12.03.2013

ՄԱՐՄՆԱԿԱՆ ՄԱՀԸ ՀՈԳՈՒ ՆՈՐ ԾՆՈՒՆԴ Է


Զգայարաններդ բանեցրո՛ւ զգալու և ո՛չ ցանկանալու համար: Տո՛ւր՝ ինչ կարող ես, ստացի՛ր՝ ինչ կարող են տալ: Քայլի՛ր քո արահետով, եթե մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է: Քայլի՛ր առանց կասկածելու, շրջվելու և վախենալու:
      Հավերժության մեջ ծնունդ-կյանք-մահ երրորդությունը անբեկանելի իրողություն է: Մարդն էլ անքակտելի երրորդություն է՝ բաղկացած Մարմնից, Բանականությունից և Ոգուց/Հոգուց, որտեղ նահանջում է ոգեղենությունը, այնտեղ իմաստազրկվում է բանականությունը: Որտեղ իմաստազրկվում է բանականությունը, այնտեղ տկարանում է մարմինը: Երրորդություն-մարդ որակը նախապայման է Գերագույն էության ընկալման՝ Տիեզերաճանաչողության... Ազատվի՛ր մահվան երկյուղից ու կլինես իսկապես ազատ և անպարտ: Մահը թշնամի չէ. այն մարտահրավեր է, արժանի հակառակորդ, և մահը տրված է մարդուն այն հաղթահարելու, ոչ՝ նրան սպասելու և տրվելու համար:
     Մեռի՛ր այնպես, որ մահդ էլ ծառայի ազգիդ ու հայրենիքիդ. այսպես էին ապրում հայերը և կյանքը սիրում էին այնքան, որ գիտակցում են դրա շարունակականությունը: Վաղվա գործդ արա այսօ՛ր, հաջորդ կյանքին նախապատրաստվիր ա՛յս կյանքում: Դրանից կշահեն և՛ Ընտանիքդ, և՛ Ազգդ, և՛ Մոլորակդ, և՛ Տիեզերքդ, որն Արարչի Խոհն է:

    Հոգևոր արին չի կարող ապրել ճղճիմ և աննպատակ՝ մուրալով ու աղքատության մեջ. դա արի հայի հավատին հարիր չէ: Արի հայն ապրում է արքաների արարչական հոգեբանությամբ, քանզի անհատականություն է, և ասում է. Եթե ձգտում ես երկնային արքայության, ապա ապրի՛ր արքայավայել, ինչպես բարեպաշտ և իմաստուն արքաները, և ոչ որպես տգետ ստրուկ, քանզի ինչ ցանես, այն էլ կհնձես:
    ...Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, միտքը սփռված է Տիեզերքով մեկ,  տիրապետի՛ր մտքիդ: Հետևի՛ր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին, նա նրա բարեկամն է, ով չի իշխում, միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին: Այսպես են ապրել հոգևոր իմաստությամբ արի հայերը և կարողացել են զգալ, նույնիսկ խոսել ու տեսնել դիցերին....
     Արի հայերը իրենց դիցերի Դեմքն ու էությունն են կրում Երկրում: Բայց ինչքան արարչասեր են արի հայերը, այնքան էլ Նրանց պես հպարտ են ու հզոր, քանզի պատգամում են, <<Մի՛ նվաստացիր անգամ քո Արարչի առաջ>>:
    Հայ դիցերը չեն կարող հավատալ նվաստ և ողորմացող հավատավորին, քանզի դրանք թուլակամ դրսևորումներ են, անհարիր արի հային, ով ամեն տեղ փնտրում է արաչականը... Մի՛մոլորվիր Արարչի երևակայական դրսևորումներով, այլ գիտակցի՛ր արարչականի արտահայտչամիջոցները, ջրի մեջ՝ մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝ թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի անսպառությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, պսակի մեջ՝ ընտանիքը, սեռայինի մեջ՝ ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթևանը, ցերեկվա մեջ՝ արարումը, գիշերվա մեջ՝ քունը, գաղտնիքի մեջ՝ լռությունը....
     Հոգևոր արին ասում է. <<Եղիր ինքնաճանաչ, որ ճանաչես էությունդ: Եղի՛ր էաճանաչ, որ ճանաչես Բնությունդ: Եղի՛ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն էությունը: Ճանաչելով Գերագույն էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության և ժամանակի մեջ...>>:  
     Արի հայերը Տիեզերական Մարմինը գնահատում են այնպես, ինչպես սեփականը: Հիշի՛ր, որ քո մարմինն էլ Տիեզերք է. իր մեջ ունի բազմաթիվ կյանքեր ու մարմիններ:   Դո՛ւ ես նրանց Արարիչը և սիրի՛ր այդ Մարմին-Տիեզերքը, ինչպես քո Արարիչն է սիրում քեզ և քո Տիեզերքը:
     ....Ինչպես մոմը լույս չի տալիս առանց այրվելու, այնպես էլ մարմինն անշարժ է առանց Կենաց սկզբունքի: Մարմնում եղած Կենաց Սկզբունքը ոչ մի ձևով ենթակա չէ ոչնչացման: Մարմինը Կենաց Սկզբունքի և Ոգու Առաքելության իրականացման նախապայմանն է:
    Մարդն իսկապես չի ընկալում դիցերի զորությունն ու ուժը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դիցերն անմիջականորեն չեն կարող օգնել մարդուն, նույնիսկ՝ ամենահավատավորին, քանզի նրանց որևէ անմիջական միջնորդություն կարող է աղետալի-անցանկալի ավարտ ունենալ մոտակա մի հսկա տարածքի վրա... ընդուպ այն մարդու, ում հակված են օգնել և օգնելու են միջնորդավորված....   իսկ ամենամեծ օգնությունը, որ կարող են ցուցաբերել դիցերը, տիեզերական բարի և չար արձագանքների՝ աջակցության և պատիժների Երկիր իջնելուն օժանդակելը կամ կասեցնելն է... ինչն էլ մարդուն լավ կամ վատ գործելու՝ հաղթելու կամ պարտվելու հնարավորություններ է տալիս...
   Տիեզերքը նյութ է և լողում է Գերիմաստության Հոգևոր Անեզրության մեջ: Գերիմաստության Հոգևոր Անեզրությունն անսկիզբ է և անվերջ, այն հավերժ է: Հավերժը Գերիմաստության Առաքելությունն է: Առաքելությունը Հավերժի Բանալին է>>:
     Մեր աշխարհընկալման-տիեզերաճանաչողության մեջ Արաիչը Միակն է՝ Ամենաստեղծն ու Ամենակատարյալը: Իսկ դիցերի բազմակիութույնը ոչ միայն բանական-տիրեզերական երևույթ է, այլև ազգային հոգեկերտվածքի զգացական դրսևորման արդյունք....
    Արիական համակարգի հասկացություններն են Արարչածին օրենքը, Առաքինությունը, Պարտականությունը, Առաքելությունը: Արարչածին Օրենքը թափանցում, համակում է ամբողջ Տիեզերքը, վերացնում է անխախտ կարգավորվածությունը, այն նաև իրերի ու երևույթների համընդհանուր էությունն է, նրան են ենթարկվում բոլոր դիցերը, մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշները, և առաքինի է այն մարդը, ով գնում է Արարչի նախասահմանված Օրենքի ճանապարհով: Իսկ գնալ օրենքի ճանապարհով՝ նշանակում է կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտքի գիտակցումն ու կատարումն է առաքինության՝ Բարձրագույն Կատարելիության հասնելու կարևոր միջոցը: Առաքինությամբ էլ իրականացվում է Առաքելությունը...>>:

Հատված <<Պապ թագավորը կամ մայրամուտից առաջ>> գրքից,  131-135 էջ, Արծրուն Պեպանյան

Комментариев нет:

Отправить комментарий