28.11.2012

ԵՍ


Ես հայ եմ և հպարտ եմ դրանով:
Իմ արարչական Ցեղին անմնացորդ նվիրվելու և ցմահ հավատարիմ մնալու ուխտ եմ անում ահա՛:
Ու երդվում եմ Ցեղիս Ոգուն՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ:

-Ես՝ որպես Ինքնություն, Ցեղից դուրս գոյություն չունեմ, քանզի Հա՛յ մարդ եմ և  ոչ՝ սոսկ մարդ:

-Իմ՝ իբրև Հայ անհատի բնական կապը Արարչի՝ որպես Հավերժի ու բացարձակի հետ, անցնում է իմ տեսակի՝ Հայ Ցեղի անընդհատ զարգացման ու հարատևման ճանապարհով: Այլ խոսքով, միայն Ցեղի միջոցով ես կարող եմ հասնել կատարելիության՝ ոգիանալով միաձուլվել արարչաստեղծ Հայ Ոգուն, և՝ մերձենալ Արարչին:


-Գիտակից այն ճշմարտությանը, թե ես մասնակի կրողն ու անձնավորողն եմ Հայ Ոգու, հետևապես՝ նաև իմ կամքով է պայմանավորված Ցեղի Ոգու կատարելագործումը, ես ձգտում եմ անձնական կամքի մշակմամբ սատարել Հայ Ոգու հզորացմանը:

-Ես ցեղաճանաչ եմ, ասել է թե ճանաչում եմ Ցեղիս հերոսականն ու ողբերգականը, մշակույթն ու բարոյականը, իր արժեքներն ու առաքինությունները. գիտեմ, թե ինչ մեծագործությունների է ընդունակ իմ Ցեղը, ինչ անուրանալի ավանդ ունի նա մարդկային քաղաքակրթության մեջ:

-Ինձ համար ինքնաճանաչում՝ կնշանակի նա՛խ  ցեղաճանաչում, քանզի Ցեղիս ընդհանրական հատկանիշներով է պայմանավորված իմ անհատական կերտվածքը:

-Ես ցեղահավատ եմ, ասել է՝ հավատում եմ Ցեղիս ուժին, հանճարին, նրա կամքին ու կարողություններին, հավատում եմ նրա անցյալ ու ապագա հավիտենականին:

-Ցեղահաղորդ եմ ես. դա ասել է՝ հաղորդակից եմ Ցեղիս ցավին ու հրճվանքին, նրա դժբախտություններին ու մեծագործություններին: Ցեղի ձայնին ունկնդիր՝ նրան սպառնացող վտանգը զգալու և այն կանխելու կոչումն ունեմ ես:

-Որպես ցեղահաղորդ՝ ես զգում եմ, որ իմ անձն ավելի՛ Ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:

-Հնազանդ Ցեղիս՝ ես անհատապես ազատ եմ այնքանով, որքանով չեմ հակադրվում նրա շահերին ու բարոյականին, որ ի՛մն են նաև: Միաժամանակ, ինձ անհրաժեշտ է այնքան ազատություն, որ անհատակությանս լիարժեք դրսևորմամբ՝ ծառայեմ ազգիս:

-Իմ անձնական երջանկությունը պայմանավորված է Ցեղիս հավաքական երջանկությամբ, որն է՝ տեսնել, թե ինչպես է անընդհատ զորանում Հայությունը և իր բնական սահմաններում վերականգնվում Հայաստանը:

-Ես մերժում եմ ծույլ ճակատագրապաշտությունը և պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ Ցեղը:

-Հայրենապաշտ եմ ես, ասել է՝ պաշտամունք ունեմ ա՛յն հողի հանդեպ, որի վրա արարվել է մեր Ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը և ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են մեր նախնիների աճյունները և, որի սիրո ու  ազատության համար զոհաբերվել են մեր մեծ նահատակները: Եվ իբրև հայրենապաշտ՝ ես նշանաբանում եմ. <<Հայաստանը՝ հայերին>>, որը կնշանակի՝ Հայկական բարձրավանդակը Հայ գենի հայրենիքն է:

-Ինձանում առկա է թշնամու նկատմամբ արդար վրեժի զգացումը, որին մի հանցանք ներել, ասել է՝ նորերն արտոնել: Միաժամանակ, ինձ հատուկ է ներելու վեհանձնությունը, բայց թշնամում ծնկի բերելուց ու վրեժս առնելուց հետո միա՛յն:

