Սյունյաց տերերի նախապատիվ գահակալությունն՝ այս մոխրի հետ թող ցած թափվի, այնպես էլ՝ նրանց կյանքն ու մտադրությունները...1
Շապուհ արքայի հրամանով յուրաքանչյուր ոք՝ ով մտնում էր արքունի պալատ, պետք է ծեծեր այնտեղ դրված մոխրով լի սանդը և պարտադիր արտասաներ նզովքի այս խոսքերը: Արքայի երկարատև կյանքի ընթացքում դեռ ոչ ոք չէր կարողացել անարգանքի ու անպատվության այնպիսի հարված հասցնել իրեն, ինչպես դա համարձակվեց անել Սյունյաց նահապետ Անդովկը:
Երեսուն տարուց ի վեր, Անդովկի մասին ակնարկն անգամ ցասում էր արթնացնում արքայի սրտում: Անդովկը շատ է խանգարել արքային: Հպարտ Սյունեցին խելացի էր, իմաստուն մի այր, տաղանդաշատ ու արի մի զորավար, որի նմաններին քիչ էր տեսել Շապուհը: Հիմա Անդովկն, ըստ երևույթին, ընկճված էր, և դա ուրախացնում էր Շապուհին: Փակված Սյունիքում, կորցրած դարերով ժառանգած դիրքն ու բարձը հայոց Գահնամակում, իշխանը չէր կարողանում անգամ օգնել պաշարման մեջ գտնվող դստերը: Շապուհին ինչ, թե Զիկին ու Կարենին դիմագրավող փոքրաթիվ հեծելազորայինները Անդովկի քաջերն են: Դրանք քիչ են, աննշան՝ իր ահռելի բանակի դիմաց: Շապուհը հանգիստ էր: Ու չգիտես, թե ինչու, որ Չարքի դրդմամբ, հանկարծ պայթեց պատերազմի լուրը. խազարները, անցնելով Ճորա Պահակը, ներխուժել են Պարսկաստան2: Անսպասելի էր դա արքայի համար. սովորաբար, այս վաչկատունները միշտ էլ օգտվել են պարսից արքաների պարտություններից՝ անպատիժ ասպատակությամբ հեղեղելով Պարսկաստանը: Բայց հիմա, երբ հնազանդեցված են ինքնիշխանության ձգտող բոլոր ցեղերը, երբ ծնկի է բերված անգամ քուշանաց հզոր իշխանությունը, երբ նվաճվում է երեկվա հզոր Հայքը... Այո, սա անսպասելի էր արքայի համար: Առավել վրդովվեցուցիչ էր, որ քոչվորների հարձակումը համընկավ Արտագերսի տակ իր երկու ապիկար զորավարների խայտառակ պարտությանը: Շապուհը շտապ զորք է հավաքում: Հայաստանում ոչնչացած բանակի մնացորդները քիչ էին ավարառուներին դիմագրավելու համար: Շապուհը զորք էր պահանջում բոլոր հպատակներից: Ուղարկեցին բոլորը: Պարսից հսկայական տերության բոլոր անկյուններից իրենց գնդերն էին առաջնորդում Շապուհի մոտ տարբեր ազգերի իշխաններն ու ցեղապետները. Զորահավաք էր, և բոլորը շտապում էին իրենց լավագույնս դրսևորել նրա առջև՝ խազարների դեմ կռվին: Հայոց օրհասական այդ ժամին, երբ Փառանձեմ թագուհին փոքրիկ ջոկատներին համալրում էր փնտրում հայ իշխաններից, Հայքում ծվարած նախարարներն իրենց գնդերն ուղարկեցին Շապուհին: Ժամանակավորապես թողած Հայաստանը նվաճելու խնդիրը՝ Շապուհը շտապեց խազարներին ընդառաջ:
Զինվոր չուղարկեց միայն Անդովկը: Սյունյաց իշխանն անգամ չպատասխանեց իր զորքով ներկայանալու՝ Շապուհի պահանջին: Ընդհանրապես, Տիկին Փառանձեմի համար խիստ նպաստավոր այս ասպատակությունն այնքան էլ անսպասելի չէր Անդովկի համար: Եթե նկատի ունենանք, որ հնուց ի վեր Սիսական ու Աղվանից իշխանությունները սերտ կապերի մեջ էին Ճորա պահակից այն կողմ բնակվող ցեղապետների հետ, նաև հաշվի առնելով Անդովկի հռչակն ու պատիվը, ապա այնքան էլ դժվար չի լինի հասկանալ, թե ում էր հատ-կապես ձեռնտու խազարների արշավանքը: Այս ցեղերը պատրաստ էին՝ ոչ քիչ գումարների դիմաց, ցանկացած պահի անցնելու Ճորա Պահակը:
Անդովկ իշխանը, որ ողջ կյանքն էր դրել հայոց գահի ամրության համար, հիմա տեսնում էր այդ գահի կործանումը: Պատանեկան տարիներից սուրը ձեռքից դեն չգցած իշխանն անցել էր ճակատագրի բոլոր փորձությունները, ու միշտ էլ քաղաքական, ռազմական ցանկացած դժվարության ժամանակ՝ մեն-մենակ ստանձնել էր երկրի հանդեպ պատասխանատվությունը: Անդովկը հայոց պետության զինվորն էր, քուրմը և իշխանը՝ միաժամանակ: Անդովկը միշտ էլ այնտեղ էր, որտեղ վճռվում էր հայոց բախտը: Իշխանից ազդվում էին բոլորը: Նրան չէին սիրում եկեղեցականները. ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Սյունիքի լեռներում ծաղկում ու հարատևում է հայոց հին հավատքը, որ իշխանը քամահրում է կանացիազգեստներին: Բոլորին էր երկրում հայտնի Անդովկի վաղեմի ընկերությունը՝ հանուն արքայի ու պետության ոչ մեկ անգամ Գրիգորի տոհմի դեմ ծառացած Հայր Մարդպետի հետ բոլորին էր հայտնի նրա անսահման նվիրվածությունն ու պաշտամունքի հասնող հարգանքը Հայոց Թագի հանդեպ: Շատերն էին հիշում Հուսիկի գանահարումը Բնաբերդում, Գրիգոր պարթևի աշակերտ Դանիելի մահը՝ դաժան, բայց արդարացի: Շատերն էին հիշում դավաճան նախարարների պատիժներն ու ոչ մեկ անգամ հայոց պաշտպանության գործն ուսերին վերցրած իշխանի սխրանքները. Անդովկը միշտ էլ արքաների կողքին էր՝ նրանց պաշտպանության առաջին դիրքերում: Նա այն հազվագյուտ այրերից էր, որոնց սոսկ ներկայությունը ուժ ու համարձակություն է տալիս զորքին, արքային, ազգին: Անդովկը հզոր էր, քաջ և իմաստուն, հպարտ ու պատվախնդիր: Նախնյաց հավատքով ու արժեքներով էլ դաստիարակել էր դստերը՝ Փառանձեմ թագուհուն: Արքայի կամքով, դաստիարակում ու կրթում էր նաև գահաժառանգ Պապին: Անդովկը, որ ջանք ու եռանդ չխնայեց Արշակի գահակալության համար, հիմա՝ արքայի Տիզբոն մեկնելուց հետո, այն միակ ազնվականն էր, ով քնում ու զարթնում էր Ցեղին հասցրած անարգանքի ամոթը վերացնելու մտքով: Մինչ եկեղեցու հայրերի գլխավորությամբ հայոց մեծ ու փոքր նախարարական տները զբաղված էին տերեր փնտրելով, Սյունյաց իշխանն, սրտում անշեջ պահած արքայի ու փեսայի կորստյան ցավը, միայնակ էր մնացել:
Անդովկը Սիսական Գնդից առանձնացրեց 1700 ընտիր հեծելազորային և մտավ Պարսկաստան: Հասնելով Տիզբոնի մատույցներին, գունդը թողնում է ծածուկ մի տեղ, փոքրիկ ջոկատով մոտենում պարիսպներին: Իմանալով, որ Սիսական Անդովկն է, որը գնում է Շապուհին օգնության, պահակազորն ուրախությամբ ներս է թողնում Սյունյաց ջոկատին: Գիշերը սպանվում են գլխավոր դարբասները հսկող պահակները, բացվում են քաղաքի դռները, և հռչակավոր Սիսական գունդը մտնում է արքայանիստ քաղաք: Տիզբոնը հայերի ձեռքում էր: Անդովկի հրամանով ավերվում են Շապուհի պալատն ու ազնվական թաղամասը, իշխանների տներն ու միջնաբերդը: Պալատից դուրս են հանում արքայական գանձարանը: Այն ամենը, ինչ հիշեցրել է Սասանյանների փառքն ու հզորությունը՝ բարձում են քաղաքից հավաքված գրաստների վրա: Հսկայական քարավանը, Սիսական գնդի ուղեկցությամբ, շարժվում է դեպի Հայք3: Տիզբոնն ավերված էր ու անարգված: Շապուհը նման անպատվություն դեռ չէր ստացել: Այն, ինչ չկարողացան անել հռոմեական լեգեոնները, արեց Անդովկը՝ մի բուռ քաջերով: Պարսից արքաների փառքն ու պատիվն էր, որ Տիզբոնի գանձերի հետ միասին Անդովկը թաղեց Ծղուկ գավառում՝ Շաղատի վանքի նկուղներում ու թաքնարաններում, հրամայելով վանքը ծածկել հողի տակ: Անդովկը գիտեր, թե ինչ է սպասվում իրեն: Բայց նա գնաց այդ քայլին, որովհետև պետք էր ցույց տալ Շապուհին, որ հայոց արքայի տմարդի գերեվարումը չի ներվում երբեք, որ Հայոց հողում միշտ էլ կան ու մնալու են հրաշքի ընդունակ արի զինվորներ, որ ստորաքարշությամբ պարսից արքայի ոտքերն համբուրող նախարարները չեն հայոց տերերը, այլ մի բուռ այս քաջերը, որոնք ամեն պահի ընդունակ են պատժել ազգի արժանապատվությունը ոտնահարողին:
Անդովկը գիտեր, որ Շապուհը երբեք չի ների իրեն, և պատրաստվում էր նրան դիմավորելու: Նրա հրամանով Սյունիքի գավառներից Բաղաբերդում հավաքվեցին սննդի, ռազմամթերքի բոլոր պաշարները: Այրվեց ու ավերվեց այն ամենն, ինչ կարող էր պարսից բանակին ծառայել. Սյունիքն ամայացավ: Սյունեցիները լքեցին իրենց բնակավայրերն ու Անդովկի հրամանով անցան հարևան նահանգներ: Շապուհին սպասում էին ամայի ու անմարդաբնակ բնակավայրերն ու մի բուռ զինվորներ՝ փակված Բաղաբերդ անառիկ ամրոցում...
369թ. աշնանը գազազած Շապուհի բանակը մի քանի ուղղություններով մտավ Հայաստան: Պարսից զորքերն իրար հետևից գրավելով ու ավարառելով հայոց բնակավայրերը, տարբեր կողմերից մոտենում էին արքունի Ոստանին ու Սյունիքին: Գրավվեց Տիգրանակերտը, որի պարիսպների տակ, ոչ շատ վաղուց, Անդովկը սարսափելի ջարդ էր տվել Շապուհին: Գերեվարելով քաղաքների ու բերդերի բնակիչներին՝ արքան հրամայում էր կոտորել բոլոր սյունեցիներին, որոնք ցրված հայոց բերդերում՝ կանգնած էին դրանց պաշտպանության առաջին դիրքերում: Ամենուր, որտեղով անցնում էին պարսից զորքերը՝ հանդիպում էին Անդովկի զինվորների կատաղի դիմադրությանը: Պարսից հսկայական զորաբանակը մտավ Սյունիք: Ավերված բնակավայրերն ու ամայի գավառները չարագույժ լռությամբ էին դիմավորում թալանի ու ավարառության եկած զինվորներին: Բաղաբերդը պաշարվեց:
Ամրոցը գրավել հնարավոր էր միայն բնակիչներին սովի մատնելով: Սակայն Անդովկը ամբողջ նահանգի պաշարներն էր հավաքել այստեղ: Մինչդեռ, պարսից բանակը սոված էր. շուրջ բոլորն ամայի տարածքներ էին, և այդ ահռելի զորքին կերակրելու համար չկար ոչինչ: Երեք հզոր հարձակում եղավ ամրոցի դեմ: Երեք անգամ էլ Անդովկը սարսափելի ջարդ տվեց Շապուհի զորքին: Սպանվեց նաև սպարապետը: Զորավարների խնդրանքով Շապուհը հրամայեց թողնել Սյունիքը4: Բաղաբերդի պատերի տակ տված հսկայական կորուստներ, թողած Սասանյանների հարստությունն ու փառքը՝ այդպես էլ Անդովկին պարտության չմատնած պարսիկները շարժվեցին դեպի Ոստան. այնտեղ էին Անդովկի դուստրն ու թոռը՝ հայոց թագուհին և գահաժառանգը:
Ըստ Ամմիանոսի` Արտագերսի առաջին պաշարման արդյունքում ջախջախելով պարսից զորքերին, Փառանձեմը հասցրեց Բյուզանդիա ուղարկել Պապ արքայորդուն5: Այն, որ Պապն իրոք եղել է Բյուզանդիայում՝ վկայում են նաև հայ պատմիչները, թեպետ փոքր ինչ աղավաղելով փաստերն ու ժամանակը: Պապին ապահով Բյուզանդիա ուղարկել հնարա-վոր էր միայն ազատության մի քանի ամիսների ընթացքում, որ Փառանձեմին տրվել էր առաջին հաղթանակից հետո: Այդ ամիսները նա օգտագործեց համալրելու համար զորքը և պաշարները, ուժեղացրեց Այրարատի Դարույնք ամրոցի պաշտպանությունը, ուր Արշակը պահ էր տվել գանձարանի պատկառելի մասը: Հերոս թագուհին օրհասական այդ ժամին մտածում էր հայոց պետության վաղվա մասին:
Պարսից բանակի անհաջող գրոհներից հետո Անդովկն անցնում է Բյուզանդիա6: Նա գիտեր, որ քանի ողջ է Շապուհը, իր տոհմն այլևս չի կարող հանգիստ ապրել Հայքում, որ քանի Հայքում է Շապուհը միշտ էլ փնտրելու է իր գանձերն ու ամեն հարմար առիթով ասպատակելու է Սյունիքը: Անդովկը պետք է մեկներ: Նրա և Պապ արքայորդու Հայքից դուրս գալու դրդապատճառների ու ժամանակի մեջ մեծ կապ կա: Ժամանակագրորեն դրանք համընկնում են: Թողնելով պարսից արքունիքից բերված ողջ հարստությունը Շաղատի վանքի գաղտնարաններում՝ Անդովկը վերցնելով որդուն անցնում է դստեր՝ Փառանձեմ թագուհու մոտ: Իշխանը չէր կարող հենց այնպես հեռանալ, երբ հայոց թագուհին իր օգնության կարիքն էր զգում: Ողջ կյանքը հայոց պետականությանը նվիրաբերած հպարտ իշխանը չէր կարող հիմա լքել ծանր դրության մեջ գտնվող դստերը: Բայց թագուհու կամքն այլ էր. Պապ արքայորդին պետք է անվտանգ մեկներ Բյուզանդիա՝ Շապուհի ձեռքը չընկնելու համար: Հայոց թագուհին Անդովկից բացի ուրիշ ոչ ոքի չէր կարող վստահել որդու ճակատագիրը: Եվ Անդովկը մեկնեց: Հետն առնելով Պապին ու Բաբիկին՝ որդուն, Սյունյաց վեհաշուք նահապետն ընդմիշտ հեռացավ Հայոց աշխարհից:
1Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի Պատմություն:
2Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից, Գիրք Բ., Ա.:
3Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից, Գիրք Բ., Ա.
4Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից, Գիրք Բ., Ա.
5Մանանդյան Հ., Երկեր, հտ. Բ, էջ 196:
6Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից, Գիրք Բ., Ա.
Գևորգ Հովհաննիսյան, <<ՀԱՅՈՑ ՏԵՐԵՐԸ>> գրքից հատվածներ
Комментариев нет:
Отправить комментарий