15.08.2013

ՄԵՀՐՈւԺԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ


Մեհրուժան Արծրունի
(Հեղինակ՝ Հեղինե Հովհաննիսյան)
Հայոց պատմիչների մոտ (Մովսես Խորենացի, Փավստոս Բուզանդ) Մեհրուժան Արծրունին
ներկայացված է որպես ՙվատահամբավ՚, ՙչարագործ՚ անձնավորություն և ազգուրաց դավաճան, ու պատմագրության մեջ մինչ օրս շարունակում է այդպիսին հանդիսանալ: Սակայն, նրա գործունեության անաչառ ուսումնասիրությունը թույլ է տալիս ոչ միայն մերժել նման կարծիք, այլև վերարժևորել նրան որպես յուրօրինակ ազգային գործչի:
Ընդ որում, նշյալ պատմիչները Մեհրուժանին այդպես ներկայացնելու համար կանխակալ պատճառները ունեին: Բոլորն էլ եկեղեցական երևելի այրեր էին և հունական դպրություն էին անցել: Իսկ Մեհրուժանի գործունեությունը հակահունական ուղղվածություն ուներ, չէր տեղավորվում նրանց եկեղեցական կաղապարներում, ինքն էլ քրիստոնյա չէր:
Բյուզանդա-պարսկական պատերազմների ժամանակ, որոնց թատերաբեմ էր դարձել Հայաստանը, 363թ. Հուլիանոս կայսրի և Շապուհ Բ-ի միջև երեսուն տարի ժամանակով ուխտադրուժ դաշնագիր է կնքվում, որի համաձայն Բյուզանդիան պարտավորվում էր Պարսկաստանի դեմ պատերազմում չօգնել իր նախկին դաշնակից Հայաստանին:
Իսկ մինչ այդ, Տիրան Ա-ի, նրա հաջորդ Արշակ Բ-ի և հայոց նախարարների միջև` առաջինների անհեռատես քաղաքականության հետևանքով, ծագել էր մեծ պատերազմ, որին մասնակից էր նաև Արծրունյաց տունը, քանի որ Տիրանը կոտորել էր տվել վերջինիս արու զավակներին: Բայց, արտաքին վտանգահարույց իրավիճակը պարտադրում է, որ անհաշտ նախարարները միաբանվեն Արշակի շուրջ: Սակայն այսքանից հետո` փոխանակ լեզու գտնելու փաստացի հզոր ախոյան Պարսկաստանի հետ, պատվիրակություն է կազմվում և Ներսես Մեծ կաթողիկոսի հետ ուղարկվում է Վաղես կայսեր մոտ: Պատվիրակության հետ միասին որպես պատանդ են ուղարկվում Արշակի որդի Պապը, սպարապետ Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղը և նախարարների որդիները: Այս ժամանակ, Արծրունյաց տան նահապետ Մեհրուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը ապստամբելով Արշակի դեմ` անցնում են Պարսկաստան:
Վաղես կայսրը, ում օրոք կայսրությունում հաստատվել էր արիոսականությունը (եկեղեցիների կողմից մերժված քրիստոնեական դավանանք), Ներսեսին ստիպեց ընդունել այն, սակայն մերժում ստանալով` նրան աքսորեց անմարդաբնակ կղզի: Այնուհետև, մահապատժի սպառնալիքի տակ նույնը ստիպեց անել Պապին ու մյուսներին, որոնք ստիպված համաձայնեցին, սակայն դրանից հետո էլ նրանց չթույլատրվեց վերադառնալ հայրենիք: Այսպիսի օրհասական վիճակում փոխանակ ապավինելու ներքին ուժերին` Արշակը խախտելով նախարարների հետ կնքված դաշինքը, կոտորում է շատ նախարարական տներ` արքունի գրավելով նրանց ունեցվածքն ու կալվածքները: Առավել դաժան է նա վարվում արյունակից Կամսարական տոհմի նկատմամբ, որը բնաջնջում է ամբողջովին: Արդյունքում, Հայաստանի հյուսիսային, հարավային, արևելյան բդեշխությունները և ծայրամասային գավառները անջատվում են Հայաստանից և Շապուհին հայտնում իրենց հպատակության մասին: Իսկ Արշակը, զրկվելով նույնիսկ նախկինում իրեն հավատարիմ նախարարների աջակցությունից (բացառությամբ Վասակ Մամիկոնյանի) և մնալով մենակ, տարվում է Պարսկաստան, որտեղ էլ բանտարկվում և ինքնասպան է լինում:

Եվ առհասարակ, այդ ժամանակ պարսկամետ կողմնորոշումն արդարացված էր նաև այնքանով, որ պարսից իշխանության (Շապուհ Բ-ն հայտնի էր իր կառավարման երկար տարիներով` 309-379թթ., ու հզոր իշխանությամբ) արտաքին քաղաքականությունը շատ ավելի կայուն էր, քան Հռոմեական կայսրությունում, որտեղ ոչ միայն կայսրերի փոփոխություններն էին հաճախակի (Կոստանդիոս` 306թ., Կոստանդիոս կայսր` 324թ., Կոստանդ Բ. և Կոստաս` 337թ., Հուլիանոս` 361թ., Վաղես և Վալենտիոս` 364թ., Գրացիանոս` 375թ.), այլև` կրոնական հեղաշրջումները (օրինակ` ՙուրացող՚ հորջոջվող Հուլիանոսը վերականգնեց դիցապաշտությունը):
Մեհրուժանին դավաճան են համարում նաև այն բանի համար, որ նա իբր ուրացել է քրիստոնեությունը և ընդունել պարսից զրադաշտական կրոնը: Սակայն, երբ նա Շապուհի առաջ վկայում է իր անձի մասին, պարզ է դառնում, որ ինքը երբեք էլ քրիստոնյա չի եղել: Ընդ որում, Մեհրուժանը տիրապետելով հմայությունների ու բախտագուշակության, ՙկախարդի՚ համբավ ուներ, որն էլ ապացուցում է նախաքրիստոնեական կրոնի նրա ոչ միայն հավատավոր, այլև` բանեցնող լինելը: Ավելին, Մեհրուժանը գես էր կրում, թերևս որպես հին հավատքին նվիրվածության նշան. օրինակ` Տարոնում ծածուկ նախնյաց հավատքն էին պահում Գիսանեի (իմա` Դիցամոր) քրմության սերունդները և որպես դրա խորհրդանիշ` սերնդե-սերունդ գես կրում:
Շապուհի առաջ շեշտելով իր իսկությունը Մեհրուժանը փորձում էր վստահություն ներշնչել և Հայաստանի անխուսափելի նվաճումից հետո ակնկալել թագավորական իշխանություն հայրենի անիշխանական երկրում, քան թողնել, որ պարսիկ կառավարիչները տիրեն այն: Չէ՞ որ արքայական ժառանգորդ Պապը պատվավոր գերության մեջ էր, որի վերադարձը կարող էր տեղի ունենալ միայն քաղաքական հաշվարկով (ժամանակը ցույց տվեց, որ այդպես էլ կար. Պապը գահակալվեց կայսրության կորսված դիրքերը վերականգնելու նպատակով և դավադրաբար սպանվեց ինքնուրույն քաղաքական գիծ տանելու համար): Բայց, Շապուհը նրա առաջ խիստ պահանջներ է դնում, և, բնականաբար, մեծ խաղի մեջ մտնող Մեհրուժանը համաձայնվում է: Նախ, նա ՙկյանքի ու մահվան՚ ուխտ է կապում Շապուհի հետ, ապա պարտավորվում է հնազանդեցնել ապստամբ նախարարներին, նորամուծել զրադաշտական կրոնը և առաջինը օրինակ ծառայելով` կառուցել տոհմական ատրուշան:
Բուզանդի մոտ նկարագրված են Արշակ Բ-ի օրոք Մեհրուժանի մասնակցությամբ պարսկական մեկ տասնյակից ավելի արշավանքներ, որոնց Վասակ Մամիկոնյանը արժանի հակահարված է տալիս, կոտորում պարսկական ամբողջ զորքը իրենց զորավարի հետ միասին, և միայն Մեհրուժանն էր զարմանալիորեն միշտ կենդանի մնում ու անվնաս վերադառնում Շապուհի մոտ: Նկարագրվածը շատ կասկածելի է հենց այն առումով, որ պարսկական մեծաթիվ զորքից միայն նա էր կենդանի մնում: Չէ՞ որ մեկ-երկու այդպիսի անհաջող արշավանքից հետո Շապուհը ո՜չ միայն Մեհրուժանին չէր վստահի մասնակցել հաջորդ արշավանքներին, այլ նրան` կասկածելով արշավանքների կանխամտածված ձախողման մեջ, ուղղակի կպատժեր: Այսպես, Շապուհը անարգեց ու Պարսկաստանից հալածեց Մանվել ու Կոմս Մամիկոնյաններին այն բանի համար, որ քուշանների դեմ պատերազմում պարսից ջախջախված ամբողջ զորքից միայն նրանք էին կենդանի մնացել: Այսինքն, եզրակացնում ենք, որ այդ արշավանքները եղել են սահմանային փոքր կռիվներ` առանց Մեհրուժանի մասնակցության:
Պարսկական այն արշավանքը (տեղի ունեցած մինչև 368թ.), որի նպատակն Արշակին պատժելն էր, և որն իբր թե գլխավորում էին Մեհրուժանն ու Վահանը, ինչպես ցանկացած պատժիչ արշավանք` մեծ ավերածություններ է սփռում: Բայց երբ պարսից զորքը, Դարանաղի գավառի Անի բերդում քանդում էր Արշակունի թագավորների գերեզմանները, նա թույլ չտվեց, որ պղծվի Սանատրուկ թագավորի գերեզմանը, մի մարդ, որի ազգայնական կեցվածքը չէր կարող ակնածանք չառաջացնել Մեհրուժանի մոտ (ասենք, որ մ. թ. 1-ին դարում Սանատրուկն առաքյալների, նրանց հետնորդների ու դստեր նահատակության գնով մեր երկիրը զերծ պահեց սկզբնական քրիստոնեական ապազգային աղանդներից և բռնի ուժով խաղաղեցրեց դրանց ազդեցությամբ ապստամբած Հայկական Միջագետքը): Իսկ Բուզանդի այն պատճառաբանությունը, թե Մեհրուժանը չկարողացավ քանդել Սանատրուկի գերեզմանը, քանի որ այն հսկայակառույց ու ամրակուռ էր, կարծում ենք, որ տրամաբանական չէ, որովհետև Անի ամուր բերդը հնարամտորեն քանդողը անպայման կկարողանար նման գերեզման ևս քանդել:
Ըստ հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելլինոսի Արշակի գերումից հետո Շապուհը Հայաստանը հանձնում է իր մոտ իբրև փախստական ապաստանած ներքինի Գղակին և Արտավանին, որոնցից մեկը ցեղապետ էր, մյուսը` զորավար: Եվ նրանց հանձնարարում է պարսկական զորքով մտնել Հայաստան, գրավել Արտագերք բերդաքաղաքը, ուր պահվում էին Արշակ թագավորի գանձերը և գտնվում էր հայոց թագուհի Փառանձեմը: 
Ամմիանոսի հաղորդածը վերլուծության կարիք ունի:
Ա. Ըստ հայկական աղբյուրների այն անձինք, որոնց Շապուհը հանձնեց հայոց թագավորությունն ու սպարապետությունը` Մեհրուժանն ու Վահանն էին: Եվ հետո Մեհրուժանը Արծրունիների ցեղապետ-նահապետն էր, իսկ Վահանը` լինելով սպարապետական տոհմից, անկասկած զորավար էր:
Բ. Խորենացու մոտ ասվում է, որ Արտագերքը գրավեցին Մեհրուժանն ու Վահանը: Սակայն, իրողությունն այն է, որ Արտագերքը պաշարվել է երկու անգամ, առաջին անգամ անհաջող` Գղակի և Արտավանի կողմից, երկրորդ անգամ` պարսից Զիկ և Կարեն զորապետերի կողմից և գրավվել է երկրորդ անգամ, երբ բերդի ներսում անհասկանալի համաճարակը քաջարի պաշտպանների համատարած մահացության պատճառ դարձավ:
Գ. Ամմիանոսի մոտ ասվում է նաև, որ ՙներքինի՚ Գղակը ՙկանանց փաղաքշանքով հրապուրելու՚ և համոզելու ընդունակություն ուներ, և այդ առաքելությամբ էլ բանակցությունների մեջ մտավ թագուհու հետ: Սա հիշեցնում է Մեհրուժանի կողմից հայ նախարարների բանտարկված կանանց համոզելու շնորհը:
Հաշվի առնելով վերը նկատված նմանությունները կփորձենք համարձակ հետևություն անել, այն է` Գղակն ու Արտավանը իրականում Մեհրուժանն ու Վահանն էին: Ամմիանոսը շփոթել էր Մեհրուժանի անունը և դիրքը հետևյալ պատճառներով: Ներքինի Հայր Մարդպետը Արտագերքի երկրորդ պաշարման ժամանակ եղել էր բերդի ներսում ու զրուցել թագուհու հետ, սակայն նա անպատիվ ձևով էր խոսել նրա հետ: Ինչպես նաև սրան հաջորդած ներքինին կրում էր Դղակ անունը (տես. Դղակ-Գղակ նմանությունը):
Իսկ այժմ շարադրենք ըստ Ամմիանոսի: Գղակն ու Արտավանը (իմա` Մեհրուժանն ու Վահանը) իրենց անձի անվտանգության երաշխավորությամբ մտնելով բերդ` թագուհուն ու կայազորին առաջարկեցին Շապուհի վայրագությունից խուսափելու համար անձնատուր լինել: Բայց, ականատես լինելով թագուհու ընկճված վիճակին, ինչ-պես նաև բյուզանդական սպասվելիք պարգևներից շլանալով, փոխեցին իրենց մտադրությունը և պաշարվածների հետ գաղտնի համաձայնության եկան:
Կարծում ենք, որ նրանց մտադրությունը փոխելու մասին Ամմիանոսի բերած փաստարկները ճիշտ չեն: Ի՞նչ է` բյուզանդացիք թագավորությունից ու սպարապետությունից ավելի՞ն պետք է խոստանային նրանց: Իհարկե` ոչ: Ուղղակի նրանք տեղում ծանոթանալով իրավիճակին, և հոմոզվելով, որ բերդի կայազորը հզոր է, ինչպես նաև, որ պաշարվածներին բյուզանդական օգնություն է սպասվում (բյուզանդացիք դեսպանների միջոցով հորդորում էին բերդը չհանձնել, այլ` սպասել օգնական զորքի), ուստի թագուհու հետ եկան գաղտնի համաձայնության, ըստ որի` գիշերվա որոշակի ժամի, բերդաքաղաքի դռները բացվեին ու ներսից հանկարծակի հարձակվեին պաշարողներ վրա: Ապա, իրենք դուրս գալով բերդից, կեղծ հավատացրեցին պաշարողներին, թե ներսում գտնվողները խորհրդածելու համար երկու օր ժամանակ են խնդրել` այդ ձևով կատարյալ անփութություն առաջացնելով նրանց մոտ: Հետևանքն եղավ այն, ինչ սպասվում էր. գիշերային հանկարծակի հարձակումը վերջ դրեց Արտագերքի պաշարմանը: Պետք չէ զարմանալ, որ դիցապաշտ-հավատակիցներ ՙկախարդ՚ Մեհրուժանը և իր որդի Պապին ծննդյան օրից ՙդևերին նվիրած՚ Փառանձեմը համաձայնության եկան (քրիստոնեական ժամանակներում դիցերին ու քրմերին չարանենգորեն ՙդև՚ էին կոչում):
Արտագերքի անհաջող պաշարումից հետո Շապուհը Հայաստանի կառավարիչներ է նշանակում Զիկ և Կարեն զորապետերին, որոնք արշավելով Հայաստան գրավում են Արտագերքը ու գերում Փառանձեմին: Երբ երկիրը նվաճված էր, վերջիններս բերդերում բանտարկված պահում էին ազնվական կանանց, որպեսզի նրանց ամուսինները հնազանդությամբ ներկայանան Շապուհին: Հակառակ դեպքում` այդ կանանց մահ էր սպառնում: Այնուհետև, Բուզանդի կողմից մատուցվում է մի պատմություն, թե իբր Մեհրուժանի հրամանով տանջամահ արվեց Ռշտունյաց նահապետ Գարեգինի կինը` Համազասպուհին, քանի որ չէր համաձայնվել կրոնափոխ լինել: Այս պատմությունը ակնհայտ զրպարտանք է Մեհրուժանի հասցեին, քանի որ Համազասպուհուն, ինչպես և մյուս կանանց, պարսիկները Շապուհի հրամանով էին բանտարկել, և նրանց մահապատիժ էր սպառնում ամուսինների չներկայանալու դեպքում և ո՜չ թե կրոնափոխ չլինելու դեպքում: Իսկ Մեհրուժանն ու Վահանը, որոնք ի զորու չէին բեկանելու Շապուհի հրամանը, նրա թույլտվությամբ փորձում էին համոզել այդ կանանց` կրոնափոխ լինել և այդ ձևով փրկել սեփական կյանքը: Իսկ ինչ վերաբերում է Համազասպուհուն, ապա նրա ամուսինը` թողնելով ընտանիքը, փախել էր: Ժամանակին այդ արարքը այնքան ամոթալի էր դիտվել, որ երբ հետագայում Մանվել Մամիկոնյանի և Վարազդատի միջև ճակատամարտից հետո Գարեգինը վիրավոր էր, և նրա աներ Համազասպը պատվիրեց նրան ձեռք չտալ, դեպքի վայր հասած մի զորապետ հիշեցնելով նրան կնոջ մասին` անպատիժ սպանեց:
Պարսկական այս արշավանքի ժամանակ Շապուհը մեծ թվով հայեր ու հրեաներ է բռնագաղթեցնում Պարսկաստան` հավանաբար, նպատակ ունենալով իր տերության ներսում զարգացնել արհեստներն ու առևտուրը (ինչպես հետագայում` Շահ Աբբասը): Ընդ որում, պատմիչների հաղորդածից պարզվում է, որ երկրի գլխավոր ճանապարհների վրա գտնվող խոշոր քաղաքներ Վաղարշապատի, Երվանդաշատի, Զարեհավանի, Զարիշատի, Վանի, Նախիջևանի (բացառությամբ Արտաշատի) բնակչության հիմնական մասը կազմում էին Տիգրան Բ. Մեծի կողմից Պաղեստինից գերված հրեաների սերունդները (հուդայական ու քրիստոնյա հրեաներ), և որ ավելի շատ հրեա է տեղահանվում, քան` հայ: Թեև Խորենացին խոսում է միայն հրեաների տեղահանության մասին: Ըստ էության, հրեաների տեղահանությունը նպաստում էր հայության անվտանգությանը. նույն Տիգրան Մեծի արածի (Հայոց երկիրը գերված այլազգիներով բնակեցնելու) հետևանքը եղավ Տիգրանակերտ մայրաքաղաքի անկումը և հռոմեական զորքի անպատիժ հաղթարշավը Հայքի կենտրոնական շրջաններով: Խորենացու հայտնածից նշմարվում է, որ Մեհրուժանն ու Վահանը հրեաների տեղահանության հարցում եղել են Շապուհի խորհրդատուները:
Զիկ և Կարեն զորապետներին Հայաստանի կառավարիչներ նշանակելով Շապուհը երկրի ներքին իշխանությունը հանձնում է Մեհրուժանին` դեռ չվստահելով նրան հայոց թագավորությունը: Այս ասպարեզում Մեհրուժանը հակահունական կեցվածք է որդեգրում: Նա արգելում է հունարեն գրագիտությունը, հունարեն խոսելն ու թարգմանելը, այրել է տալիս հունարեն գրքերը, ու միգուցե նպատակ ուներ երկրի ու եկեղեցու ներսում վերացնելու Բյուզանդիայի կրոնամշակութային ազդեցությունը, քանի որ քրիստոնեական ամբողջ արարողակարգն այդ ժամանակ կատարվում էր հունարեն լեզվով: Խորենացին հայտնում է, որ նա հարկատու դարձրեց (ոչ թե փակեց) եկեղեցական թեմերն ու կառույցները: Սակայն, դրանք չէին կարողանում հարկերը վճարել, ուստի և պատասխանատուները երկրից քշվում էին Պարսկաստան: Կարծում ենք, որ այս ամենի համար Մեհրուժանին հատուկ մեղադրելու հիմքեր չկան: Չէ՞ որ հետագայում Պապը` իր հայտնի բարեփոխումներով, շատ ավելի արմատական գտնվեց եկեղեցու նկատմամբ. օրինակ` արքունի գրավեց նրա կալվածքների 5/7-րդ մասը, վերացրեց եկեղեցուն տրվող պտղնիի ու տասանորդի կարգը, արմատապես սահմանափակեց եկեղեցու սպասավորների թիվը և ազատվածներին ուղարկեց պետական ծառայության:
Մտահոգված Հայաստանում իր ազդեցության կորստով Վաղես կայսրը 368թ. Պապին թագավոր է հռչակում և օգնական զորքով ուղարկում Հայաստան: Հայոց զորքերի սպարապետ է նշանակվում Մուշեղ Մամիկոնյանը: Մուշեղը վերահսկելի դարձնելով իրավիճակը երկրի ներսում, և լինելով իրատես քաղաքական գործիչ, բանակցությունների մեջ է մտնում պարսից կողմի հետ: Այդ նպատակով էլ նա չի անպատվում Շապուհի գերված կանանոցը և մեծ պատվով ազատ է արձակում: Թեև Մուշեղի արարքը, որով բարձրացավ նրա հեղինակությունը Շապուհի մոտ, սկզբում անհասկանալի ու դավադրություն պիտի թվար Պապին, քանի որ Շապուհը անպատիվ ձևով մահապատժի էր ենթարկել նրա մորը` Փառանձեմին: Դա երևում է հետևյալում: Ձիրավի ճակատամարտի սկզբում Պապը թույլ չէր տալիս, որ Մուշեղը մասնակցի ճակատամարտին, պատճառաբանելով, որ նա բանակցությունների մեջ է պարսիկների հետ և կռվի ժամանակ կմիանա նրանց: Ներսես Մեծի միջամտությամբ և Մուշեղի հավատարմության երդումից հետո միայն նրան թույլ տրվեց մասնակցել ճակատամարտին: Սակայն, Մուշեղը, որ կոտորել էր պարսից վերակացու զորքը, չէր կարող անմիջականորեն բանակցել Շապուհի հետ` միաժամանակ բյուզանդական զորքի կողքին մասնակցելով Ձիրավի ճակատամարտին: Կարծում ենք, որ Մուշեղը բանակցում էր պարսից կողմից այլ միջնորդ անձի հետ, որի մասին գիտեին միայն Պապն ու Ներսես Մեծը: Եվ այդ անձը միայն Մեհրուժանը կարող էր լինել, որը նաև գաղտնի օգնում էր իր հայրենակիցներին: Այսպես, երբ Ձիրավի ճակատամարտի (371թ.) նախօրեին պարսից կողմից կռվող Աղվանից Ուռնայր թագավորը հոխորտում էր և խնդրում Շապուհին իր զորքը շարել հայոց զորքի դեմ, քանի որ պարսից զորքին պատշաճ է հունաց հզոր զորքի դեմ ելնել, իսկ իրեն` հայոց զորքի դեմ, Մեհրուժանը հեգնում է նրան. ՙԴու գազ գրկեցիր, շատ զարմանալի կլինի, եթե հավաքել կարողանաս՚, և այդ մասին տեղեկացնում Մուշեղին` ասելով. ՙԳիտցի՜ր և պատրաստվի՜ր, Մուշե՜ղ, որ Աղվանից Ուռնայր թագավորը մեծ պարծանքով քեզ պարգև է խնդրել: Նայի՜ր, թե ինչ պիտի անես՚:
Այսքանից հետո շատ զարմանալի է թվում Մեհրուժանի դավաճան լինելը:
Ըստ Խորենացու Ձիրավի ճակատամարտում Մեհրուժանը վիրավոր վիճակում գերվում է և սպարապետ Սմբատ Բագրատունու կողմից շուտափույթ կերպով դաժանաբար սպանվում, քանզի վերջինս մտավախություն ուներ, թե Ներսես Մեծը կփրկի նրան: Այն, որ սպարապետ է հանդես գալիս ոմն Սմբատ Բագրատունի, արդեն կասկածելի է դարձնում Մեհրուժանի սպանության հանգամանքը, որը ժխտվում է Բուզանդի կողմից: Գտնում ենք, որ նա, իրոք, վիրավոր վիճակում գերի է ընկել, բայց չի սպանվել, այլ խնայվել է Ներսես Մեծի կողմից, որին անկասկած քաջ հայտնի էր Մեհրուժանի բուն (ծպտված) գործունեությունը (Ներսես Մեծը չէր փրկի Մեհրուժանին քրիստոնեական ներողամտությունից ելնելով, քանի որ նա ժամանակին Մեհրուժանի հոր` Շավասպ Արծրունու ձեռքով սպանել տվեց եկեղեցական կարգի դեմ ընդվզող Հայր Մարդպետին):
