17.08.2013

ԴԻՎԱՆԱԳԵՏ ԱՐՔԱՅԻ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ


ՌՈՒՍԱ Բ

Վանի հայկական թագավորության վերջին ականավոր տիրակալը դարձավ Ռուսա Բ-ն (Ք.ա. մոտ 680-650-ական թթ.): Նրա գահակալության տարիների մասին ևս կազմվել է արքայական տարեգրություն, որից, ցավոք, միայն մի հատված է պահպանվել: Ռուսա Բ-ի կառավարման ժամանակաշրջանի ընդհանուր պատկերը հնարավոր է դառնում վերականգնել նրանից մեզ հասած առանձին արձանագրությունների, ասորեստանյան բնագրերի և բավականին հարուստ հնագիտական նյութերի հիման վրա:

Ռազմական շինարարությունը
Ռուսա Բ-ն շարունակում է Սարդուրի Բ-ի սկսած պետական կառավարման կենտրոնացման գործընթացը։ Զարկ է տրվում քաղաքաշինությանը: Հայ շինարար վարպետները կառուցում են ընդարձակ բնակելի թաղամասեր ունեցող բազմաթիվ նոր քաղաքներ(Թեյշեբայինի` Կարմիր բլուր, ՙՌուսայի փոքր քաղաքը՚, Խալդիի քաղաքը (Արծկե) Զիուկունիում, Ռուսախինիլի անվամբերկու քաղաք (Վան քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում գտնվող բարձունքի վրա և Այանիս հնավայրը)), որոնք դառնում էին թագավորական իշխանության պատվարը տեղերում: Վերակառուցվում և ընդարձակվում են հին քաղաքները, հիմնվում կամ վերակառուցվում են բազմաթիվ ամրոցներ:
Քաղաքաշինությանն ու ամրոցաշինությանը զուգահեռ անցկացվում են նոր ջրանցքներ, հիմնվում այգիներ, զարգացվում են արհեստներն ու առևտուրը, ծաղկում է ապրում ամբողջ տնտեսությունը: Անցկացվում են վարչական համապատասխան փոփոխություններ. մեծացվում են նահանգների սահմանները, երկիրը վերստին բաժանվում է փոխարքայությունների:
 
Արշավանքները
Ռուսա Բ-ի արտաքին քաղաքականության մասին տեղեկություններ ենք ստանում ըստ նրա հաջորդաբար հիմնադրած քաղաքներից հայտնաբերված հանդիսավոր արձանագրությունների և ասորեստանյան բնագրերի հաղորդումների: Վաղ շրջանի բնագրերը վկայում են առնվազն հինգ երկրներ կատարված արշավանքների մասին, այդ թվում` դեպի Թաբլանի (Թաբալ), որը գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում և Վանի տերության կողմից նվաճվել էր Արգիշտի Ա-ի օրոք, Կաինարու (որի տեղորոշումն անհայտ է), Մուշկինի (արևելափոքրասիական տարածքներում), Խալիտու (Խաղտիք) և Խաթե (Ուշխեթական երկրների ընդհանրական անվանումն է, որն ասորեստանյան աղբյուրներում երբեմն  ավելի որոշակիորեն վերաբերում է Կարքեմիշի թագավորությանը:):

Պատմական տեղեկանք. ՙԽալդիի քաղաքը Զիուկունի (երկրի) Ռուսա Արգիշտորդին կառուցեց: Ռուսա Արգիշտորդին ասում է. – Քշեցի մարդ, կին լուլույան (= բարբարոսական) երկրներից ... 
Հավաքվեցին (՞) Մուշկինի (երկրից), Խաթե (երկրից), Խալիտու (երկրից), նաև
    Արգիշտորդին ասում է. –Խալդին ինձ պարգևեց թե՜ քաջություն, թե՜ զորություն: Հանուն Խալդիի այս մեծագործությունները մեկ տարում կատարեցի՚:
ՀԺՊՔ, էջ 88, КУКН, с. 336

Ռուսան ամրացնում է կենտրոնական իշխանության դիրքերը Էթիունի և Ծուլուկու (Սյունիքի Ծղուկ գավառը) երկրամասերում: Տերության հարավ-արևելքում` Ուրմիո լճի ավազանում, Ռուսան իրականացնում է ամրաշինական լայնածավալ աշխատանքներ` միևնույն ժամանակ, Ասորեստանի հետ պահպանելով բարիդրացիական հարաբերություններ (որոնք, սակայն, խզվում են որոշ ժամանակ անց):

Ռազմավարությունը
Հայկական լեռնաշխարհում Վանի թագավորության կողքին Ք.ա. VIII դ. վերջերից անկախացել և սկսել էր լիովին ինքնուրույն քաղաքականություն վարել Վանա լճից արևմուտք և հարավ-արևմուտք տարածվող Արմե-Շուբրիա պետությունը (Ք.ա. III հազարամյակում այս երկիրը հայտնի էր Սուբուր և Արման անվանաձևերով), որը հակադրվում էր Վանի տերությանն ու Ասորեստանին` ապաստան տալով այդ երկրներից հեռացած փախստական գործիչների (բարձրաստիճան զինվորականների, մարզպետերի և աստիճանավորների, որոնք,
թերևս, քաղաքական ընդդիմադիրներ էին) և հրաժարվելով նրանց վերադարձնել: Դեռևս Ք.ա. 681թ. Ասորեստանում տեղի ունեցած պալատական դավադրության արդյունքում Սենեքերիմ
(Սինախերիբ) արքային սպանած նրա երկու որդիները հաջողության չհասնելով (գահ բարձրացավ նրանց երրորդ եղբայրը` Ասորդանը (Ասարխադդոն, Ք.ա. 680-669թթ.), ապաստան էին գտել Հայաստանում, հավանաբար երկրի հարավ-արևմուտքում` Արմե-Շուբրիայում:

Պատմական տեղեկանք. ՙԵվ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը չվեց ու գնաց բնակվեց Նինվեում։ Եվ այն ժամանակ, երբ նա երկրպագում էր իր աստծո՝ Նեսրաքի տանը, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը (Ադրամելեք անվան տակ ուսումնասիրողները տեսնում են Սինախերիբի Արադ-Նինլիլ որդուն, իսկ ի դեմս Սարասարի` ասուրական զորապետ Նաբու-Շարուծուրին։), սպանեցին նրան սրով ու Արարադի երկիրը փախան: Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Ասորդանը՚։
Աստվածաշունչ, Թագավորությունների չորրորդ գիրք, գլ. ԺԹ, 36&37

Խիստ հատկանշական է, որ դավադրության կազմակերպիչներին ապաստան տված Հայաստանի արքան (Մովսես Խորենացու մոտ` Սկայորդին) այդպես էլ չհանձնեց Ասորեստանի արքային նրա եղբայրներին: Անզոր լինելով որևէ լուրջ ձեռնարկ կատարելու Վանի տիրակալի դեմ` Ասարհադդոնը իր եղբայրների դավադրության մասին արձանագրություններում նշում է, թե նրանք փախուստի դիմեցին ՙհայտնի չէ, թե ուր՚...
Ասորեստանի արքա Ասարհադդոնը Ք.ա. 673թ. նվաճում ու իր տերությանն է բռնակցում Շուբրիան: Ասորեստանի հետ Ռուսայի հարաբերությունները կտրուկ վատանում են. Շուբրիան գտնվում էր Վանի տերության գերիշխանության գոտում: Որպեսզի արդարացնի իր քայլը, Ասարհադդոնը Արարատյան թագավորություն վերադարձրեց այնտեղից փախած և Շուբրիայում ապաստանածներին: 
Ք.ա. 660-ական թթ. սկզբին երկու երկրների հարաբերություններում հակասություններն ավելի են խորանում: Այդ ժամանակաշրջանի ասորեստանյան մի քանի աղբյուրներ վկայում են Վանի տերությունից սպասվող սպառնալիքի մասին: Աշշուր աստծուն ձոնված հիմներգերից մեկը Վանի տիրակալին հիշատակում է կիմմերների հետ Աշշուրբանապալի հանդեպ թշնամական գործողություններ ծրագրելիս, իսկ Շամաշ աստծուն ուղղված հարցումի տեքստից պարզ է դառնում, որ Ռուսան տվյալ տարվա մայիս-հունիս ամսին պատրաստվում էր արշավել Շուբրիա: 
Պատմական տեղեկանք.ՙ…արդյո՞ք Ուրսան (=Ռուսա Բ-ը)` Ուրարտուի արքան, ում նրանք կոչում են Յայա, […] ում նրանք կոչում են արքա Պա[……] երկրի, փորձում է, ծրագրում է արդյոք նա, [արդյոք …] կամ հետևելով խորհրդին իր խորհրդատուների, իր բանակի հետ կամ կիմմերների հետ, կամ իր այլ դաշնակիցների հետ ………….. կգա Շուբրիա՞………….
կյուրացնի շուբրիական ամրոցները և կդարձնի դրանք իրենը՞՚:
Starr I., Queries to the Sungod. Divination and Politics in Sargonid
Assyria, in “State Archives of Assyria”, vol. IV, Helsinki, 1990, N 18

Դիվանագիտություն
Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջաններ ներխուժելով և Ք.ա. 715-714թթ. թշնամական գործողություններ ձեռնարկելով Վանի տերության դեմ` իրանական կիմմերների ցեղերը, փաստորեն, նպաստել էին վերջինիս թշնամի` Ասորեստանի քաղաքականությանը: Հատկանշական է, որ Ռուսա Բ-ն կիմմերների դեմ ռազմական պայքար չի սկսում, այլ դիմում է դիվանագիտական խորամանկության։ Նրան հաջողվում է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել կիմմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմմերները հաստատվեցին
Կապադովկիայի տարածքում, որը միջնադարյան հայկական աղբյուրներում նրանց անվամբ կոչվում է Գամիրք: Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսան կարողանում է կիմմերներին ուղղել Ասորեստանի դեմ:
Դիվանագետ արքան կարողանում է ոչ միայն կանխել կիմմերների հնարավոր հարձակումներն իր երկրի դեմ, այլև կեսդարյա թշնամուն դարձնում է իրեն դաշնակից և ուղղում իր հին թշնամու` Ասորեստանի դեմ:

“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить