21.01.2013

ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ (ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ)


Ազգերի կյանքը ժամանակաշրջաններ ունի, երբ որդիները հարկադրաբար իրենց հայրերի դաստիարակիչը կհանդիսանան: Նման մի ժամանակաշրջան է ապրում օրվա հայությունը: Երբեք, հա՛յ երիտասարդություն, մեր ազգն ու ազգայնությունը այնքան լրջորեն վտանգված չի եղել, որքան այսօր: Ինչպես և երբեք մեր ժողովուրդն այն աստիճան պառակտված ու տկարացած չի եղել, ինչպես այժմ: Քո ժողովուրդը բաց աչքերով աշխատում է իր մահացու թշնամիների համար. կատարում ամեն ինչ, որ գալիք աղետը՝ թրքական վտանգը, որ դամոկլյան սրի նման կախված է իր գլխին, որ վաղվա աղետը լինի անչափելիորեն մեծ, անդիմագրավելի և անդարմանալի, որ դա լինի <<իններորդ ալիքը>> մեզ համար: Մենք պառակտված ենք:
Իսկ նման ժողովուրդը նվազ է ուշադրություն դարձնում արտաքին իրական, թե հավանական վտանգի վրա: Հայության հայացքն ուղղված չէ արտաքին թշնամուն, որ հարկադրված լինի չափավորելու կամ ի սպառ արգելելու ներքին տարակարծությունները: Երբ ազգերը այսօր կեռան հոգով, գիտության նորագույն զենքերով իրենց միտքն ու բազուկը կզինեն՝ ցեղամիջյան անողոք պայքարում հաղթանակելու կամ հաջողությամբ դիմագրավելու համար, հայությունը շարունակում է կորովաթափ լինել ներքին անփառունակ ճակատների վրա, նա պատրաստվում է վաղվա մահաբեր պարտության համար: Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը կարծես արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և կցուցադրեն մահվան դատապարտված հոգեբանություն: Սրանք արևելյան ճակատագրապաշտությամբ ամեն ինչ թողել են բախտի կամքին և անհանգստանալու պատճառ չունեն: Կան և այնպիսիները, որոնք կուզեն և՛ անկախ Հայրենիք ունենալ, և՛ վաղը պարտված տեսնել արտաքին թշնամուն, բայց նախապատրաստվելու փոխարեն կխոսեն ու կգրեն միայն: Եվ գրեթե բոլորն էլ կշարունակեն զարմանալ միամտորեն, թե ինչո՞ւ աշխարհն անտարբեր կմնա մեր Գողգոթայի հանդեպ, թե ինչու մենք սպեղանի կսպասենք, բայց նորանոր վերքեր կստանանք: Դժվար է, ընթերցո՛ղ, անկարելիության աստիճան դժվար է ընդհանուր գծերով բնութագրևել հոգեբանական այն հեղձուցիչ մթնոլորտը, որի մեջ շնչում է հայությունը:
      Սպանի՜չ իրականություն, ուր գոյություն չունի մի հատիկ օրենք, կանոն իսկ, պարտադիր բոլորի, բոլորի համար, ուր որոշ տարրեր հանցապարտորեն ժխտում են և՛ ազգային սրբությունները, և՛ բարոյական արժեքները, ուր կա առատորեն թույն, մաղձ, գռեհկություն, կա դիմածռություն, ծաղրանք, չարարվեստ խծբծանք, ուր մարդիկ դառել են դառնախոս, նեղսիրտ, եսական, ուր տիրող հոգևոր մրափողության պատճառով նոր հեղինակություններ չեն ստեղծվում և հները չեն հարգվում, ուր մտաբարոյական ընդհանուր աղավաղության մեջ մարդիկ կարծեք դադարել են իրար հասկանալուց և ուր հնարավոր չէ գլուխ հանել որևէ ազգաշեն գործ, ուր կեղծիքն է կազմում որոշ քաղաքական հոսանքների բարոյական դրամագլուխը, ուր ամբողջ կազմակերպություններ ապրում են կեղծիքի և մտավոր կուրության մեջ՝ շրջելով անդունդի եզրին: Եվ այդ ամենն այն ժամանակ , երբ թրքությունը տապարն է դրել մեր ցեղի գոյության ծառի արմատներին: Աննպատակ և ուղեկորույս ժողովո՛րդ, որ, կորցնելով իր ազգային իդեալը, վերածվել է <<անհատների փոշու>>: Գողգոթաների տե՛ր ժողովուրդ, որի որոշ տարրերի համար ազգային դատ չկա, արտաքին պայքար գոյություն չունի, տարրեր, որոնք այլևս ոչինչ չեն ուզում աշխարհից, բացի ժամանակավոր կերն ու հանգիստը: Հանցավոր տարրեր, որոնք մեր դերն այլևս վերջացած են համարում մարդկության պատմության մեջ և անվրդով թեքվում դեպի այլասերում և դանդաղ անհետացում: Ահա՛ մոտավորապես այն սպանիչ մթնոլորտը, ստեղծված քո հայրերի կողմից, անուղղելի հայրեր, որոնք շարունակում են իրենց հին մեղքերն ու սխալները սնուցել նորերով, ազգ և ազգայնություն վտանգի մատնած հայրեր, որոնց վերադաստիարակիչը, դո՛ւ, հարկադրաբար դո՛ւ պիտ լինես, հա՛յ երիտասարդություն: Դժբախտություն է, սակայն, երբ դաստիարակիչն ինքը ևս կարիք ունի դաստիարակության: Որպես հարազատ ծնունդը մեր տխուր միջավայրի՝ դու էլ, հա՛յ երիտասարդություն, հոգեբանորեն դո՛ւ էլ զերծ չես ստվերային կողմերից: Վերադաստիարակիչի վսեմ առաքելությունդ հաջողությամբ պսակելու համար, քեզ պետք է նախ ամոթով երես դարձնել այն անիմաստ կյանքից, որ քարշ են տալիս կեղծապաշտ հայրերդ, անասնացուցիչ կյանք, որ մարդուն կդարձնե այն, որին աշխարհածանոթ Տոլստոյը զզվանքով <<հիմար միս>> անունն է տվել: Քե՛զ, նախ քե՛զ պետք է հոգեփոխվել, իսկ այդ անելու համար դու օրվա հայրերիդ երեսին պիտի շպրտես քո վճռական ոչը և ապա հռչակես քո նոր ուխտը, թե հայրերիդ դատապարտելի ընթացքի պատճառով  վտանգված մեր ցեղի ապագան փրկելու սրբազան մտահոգությամբ վճռել ես հետայսու ապրել միայն երկու բանի՝ Հայրենիքիդ և իր անկախության համար: Այո՛, դու պիտի լինես ուխտվածների սերունդ և որպես այդպիսին պիտ վերադաստիարակես քեզ ապա դառնաս դաստիարակիչը հայրերիդ: Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք աշխարհում են, բայց աշխարհից չեն: Այլապես քո ժողովուրդը իր տեղն արևի տակ աստիճանաբար պիտ զիջի իրեն շրջապատող այն գայլ ցեղերին, որոնց  համար կյանքը լոկ առևտուր կամ լումայափոխություն է: Քեզ պետք է հոգեփոխվել, իսկ դա նշանակում է թե դու պիտ դառնաս հակապատկերը հայրերիդ: Նրանցից շատերը դեռ այն են, որոնց կխարազաներ Նազովրեցու խոսքը՝ <<ծույլ և նենգ ստրուկներ>>: Շատերը նրանցից չուզեցին գիտենալ, թե ինչպե՛ս մեր ժողովրդի մի մասը պայքարեց հանուն ազատ և անկախ Հայրենիքի համար: Մեր անհավասար Ազատամարդի օրերին, երբ հայությունը աստիճանաբար կբարձրանար դարերի ստրկության ճահճից, և երբ մարդկության լավագույն ներկայացուցիչները հոգեպես կզինակցեն մեզ, նրանցից շատերը՝ անընդունակ հանդգնելու և զոհաբերելու աստվածային արվեստին, խուսափեցին ազգային դատի խաչակիր զինվորը լինելու պատվից: Հեռուներից խոսեցին Հայաստանի մասին՝ առանց այդ սուրբ և հերոսական երկիրը ճանաչած լինելու: Հայհոյեցին հաճախ հեղափոխությունը և խծբծացին նրա Աստվածաշունչ Նահատակներին՝ առանց հասկանալու թե Աստվածությունը հայհոյված չի՛ լինի: Հանրապետության օրով  չվերադարձան երկիր, որովհետև մեր նորազատ Հայրենիքում դեռ բավարար քանակությամբ նույնիսկ չոր հաց չկար:  Կար սակայն արտաքին վտանգը՝ սև ամպի պես կախված հանրապետության գլխին: Շատերը դուրս մնացին Հայաստան երկրից, մնացին անտարբեր ու անկարեկիր, բայց մեծապես օգտվեցին մեր ժողովրդի վարած գոռ ազատամարտերի շնորհիվ մարդկության մեջ դեպ հայությունը առաջացած համակրանքից: Բարոյապես չարաշահեցին և՛ անօրինակ մարտիրոսագրությունը, և՛ նորագույն հերոսականը մեր ժողովրդի: Ամենուրեք և մի՛շտ  էլ այդ տարրերը հայրենասիրության սրբազան կրակից օգտվեցին՝ <<իրենից ծխափողը վառելով կամ ապուրը տաքացնելով>>: Այդպես էին երեկ, այդպես են և այսօ՛ր: Զուրկ աստվածածության զգացումից՝ սրբություն չճանաչեցիր նրանք և մնացին անհասանելիորեն հեռու՝ ճշմարիտ Հայ և Մարդ կոչվելու իրավունքից: Կյանք վատնեցին առանց հոգեպես վառվելու և մի հատիկ կայծ վառելու իրենց շրջապատի մեջ: Իմաստություն և բարոյականություն ունեցան՝ որոճող կենդանու, կեղծիքներ, որոնցով կշարունակեն դեռ իրենց տկարություններն ու կեղտերը արդարացնել: Օտար ազգերի մեջ, նյութական դիրքի տեր այդ տարրերը, զոհաբերության իրենց լիաբուռն բաժինն են բերած և կբերեն ընդհանուր գործին՝ մնալով հիացողն ու ու խնկարկողը իրենց ցեղի հերոսականի: Այդ տարրը մեզանում՝ անընդունակ հափշտակելու վսեմ գաղափարներով, սովոր  է մեծությունները դիտել անտարբերությամբ: Ա՛հ քո հայրերը....   նրանցից շատերը հոգով նպարավաճառ են մնում նաև այն դեպքում, երբ ապրում են աշխարհի մեծագույն և մեծածախք ոստաններում: Եվրոպական խոսքեր , ասիական արարքներ: Եղել է այդ տարրը և շարունակում է մնալ տկարը, անփառունակն ու ամոթալին մեր պատմության մեջ, այն ամենը, որ հաճախ հեշտացրել է օտար տիրապետությունը Հայաստանում:
      -Մեզ պետք չէ՛ անկախ Հայաստան,- դեռ այսօր էլ աղմկում են քո հայրերից ոմանք:
      -Անկախ Հայրենիքն անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ՝ հոգով թզուկներիդ դարձնի կատարյալ մարդ և Հայ՝ արժանի Անկախության,- պատասխանում է Մայիսի 28-ի շենքը ուսերին կրող ժողովուրդ- հսկան:
      -Պետք չէ՛,- համառում են մտքի մանկաբարոյությամբ բռնվածները, առանց հասկանալու, թե անկախությունից զուրկ ժողովուրդները դատապարտված են մահվան՝ ծառայելով գերիշխան ազգերի համար որպես պարարտացուցիչ աղբ:
      -Պե՛տք է,- կարճ պատասխանում է ժողովուրդը:
      Այսպես, բորբոքվում է ներքին կռիվը և մեր ցեղի տկար տարրերը դժվարանում են հասկանալ, թե <<պետք չէ>>, ասել է՝ պետք չէ որ ապրի հայությունը:
      Նրանք չեն ուզում հասկանալ, որ իրենց հաղթանակը պիտի լինի արտաքին թշնամու հաղթանակը:
      Պե՛տք է՝ ասա դու, հա՛յ երիտասարդություն, ապա հասկացրու հայրերիդ, թե իրենց վերջնական պարտության մեջ է մեր ցեղի քաղաքական իդեալի հաղթանակը, թե իրենց պարտությունը պիտ դառնա պարտությունը այն բոլոր տարրերի ՝ հավիտենապես ստրկահոգի, տկար, զենընկեց, պարտվողականության այն ցավագար ոգու, որի նյութած վատության պատճառով դարերով օտարի լուծն ու ամոթն է եղել մեր ժողովրդի բաժինը: Այո՛, պետք է: Կրկնի՛ր, մեկ է՛լ, հազար անգամ, պե՛տք է, որովհետև Անկախ Հայրենիք ունենալը իրավունք լինելուց զատ և պարտականություն է: Որովհետև ցեղերի ուրույն հանճարը անկաշկանդորեն աճում է և ստեղծագործում միայն բացարձակ անկախության մեջ: Որովհետև միայն գերիշխանությամբ են ժողովուրդներն արդարացնում իրենց գոյության իրավունքը:

Комментариев нет:

Отправить комментарий