Պապի գահակալության ամբողջ ժամանակահատվածում Մեհրուժանի մասին տեղեկություններ չկան: Կարելի է ենթադրել, որ նա չի խանգարել Պապի գործունեությանը, իսկ թե ի՞նչ մասնակցություն է ունեցել նրա բարեփոխումների մեջ, որոնք համանման էին իր արածներին` դժվար է ասել (արդյո՞ք երիտասարդ Պապի խորհրդատուն չի եղել` լինելով հմուտ ու փորձառու):
Նրա մասին անուղղակի տեղեկություններ է հայտնում Թովմա Արծրունին` արդեն Վարազդատի թագավորության ժամանակ (374-377թթ.), ով թեև հայոց գահին բազմել էր բյուզանդական աջակցությամբ, սակայն ըմբռնելով պարսկական հզոր գործոնը հաշվի առնելու անխուսափելիությունը, և փորձելով բանակցել Շապուհի հետ, որպես միջնորդ նրա մոտ է ուղարկում իր ընկեր Մեհրուժանին` հայտնի Մեհրուժանի թոռանը: Թովման, հավանաբար օգտվելով Խորենացուց, և հիմք ընդունելով Մեհրուժանի մահը Ձիրավում, ժամանակագրորեն չարդարացված ու անհաջող հարմարեցում է կատարել, և այլ (միգուցե` տոհմական) աղբյուրներից հայտնի Մեհրուժանին, որն իրականում չէր զոհվել, դարձրել է նրա իսկ թոռը: Ըստ Թովմայի Մեհրուժանն ապրում էր Հայաստանում, մտերիմ էր Վարազդատ թագավորի հետ և պարսիկների հետ բանակցություններ սկսելու հարցում եղել է նրա խորհրդատուն: Սակայն, Վարազդատի Հայաստանը լքելուց հետո Մեհրուժանը ստիպված մնում է Պարսկաստանում:
Եվ ահա, նա նորից պատմական ասպարեզ է բարձրանում Մանվել Մամիկոնյանի օրոք: Դա մի ժամանակ էր, երբ Շապուհ Բ-ի մահից հետո պարսից արքունիքում շարունակաբար հեղաշրջումներ էին կատարվում: Նման իրավիճակը թուլացրել էր Պարսկաստանի գերիշխող դիրքը իր ծայրամասերում և հարմար հնարավորություն էր ստեղծվել Հայաստանի անկախության համար: Մեհրուժանը լավ ծանոթ լինելով պարսից արքունիքի անցուդարձին խորհուրդ է տալիս հայոց թագավորության խնամակալ Մանվել Մամիկոնյանին կոտորել Հայաստանում գտնվող պարսկական վերակացու զորքը և անկախացնել երկիրը (378թ.): Այնուհետև, Մանուելը ջարդելով երկիր արշաված պարսկական պատժիչ զորաբանակները` ամբողջովին իր ձեռքն է վերցնում երկրի փաստացի իշխանությունը և թագավորեցնում Պապի որդի Արշակին: Իրոք, պահն այնքան հարմար էր ընտրված, որ պարսից կողմը միայն յոթ տարի հետո` Շապուհ Գ-ի օրոք է կարողանում նշանակալից միջամտել հայոց գործերին, և Արշակին զուգահեռ Հայաստանի արևելյան մասում թագավորեցնել Արշակունի Խոսրովին: Իսկ այն, որ Բուզանդը ջանք չի խնայում ներկայացնելու, թե Մեհրուժանը նախանձելով Մանվելի փառքին նրան խաբեությամբ դրդեց կոտորել պարսից վերակացու զորքը` ուղղակի անհեթեթ է հնչում:
Մեհրուժանի մասին շարունակում է հաղորդել Բուզանդը: Ըստ այդմ, Արշակի թագադրվելուց առաջ` պարսից հերթական անհաջող արշավանքներից հետո, նա ներխուժում է Հայաստան` նպատակ ունենալով պատժել Մանվել Մամիկոնյանին և երկրի իշխանությունը վերցնել իր ձեռքը: Դժվար է ասել, թե ինչը դարձավ Մեհրուժանի ու Մանվելի անձնական թշնամանքի պատճառը (Մեհրուժանը իր զորքի մոտ նույնիսկ սպառնացել էր Մանվելի աչքի առաջ բռնաբարել նրա կնոջը), որոնք ժամանակին (հավանաբար` Պարսկաստանում եղած ժամանակ) մտերիմներ էին եղել, և Մանվելը լավ ծանոթ էր նրա շարժուձևին: Սակայն, կարծում ենք, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մանվելը որոշակի քայլերի դիմեց` վերականգնելու բյուզանդական գերիշխանությունը Հայաստանում, որի վառ ապացույցը իր մահից առաջ գրված ՙհատուկ գրությունն՚ էր, որով Հայաստանը հանձնվում էր Բյուզանդիային: Ժամանակը ցույց տվեց, թե որքան անհեռատես էր այդ որոշումը: Շապուհը Հայաստանի իր ենթակա մասում թագավորեցրեց Արշակունի Խոսրովին (385թ.) ու երկիրը բաժանվեց երկու տերությունների միջև (387թ.):
Մեր կարծիքով, Մեհրուժանի արշավանքի նպատակը երկրի իշխանությունն իր ձեռքը վերցնելն էր` կանխելու համար պարսից կողմից երկրորդ անձի թագադրումը և դրանով հանդերձ` երկրի մասնատումը:
Մեհրուժանը, որը պարսից պատժիչ զորքի ուղեկցությամբ արշավեց Հայաստան` թույլ չտվեց, որ պարսից բանակը մտնի երկիր, այլ` սեփական գնդով, իբր հետախուզելու նպատակով, խորացավ երկրի ներսը` պարսիկներին թողնելով սահմանի վրա: Բայց, գտնում ենք, որ նպատակը հետախուզելը չէր, այլ` երկիրը ասպատակությունից զերծ պահելը, որովհետև տեղում ծանոթանալով իրավիճակին, չնախատեսված ձախորդությունների հանդիպելով, հմայությունների ու բախտափորձուկների միջոցով կանխագուշակելով ձեռնարկի անհաջող ավարտը, այնուամենայնիվ պարսիկների օգնությանը չդիմեց:
Մեհրուժանի և Մանվելի զորքերի միջև ճակատամարտը կայացավ: Կարելի է ասել, որ ճակատամարտ վարելու մեջ ևս նա հմուտ էր, դիմացիներին զարմացնում էր իր հնարամտությամբ: Մեհրուժանը բանեցնում էր ռազմական նուրբ խորամանկություն, իր տարբերիչ նշանակներով ուներ մի շարք փոխարինողներ, որոնց շնորհիվ կռվողների մեջ անճանաչ էր մնում: Ի վերջո, Մանվելին հաջողվում է ճանաչել նրան ձի հեծնելու անսովոր ձևից և նրանք ելնելով իրար դեմ մենամարտում են: Երկուսն էլ հավասար ուժի տեր ու հսկա անձնավորություններ էին` նիզակամարտում երկուստեք հարվածներից միաժամանակ ձիերից վայր են ընկնում: Սակայն, վրա հասած Մանվելի զինակիցը նիզակով հարվածելով ընկած Մեհրուժանին նրան գամում է գետնին և անօգնական վիճակում կտրում գլուխը: Ցավալի է, որ Մեհրուժանը չսպանվեց ասպետական մենամարտում` արժանի հակառակորդի կողմից: Եվ, միգուցե աստվածային պատիժ էր, որ Մանվելը վախճանվեց անկողնում, որի համար նա ողբում էր, և ո՜չ թե զոհվեց ճակատամարտում, ինչպես վայել էր Մամիկոնյան ասպետներին:

*   *   *

Այսպիսով, փորձ արվեց ցույց տալու, թե որքան անարդարացի է Մեհրուժան Արծրունու տխրահռչակ համբավը: Ժամանակն է, մի շարք այլ պատմական դեմքերի շարքում վերագնահատել նրա գործունեությունը: Միաժամանակ, պնդում ենք` հայրենիքի դավաճանությունը աններելի հանցանք է, և իսկակա՜ն դավաճանները միայն մահով պետք է հատուցեն և պետք է արժանանան պատմության ու սերունդների հարատև անեծքին:

Վարդան Լալայան
ՙԴարձ՚, 2001, մարտ, թ. 22
Ազգային պետական գործիչներ
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008


Комментариев нет:

Отправить комментарий