ՄԱԿԱՐԱՎԱՆՔ |
Իշխանատան հիմնադիրը Զաքարեի որդի Սարգիսն էր: Այս Սարգիսը, որ հիշվում է Սարգիս Մեծ անունով, թերևս մեծ էր նախևառաջ որպես քաղաքական գործիչ, դիվանագետ: Իր ժամանակի քաջ ու արժանավոր Հայազգի իշխաններից այս Սարգիսն էր, որ հասկացավ հայ-վրացական զինակցության ուժն ու անհրաժեշտությունը և իր որդիների ու եղբոր քաղաքական կողմնորոշումը դարձրեց անկախ Վրաստանի հզորացումը, այդ երկրում հայերի արտոնյալ վիճակի ապահովումը, հայազգի իշխանների զինական ուժերի համախմբումն ու հայկական առանձին բանակի ստեղծումը վրացական զորքի կազմում, որի հրամանատարն էլ դարձավ ինքը: Նա առաջինն էր, որ դարձավ նաև Հայ-վրացական բանակի ամիրսպասալարը (գլխավոր հրամանատարը): Նրա որիդիները՝ Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն, շարունակեցին հոր սկսած գործը և ի կատար ածեցին հայ ժողովրդի երազանքը, շուրջ երկու տասնամյակում թուրք-սելջուկներից ամբողջովին մաքրեցին Բագրատույնաց Անի-Շիրակի, Կարսի, Ձորագետի թագավորությունների, Սյունյաց իշխանության հողերը և այդ տարածքում ստեղծեցին իրենց իշխանապետությունը:
Զաքարյանները փոքրիկ կալվածքներ ունեին Հյուսիսային Հայաստանում՝ Տաշիր-Ձորագետում: Հաղարծինի եկեղեցու արձանագրության մեջ Իվանե Ա-ն հայտարարում է, որ իրենք սերում են Բագրատունիներից: Հայտնի է, որ նրանց մայրը Թիֆլիսի ամիրա, Մահկանաբերդի իշխանաց իշխան Քուրդ Արծրունու քույր Սահակադուխտն է: Այս էլ հաստատված է ժամանակի հիշատակություններով, արձանագրություններով, ինչպես նաև Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի՝ Անբերդի արաբատառ արձանագրության մեջ:
ԳԵՂԱՐԴ |
Անսահմանափակ էր Զաքարյանների իշխանությունը: Եվ, իրավամբ, ժամանակակիցները նրանց անվանել էին ինքնիշխան տերեր, թագավորներ:
Հայոց պատմության մեջ մշակույթի, տնտեսության, շինարարական արվեստի ոսկե դար կարելի է կոչել Զաքարյանների իշխանապետության այս շրջանը, որ նախորդեց 1236 թվականի մոնղոլական արշավանքներին: Կառուցվեցին հարյուրավոր հոյակերտ եկեղեցիներ, անառիկ բերդեր, պալատներ, գրվեցին ու նկարազարդվեցին հազարավոր բարձրարժեք ձեռագրեր, բացվեցին դպրոցներ ու բարձր տիպի դպրանոցներ, համալսարաններ:
Զաքարյան տան ներկայացուցիչները մոնղոլական գերիշխանության հաստատումից հետո էլ գերագահ դեր ունեին հայ-վրացական իշխանների վրա, զբաղեցնում էին պետության բարձր պաշտոններ (աթաբեկ-թագավորահայր, ամիրսապասալար-գլխավոր հրամանատար, մսախուրթուխուցես-արքունի մեծ վեզիր):
Հետաքրքիր զարգացում է ապրել Զաքարյանների զինանշային պատկերագրությունը: Այս տոհմի Վահրամյան ճյուղի զինանշանը թևաբաց, ճանկերով աղվես բռնած արծիվ է, ինչպես նաև՝ զույգ առյուծները: Իսկ ահա Զաքարյանների մյուս տները՝ Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի տոհմերը, զինանշանների պատկերագարությամբ հաստատելով Բագրատունիների իրավահաջորդ լինելը, իրենց կառույցների վրա որպես զինանշան փորագրել են նաև առյուծներ:
Արծվի պատկերով զինանշանի վաղագույն օրինակը քանդակված է Սանահինի՝ Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի կողմից 1198 թվականին կառուցված տոհմական դամբարանի մուտքի բարավորին: Արծիվները քանդակված են խաչի երկու կողմերի հավերժության վարդյակների վրա կանգնած, կողքից, գլխով իրար դարձած: Թռչունների մարմնի մանրամասները ժամանակի ընթացքում որոշ չափով մաշվել են և երբեմն շփոթում են աղավնիների հետ:
1215 թվականին Իվանե Ա-ի միջոցներով և հովանավորությամբ կառուցված Գեղարդի գլխավոր եկեղեցու հարավային մուտքի բարավորի երկու կողմերում փորագրված են դեմ-դիմաց կանգնած արծիվներ (ինչպես Զաքարյանների տոհմական դամբարանում): Այստեղ արծիվները ոչ թե իրար, այլ դիտողներին են նայում:
ՄԱԿԱՐԱՎԱՆՔ |
Արծվի լողապատկերով զինանշանների դիտարկված օրինակներին հակառակ՝ Զաքարյան տոհմի ներկայացուցիչները կիրառել են նաև արծվի այլ պատկերաձևեր:
Դրանցից մեկը գտնվում է Գեղարդի մեծ եկեղեցու թմբուկի արևելյան կամարաղեղի վերնամասում: Պատկերված է մագիլներով կենդանու ողնաշարից բռնած արծիվ: Թռչունը պատկերված է դիմահայաց, հենված է հզոր պոչի վրա: Կուրծքը վերնամասում վահանաձև է, լիքը, թևերը բացված դիրքով են՝ հոդամասում հատուկ ձևավորմամբ, թևերը և պոչը իրականացված են խոր ակոսներով: Գլուխը կլորավուն է, հզոր կտուցով և տիրական հայացքով: Կրծքի գրեթե կենտրոնից իջնող ոտքերի ճանկերով ամուր բռնել է գլխով դեպի աջ դարձած կատվազգիների ընտանիքին պատկանող կենդանու (հավանաբար՝ հովազի կամ վագրի), որը ցավից կծկել է ոտքերը:
Ազատագրված Անին դարձավ ոչ միայն Զաքարե Բ-ի տան, այլև ամբողջ իշխանապետության մայրաքաղաքը: Հավանաբար, հենց Զաքարե Բ-ի օրոք, 13-րդ դարի սկզբներին, քաղաքի պարսպի մեջ ագուցվել է նոր իշխանատոհմի՝ Զաքարյանների զինանշանը: Մեզ հասած լուսապատկերներից կարելի է եզրակացնել, որ արծիվը հիմնականում կրկնել է Գեղարդի թմբուկի պատկերաքանդակը: Արծիվը թևաբաց է, լիքը կրծքով, ցավոք, գլուխը կոտրված է: Հզոր ոտքերով կանգնած է ինչ-որ կենդանու վրա, որի ինչ լինելը դժվար է պարզել: Գերված, բռնադառված Անիի այս նշխարհն էր, հավանաբար, զոհ է գնացել թուրքերին:
ԳԵՂԱՐԴ |
Զաքարյանների առյուծապատկերով վաղագույն զինանշանը փորագրվել է Մակարավանքի փոքր եկեղեցու արտաքին պատին: Եկեղեցին 1198 թվականին կառուցել է վանքի վանահայր Հովհաննես Ա-ն:
Մակարավանքի առյուծներով զինանշանը փորագրված է պատուհանի պսակի վերնամասում: Դեմ-դիմաց պատկերված են առյուծներ: Նրանք հետևի ոտքերով հենված են պսակի հորիզոնական հատվածներին, առջևի մեկական ոտքերը հենել են պսակի աղեղնաձև պարակալին, իսկ մյուս զույգ ոտքերով՝ <<ձռեք սեղմել>>: Առյուծները դեմքով դարձած են դիտողին: Աջակողմյան առյուծի պոչը գտնվում է ոտքերի արանքում, ձախակողմյանինը՝ սովորական դիրքով կախ է ընկած գետնին:
Կենդանիների դեմքերը, իշխանատենչ աչքերը լավ մշակված են: Այստեղ անվերապահորեն պատկերված են Զաքարյան երկու եղբայրները՝ Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն: Այդ թվականներին նրանք ձեռք-ձեռքի սկսեցին հայկական հողերի ազատագրության գործը:
Մեկ տասնամյակ անց, Իվանե Ա-ի իշխանության տարածքում օգտագործման դրվեց առյուծի և ցուլի պատկերագրությամբ նոր զինանշան: Մեզ հայտնի են երկու օրինակ. մեկը՝ Մակարավանքի գավթից, մյուսը՝ Գեղարդի գլխավոր եկեղեցուց: Երկու քանդակներն էլ իրենց ժամանակաշրջանով համընկնում են. Գեղարդի եկեղեցու կառուցումն ավարտվել է 1215 թվականին, Մակարավանքի գավիթը կառուցվել է 1210-1220 - ական թվականներին:
Գեղարդում զինանշանը տեղակայված է գլխավոր եկեղեցու հարավային ճակատի պատուհանի վերնամասում: Առյուծը առջևի ոտքերով հենված է գլխով դեպի իրեն դարձած ցուլի մեջքին: Երկու կենդանիներն էլ դեմքով նայում են դիտողին: Թեև կենդանիների մարմնի մանրամասներն ընգծված չեն, բայց բարձրաքանդակներն իրականացված են ճշմարտացի և բավականին ազդեցիկ տեսք ունեն:
ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ ՍԱՆԱՀԻՆՈՒՄ |
Այս երկու զինանշաններում մեկ առյուծի հանդես գալն ակներևորեն հաստատում է, որ իշխանության այդ հատվածը պատկանում է Իվանե Ա-ի տանը:
Անվերապահորեն զինանշանային բնույթ ունի նաև Հաղարծինի գլխավոր եկեղեցու հարավային ճակատի առյուծի բարձրաքանդակը: Կենդանին պատկերված է կողքից, դեմքով շրջված է դեպի դիտողը, պոչը ոտքերի արանքում է: Թեև գլուխը հողմնահարված է, բայց տիրական արտահայտություն ունի: Ընդհանուր առմամբ՝ հիշեցնում է մակարավանքի զույգ առյուծներից ձախակողմյանին: Գլխավոր եկեղեցին, ըստ մուտքի բարավորի արձանագրության, կառուցվել է 1281 թվականին: Զինանշանը պատկանում է Իվանե Ա-ի հաջորդներին:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 44-50, Տիգրան Հայազն
Комментариев нет:
Отправить комментарий