տեղատվություն ապրել: Ամերիկայի Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտերը, որոնք արդեն կուսակցականացվել էին, այլեւս չէին կարող հանդես գալ որպես համահայկական կառույցի հիմք: Ուստի, անհրաժեշտություն կար համագաղութային մի նոր շարժումի:
Միաժամանակ, Ցեղակրոն ուսմունքը չէր պատասխանում ոգու եւ արարչագործության հետ կապված մի շարք հարցերի, եւ կարիք կար տալու դրանց հիմնավորումները: Ցեղակրոնության նկատմամբ անտարբեր կամ անբարյացկամ վերաբերմունք ուներ Հայ եկեղեցին, որն ազդեցիկ ուժ էր գաղութահայ կյանքում. թելադրող այս իրականությունը պետք էր հաշվի առնել: Հետեւաբար, անհրաժեշտ էր ամբողջացնել Ցեղային աշխարհայեցողությունը, այն միավորիչ դարձնել հայության բոլոր հատվածների, այդ թվում՝ եւ Հայ եկեղեցու համար:
Նոր շարժման նախաձեռնող կորիզը հիմնականում եղավ Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպությունը՝ ի դեմս Գ. Նժդեհի, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի, որոնք 1937թ.-ից Պլովդիվում հրատարակում էին ՙՌազմիկ՚ թերթը, որի էջերում էլ այդ թվականին սկսեցին լույս տես-նել առանձին հրապարակումներ Տարոնականության վերաբերյալ:
Շարժման հենարանը հանդիսացավ Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը (հիմնվել է 1917թ.-ին, ԱՄՆ-ում), որը լինելով առավել հզորը համանման միությունների մեջ, գաղութներում հանդիսանում էր Ցեղակրոն շարժման ամուր հենարաններից մեկը: Միությունը որդեգրել եւ որպես հավատո հանգանակ, իր զինանշանի վրա արձանագրել էր դարերի խորքից քաղված Մամիկոնեից Ուխտը՝ ՙՔԱՋՈՒԹԵԱՄԲ ՄԵՌՑՈՒՔ Ի ՎԵՐԱՅ ԱՇԽԱՐՀԻՍ ՄԵՐ ԵՒ Ի ՎԵՐԱՅ ԱԶԳԻՍ ՄԵՐ, ԵՒ ՄԻ ՏԵՍՑԵՆ ԱՉՔ ՄԵՐ ԿՈԽԱՆ ՈՏԻՑ ՊՂԾԱԼԻՑ ԼԵԱԼ ԶՍՐԲԱՐԱՆՍ ՄԵՐ՚: Սրանով միությունն արդեն հաստատել, որ ինքը սովորական հայրենակցական միություն չէ, այլ ավելի ՙքաղաքական բնույթ կրող հայրենասիրական կազմակերպություն մը, հին ասպետական ուխտերու տիպարով՚ :
Եվ ահա՜, 1938 թ. ապրիլին, Սոֆիայում, Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը (Տ. Տ. Հ. Մ.) սկսեց լույս ընծայել ՙՏարոնի Արծիվ՚ ամսաթերթը՝ Հայկ Ասատրյանի խմբագրությամբ (պատասխանատու տնօրեն՝ Ներսես Աստվածատուրյան), որով ավետվեց տարոնական ոգու վերածնունդը եւ սկիզբը դրվեց Տարոնական շարժման:
Որո՞նք էին շարժման նախադրյալները եւ ի՞նչ նպատակներ ունեին այն նախաձեռնողները: Դրանք հիմնականում նույնն էին, ինչ Ցեղակրոն շարժման դեպքում:
Հայ ճակատագրի տագնապն էր ծնունդ տալիս Տարոնական հոգեվերանորոգչական շարժմանը, որի ղեկավարները ելնում էին այն ճշմարտությունից, թե փոփոխելի է ամեն ճակատագիր, եթե կա բարոյական վերանորոգում:
Դա մի ժամանակ էր, երբ ներքին պառակտիչ պայքարները, փոխադարձ անհանդուրժողականությունն ու ատելությունը գաղթահայությանը կանգնեցրել էին դժոխքի շեմին: Եվ ժամանակի հրամայականն էր՝ բնականորեն վերջ տալ հայության քաղաքական հոսանքների, կրոնական հարանվանությունների, անձնանպատակ խմբերի միջեւ մղվող ներքին հայակործան պայքարներին:
Դա մի ժամանակ էր, երբ աշխարհում ազգերը վերաքննում էին սեփական արժեքները, որոնում իրենց պարտությունների եւ դժբախտությունների պատճառները, սպառազինվում հին, բայց մշտապես նոր ու պատմականորեն արդարացված հավիտենական արժեքներով:
Այդ նույն ժամանակի պահանջն էր եւ Տարոնական շարժումը, որը եկավ վերածնելու ու վերակոչելու Ցեղի հավիտենական առաքինությունները, հոգեբարոյական հեղաշրջում անելու օրվա ճահճացած, դատապարտվածության զգացումով ապրող եւ այլասերումի ենթակա հայության մեջ:
ՙԴա բարոյական հեղաշրջում է, որով կրնա իր ոգին ուժաստանի վերածել հայ ռազմիկը, իր երեւակայությանը ստեղծագործ թափ ու թեւ տալ հայ մտավորականը, իր քաղաքական գործի մեջ նպատակ, հանճար եւ սրբություն դնել հայրենապաշտ հայ կուսակցականը՚. գրում էր ՙՏարոնի Արծիվը՚ :
Հայության վերածննդի ճանապարհը տեսնելով նրա ցեղայնացման՝ սեփական ցեղային արժեքների վերականգնման, դրանց վերարծարծման ու վերապրումի մեջ, Տարոնական շարժման առաջնորդները հայտարարում էին. ՙՑեղ էինք եւ կցեղայնանանք: Ցեղ էինք եւ հզոր էինք. կցեղայնանանք, որպեսզի կրկին հզորանանք՚ :
Համոզված, որ առանց Հայրենիքի տարագիր հայությունը, ի վերջո, դատապարտված է կորստյան, Տ. Տ. Հ. Մ.-ն իր կողմնորոշումը հռչակեց Տարոնականությունը՝ այն հաստատուն հավատով, որ ՙՏարոնականության ոգին փրկարար դեր պիտի կատարե հայությունը իր ներկա անկերպարան վիճակեն դուրս բերելու եւ իր պատմական Հայրենիքին տեր դարձնելու համար՚ :
Քաջ հասկանալով պատմության տրամաբանությունը եւ կանխազգալով պատերազմը՝ Տարոնական շարժման առաջնորդները նպատակ ունեցան հայությանը գալիք արհավիրքին հոգեբանորեն նախապատրաստելը, նոր բարոյականով սպառազինելը:
Քաղաքական շարժում կամ նոր կուսակցություն ստեղծելու փորձ չէր, որ ձեռնարկում էին Տարոնական շարժման հիմնադիրներն ու Տ. Տ. Հ. Մ.-ը: Նրանց նպատակն էր՝ պատրաստել Ազգի եւ Հայրենիքի համար անշահախնդիր պայքարողներ ու նրանցով մատակարարել, ոգեպես սնել եղած կուսակցությունները:
Հիմնելով Տարոնականությունը՝ շարժման գաղափարախոսները, միաժամանակ, նպատակ ունեին կառուցելու հայկականորեն հիմնավորված աշխարհայեցողություն, ազգային ընդհանուր տեսություն (Եկեղեցու աստվածաբանական աշխարհայեցողությունը, նա՜խ, ուներ տարանուն շերտավորումներ եւ այդպիսով միացուցիչ ուժ չէր. հետո, նա ընդունակ չէր քայլելու կյանքի պատմական զարգացման հետ ու իրականացնելու հայության բարոյական վերազինումը):
