20.08.2013

ԴԱՎԻԹԲԵԿՅԱՆ ՈՒԽՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ


Ազգերի պատմությունը գրվում է Ցեղի արյունով և Ոգու տանջանքով, բայց ո՛չ ժողովրդի
քրտինքով ու հացի ժխորով: Եվ գրում են նրանք, որոնք հավիտենականության համար ավելի՛ կենդանի զգացում ունեն, քան՝ անցավորի, լինի դա դժբախտություն թե հաճույքի երանություն:




1920 թվական... 
Հայաստանի առաջին Հանրապետությունն ապրում էր իր վերջին ամիսները. կառավարության «հանճարեղե քաղաքականության արդյունքում՝ երկիրը ներսից կրծող մեծամասնական վարակ, քայքայված, ավելի ստույգ՝ գոյություն չունեցող տնտեսություն, բարոյալքված բանակ՝ բանակ, որի գերագույն հրամանատարությունն այլևս ի զորու չէր, կամ որ միևնույնն է՝ չէր ցանկանում տեր կանգնել բզկտված մեր Հայրենիքի վերջին պատառիկներին: Համատարած հուսալքության այս մթնոլորտում բախտի քմահաճույքին էր թողնվել Զանգեզուրը, ուր գնդապետ Նժդեհի շուրջ համախմբված մի բուռ քաջեր կենաց-մահու կռիվ էին մղում թուրք-թաթարական հորդաներին միացած մեծամասնական զորքերի դեմ: Զանգեզուրին էին հառած ողջ աշխարհի հայության աչքերը, այնտեղ էր որոշվում Հայաստանի ու Հայ տեսակի վաղվա ապագան: Դա գիտեին բոլո՛րը: Բայց դա չէր խանգարում Հանրապետության «իմաստունե կառավարությանը՝ թշնամու բազմահազարանոց հորդաների դեմ միայնակ թողնելու Նժդեհին և իր զինակիցներին: 
Օգոստոսի 25... 
Կապարգողթի բոլոր ծայրերից դեպի Ղափան շարժվող սյունեցիները հոծ խմբերով ժողովվում էին Կավարտի եկեղեցու բակում: 
Դարձյա՛լ խավարով էր պատված Սյունյաց չքնաղ լեռնաշխարհը: Մա՛հն էր շարժվում Սիսական աշխարհի սիրտը տանող նեղլիկ կիրճերով. մահը՝ կարմիր հագած թուրք-թաթարների ատելի տեսքով: Օրհասական էր պահը, իսկ փրկության՝ և ո՛չ մի նշույլ: Դեռ երե՛կ էր, որ հանկարծակի մի արշավանքով Զանգեզուր մտած քաջարի Դրոն, նույնքան անսպասելի նահանջով, բախտի քմահաճույքին թողեց Սյունյաց արյունաքամ արծիվներին՝ հետդարձի ճանապարհին չմոռանալով իր հետ տանել Ղափանի վերջին երկու թնդանոթներն ու թնդանոթաձիգ զինվորների մի ողջ դասակ: Անզորությունից ատամները կրճտացնող Նժդեհին մնում էր միայն զուսպ մերժել՝ Սյունիքը թողնելու և Երևանում ապաքինվելու նրա «հոգատարե առաջարկը: Դեռ երե՛կ էր, որ մեծամասնականների հետ զինադադար կնքած և Զանգեզուրն Ադրբեջանին հանձնելու հետ համակերպված ՀՀ կառավարությունը՝ նույն Դրոյի միջոցով, պահանջեց Նժդեհից՝ չխախտել զինադադարի պայմաններն ու վերցնելով իր բոլոր զինվորներին՝ քաշվել Երևան: Երևանը զինաթափու՛մ էր Սյունիքը: Մենակ էր Կապարգողթը, և նրա ապստամբ որդիներին այլընտրանք չէր տրված. կամ բռնել գաղթի ճամփան, կամ՝ հանձնվել թշնամու ողորմածությանը: Եվ անհնարին կացության մեջ հայտնված սյունեցիները ժողովվում էին Ղափանում: Սպասում էին բոլորը: Ղափանցիների որոշմանն էր սպասում Երևանը՝ հոգեպես զինաթափ: Սպասում էր Մոսկվան՝ օր առաջ սյունեցու դիակի վրայով քեմալականներին միանալու ձգտումով, սպասում էր կարմիր Բաքուն՝ գայլային ախորժակով: Սպասում էր Հայոց վտանգված Ցեղը. կրկին, մեր պատմության այս էլ որերորդ անկյունադարձում, Սյունիքի՛ ձեռքում էր Հայոց ճակատագիրը: Եվ Կավարտը խոսեց: Ի նկատի ունենալով ստեղծված անմխիթար վիճակն ու օրհասական պահը, հաշվի առնելով Երևանից ու Բաքվից ստացված բոլոր առաջարկներն ու պահանջները, գնդապետ Նժդեհի առաջարկով՝ Կապարգողթի ժողովուրդը միահամուռ վճռեց. արհամարհե՛լ Երևանից ստացված «իրատեսականե բոլոր առաջարկներն ու Ղափանն աքցանի մեջ առած կարմիր հորդաների սպառնալիքը, բռունցքվել վճռական, հաղթական պայքարի համար և թրքո-բոլշևիզմի դեմ ելած հուսահատ ջոկատներից կերտել պատմաստեղծ մի ՈՒխտ՝ պատրաստ իր ուսերին կրելու Ցեղին բաժին հասած ծանր փորձությունը: ՈՒխտակիցները Կավարտի եկեղեցում երդվեցին Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի անունով՝ «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչըե: 
Այսպես ծնունդ առավ Դավիթբեկյան ՈՒխտը, որի մարտական միավորները, հայտնի՝ «գայլավաշտերե անվամբ, ամիսներ շարունակ սարսափի մեջ պահեցին թշնամու բազմահազարանոց հորդաներին: 
«Մեզ համար մահ չկա՛- մահ մեր թշնամու՛նե-ահա՛ նշանաբանը Դավիթբեկյան գայլավաշտերի սև պատանքավորների: Արդյունքում, 28 ուխտավորի կյանքի դիմաց՝ 200-ից ավելի, թուրքերից մաքրված և Սյունիքին կցված հայկական գյուղեր, հայ մտավորականության ազատում համայնավարական կացնից, Սյունիքի վերամիավորում Հայաստանին, առանց որի չէին լինի ո՛չ Խորհրդային, և ոչ՝ ներկայիս հանրապետությունները: 
Սա՛ է պատմությունը. հակառակ ամենքի, և ի հեճուկս բացահայտ թե գաղտնի բոլոր թշնամիների, Սյունիքն իր Առաջնորդի գլխավորությամբ հատե՛ց հնարավորի բոլոր սահմանները՝ աշխարհին պարտադրելով հաղթելու և իր հաղթանակով Հայ Տեսակը հավերժացնելու սեփական կամքը:
Եթե պատմաբանները շատ հաճախ սխալվում կամ մեղանչում են արդարության դեմ, Պատմությունը, սակայն, ի վերջո, սրբագրում է բոլոր սխալները՝ վաղ թե ուշ երևան հանելով եղծված ու արժանին չմատուցված դեմքերի ու իրադարձությունների բուն պատկերը: Սակայն, չբացահայտված է մնում երբեմն ամենաէականը՝ այն, որ հարկավոր է ցանկացա՛ծ Տեսակի՝ չկորցնելու համար իր կենսունակությունն ու անցյալից դասեր քաղելու ընդունակությունը:.
«Ինչե՜ր կարող էր անել Տարոնը Նեմրութի վրա, ուր Խորենացին Բե՛լն է թաղել և մեր նոր պատմությունը՝ Սերոբների տիտանացու՛մն արձանագրել: Բայց ժողովրդական բարոյականի ռազմավարությունն այստեղ կոտրե՛ց Ցեղի սուրըե: 
Որքան ողբերգանք, նույնքան էլ ճշմարտություն կա մեծ իմաստասերի այս տողերում: Հայոց աշխարհի ցանկացած անկյունում ստեղծված հերոսականները բավական են՝ մեր Հայրենիքի ամենափոքրիկ հողակտո՛րն անգամ մեծագույն երկրների շարքերին դասելու համար: Սակայն, «ժողովրդական բարոյականիե ռազմավարությունն, ամենավճռական պահերին, համարյա ամենուր կոտրեց Ցեղի սուրը: Ամենուր, բայց ո՛չ Սյունիքում. ինչու՞: 
1700 տարուց ի վեր, անօրինակ մեր առյուծացումները չօգնեցի՛ն մեր Բնօրրանի քարտեզն անխաթար պահելու, չնպաստեցի՛ն մեր պետականության վերակերտմանն ու զորացմանը, և հպարտությունից բացի, մեր սրտերում թողեցին նաև տառապանքի ցավ, տխուր մի կարոտ, խաբվածի ու լքվածի անսփոփ մի զգացում: Ինչու՞: Որտե՞ղ, աշխարհի ո՞ր անկյունում մարդը կարողացավ այնպես առյուծանալ, ինչպես հայն՝ իր Հայրենիքում: Մեր Հայրենիքի ո՞ր անկյունում Վահագնապաշտության բոցն այդքան ուժգին եղավ, որքան Տարոնում: Որտե՞ղ է ապա գաղտնիքն այն բանի, որ պետականություն չտվեցին մեր հերոսականները, և իր բնատարածքում այլևս չվերականգնվեց հայրենի մեր պետությունը: 
Եվ վերջապես, ինչու՞ օրհասական ժամին Սյունիքում երբե՛ք չհաղթեց «հացի բարոյականիե ռազմավարությունը, և այստեղից ծնված մեր բոլոր պոռթկումները տվեցին ցանկալի արդյունքներ: 
Գաղտնիքը միայն այս կամ այն երկրամասի աշխարհագրական դիրքի կամ նրա երկրաբանական ուժականության մեջ չէ, և ոչ էլ՝ նրա ծնունդ տված բնիկների ռազմատենչության ու հայրենասիրության, նրա տված սերունդների հերոսական պատմության: Հայկական բարձրավանդակն հնուց ի վեր հայտնի է հրաբխածնունդ իր բոլոր «աշխարհներիե արի ու պատվախնդիր բնակիչներով: Այս ամենն, իրականում, ոչի՛նչ են, եթե չեն իմաստավորվում մեկ ամբողջական խորհուրդի մեջ:
Ճանաչել սեփական բնությունը, միաձուլվել նրան, օգտվել նրա աստվածատուր հնարավորություններից... Ճանաչել սեփական Ցեղը, նրա պատմությունն ու մշակույթը, հավատալ նրա ամենազոր ուժին, պաշտել այն, ու ձգտել գերազանցել այդ Ցեղը բարձրացրած մեծագործ նախնիներին... 
Միայն կատարյալ առաջնորդը՝ նա, ում մեջ ներդաշնակված են հայրենի բնության ու հարազատ Ցեղի կերպատու գծերը, միայն նա՛ կարող է առողջ Նպատակ դնել իրեն վստահված ազգի պայքարում և հասնել այդ նպատակին: Հետքրիստոնեական Հայաստանում, պետականության կորստից հետո, Հայոց և ոչ մի գավառ ծնունդ չտվե՛ց նման առաջնորդների՝ բացառությամբ Սյունիքի: Պատահականությու՞ն է դա, թե՞ պատմական ծանր պահից բխած անհրաժեշտություն: Պատահականություններին՝ պատմության մեջ, մենք չե՛նք հավատում, իսկ ծանր ու օրհասական պահեր, երբ մեկեն զարթնել է Ցեղային առողջ բնազդը հայի մեջ՝ եղել են ամենու՛ր: Միայն թե, այդ բնազդն ի վերջո տեղի է տվել ճղճիմ շահարկումներին: Միայն՝ ո՛չ Սյունիքում.
4-րդ դարում Սյունյաց իշխա՛նն էր, որ բովանդակ Հայաստանում, հայոց արքային հասցված անպատվությունը ջնջեց մեկ հարվածով՝ իր 1700 քաջերի անօրինակ երթով գրավելով ու ավերելով աշխարհասասան Տիզբոնը: Գիտե՛ր, որ դրա համար հատուցելու է սեփական իշխանության կորստով ու հարազատ գավառի ավերումով: Գիտեր, բայց գնա՛ց այդ քայլին, որովհետև Ցեղին հասցված վիրավորա՛նքն է, որ պիտի ջնջվեր: Հայոց արքայի տմարդի գերությունն ապտակ էր Հայ Ցեղի՛ն, և Սյունիքն այդ ապտակին պատասխանեց առավել ուժգի՛ն մի հարվածով: 
Իր մի քանի տասնյակ զինվորներով Հայրենիք վերադարձած Դավիթ Բե՛կն էր, որ հայոց հինգդարյա նվաստ գոյությունը ցնցեց՝ առաջին անգամ թուրքի սեխագլխի վրա չափելով հայ սրի զորությունը: Եվ Սյունիքը դարձավ հայոց պետականության վեհակերտ մի ամրոց: Հաղթեց, որովհետև իրեն վստահված շարժումը չտարա՛վ մանր սակարկությունների գնով՝ հեշտ կյանք ապահովելու ճանապարհով, այլ՝ անկախ պետականություն կերտելու՛ նպատակով: 
«Հիշի՛ր Դավիթ Բեկինե, «Մեզ հետ է աստված և Դավիթ Բեկի վրիժակ հոգի՛նե, «Հանուն Հայրենիքի՝ Դավիթբեկաբա՛րե,- այս երեք նշանաբաններն իրենց մեջ ամփոփում են Լեռնահայաստանի հաղթական հերոսականի ողջ գաղտնիքը: Նժդեհին հաջողվեց իրեն վստահված ցեղամարտում ներգրավել Սյունյաց ահարկու բնությունն ու նրա տված մեծ նախնիների անմեռ ոգին: Դավիթ Բե՛կն էր կռվում նժդեհյան յուրաքանչյուր զինվորի կողքին. ահա՛ պատճառը նրա անօրինակ քաջության: Դավիթ Բեկի վեհ Նպատա՛կն էր նստած Սյունյաց ողջ ժողովրդի սրտում. ահա թե ինչու՝ մեկ անգամ ևս, հաղթանակո՛վ պսակվեց Սյունեցու՝ մինչև վերջ Հայաստանինը լինելու համար մղվող պայքարը: Լսենք իրեն՝ Մեծ Սպարապետին.
«Ի՛նչ խոսք, որ մի սյունեցի, մի նոր Մելիք Ֆրանգյուլ կարող էր տկարանալ, վաճառվել, դավաճանել: Սյունիքը՝ երբե՛ք: Նա միշտ էլ եղել է հավատարի՛մ իր Ցեղին- հայոց պատմությու՛նը վկա: Մի վսեմ փառասիրությամբ, նա պատնեշի վրա մնաց և այն օրերին, երբ իր ճակատագրի ղեկավարությունը հանձնված էր ինձ: Փա՛ռք իրենե:
Այսպես միայն, իրեն ծնող, իրեն վստահված երկրամասի՝ «Հայոց աշխարհագրական թոքերիե խորհուրդներն հասկանալով ու իր մեջ կրելով, Նժդեհին հաջողվեց դրանք դարձնել միաժամանակ յուրաքանչյուր սյունեցու սեփականությունն և հասնել նրան, ինչ անհնարի՛ն էր թվում շրջապատին, հասնել նրան, որ «Սյունիքը Հայոց պատմության և Հայաստանի համար կատարի այն, ինչ որ կատարե՛ցե:
Հերթական անգամ կբոլորվի Հայոց ապագան կերտած Դավիթբեկյան ՈՒխտի պատմական տարելիցը: Եվ նժդեհյան ահարկու գայլավաշտերին արժանիորեն տուրք տվող յուրաքանչյուր հայորդի այդ օրը կհամարի իրե՛նը: Լեռնահայաստանի հաղթական հերոսականով հպարտանալու և նրա պատմությունը սերունդներին կտակելու իրավունքն ու պարտականությունը մենք ունե՛նք: Սակայն, փորձենք վերծանել նաև այդ պատմության խորհուրդները.
«Հանուն Հայրենիքի՝ Դավիթբեկաբա՛րե- ահա՛ այն բանալին, որ փոխանցեց Լեռնահայաստանի սպարապետն իր սերունդներին՝ հասկանալու համար կատարվածի ողջ իմաստը.
Հայրենիքներն հավերժանում են ո՛չ միայն իրենց զավակների քաջության, այլև՝ նրանց առջև դրված Նպատակի մեծությա՛ն շնորհիվ: Պատմություն են կերտում ա՛յն ազգերը, որոնց առաջնորդներն իրենց զինվորների սրտում ապահովում են Ցեղի մեծագործ նախնիների առկայությունը: Եվ իրական հաղթանակները ձեռք են բերվում ա՛յն դեպքում, երբ Ցեղի ու Հայրենիքի հավերժացման համար մարտի ելած զինվորը նախընտրում է «մեռնել, բայց չտեսնե՛լ Հայրենիքը պարտվածե, երբ նրան առաջնորդողը ո՛չ միայն հայրենասիրությունն է, այլ՝ Հայրենիքի համար գործելու և մեռնելու ՈՒ՛խտը: Եվ վերջապես, ա՛յն ազգն է միայն հավերժ, որի առաջնորդները գիտեն «աստվածաբանությունից ռազմարվեստ բխեցնել, բարոյականով քաղաքականություն հիմնավորել և հավիտենականությամբ՝ նպատա՛կ օծելե: Վկան՝ Դավիթ Բեկի պատմաստեղծ գործը: Վկան՝ Լեռնահայաստանի Դավիթբեկյան ՈՒխտն ու Սյունյաց աշխարհի հավերժ անընկճելի կամքը՝ Հայաստանինը լինելու: Վկան՝ Հայոց ո՛ղջ պատմությունը:




Գևորգ Հովհաննիսյան


Комментариев нет:

Отправить комментарий