-Ինձ համար սրբազան է Հայրենիքի գաղափարը, և գիտեմ նաև, թե միայն արյամբ ու զոհաբերությամբ է նվաճվում և պահպանվում հայրենիքի իրական անկախությունը:

-Իմ առաջնորդող կարգախոսն է.<<Ապրել ու գործել միայն ա՛յն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել ա՛յն բանի համար, որի համար արժե ապրել>:

-Հոգեբանորեն հաղթահարած մահը և գիտակցելով մահով անմահանալու խորհուրդը՝ ես պատրաստ եմ մեռնել, որ ապրի Ցեղն Հայոց, մեռնել այնպես, որ մահս էլ ծառայի Հայրենիքին:

-Ցեղիս արյան անաղարտությանը նախանձախնդիր՝ ես ցեղակցիս հետ ընտանիք կազմելու համար և սերունդ տալու պարտավորություն ունեմ, գիտենալով, թե սերնդատվությամբ է ապահովվում Ցեղի շարունակելիությունը և ընտանիքում է իրականացվում նորահաս սերնդի ազգային սկզբնական դաստիարակությունը:

-Հետամուտ մեր լիզվի մաքրությանն ու իմաստային նշանակությանը՝ Հայ մարդու հետ ես խոսում եմ հայերեն, գիտակցելով, որ լեզվի մահը արագացնում է ազգերի հոգևոր մահը:

-Իբրև զոհապաշտ՝ ես երկյուղածորեն ոգեկոչում եմ մեր մեծ նահատակներին, որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը զոհաբերեցին մեր Ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար:

-Ես մեծագույն վատություն եմ համարում հոգևոր խզումը սերունդների միջև, որով խախտվում է կապը՝ Ցեղի երեկվա ու վաղվա: Նախորդ սերունդներից կտրվելով՝ ես դառնում եմ հոգեպես անհող և անուղի, նախնյաց գործին և նպատակին անհաղորդ. ահա՛ թե ինչու դավանում եմ՝ հոգեհաղորդակցություն սերունդների միջև, որի շնորհիվ իմ սերնդին է փոխանցվում Ցեղի հավիտենական բոցը:

-Ցեղիս արտաքին թշնամիներին գերազանցած լինելու համար, ես պարտավոր եմ նա՛խ գերազանցել իմ նախորդներին խիզախությամբ, հայրենանվիրումով, ազգահոգությամբ: Դա ասել է՝ որ իմ սերունդը Ցեղի առջև ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող սերունդը, և այդ պարտականության մեջ իմ անձնական բաժինը՝ առյուծի բաժինն է, ամենամե՛ծը:

-Արդար ուժի պաշտամունքն ունեմ ես, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով և բազկով ուժեղներին: Ծարավ ուժի և արիության, ես իմ մեջ մշակում եմ զորության մարդուն, որ նշանաբանում է՝ <<Ավելի՛, է՛լ ավելի զորություն>>:

-Առաջնորդապաշտ եմ ես, ասել է՝ հնազանդվելով Ցեղիս կամքին, գիտեմ հնազանդվել նաև Ցեղի ճշմարիտ առաջնորդին, որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի:

-Հավատարիմ ներցեղային բարոյականին, ես ձգտում եմ արմատախիլ անել ներքին պառակտման ախտը, և ինձ հարազատ են այն բոլոր հայերը, որոնց համար ազգային շահը բարձր է եսակենտրոն ու հատվածական շահերից:

-Ուր էլ լինեմ,  ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ինչ քաղաքական ու կրոնական գաղափարներ էլ դավանեմ, ես կմնամ հպատակն ու մարտիկը իմ Ցեղի:

-Հայաստանից դուրս՝ օտարության մեջ, նյութական ինչ վիճակում էլ որ լինեմ, չեմ մնա՝ իբրև անդարձ տարագիր ու կպահեմ իմ սրբազան ուխտը՝ դարձ դեպի՛ Երկիր:

-Իբրև ճշմարիտ ցեղապաշտ, ես իմ Ցեղը սիրում եմ անհատականությանս ամբողջ ուժով՝ մտքիս, զգացումիս և կամքիս բովանդակ զորությամբ:

-Ինձանում առկա է ցեղային հպարտության զգացումը, որն իր սնունդն առնում է այն ամենից, ինչ որ գեղեցիկ է, վսեմ ու հերոսական Հայրենի պատմության մեջ:

-Ինձ համար Ցեղի արժեքներն ու բարոյականը իմաստ ունեն, եթե ես կրում եմ դրանք իմ մեջ, ապրում դրանցով՝ ապահովելով մտքիս, խոսքիս ու գործիս ներդաշնակությունը:

-Գիտակցելով, որ մեր անցյալը, ներկան ու ապագան մի անքակտելի ամբողջություն են, ես ձգտում եմ ապրել՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և առօրյա անդուլ պայքարով, միաժամանա՛կ:

-Ինձ համար նվիրական է այն ամեն ցեղային-հայկականը, որ առկա է Հայոց պատմության ո՛ղջ ընթացքում:

-Ես խորշում եմ այն բոլոր վարդապետություններից և հոսանքներից, որոնց գաղափարաբանությունը կամ գործունեությունը ուղղված է, առհասարակ, <<Ազգ>> երևույթի ու, մասնավորապես, Հայ ազգի դեմ:

-Պարտվողականությանը ես հակադրում եմ հաղթական Ոգին, կրավորական տառապանքին՝ ներգործուն պայքարը, սարսափի հոգեբանությանը՝ մետռնելու կամքը, լալկանությանը՝ արիադավանությունը, մտքի անիշխանությանը՝ ցեղային մտածումը, կրոնական անդենականությանը՝ երկրավոր հայրենապաշտությունը, դասակարգային և հարանվանական եսականությանը՝ ներցեղային բարոյականը:

-Որպես արիադավան, ինքս արիանալու և ցեղակցիս արիացնելու պարտավորություն ունեմ ես՝ նշանաբանելով. <<Արիացի՛ր՝ արիացրո՛ւ>>:

-Ինձ չի սարսափեցնում միջավայրի այլասերիչ ազդեցությունը, քանզի այն անզոր է ուծացնել, եթե ես ապրում եմ ցեղորեն՝ Ցեղի կյանքով և Ցեղի համար:

-Փառահեղ նախնիներիս մեծությանը հետամուտ՝ ես պատկառում եմ իմ Ցեղից և աշխատում ամենուր արժանավորապես ներկայացնել նրան:

-Գիտակցելով, որ նաև իմ ձեռքում է գալիք սերունդների ճակատագիրը, ես ինքնավատնումի մեջ ազատ չեմ ու քաջառողջ լինելու պարտականություն ունեմ՝ առաջնորդվելով <<Առողջ հոգին՝ առողջ մարմնում>> սկզբունքով:

-Ես լավատես եմ և խորապես հավատում եմ իմ գործին. նոր ուխտակից գտնել՝ ահա՛ մի գործ, որի մեջ ես հոգնել չգիտեմ:

-Իմ քարոզչությունը, առավելապես անձնական օրինակի քարոզչություն է: Համոզված իմ դավանանքի ճշմարտության մեջ՝ ես ձգտում եմ խոսել այնպես, որ իմ ձայնի մեջ ունկնդիրները Ցեղի ձայնը լսեն:

-Քիչ եմ խոսում ես, որովհետև գործի մարդ եմ. խոսում եմ միայն ուսանելու և ուսուցանելու համար, իսկ ուսանում և ուսուցանում եմ՝ գործելու համար:

-Ցեղիս հզորությանը և հաղթանակին նախանձախնդիր՝ ես աշխատում եմ գիտության զինականոնից առնել իմ կռվի զենքերը, չմոռանալով նաև, որ մարդս ի՛նքն է իր առաջին զենքը:

-Ես գիտության, արվեստի կամ արհեստի ընդհամենը մշակ չեմ, այլ՝ դրանք իմ Ցեղին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ:

-Ցեղիս արարչահաղորդ Կա՛մքը - ահա՛ գերագույն հեղինակությունն ինձ համար:
-Կամենում եմ հաղթել և հարատևել, -իր վճիռն է հայտնում Ցեղը:
-Այո՛, դու պիտի հաղթես և հավերժես, ես քեզ հետ եմ ու հնազանդ քեզ, եղիցի՛ քո կամքը,- վճռաբար ասում եմ ես:

ՄԵՐ ՀԱՎԱՏԱՄՔԸ, Ազգայնական գաղափարախոսության հիմնադրույթները:
ՄԵՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ, Հայ ազգայնականության արդի խնդիրները
Բ հրատարակություն,
Հրատարակիչ՝ <<Հայրենիք>> ակումբ, Եր., 2008

Комментариев нет:

Отправить комментарий