28.08.2013

ՄԵԼԻՔ ԵԳԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


17-18-րդ դարերում Արցախական աշխարհի երբեմնի հզոր իշխանատիրույթում ձևավորվեցին հինգ մելիքություններ, որոնք  իշխանատիրույթի նոր ձև էին: Դրանց թվում էր նաև Դիզակի մելիքությունը:
    Դիզակի մելիքության տարածքն ընգրկում էր նույնանուն լեռներից մինչև Արաքս ընկած հողերը և Հասան-Ջալալի երբեմնի հզոր իշխանատիրույթի մասն էր կազմում:
    Դիզակի իշխանավորները Մելիք-Եգանյաններն էին: Այս իշխանատոհմի ծագման և Խաչենում հաստատվելու մասին հայտնի է հետևյալը. նրանք  սերում են Լոռի գավառի Լոռիս-Մելիքյաններից: Ընտանեկան ընդդիմություն է ծագել տոհմի երկու ներկայացուցիչների՝ Մելիք Էլիզբարի և Մելիք Եգանի միջև՝ հողային ժառանգության կապակցությամբ: Մելիք Էլիզբարն ուժով տիրել է Մելիք Եգանի հողաբաժնին՝ Փամբակ ձորին և Լոռիի մի մասին: Չկարողանալով ընդդիմանալ Մելիք Էլիզբարին՝ Մելիք Եգանը 18-րդ դարի սկզբներին իր ամբողջ գերդաստանով, ժողովրդով հեռանում է Լոռուց և, կտրելով Արցախական աշխարհը՝ հաստատվում է՝ Դիզակ գավառում:
   Մելիք Եգանի տոհմաճյուղի մասին Տող գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչակալի արձանագրությունից հայտնի են հոր՝ Ղուկաս վարդապետի, մոր՝ Մարիամի, եղբոր՝ Արամի, քրոջ՝ Խանումի, կնոջ՝ Խանումի, որդիների՝ Արամի, Եսայու, Բաղդամի, Վերտի և այլ ազգականների անունները:
   Հայրը՝ Ղուկաս վարդապետը և որդին՝ Մելիք Եգանը, ձեռնարկում են նոր իշխանատիրույթի վերաշինությունը: Զբաղեցնելով մի շարք վարչական պաշտոններ՝ ի վերջո Մելիք Եգանը հաստատվում է Դիզակի մելիքական պաշտոնում: Նա մայրաքաղաք է դարձնում Տող գյուղը, իսկ հոգևոր կենտրոն՝ Գտիչի վանքը, որի առաջնորդ է նշանակում հորը՝ Ղուկաս վարդապետին: Վերջինս նորոգում է վանական համալիրը և միաբանություն հաստատում այդտեղ:
   Մելիք Եգանն ամրացնում է Տող գյուղը, կառուցում պաշտպանական կառույցներ: 1707 թվականին գյուղի կենտրոնում կառուցվում է նրա ապարանքը: Այն ի սկզբանե ունեցել է բրգավոր շրջապարիսպ, որը մասամբ պահպանվել է դարպասի հետ միասին: Շենքը կառուցված է սրբատաշ քարով, երկհարկանի է, ներքին հարկը քարածածկ է, վերին հարկն ունի պատշգամբներ: Գյուղի բարձրադիր թաղում Մելիք Եգանը կառուցել է Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը ծառայել է որպես Մելիք-Եգանյան իշխանատոհմի տապանատուն:

    Մելիք Եգանի իշխանության ժամանակահատվածը համընկավ ազգային և՛ մտափայալատակումների, և՛ խռովքի ծանր ժամանակներին: Մի կարճ պահ փայլատակեց Դավիթ Բեկի ստեղծած հայկական անկախ իշխանապետությունը, որի դրոշի տակ կռիվներ մղաց նաև Մելիք Եգանը: Այնուհետև գոյատևման համար նա մշտական բախման մեջ էր թուրքական թափառիկ ցեղերի հետ: Այդ իրադրության մեջ հանդես բերելով դիվանագիտական հեռատեսություն՝ Մելիք Եգանը ընդունում է Պարսկաստանի Նադիր շահի գերիշխանությունը: Նադիր շահը 1736 թվականին նրան շնորհում է խանի տիտղոս և նշանակում Արցախի հինգ մելիքների գերագահ իշխան, որը իրավունք էր վերապահում նրան հավաքելու և շահի գանձարան հանձնելու մելիքությունների՝ ժողովրդից գանձվող հարկերը: Փաստորեն, այդ քայլով ապահովում է նրանց կիսանկախ վիճակը և Արցախի մելիքությունների հողերը զերծ է պահում պարսկական ոտնձգություններից:
   Մելիք Եգանի օրոք էր, որ Արցախական աշխարհում իր նենգ գործունեությունը ծավալեց հայկական մելիքությունների մեծագույն թշնամի՝ թուրք Իբրահիմը: Այս մարդակերի զոհերը դարձան բազմաթիվ հայորդիներ, ինչպես նաև Մելիք Եգանի տոհմի շատ անդամներ: Եվ այդ նաև այն պատճառով, որ 1744 թվականին իր մահկանացուն կնքեց մեծ հայրենասեր և քաջամարտիկ հայը՝ Մելիք Եգանը, իսկ նրա հաջորդները չկարողացան դիմագրավել Իբրահիմի խարդավանքներին: Մելիք Եգանին թաղեցին Տող գյուղի տոհմական տապանատանը և գերեզմանին փորագրեցին.

Այս է տապան քաջ իշխանին
Եկան անուն մեծ Մէլիքին,
Որ է որդի բարեպաշտին
Ղուկաս անուն վարդապետին :
Եղև սիրեցեալ ամենայնին
նատիր անուն թագաւորին:
Տիրապետեց սայ ի երկրին
Ի Աղուանից ի նահանգին
Յոյժ պատուեցավ պարսից ազգին
Քան զիշխանս հայոց երկրին... 

Մելիք Եգանը, որ ինչպես տապանագիրն է հաստատում, տիրում էր բուն Աղվանքից՝ Քուռ գեռից մինչև Արաքս ամբողջ երկրամասին և հայոց երկրի իշխանն էր, ուներ իր իշխանությանն արժանի զինանշան: Մեզ հասած օրինակը պահպանվել է Կաքավաբերդի եկեղեցու ներսում: Եկեղեցին գտնվում է Տող գյուղի  մոտ, Իշխանագետի մի լայնանիստ և բարձր բլրի գլխին: Այն վերակառուցվել է 1742 թվականին, երբ Մելիք Եգանը գտնվում էր իր փառքի գագաթնակետին:
    Զինանշանում պատկերված է երկգլխանի արծիվ: Թռչնի մարմինը վահանաձև է: Մարմնի վերնամասից դուրս են գալիս երկու համաչափ, աղեղնաձև երկար վզեր, որոնք ավարտվում են կլոր գլխով, ընդգծված աչքերով ու սուր կտուցով: Արծվագլուխների վրա եռաճյուղ թագեր են: Թռչունը հենված է եռանկյունաձև պոչի վրա: Նույն համաչափությամբ մարմնի վերնամասից մինչև պոչն են իջնում ներքևում սրացող թևերը: Թռչունը ձախ ոտքի ճանկերով թևի վրա պահում է գնդավոր գլխով իշխանության նշան-մականը, իսկ աջ ոտքի ճանկերով թևի վրա պահում է փոսիկավոր խաչը՝ հոգևոր նշանը;
    Մելիք Եգանն իր զինանշանի համար ընտրելով երկգլխանի արծվի պատկերը, հավաբար հաստատել է իր կապը Մամիկոնյան-Համազասպյանների հետ: Թեև պետք է նկատել, որ հակառակ Մամիկոնյանների երկգլխանի արծվի, որը մագիլների մեջ բռնել է գառ, այստեղ արդեն արծիվը մագիլներում պահում է աշխարհիկ և հոգևւոր իշխանության նշանները՝ մականը և խաչը:
    Մելիք Եգանի զինանշանը որոշ նմանություն ունի նույն  ժամանակաշրջանի ռուսական գերբանշանի հետ, որտեղ առկա է գրեթե նույնական պատկերը, միայն այն տարբերությամբ, որ ռուսական արծիվը թևաբաց է, և գլուխների արանքում առկա է ռուսական կայսրության թագը:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 92-95  Տիգրան Հայազն

Комментариев нет:

Отправить комментарий