14.08.2013

ՄԵԾ ՔԷՆԸ


Հայ-թուրքական ամբողջ պատերազմը մի Հին Քէնի պոռթկումն է երկու կողմից: Երկու
կայծակներ, որ իրար են պլլւում մեր սեւ երկնակամարին, երբ կախուած ամպերը մարտնչող կողմերի ճակատներն են թրջում մահասարսուռ համբոյրով: Իսկական պատերազմ, անագորոյն ու վայրագ, որ մի անիծուած ցեղ մի օր մեր լեռները բերեց ստիպեց մեզ այն ընդունել, որպէս իր հետ կենակցութեան միակ օրէնք, կռիւ, ուր բռունցքի զօրութեան մէջ օձի 
թանձրացած թոյնի պէս ատելութիւնը կայ մեր խիզախ արիութեան դէմ դաւադիր նենգութիւնը, մեր ասպետական մեծագոհութեան դէմ անմեղների նախճիրը, մեր հոգու սրբութեան եւ հայեացքի գեղեցկութեան դէմ ճիւաղային խրախճանքն արիւնի, եւ մեր ճակատների արեւաշող պայծառաթուեան դէմ ոճրածին գանկերից ժայթկած պղծութիւն համատարած: 
Հին էր քէնը: Մենք այն տեսանք հինգ դար յետոյ, երբ ողջ մեր հայրենիքը նրա խանձող բոցերով էր մրկուած, երբ մեծ ապականութիւնը վաղուց հետէ թոյնի պէս սողոսկել էր մեր ցեղայինի խառնուածքի մէջ: 
Մեր դռների առջեւ անապատի Մեծ Շէկ գայլն էր կցուել բորենու հետ եւ ցկնել մի հազարգլխեան ճիւաղ, մինչ Վիշապաքաղ մեր հսկան՝ Վահագնը դարերի խոր քունն էր մտել: Ամբողջ յիսուն տարի պէտք եղաւ դիւցազնին զարթեցնելու համար իր խորունկ նիրհից ... 
Հայ ժողովրդի պայքարը թուրքի դէմ, որ տակաւ տեւում է կէս դարից աւելի, իր նմանը չունի տիեզերական պատմութեան մէջ: 
Շատ ազգեր են իրար բաղխուել, շատ անազատ ցեղեր իրենց վրայ բռնացողների վրայ են խոյացել, մահու վճռականութեամբ ընկել են, արիւնոտուել, նորէն բարձրացել, նորէն զարկւել ... Հայ ու թուրքի կռիւը սրանցից ոչ մէկին նման չէ, վասնզի թշնամին միայն տիրապետող կառավարութիւն չէ, այլ չանչերով մեր հայրենիքին կպած մի պարազիտ, որին սատկացնելուց առաջ հարկ էր նախ այն մեր մարմնից շորթել: 
Թուրքի կատաղութիւնն անսահման էր: Այս անգամ գոռոզ արհամարանքով չէր, որ նա իր ձեռքը սրին տարաւ. ապշած էր ու շւարած, որ երէկի իր խոնարհ, հնազանդ րայան ոտքի ելած կռւում է իր դէմ մահասարսուռ կորովով ու սրտմտութեամբ: Իր հին քէնին խառնւում էր նոր ցասումը, հին արհամարանքի տեղ զարթնում էր վախը սեփական կործանումի, որ անխուսափելի էր, երբ իր հպատակը նրան ծունկի բերէց ճակատամարտի բաց դաշտում: 
Եվ սպառազէն ու սուսերամերկ նա մեր վրայ խոյացաւ ոչ թե ընկճելու, այլ սպառ ի սպուռ ոչնչացումի համար: 
Սովորական չէր այս պատերազմը նրա համար, եւ նա անխնայ եղաւ անգամ դէպի իր կենսական շահերը, աւեր ու արիւն սփռում էր այնտեղ իսկ, ուր դա բնաւ անխուսափելի չէր: Մեր դէմ կռուողը այլեւս պետութիւն չէր, որ վճռել էր զսպել իր ըմբոստացած հպատակներին, այլ յանկարծական կատաղութեամբ բռնւած մի զինուած խուժան, որ նախճիր էր գործում տարերային շարժումով, մի ատաւիկ բնազդի հնազանդ: Ծովի պէս ծփանք տուած այս արհաւիրքի, այս մեծ քէնի դէմ, հայը ծառացաւ, վասնզի հին արիւնի ու հողի հաշիւ ունէր կարգադրելու իր հինաւուրց ոսոխի հետ: 
Եվ իր հետ միասին ոտքի էին կանգնել այնքան դարեր արիւնով, արցունքով թաթաւուն: Մեր հին օրերի եռուն ու փրփրուն զուլումը սուրում էր ռազմի դաշտերով որպէս աղտոտ ցնցոտիներով պատած մի գարշահոտ բորոտ՝ քաշ տալով իր յետեւից միաժամանակ, լացող ու ոռնացող ճիւաղների շարան: 

Ու դամբարաններ են բացուել մեր հսկայ պապերի, եւ թաւ, սրտապատառ ձայներ, գանգատի մրմունջ ու գրոհի քաջալերանք, ատամների կրճտոց ու վրէժի տանջանք, ծնօտների կափկափումն ու ցաւի աղաղակ, ցնծութեան ճիչեր ու ռազմի թնդիւն, փշրուած սրերի շկահիւն եւ ճեղքուած զանգակների ցասկոտ ղօղանջ, փրփրուն երիվարների դրոփիւն ու ասպանդակների զրնգոց: 
Եւ ամենից հզօր՝ աւերակների հաւար ու սեւ հողերի ծանր սրտի տնքոց: 
Եվ Մեծ Քինով ծառացած ցեղը վճռել է կամ ընդ միշտ փշրել բռնութեան շղթաներն եւ ազատ ապրել, կամ մեռնել իր մեծ հայրերին արքունի սրբազան մահով: 
Երկու ազգերի կռիւ չէր այս, այլ հազար դարերի բախումն: 
Կարսի անկումով թրքական հորդաների վայրագութիւնը ճարակի ելաւ որպէս սովահար, գազազուած գայլերի վոհմակ: 
Եվ միւս կողմից հայ ժողովրդի միակ պատուար-պատնէշի այդքան ողբերգական փլուզումը նրա հոգին վառ հնոցի բոցերի մէջ մրկեց կաս-կարմիր: Իր ձագերը պաշտպանող վիրաւոր վագր էր նա այնուհետեւ: Թշուառական իր բախտի դէմ նրա ընդվզումը մի հուժկու նզովք էր երկնքին ու աշխարհին, որ իր հոգու գեղեցկութեան եւ իր իրաւունքի սրբութեան առջեւ այնքան կոյր մնաց: 
Կարսի անկումով Հայոց Աշխարհը արիւնահեղ ու անողորմ մարտի էր ելնում առանց զրահի ու սաղավարտի՝ սոսկ իր բազկին ու սուսերին ապաւինած: 
Գլխաբաց ու կուրծքը մերկ մի հերոս, որ ճակատամարտի դաշտ էր իջնում խոժոռ ու դաժան, վերջին անգամ չափուելու համար իր դարաւոր ոսոխի հետ: 
Եւ այնուհետեւ ինչ որ կատարուեց՝ դարաւոր Մեծ Քէնի արիւնահեղ լուծումն էր: 


Ա. Ահարոնեան 

ՙՀայրենիք՚, Բոստոն, 1931
ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
<<ՀԱՅՐԵՆԻՔ>>  ակումբ, Եր., 2008 

Комментариев нет:

Отправить комментарий