Հենց սկզբից էլ փշոտ եղավ Տարոնականության ճամփան: Հայության՝ հոգով տկար, անցավոր ներկայով բավարարվող, Ցեղի էությանն անծանոթ տարրերը պայքար ծավալեցին Տարոնական շարժման դեմ՝ մեկ ամբաստանելով նրան որպես քաղաքական նոր կուսակցություն ստեղծելու փորձ, որն իբր պիտի հակադրվեր մնացած հայկական կուսակցություններին, մեկ՝ որպես տարոնցի հայերի հատվածական շարժում եւ այլն: Մասնավորապես, Ս. Վրացյանն իր կողմից խմբագրվող ՙՎեմ՚ հանդեսում խիստ բացասական արտահայտվեց Տարոնականության հասցեին, միաժամանակ՝ շարժմանը վերագրելով անհիմն մեղադրանքներ: Դրանց հերքումով՝ Հայկ Ասատրյանը ՙՏարոնի Արծիվում՚ հանդես եկավ ՙՀարկադրական մի պատասխանով՚:
Ինչեւէ, պայթեց երկրորդ աշխարհամարտը եւ գաղթահայությունը մնաց առանց հոգեբանական նախապատրաստման: 1939 թ.-ին Դիտրոյտում գումարված Տ. Տ. Հ. Մ.-ի պատգամավորական ժողովն իր օրակարգում քննեց Տարոնականությունը: Ժողովը, որ ընդամենը մեկ տարի առաջ, Էքրըն Օհայոյի մեջ հայտարարում էր, թե ՙկշնորհավորե եւ քաջալերական խոսք կուղղե ՙՏարօնի Արծիվ՚-ին՝ իր ուղղության համար՚ , արեց տրամագծորեն հակառակ հայտարարություն. ՙՏարօնի Արծիվ՚-ի մեջ պետք է լույս տեսնեն այնպիսի գրություններ, որոնք կվերաբերին Տարոնի աշխարհին... Տեսական բնույթ ունեցող այն գրությունները, որոնք կձգտին նոր վարդապետություն մը հաստատել, ինչ անունի ներքեւ ալ ըլլան, պետք չէ որ մուտք գործեն մեր պատմության մեջ՚:
Այդպիսով, Տարոնական համահայկական ուսմունքը պիտի փոխարինվեր տարոնցիական մանրապատումներով եւ, որ ամենացավալին է, չէր հանդուրժվում ո՜չ մի ազգային ուսմունք, որի կարիքը այնքա՛ն ուներ (եւ ունի) հայությունը: Հասկանալի է նաեւ, որ Տ. Տ. Հ. Մ.-ն այդ հայտարարությունը անում էր ոչ այնքան սեփական ցանկությամբ, որքան այլոց պարտադրանքով կամ հրահրմամբ: Միաժամանակ, ՙՏարոնի Արծիվ՚-ի հրատարակությունը ՍոֆիաՅից փոխադրվեց Նյու Յորք. այստեղ նա վերածվեց ընդամենը տարոնցի հայերի պարբերաթերթի:
Այսպիսով, Տարոնական շարժումը ձախողվեց՝ ապրելով ժամանակավոր ողբերգանքի տաժանքը: Սակայն, շարժման առաջնորդները համոզված էին, որ առանց ողբերգականության՝ չկա՜ հաղթանակ: Նրանք վստահ էին, որ իրենց դավանած ուսմունքի տապալումը ողբերգություն է՝ հաղթանակի՜ց առաջ, որ Տարոնականության Գողգոթան ժամանակավոր է, քանզի ճշմարտությունները հաղթանակում են թաղվելուց հետո հարություն առնելով:
Եվ իրավամբ, Տարոնականության տված ճշմարտությունները, 30-ական թվականների վերջին թաղվելուց հետո, այսօր հարություն են առնում:
Տարոնական շարժում,
ՀՀԿ, Եր., 2002
Ձեր գրառումը տեղ գտավ www.Blognews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить