08.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԸ Ք.Ա. III ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ. ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ


Հակառակորդին հոգեբանորեն ճնշելու կարողությունը ռազմարվեստում մշտապես խիստ բարձր է գնահատվում: Հատկանշական է, որ հոգեբանական պատերազմ վարելու մեծ վարպետներն էին հայկական Արատտա պետության արքաները: Արատտայի տիրակալին են պատկանում առաջին առաջին հոգեբանական պատերազմ վարողի դափնիները:
    Ք.ա. 2-րդ հազարամյակում Միջագետքի հարավում՝ Շումերում, կազմավորվել է քաղաք-պետություններ: Ք.ա. 28-ից 26-րդ դարերում գերիշխանության կենտրոն դարձավ Ուրուկ քաղաք-պետությունը: Իշխեց Ուրուկի առաջին հարստությունը, որի երեք արքաները Էնմերքարը, Լուգալբանդան ու Գիլգամեշը դառնում են շումերական դյուցազնավեպի գլխավոր հերոսները: Անկախ իր էպիկական բնույթից՝ այն կարևոր պատմական սկզբնաղբյուր է:
Շումերները ստեղծել են աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը:  Ք.ա. երրորդ հազարամյակում նրանք բնակվում էին Հարավային Միջագետքում, իսկ մինչ այդ՝ ք.ա. հինգերորդ հազարամյակում նրանց նախնիները բնակվում էին Հայկական Լեռնաշխարհի հարավային և Միջագետքի հյուսիսային շրջաններում: Հեռանալով այնտեղից՝ նրանք երկար ժամանակ պահպանել են իրենց կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով Հայկական Լեռնաշխարհի հնագույն հիշատակությունները գտնվում են շումերական գրավոր հուշարձաններում: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում շումերական դյուցազնավեպը, որի ինը մասերից հինգում հիշատակվում է Արատտա երկիրը, որը նույնացվում է Աստվածաշնչի Արատտա-Հայաստանի հետ: Արատտան հնագույն գրավոր արձանագրություններում հիշատակված Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումն է, որի մասին տեղեկությունները  վերաբերվում են ք.ա. 28-27-րդ դարերին:

     Դյուցազնավեպի առաջին <<Էնմերքարը և Արատտայի տիրակալը>> բնագրում հաղորդվում է, որ Էնմերքարի և Արատտայի տիրակալների միջև ընթանում էր երկարատև պայքար դիվանագիտական դիվանագիտական բանակցությունների տեսքով, որն էլ բնագիրը վերծանող Ս. Ն. Քրամերի կողմից որակվեց որպես մարդկության պատմության մեջ <<առաջին հոգեբանական պատերազմ>>: Շումերի արքան պահանջում է մետաղներ, թանկարժեք քարեր և վարպետներ՝ տաճարներ կառուցելու նպատակով: Ի պատասխան Արատտայի արքան պահանջում էր մեծ քանակությամբ երկրագործական ապրանքներ, որոնցով հարուստ չէր լեռնային Արատտան: Շումերի արքան անցնում է սպառնալիքների, որին Արատտայի տիրակալը պատասխանում է նույն ոգով՝ անընդհատ ընդգծելով իր երկրի՝ սրբազան և ժողովրդի՝ աստվածընտրյալ լինելու հանգամանքը: Բանագնացները ստիպված էին չորս անգամ Շումերից մեկնել Արատտա և վերադառնալ:
    Ի վերջո Շումերի արքան ստիպված էր տեղի տալ, և երկարատև բանակցություններն ավարտվում են հաշտությամբ ու տոնախմբությունների կազմակերպմամբ: Պայմանավովածության համաձայն, շումերները պետք է Արատտա ուղարկեին երկրագործական ապրանքներ՝ փոխարենը ստանալով մետաղներ: Բացի այդ, Արատտայի վարպետները համաձայնվում են Շումերում կառուցել ճարտարապետական կոթողներ:
     Այսպիսով՝ համաշխարհային պատմությանն այսօր հայտնի <<առաջին հոգեբանական պատերազմն>> ավարտվում է մեր հայրենիքի՝ Արատտայի հաղթանակով:
      Շումերների և Արատտայի հարաբերությունները չէին սահմանափակվում միայն դիվանագիտական բանակցություններով, այլ վերածվում էին ընդհարումների: Լուգալբանդայի մասին բնագրերում պատմվում է հետևյալը: Շումերական զորքի գլուխ անցած՝ Էնմերքարն արշավում է դեպի Արատտա: Արշավանքի մասնակիցների մեջ էր նաև Լուգալբանդան: Ճանապարհին, երբ զորքը հասնում է Զամուա երկիր (Ուրմիո լճի հարավում), Լուգալբանդան մահացու հիվանդանում է: Թողնելով նրան այնտեղ՝ զորքը շարունակում է արշավանքը՝ պայմանով, որ վերադարձին վերցնեն Լուգալբանդայի մարմինը և տանեն հայրենի երկիր: Այնուհետև պատմվում է, թե ինչպես է աստվածների և գերբնական ուժերի օգնությամբ նա առողջանում և հասնում բանակին:
      Շումերական բանակը պաշարում է Արատտայի նույնանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարվա ընթացքում չի կարողանում գրավել այն: <<Էնմերքարը և Լուգաբանդան>>  շումերական բնագրի 256-259 տողերում նշվում է. <<Քաղաքից տեղում էի նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում էին ամբողջ տարին՝ աղմկոտ սուլոցով: օրերն անցնում էին, ամիսները երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան>>:
     Շումերական բանակը չկարողանալով Արատտա քաղաքը, ի վերջո, խայտառակ պարտություն է կրում: Հավանաբար, Արատտայի բանակը հակահարձակման անցնելով հասել է Շումեր: Այլ կերպ անհնար կլիներ բացատրել Շումերում Արատտայի կառավարիչների, օրինակ՝ Դումուզիի (այս անունով հայտնի է Արատտայի հովանավոր աստվածը, որը որդին է իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայայի, ում պաշտամունքը կապվում է Հայաստանի հետ, և արտացոլվել է հայկական ավանդության Հայկի կերպարում, որը սկզբնապես լինելով աստված՝ հետագայում վերածվում է հայոց ավանդադիր նախնի-նահապետի) հայտնվելն ու <<հարյուր տարի թագավորելը>>:
      Արատտա երկրանունը գաղափարանշային գրության պարագայում գրվում է Սուբոր երկրի գաղափարագրով: Այսիքն՝ որոշակիորեն փաստվում է Արատտա-Սուբուր (Սուբարտու)  նույնությունը...
      Շումերա-աքքադական մի շարք երկլեզու բնագրերում շումերենի Հայա տեղանվանը աքքադերենում փոխարինվում է Սուբուր երկրանունը, ինչը ցույց է տալիս դրանց՝ միևնույն երկրին վերաբերվելը: Հայա հիմքով ցեղանուն և տեղանուններ են հիշատակվում նաև Էլբայի, Աշուրի, Խեթական տերության ք.ա. 3-2 հազարամյակներում թվագրվող բազմաթիվ բնագրերում, որոնք ակնառու են դարձնում Հայա-Հայասայի կապը Հայք-Հայաստանի հետ:
     Համակարգի մեջ դիտելիս՝ ակնհայտ է Հայկական լեռնաշխարհի հետ կապվող Հայա աստծո անվան, շումերա-աքքադական, էլբայական, հին աշուրական և խեթական աղբյուրների <<հայա>> ցեղանվան, նրանով կազմված տեղանունների և հայ ժողովրդի ինքնանվան ծագումնաբանության ընդհանրությունը:
      Լուգալբանդան օգնության է մեկնում Շումեր, սակայն, թե ինչ իրադարձություններ են հաջորդում դրան, հայտնի չէ, քանի որ բնագրի վերջին մասը վնասված է: Լուգալբանդայի վիպաշարքն ավարտվում է Շումերի համար ծանր իրադրությամբ: Ամենայն հավանականությամբ, դրանով է պայմանավորված, որ նրան հաջորդում է Դումուզին: Ակնհայտ է, որ խոսքը որոշակի ռազմական գործողությունների՝ իրական հաղթանակի մասին է:
      Շումերի նկատմամբ Արատտայի ռազմական հաջողությունը Հայաստանի զինված ուժերի պատմության ընթացքում  գրավոր հիշատակված առաջին հաղթանակն է: Սա ժամանակագրորեն համապատասխանում է Հայկական լեռնաշխարհի հնագիտական մշակույթի աննախադեպ տարածմանը, որն առաջին հայաստանյան տերությունն էր:
     Հայկական լեռնաշխարհում մթա 4-րդ հազարամյակի կեսերից սկսվում է շուրջ մեկ հազարամյակ տևած վաղբրոնզեդարյան մշակութային ժամանակաշրջանը, որի ընթացքում ողջ հայկական լեռնաշխարհը միավորված է մեկ՝ հայկական էթնո-հոգևոր միասնական գոտու մեջ: Միանման են ինչպես զինատեսակները, այնպես էլ պաշտամունքային առարկաները, ճարտարապետական կոթողները, աշխատանքային գործիքները, կենցաղային իրերը, որոնք լեռնաշխարհի մշակութային գոտուց դուրս հայտնի չեն: Այդ ժամանակաշրջանում պետականության առկայության մասին են վկայում հնագիտական պեղումների արդյունքները, որոնցում ակնհայտ են պաշտպանական կառույցներ, քաղաքային կյանքին բնորոշ գծեր և պետականության այլ ցուցիչներ:
      Անհրաժեշտ է նշել, որ նշված ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի հնավայրերից գտնված զինատեսակները բազմաթիվ զուգահեռներ ունեն Իրանի, Փոքր Ասիայի, Կովկասի և, հատկապես, Միջագետքի հնավայրերում: Ընդ որում, բացի զենքերից, Հայաստանից գտնվել են նաև դրանց ձուլման բազմաթիվ կաղապարներ, որոնք վկայում են տեղական արտադրության մասին: ք.ա. 3-րդ հազարամյակում մետաղամշակման կարևորագույն կենտրոն էր Մեծամորը:

Հայոց պատմության մեջ հիշատակված առաջին պետական կազմավորումը, որը սեպագիր սկզբնաղբյուրներում վկայված է Արատտա, Հայյա և Սուբուր անվանումներով, դառնում է միջուկը մեր պատմության առաջին մեծ տերության: Այն իր ազդեցությամբ հանդերձ տևեց մի քանի հարյուրամյակ՝ ք.ա. 28-26դդ, և մեկ մշակութային գոտու մեջ միավորեց հսկայական՝ շուրջ մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք,դառնալով միաժամանակ՝ և՛ Հայոց Պատմության առաջին տերությունը, և՛Հայկական լեռնաշծարհից ընթացող մշակութային յուրօրինակ <<համաշխարհայնացման>> առաջին դրսևորումը:






“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий