
Բնավ չափազանցություն չէ, երբ  բազմիցս խոսվում և գրվում է այն մասին, որ Օսմանյան կայսրությունում  լավագույն դիվանագետները, տնտեսագետները, բժիշկները,արհեստավորները հայեր  են եղել: Անմրցելի մասնագիտական որակ ու կշիռ են ունեցել հայկական տարբեր  գերդաստաններ: Տյուզյանների տոհմը հայտնի է եղել ոսկերչության ու  դրամահատության, Տատյանները` զինագործության, Պալյանները` ճարտարապետության  մեջ; Հայ ամիրաները գլխավորել են Օսմանյան կայսրության տնտեսության  գլխավոր ճյուղերը, իրականացրել հարկահավաքումը երկրում: Բանիմաց ու խելացի  հայ մեծանունների են վստահվել պետական կարևորագույն պաշտոններ, ընդ որում`  ժառանգաբար: Թուրքիայի ներկայիս արտգործնախարան Ա. Դովութօղլուն անգամ այդ  մասին բառացիորեն ասել է. <<Մինչև 1914թ,. Թուրքիայում կային հայ  նախարարներ: Եվրոպական մի շարք երկրներում Թուրքիային ներկայացնում էին  ազգությամբ հայ դեսպանները, իսկ օսմանյան աղբյուրներում հայերը հիշատակվում  են որպես ամենահնազանդ հպատակներ>>:
  Օսմանյան կայսրության  առաջին հայ նախարարը եղել է Գրիգոր Աղաթոնը: Նա նաև Օսմանյան կայսրության  առաջին քրիստոնյա նախարարն էր: Աղաթոնը ղեկավարել է շինարարության հարցերով  զբաղվող նախարարությունը: Օսմանցիների համար հայերը դիվանագիտական  առաքելություն էին իրականացնում:Կարապետ Արթին Դավուդյանը եղել է Բեռլինում  Թուրքիայի դեսպանը, ապա` Լիբանանում կառավարիչ: Հայտնի դիվանագետներ էին  հյուպատոսներ Մանուկ Ազարյանը` Ս-Պետերբուրգ, Միհրան Գավաֆյանը` Վիեննա,  Հռոմ, Մինաս Երամը` Նեապոլ: Օրենսդիր մարմնում ևս հայեր կային: Օսմանյան  առաջին խորհրդարանում գործել են հայ պատգամավորներ Համազասպ Պալարյանը`  Կարին, Սեպուհ Յավուրյանը, Ռուբեն Յազըճյանը` Էդիրենե, Սահակ Յավուրյանը`  Պրուսիա, Հակոբ Շահինյանը` Սեբաստիա:
   Հայերը զբաղեցրել են բարձր  պաշտոններ նաև դատական ատյաններում: Օսմանյան Սուլթան Աբդուլ Համիդ 2-ը ,  որը հայտնի էր 1894-96թթ հայության զանգվածային կոտորածներ կազմակերպելով,  որոշ հետազոտողների հավաստմամբ ուներ հայկական գեն: Նրա մայրը հայուհի էր`  Փիրիմուջյան ազգանունով:
   Եթե հայատյաց միջավայրում հայ օրենսդիրը,  դիվանագետը կամ զորականը կարողացել են գրոհել այդպիսի բարձունքներ, ապա  մնում է ենթադրել, թե այլ երկրների բարենպաստ միջավայրում ինչ դիրքերի  կհասնեին հայ գործիչները: Օտար երկրների ղեկավարներն ըդգծված դրական  վերաբերմունք էին ցուցաբերում  աշխարհասփյուռ հայ համայնքների նկատմամբ,  բարձր գնահատելով բեկորացած հայ ժողովրդի հանճարի փայլատակումը, նրա  գործունյա ու շնորհաշատ զավակներից շատերին պաշտոնների կարգել իրենց  պալատներում` վստահելով նրանց դիվանագիտական, առևտրատնտեսական, իսկ երբեմն  էլ զինվորական կարևոր գերատեսչություններ:
 
 
 
Комментариев нет:
Отправить комментарий