24.12.2013

ԶՈՐԱՎՈՐ ԽՈՍՔԸ


Գուցե և միակ տեղն է կռվադաշտը, ուր ամեն բանից ավելի և ամեն բանից սուր զգացվում է
կարիքը բարոյապես ազդելու և իշխելու մտքերի, սրտերի և կամքերի վրա:
    Կարողանալ բռնակալորեն իշխել հոգիների վրա, - ահա՛ ղեկավարի ամենամեծ և ամենաանհրաժեշտ կարողությունը, առանց որի զորանոցն ու մարտադաշտը զինվորներին չի կարող հաղթության մղել:
      Այն, ինչ որ հաճախ դժվարանում է կատարել արդիական հեռաձիգ թնդանոթը, հեշտությամբ կատարում է ղեկավարի զորավոր խոսքը:
     Խոսքը՝ երբեմն հրամայող ու իշխող, երբեմն՝ կանչող ու մղող, խոսքը միշտ պատկերավոր ու սեղմ, սրտերին կրակ, բազուկներին թափ, կամքերին մղում տվող խոսքն է իշխելու և վարվելու միակ միջոցը:

     Եվ որքան զորավոր՝ այնդքան մեծ է նրա հմայքը, այնքան ընդարձակ է նրա տիրապետությունը:
     Խոսքը՝ դա ինքը ղեկավարն է:
     Հաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պետք է զորավոր խոսքը:
     Առանց զորավոր խոսքի բութ են սրերը, թույլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը:
     Առանց զորավոր խոսքի չկա իշխանություն հոգիների վրա, իսկ առանց այդ իշխանության՝ չկա հաղթանակ:
     Մարդկային լեզուն չունի մի հատիկ բառ, որն այս կամ այն կերպ չխազեր կռվում գտնվող զինվորի հոգեբանության վրա:
     Պետք է գիտենալ՝ ի՞նչ և ինչպե՞ս խոսել զինվորի հետ: Իսկ դրա համար պետք է ծանոթ լինել, եթե այսպես կարելի է ասել, <<հոգեկան քիմիայի>> օրենքներին: Պետք է բաղադրել կարողանալ որոշ զգացումներ զինվորի մեջ՝ մեր ցանկացած հոգեկան հուզումն առացացնելու համար: 
    Տպավորություն է գործում, շատ անգամ ոչ թե այն, թե ինչ որ ասում ենք, այլ այն, թե ե՞րբ և որտե՞ղ, ինչպե՛ս ենք ասում:
     Հայրենապաշտություն, կրոնական մոլեռանդություն, ազատասիրություն, բարի նախանձ և այլն, - ահա՛ զինվորական զորավոր խոսքի աղբյուրները:
     Բարձր հայրենասիրություն: Դա զինվորի սրտի ամենազգայուն լարն է, որի թրթռումներից մեծապես օգտվել են և օգտվում են ղեկավարները: Չկա, չգիտեմ մի պատմական զոհաբերություն, մի մեծագործություն, մի հերոսական թռիչք, որին ընդունակ չլիներ այդ հզոր զգացումը: Դա է անմահացրել Թերմոպիլյան կիրճը, Բուլղարական Շիպկան, Հայկական Սյունիքը:
     Կրոնական զգացումը հրաշքներ է կատարել անցյալում:
     <<Ձեր առջև արքայությունն է, ձեր հետևը դժոխքը, ընտրեցեք մեկն ու մեկը: Որպես կայծոռիկներ ճառագայթում են պատերազմում ընկած վերքերը: Նրանք կմտնեն Եդեմի գեղեցիկ պարտեզները, և կպառկեն ոսկեթել բարձերի վրա...>>:
    Այսպես էր խոսում արաբի հոգուն ծանոթ ռազմիկ մարգարեն և իր ղեկավարած սպառազեն ամբողը մղում էր դեպի մահ ու նվաճումներ:
    Նույն հրաշագործ զգացումն էր մղում խաչակիրներին դեպի Հիսուսի գերեզմանը:
     Գուստաֆ Ադոլֆը ամեն ճակատամարտից առաջ ծունկի էր բերում իր բանակները Տիրոջ առջև:
     Կրոմվելի զինվորների համար մահը նահատակություն էր հավատքի համար: Նրա բանակներում սպաները կատարում էին քահանայի դեր:
     Սովորովի ամենասիրած խոսքն էր՝ <<Աստված է մեզ առաջնորդում, նա՛ է մեր զորավարը>>:
     Ազատասիրության կրակով իր մարտիկների սիրտը վառում էր Գարիբալդին:
    Իսկ Բոնապարտը՝ ծանոթ ֆրանսիացու հոգուն՝ իր զինվորի և զորավարի ոգևորության աղբյուրը դարձնում էր պատվո լեգեոնը:
     Եթե խոսքդ հայրենիքի  մասին է, մի՛ խոսիր, այլ խոսեցրու հայրենիքը: Այս ձևով վարվիր և հերոսների և նահատակների նկատմամբ: Մի խոսիր, այլ խոսեցրու նրանց, խոսիր, զգալով նրանց սրտի զարկը, շունչը, ներկայությունը:
    Երբ ես խոսում եմ Հայաստանի մասին, խոսքեր չէ, որ փնտրում եմ մտքերս արտահայտելու համար, այլ՝ հայրենիքիս հոգևոր դեմքը, որ՝ նրանով գինովցած սիրահար, կարողանամ սերս, կարոտս, պաշտամունքս փոխանցել լսարանիս:
     Գիտական դարձվածքներ չի սիրում զինվորը:
     Հեռո՛ւ դատողություններից: Մի՛ փոլիսոփայիր, մի՛ ապացուցիր, այլ եղիր պատկերավոր և հոգեգրավ: Շատախոսության տեղ չի կռվադաշտը՝ <<քիչ խօսէ, շատ ակօսէ>>: Խոսի՛ր զինվորիդ սրտի հետ:

*     *
*

Բալկանյան պատերազմի ընթացքում ես զգացի զորավոր խոսքի ազդեցության ուժը:
    Մայր բանակից անջատ՝ բավականին առաջացել էր թեթև զորամասը և երեկոյան դեմ անսպասելիորեն դեմ առել մի անտառապատ լեռան, որի կատարից թշնամին անդադար ռմբակոծում էր մեր դիրքերը:
     <<Միչև այստեղ և էլ ոչ մի քայլ առաջ>>՝ զգացնել էր տալիս հակառակորդը:
     Դրությունը սպառնում էր դառնալ եղերական մեզ համար: Մայր բանակը շա՜տ էր հեռու, որպեսզի ուժեղացներ մեր գրոհը կամ ապահովեր մեր կանոնավոր և անկորուստ նահանջը: Քիչ հետո թշնամին պիտի պարզեր իր ուժերի քանակը, և անցներ հարձակվողականի՝ մեզ իսպառ ոչնչացնելու համար: Մնում էր խելահեղորեն նետվել առաջ: Դրա համար պետք էր սակավաթիվ զինվորներիս մեջ բորբոքել հարձակվողական ոգին այն աստիճան, որ հարձակվողների համար աննկատելի դառնար հակառակորդի թվական և դիրքային գերազանցությունը:
    Տեղն ու վայրկյանը պահանջում էին խոսել և թշնամու կրակի տակ խոսեցի զինվորներիս հետ: Դեռ չէի վերջացրել միայն վայրկյաններ տևող խոսքս, երբ որպես կենդանի պատնեշ դիրքերից բարձրացան մարտիկներս և տարերային թափով նետվեցին առաջ: Քիչ անց՝ <<768>>-ի կատարին վեհորեն ու հաղթական ծածանվում էր մեր եռագույնը, որը հայ զինվորների խիզախ քայլի համար բուլղար զորքերի հրամանատարությունը պիտի զարդարեր քաջության խաչով:

*     *
*

Վսեմ խոսքի ազատությունից մեծապես օգտվել եմ երկրորդ անգամ, Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրյակին:
     Հայ զորքը, որի հետ և հայրենի հողից պոկված բազմահազար գաղթականությունը՝ լքելով Կարինից մենչև Ղարաքիլիսա տարածվող հողամասերը՝ եկել թափվել էր Դիլիջան: Դա այլևս զորք չէր, այլ անձրև և անկերպարանք մի զանգված, այլ քայքայված ու բարոյալքված մի անանուն բազմություն: Դա նահանջ չէր, այլ ժողովրդի գաղթ, տեղահանություն, փախուստ իր երկրից:
     Ընդհանուր շփոթի մեջ, <<տեղագրական հայրենասիրությունից>> մղված՝ ծնունդ էին առնում համերկրացիական խմբեր և բռնում Երևանի, Ղարաբաղի, Գանձակի ճամբաները: Չկար ծիծաղ, երգ, բարձր խոսակցություն իսկ չկար: Երեկվա չքնաղ ամառանոցը այլևս նմանվում էր մի լուռ գերեզմանատան, ուր հավաքված հուղարկավորողների հսկա բազմությունը՝ ապրելու հույսը թաղելուց հետո, ինքն էլ չգիտեր, թե ինչո՞ւ է շարունակում մնալ այդտեղ: Անհուսություն, շվարանք և սարսափ բոլո՛ր դեմքերի վրա:
    Երկրի այս դրության մեջ ընդհանուր զորահրամանատարի կայանից տեղեկացնում են, թե զորավար Նազարբեկյանը ցանկանում է տեսնվել Հ.Յ.Դ. Շիրակի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցչի հետ:
     <<Երևանից խնդրում են երեք օրով ևս զբաղեցնել տաճիկ զորքերին և հնարավորություն տալ մեր պատվիրակությանը հաշտություն կնքել տաճիկների հետ: Ես, ինչպես գիտեք, - ասում է ծեր զորավարը, - ես զորք չունեմ: Հերթը ձերն է, կատարեցեք, եթե կարող եք, Երևանի հրամանը>>:
     Մե՜րն է այժմ հերթը: Պետք է վերադառնալ Ղարաքիլիսա, բայց ինչպե՞ս, ի՞նչ ուժերով:  Պետք է կամավորներ հավաքել, առնվազն հազար հրացանակիր, այն էլ ժամերի ընթացքում, և դա հոգեբանական մի այնպիսի մթնոլորտում, ուր ամեն ինչ կորած է համարվում:
     Գիտեի, որ մի բուռ հին զինվորներից զատ ոչ ոք պիտի միանա մեզ, եթե հայտարարեմ, թե ինձ հրամայված  է՝ <<Հենց այսօր մի թեթև զորամասով վերադառնալ Ղարաքիլիսա, շփման մեջ մտնել թշնամու ուժերի հետ և սպասել օգնական ուժերի>>:  (Այդպես էր ինձ գրված հրամանգիրը):
    Գիտեի և այն, թե հարկադրանքի մասին նման պարագաներում խոսք լինել չէր կարող: Կար, մնում էր մի հատիկ միջոց միայն, այն է՝ անվերջ նահանջների ճամբան բռնած հայ զինվորությունը թեքել դեպի թշնամին: Կախարդական խոսքի ազդեցությունն էր այդ հոգեբանական միջոցը: Եվ ես՝ խնդիրն իրագործելու համար դիմեցի այդ միջոցին: Խոսեցի: Ծաղկաձորի եկեղեցու բակում խռնված ժողովրդին էր ուղղված իմ խոսքերը:
     Պերճախոս չեմ, բայց հանդիսավոր վայրկյանը ինձ այդ օրը մի ժամով դարձրել էր հռետոր: Խոսում էի և դիտում: Խոսքերիս կայծերն ընկնում էին վառոդի մեջ: Հուզում կար, բայց դեռ քիչ էր դա. ուզում էի և կատաղություն տեսնել բազմության շարքերի մեջ: Եվ քիչ անց տեսա, թե ինչպե՞ս կատաղությունից իր բռունցքն էր սեղմում հայ մարդը:
     Մտադիր էի դեռ շարունակել, երբ բազմության միջից բարձրացան աղաղակներ՝ <<Պատրա՜ստ ենք, առաջնորդե՛ք, տարե՛ք, կեցցե՛ կռիվը...>>:
   Այսպես բազմահազար ամբողի խանդավառ աղաղակների մեջ խեղդվեց իմ վերջին խոսքերը:
    <<Թող հետևի ինձ, ով դեռ չի մեռել բարոյապես>>:
   Քիչ անց՝ հազարի անցնող կամավորներ մի զորամասով ես շարժվում էի դեպի Ղարաքիլիսա տանող ճանապարհով:
    Մյուս օրը մեզ օգնության պիտի հասնեն նոր ուժեր և տեղի պիտի ունենար այն, ինչ որ կատարվեց Ղարաքիլիսայի և ձորերի մեջ, այսինքն՝ այն, ինչ որ շարժեց անգամ թշնամու հիացումն ու զարմանքը:
    Այդ փառահեղ ճակատամարտը ինձ մի անգամ ևս համոզեց, թե ամենատկար հոգիների մեջ իսկ կան թաքուն ուժեր, որ պետք է կարողանանք արթնացնել և գործի դնել:

<<Յիշի՛ր պատերազմը>>

Գարեգին Նժդեհ,
 <<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013

Комментариев нет:

Отправить комментарий