27.08.2013

ՄՈՒՇԵՂ ԵՎ ՄԱՆՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ


ՙՆմանվի՜ր Մամիկոնյան հային, որ զորավոր էր 

դեպի հայրենի Երկիրն ու Ցեղը տածած սրբազնության
 զգացումով և նրանց համար
 մեռնելու իր աննահանջ կամքով՚։ 

Գարեգին Նժդեհ

Պատահական չէ մեծ հայի այս պատգամը։ Դարեր շարունակ Մամիկոնյան տոհմի անունը հայի համար ունեցել է ռազմական փառքի, հայրենյաց համար մեռնելու կամքի, հայի վսեմ բարոյականի իմաստ։
Նախկինում աննշան այդ տոհմը չորրորդ դարից սկսած իր ձեռքը վերցնելով Հայաստանի պաշտպանության ղեկը` եղավ հայ թագավորների հավատարիմ օգնականը, իսկ հայկական պետականության անկումից հետո` Հայաստանի անկախության ամենաեռանդուն պաշտպանը։
 Վաչե Մամիկոնյանով սկսվեց Մամիկոնյան ասպետների ա՛յն հիանալի փաղանգը, որի մեջ ամրապնդված Էր Ցեղի ու Հայրենիքի համար կռվելու և մեռնելու բարոյականը։ Հատկանշական Է, որ այն ուներ ժառանգական բնույթ` փոխանցվելով սերնդեսերունդ։ Մամիկոնյան ռազմի ասպետների այդ շքեղ փաղանգում իրենց հերոսականությամբ ու հայաշունչ բարոյականով փայլում են Մուշեղ և Մանվել Մամիկոնյանները։
Մուշեղը Վասակ Մամիկոնյանի որդին Էր։ Նրա հոր ու Արշակ թագավորի մահից հետո հայոց աշխարհն ընկավ ծանր կացության մեջ։ Պարսից մի մեծ զորաբանակ ավերելով երկիրը` պաշարել Էր Արտագերս ամրոցը։ Մեկը մյուսի հետևից թշնամու կողմն Էին անցնում հայ նախարարները։ Նման պայմաններում Մուշեղը ստանձնելով սպարապետության պաշտոնը (368-376թթ.) լծվեց Հայաստանի ազատագրման գործին։ Իր շուրջը համախմբելով հայոց գահին հավատարիմ մնացած իշխաններին` նա վերսկսեց պարսիկների դեմ պայքարը։ Բայց, համոզվելով, որ երկրի անկախության վերականգնմանը կօգնի միայն արքայական իշխանությունը նա` որպես հայոց գահի հավատարիմ պաշտպան, բանակցելով Հռոմի կայսեր հետ` այնտեղից բերեց Պապ արքայազնին և թագավորեցրեց Հայաստանում։ Այդ ընդունակ և համարձակ արքայի հրամանով Մուշեղն սկսեց արագ ձևով պատերազմի պատրաստվել։ 10.000-ոց զորքով գնալով Ատրպատական` Մուշեղը մեծ ջարդ տվեց պարսից արքայի բանակին` գրավելով նաև նրա կանանոցը։ Դաժանաբար վրեժ լուծելով գերված պարսիկներից` նա, սակայն, իրեն ասպետորեն պահեց կանանց հանդեպ։ Կանանոցը նա ապահով ուղարկեց Շապուհին։ Հայի այս վսեմ բարոյականը ցնցեց անգամ գազանաբարո Շապուհի հոգին։ Իսկ Ձիրավի հաղթական ճակատամարտով Մուշեղն ապահովեց Պապի գահի անվտանգությունը։ Լինելով քաջ զորավար` Մուշեղը նաև մեծ տիրասեր Էր և այդ հատկությունը փոխանցում Էր իր ռազմիկնհրին։ Պատմիչը վկայում Է, որ մի ճակատամարտում հայ զինվորներն ամեն սպանվող պարսիկի վրիժակի պարտավորությամբ նվիրում Էին իրենց նախկին արքա Արշակին` ասելով. ՙԱ՜ռ, քաջ Արշակ՚։
Նրա հաղթական կռիվների շնորհիվ պարսիկները ստիպված դեպի Հայաստան իրենց արշավանքները դադարեցրեցին։ Պապի հրամանով Մուշեղն անցավ հայկական հողերի գրավման և ապստամբած իշխանների հնազանդեցման գործին։ Պատժելով ու ենթարկելով ապստամբ ուժերին` նա կրկին հայկական կենտրոնական իշխանությանն է միացնում Պարսկահայքը, Կորդուքը, Արցախը, Փայտակարանն ու Աղձնիքը, ինչպես նաև ուրիշ շրջաններ` վերականգնելով Մեծ Հայքի ամբողջականությունը։ Պապի եղերական մահից հետո Էլ Մուշեղը շարունակեց Հայաստանի սահմանների պաշտպանության գործը։ Սակայն, նրա և Վարազդատի խորհրդական Բատ Սահառունու միջև հակասությունները խորացան, և վերջինիս սադրանքով Մուշեղին մեդադրելով Պապի սպանության մեջ Վարազդատը դավադրաբար սպանել տվեց նրան։ Հերոս սպարապետը իր մահվան ժամին դառնությամբ ասաց. ՙԱյս մահը երանի թե ձիու վրա ինձ հասներ՚։ Մուշեղին երկար ժամանակ չթաղեցին, հավատալով, թե հարալեզները լիզելով կկենդանացնեն նրան` ռազմաշունչ հայն իր կյանքով նմանվեց իր հեթանոս նախնիներին։

*   *   *

Մուշեղից հետո, սակայն չխամրեց Մամիկոնյան աստղը։ Իր հայրենանվեր գործունեությունը սկսեց Արտաշեսի Մանվել որդին։ Պարսկական գերությունից վերադառնալով` նա ստանձնեց Մամիկոնյան տոհմի նահապետությունը։ Հայաստանը հռոմեական դրածո Վարազդատի գլխավորությամբ ընկնում Էր Հռոմի ազդեցության տակ։ Դրանով մտահոգված Մանվելն ինքնակամ ստանձնեց սպարապետի պաշտոնը` ընդդիմանալով Վարազդատի կողմից նշանակված Բատ Սահառունուն, և պատերազմ հայտարարեց Վարազդատին։ Կարինի դաշտում հաղթելով թագավորական զորքերին` Մանվելը երկրից արտաքսեց Վարազդատին ու նրան պաշտպանող հռոմեական ուժերին: Փաստորեն, նա դարձավ Հայաստանի միանձնյա տերը։ Սակայն, հավատարիմ իր նախնյաց ավանդույթներին Մանվելը հայոց աշխարհի գահը հանձնեց Պապի որդուն` մանկահասակ Արշակ Գ-ին և ստանձնեց նրա խնամակալությունը։ Երկրի փաստացի իշխանությունը գտնվում էր Մանվելի ձեռքին (376-385թթ.)։ Հռոմի դեմ հաջողությամբ կռվելու նպատակով Մանվելը ռազմական դաշինք կնքեց Շապուհի հետ` շարունակելով Պապի խելացի քաղաքականությունը։ Հայաստան Է ուղարկվում պարսից Սուրեն իշխանը 10.000-ոց զորքով, որով Հայաստանն ապահովվում է Հռոմի վտանգից։ Բայց, ըստ երևույթին, պարսիկները դավադրություն Էին նախապատրաստում հայոց գահի դեմ, և Մանվելն այդ մասին տեղեկանալով Մեհրուժան Արծրունուց, անցնում Է կտրուկ գործողությունների։ Կոտորելով Սուրենի բանակը հայոց գահի հավատարիմ պաշտպանը ապահովում Է Հայաստանի լիակատար անկախությունը։ Սակայն, այդ անկախությունը պահպանելու համար Մանվելը ստիպված էր մի շարք կռիվներ մղել պարսկական զորքերի դեմ։ Այդ բոլոր մարտերից Մանվելը հաղթական էր դուրս գալիս, ինչի շնորհիվ Հայաստանում շուրջ յոթամյա խաղաղություն ապահովեց։ Այդ ընթացքում Մանվելը հասցրեց առավել ամրապնդել Արշակ Գ-ի գահը և բարեկարգել հայոց երկիրը։ Հայրենանվեր սպարապետը մահվան մահճում անգամ ափսոսում էր, որ իր Արշակունի տերերի համար չմեռավ ձիու վրա. ՙԻ՞նչու ես բախտ չունեցա պատերազմի մեջ մեռնելու, քան թե այսպես անասունի նման մեռնեի... ո՞ւր է թե ինձ վիճակվեր մեռնել մեր երկրի բնիկ Արշակունի տերերի համար, մեր կանանց ու որդիների համար, մեր երկրի համար...՚։ Իսկ որդուն հանձնելով տոհմի նահապետությունն ու երկրի սպարապետության պաշտոնը` նա պատվիրեց. ՙՀնազանդ ու հպատակ լինել Արշակ թագավորին, հավատարիմ լինել, ջանալ ու աշխատել, հայոց աշխարհի համար պատերազմել...՚։
Այսպես անցավ Մամիկոնյան երկու հերոսների կյանքը, որոնք իրենց գործունեությամբ ու նվիրումով փառավորեցին Հայ Ցեղի փառքը, իսկ սերունդների հիշողության մեջ թողեցին դասական հայի վարքագծի խորհուրդը։ Եվ պատահական չէ, որ Մուշեղի և Մանվելի կյանքն ու գործունեությունը ունեին շատ զուգահեռներ.
Ա. Հայաստանի համար բախտորոշ պահերին, երբ երկիրը գտնվում էր կոտորածի ու կործանման սպառնալիքի առջև` Մամիկոնյան երկու սպարապետներն էլ ինքնակամ ստանձնեցին սպարապետության պաշտոնն ու երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը` հաղթական ավարտի հասցրեցին հայոց պետականության պահպանության համար մղվող պայքարը։ Մուշեղը մինչև Պապի թագադրվելը եղավ հայկական ուժերի փաստացի ղեկավարը, իսկ Մանվելը` անգամ Արշակ Գ-ի ժամանակ, Հայաստանի փաստացի արքան էր։
Բ. Մուշեղի և Մանվելի կյանքն ապացուցեց նրանց անսահման նվիրվածությունը արքայական գահին։ Երկուսն էլ երկրի գահը հանձնեցին Հայաստանի օրինական տերերին և իրենց ողջ կյանքը հանուն գահի ծառայելու գործին նվիրեցին։ Երկուսն էլ իրենց թույլ չտվեցին ձեռք բարձրացնել անգամ թշնամի թագավորների վրա` դրանով իսկ արքայական թագի նկատմամբ իրենց ասպետական ակնածանքը ցույց տալով։
Գ. Երկուսի մեջ էլ շեշտված էր Ցեղի կենսակերպը։ Ե՜վ Մուշեղը, և՜ Մանվելը ասպետորեն Էին վերաբերվում իրենց թշնամիներին, երկուսն էլ կյանքն անց են կացրել Հայրենիքի համար մղված հաղթական մարտերում, երկուսն էլ արհամարելով մահը ափսոսում էին միայն, որ չեն մեռնում սուրը ձեռքներին։
Նրանք իրենց վարքով դարերին կտակեցին Ցեղի համար պատրաստակամորեն մեռնելու բարոյականը։ Հատկանշական է Մանվելի պատգամն իր որդուն. ՙՈւրախությամբ հանձն առ մահը երկրի համար, ինչպես և քո քաջ նախնիները, որովհետև դա արդար և Աստծուն ընդունելի գործ է...՚։
Իրենց հերոս նախնիների այս պատգամը կենսագործելով` Մամիկոնյան հետագա սերունդները մեզ պատգամեցին իրենց արյամբ սրբագործված ուխտը. ՙՔաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների... ոտից կոխան լինելն ու պղծվելը...՚։

Գևորգ Հովհաննիսյան
ՙՀանրապետական՚, 1995, հունիս, թ. 9
Ազգային պետական գործիչներ
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008

Комментариев нет:

Отправить комментарий