Մարդկային է՝ անհայտից վախենալ:
Մեզ անծանոթ մի աննշան զորախմբակի գիշերվա գրոհն ավելի ահավոր է, քան մի ծանոթ գնդի հարձակումը ցերեկը:
Թշնամին ավելի ուժեղ է, երբ չենք ճանաչում նրան:
Մենք ավելի թույլ ենք, երբ անծանոթ ենք մեզ մահ սպառնացողին:
Մի ժողովուրդ, որի ռազմական միտքն ընդունում է միայն պաշտպանողական կռվի ձևերը, կարող է չափազանց հարձակվողական թվալ մեզ, մի ռազմավար, որի հետևակ և անհաստատ միտքը վճռական ձեռնարկներից գերադասում է տագնապի աղետալի ձգձգումը՝ կարող է մեզ չափազանց ներգործուն թվալ, եթե ստուգապես ծանոթ չենք նրան:
Իսկ երբ ծանոթ ենք նրա հոգեբանության՝ մենք մեծապես կարող ենք օգտվել նրա թերություններից, կրավորական և տատանվող ոգուց, ինչպես և կարող ենք տեղին ու ժամանակին հեշտությամբ ամլության դատապարտել նրա առավելությունները:
Ծանոթանալով թշնամու ռազմավարական հայացքներին, ասել է՝ նրա կռիվները մղելու եղանակներին ու ոգուն, մենք որոշ չափով ապահովագրում ենք մեզ հանկարծակիի գալու անհաճո վտանգներից:
Չկա ավելի անմեղ բան, քան թաթար կռվողների դիրքերում բարձրացած <<Ալլա՜հ, ալլա՜հ>> գոռում, գոչումը: Անշանթ որոտում է դա, որ դեռ չի նշանակում թե թշնամին հարձակավում է, առաջանում: Բայց այդ ցեղի հոգեբանության անծանոթը կարող է այդ անմեղ աղմուկը ընդունել որպես որոտմունք՝ շանթից, հարվածից առաջ:
Փորձեք երկու անգամ, միևնույն ժամին կամ միևնույն կետի վրա պարտության մատնել թուրք և թաթար զորքը, և այլևս այդ աննուղղա ճակատագրապաշտը չի հանդգնի նույն կետի վրա անհանգստացնելու ձեզ, որքան էլ որ պայմանները նպաստավոր լինեն իր համար:
Վա՜յ թաթար զորքին, եթե նրա առաջին փորձը անհաջող անցավ, կորած է նա: Ինչ որ ժողովուրդն է, այն էլ՝ իր զորքը:
Որքան հոգեբանորեն տարբերվում են ժողովուրդները, նույնքան էլ՝ իրենց բանակները: Գերազանցորեն կարգապահ և հարձակողական է գերման զինվորը, հնարաղետ և ուրախ՝ ֆրանսիացին, անասանելիորեն տոկուն է ռուսը, պաղարյուն՝ անգլիացին:
Երիտասարդ ժողովուրդները ավելի ռազմասեր և անհանգիստ են լինում: Քաղաքական իդեալները զգալիորեն ուժեղացնում են ազգերի ռազմական խանդը:
Զենքի հաջողությունները բարձրացնում են, անհաջողությունները՝ ձգում նրանց ռազմունակությունը:
Ցեղերի խառնվածքի ինչպես և ռազմագիտական մտքի վրա մեծապես ազդում է ֆիզիկական միջավայրը, դաստիարակությունը, հարևանների վերաբերմունքը և այլն:
Երբ գիտես այդ բոլորը, երբ ճանաչում ես թշնամուդ՝ դու ավելի ուժեղ ես զգում քեզ, ավելի թույլ՝ թշնամուդ:
Այո՛, որքան լավ ես ճանաչում հակառակորդիդ, այնքան թույլ է նա քեզ համար: Ճանաչի՛ր թշնամուդ, որ հեշտությամբ հաղթես նրան:
<<Կեսարը - ասում է Պլուտարքոսը - ճանաչում էր նրանց, որոնց կառաջնորդեր դեպի կռիվ, և նրանց, որոնց դեմ պատերազմում էր>>:












