25.12.2013

ՕՐՀՆՅԱԼՆԵՐԸ


Ոգի՜ Գերագույն ու ամենազոր. Ամենաարի, Ամենաբարի, Հայոց Դիցերի Խորիմա՜ստ դու Հայր: Շռայլի՛ր, զեղիր պարգևդ առատ՝ Լույս-Հայի հոգում. Արարման հրաշքն ու հոգիներին լույս պարգևելու սրբազան ջիղը թող մնա՛ հավետ՝ քո կամքով ծնված Հայոց սրտերում: Պահապաննե՛րն ենք քո Որակների, ու զավակնե՛րն ենք, զինակիցները՝ քեզանից սերված ահեղ Դիցերի: Դու հաստա՛տ պահիր Հայոց լեռները, և մենք երկնասլաց ապառաժներո՛վ կշարունակենք կամքը մեր կոփել: Երկնային ջահերն՝ Արարատի լուրթ, անհուն եզերքում թող վառվե՛ն հավետ, ու հրե արգանդն Հայոց լեռների՝ թող եռո՛ւն մնա. և մենք, աշխարհի կեղտ ու չարիքին՝ սրի տեսք ստացած մահաբեր շանթով, հրաբուխներո՛վ կդիմակայենք: Դու անմա՛ր պահիր հուրը երկնային՝ մեր հոգիներում, և մենք՝ Բարձրյալիդ լույս օրենքներով, կապրենք հավիտյա՛ն սուրբ Արարատում: Թող հավերժանա՛ Տեսակը Արի, քանզի կա՛մքն է դա ամեն մի Հայի. ամրացրո՛ւ կամքն այդ, Բարեբե՜ր Արա: Մա՜յր Ամենայնի, գորովդ անսպա՛ռ Հայոց աշխարհից: Ոռոգի՛ր լանջերն ահեղ լեռների՝ վարար հորձանքով կենարար կաթիդ, արևի ոսկի՛ն խառնիր մայր հողին, ու ոսկե հասկը թող հավե՛տ ծփա Արյաց սուրբ հողում: Քո կամքով, Հայոց քարերը անգամ՝ կյա՛նք են պարգևում. դու բեղո՛ւն պահիր սերմը Հայորդու: Քո գեղեցկությունն ու սերը անհուն՝ չլքե՛ն երբեք չքնաղ Հայուհուն: Բերք ու բարի՛քդ պարգևիր հողին, առողջ մանուկներ՝ Հայի օջախին: Դիցամա՜յր չքնաղ, սիրառա՜տ Մարէ. պահիր, փայփայի՛ր չքնաղ բնությունն Արարատ երկրի, իսկ մնացյալը՝ Հայը կպահի՛:
ՈՒ ղողանջո՛ւմ է ամեն այգաբաց՝ քաղցրալուր օրհնանքն Հայոց քրմերի: Մթին Տավրոսից՝ շարժվում Արևելք, Կորդվաց աշխարհից՝ սավառնում հյուսիս, Պարխարից՝ հարավ, ու Մայր Արաքսի անհանգիստ ալյաց ահարկու խաղով հոսում Արևմուտք՝ Արարատների, Արայի լեռան ու Արագածի սուրբ եռանկյունու վեհաշքությանն ավելացնելով խորհուրդն ու կա՛մքը՝ Սյունյաց լեռների ու ծմակների, Սիփանի, Սիմի հպարտ մենությունն ու դրախտային անապակ շունչը՝ չքնաղ Բյուրակնի: Մեծրանց լեռների, Գուգարաց երկրի հպարտ տերերի կա՛մքն է թևածում նրանց բերանով, հոգածությունն ու խնա՛մքը արթուն՝ տափաստանների շեկ ավազների բյուր միջատներին հսկող Զագրոսի, բարձրաբերձ Զաբի: Նպատ, Թոնդուրեկ, Նեմրութ ու Վարագ՝ հավիտենական իրենց զորության ձա՛յնն են առաքում նրանց շուրթերով. Խորիմա՜ստ Արա, Բարեբե՜ր Մարէ, մեծազո՜ր Դիցեր. թող չթուլանա՛ն պիրկ բազուկները Տորքի զարմերի, ու թող չմարե՛ն հրաբուխները՝ սրտերում ցասկոտ Սլակի տոհմի: Միանդակի գոռ զավակներն արի՝ թող չնվաղե՛ն, ու թող բազմանա՛ն Խոռի զարմերը վիշապահալած: Հայոց սուրբ երկրի բոլոր ծագերում, թող ազատ քայլեն ու թող արարե՛ն նախարար տոհմերն Արի Դիցերի. թող հարատևի՜ Տեսակը Հայի:

Գևորգ Հովհաննիսյան
Հատված "Հավերժական Արքայատոհմ" գրքից (գիրքը դեռ անավարտ է)

Комментариев нет:

Отправить комментарий