղ:
     Կարսի թագավորներ Մուշեղի և նրա որդի Աբասի զինանշանները հայտնի չեն, իսկ Աբասյան զինանշանը պահպանվել է նրա իսկ հրամանով ընդօրինակված և այժմ Երուսաղեմում գտնվող <<Ավետարանի>> 135 <<բ>>  էջում պատկերված թագավորական ընտանիքի հագուստի վրա:
     Գորգածածկ բազմոցին ծալապատիկ նստած են Գագիկ Աբասյան թագավորը, Գորանդուխտ թագուհին և Մարեմ արքայադուստրը:
     Պատմական արժեք ներկայացնող այս նկարում թագավորը և նրա ընտանիքի անդամները ներկայացված են ոչ թե սովորական պալատական հանդերձանքով, այլ թագավորական պաշտոնական համազգեստով, որի վրա եղած պատկերները չէին կարող լինել ոչ այլ ինչ, քան զինանշաններ: