26.11.2012

ՄԵՆՔ



-Մենք Արարչի կամոք արարվել ենք որպես Հայ Գեն /Ցեղ/ և գոյություն ունենք արարչագործության սկզբից:

-Մենք ունենք Արարչից շնորհված հոգե-մարմնական գծեր՝ պայմանավորված մեր Ոգով և Արյամբ:

-Արարչից մեզ տրված բնատարածքը, որին են միայն հարազատ և բնիկ մեր Մարմինն ու Ոգին, Հայկական բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է:


-Իբրև արարող Ցեղ, մենք ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:

-Մեր գերնպատակն է. սեփական Ոգու զարգացմամբ և Հայ Գենի հավիտենության ապահովմամբ Բացարձակին ու Հավերժին, որն է՝ Արարչին մերձենալը, ինչը նաև մեր առաքելությունն է:

-Այս գերնպատակի իրականացման անհրաժեշտությունից է թելադրվում մեր քաղաքական նպատակը՝ Հայրենիքի ամբողջության վրա ինքնիշխան հայկական պետության ներսում ազգային կենսաձևի վերահաստատումը:

-Լինելով մասնիկը Բնության, մենք ենթակա ենք գոյության կռվի հավերժական օրենքին և ըստ այդմ՝ մշտապես պիտի պայքարենք մեր ապրելու իրավունքի համար:

-Գոյության պայքարի թելադրանքով՝ մենք կարող ենք ինչպես հավերժել, այնպես էլ, իբրև մարդկային տեսակ՝ վերանալ, կախված այդ պայքարում մեր կենսունակությունից և Արարչի հետ ոգեղեն կապից:

-Մեր անցյալը, ներկան և ապագան մի ամբողջություն են, Հայ Ոգու դրսևորման և զարգացման մի հարատև ընթացք:

-Հայ Ոգի- ա՛յդ է մեր պատմությունը կերտող բացարձակ ուժը. անհատ հերոսները միայն անձնավորողներն են այդ Ոգու: Մեռնում են հերոսները, մնում է սակայն, Ոգին, որն իր մարմնավորումը գտնելով այլ հայերի մեջ՝ շարունակում է ապրել ու ներգործել: Եվ մենք այնքան ենք հզոր, որքան հաղորդակից ենք Արարչի կամքով մեր մեջ գործող այդ Ոգուն:

-Մինչ այժմ եղած մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ և առաջ մենք, քանզի հավատարիմ չենք եղել մեր Ոգուն. հետևաբար նաև, մեր Ոգու մեջ պիտի փնտրենք մեզ անհրաժեշտ ուժը:

-Մեր միասնության գրավականը ներցեղային բարոյականի՝ մեզանում արմատավորումն է, որի դեպքում՝ ամեն հայ կառաջնորդի համահայկական ազգասիրության ու համահայաստանյան հայրենասիրության մտածումով և Ցեղին ու Հայրենիքին նվիրաբերելու բացարձակ կամքով:

-Ընդունելով, որ մարդկությունը կազմող ազգերից յուրաքանչյուրն ունի իր դերն ու առաքելությունը, մենք ինքնատիպ ազգայինը և առաքինի մարդկայինը տեսնում ենք համադրելի: Եվ ազգերի ներդաշնակ գոյակցության կատարյալ ձևը մենք համարում ենք ազգ-պետությունները, երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն և ամեն պետություն ծառայում է մեկ ազգի:

Комментариев нет:

Отправить комментарий