Ինքնապաշտպանություն- դա միակն է արվեստներից, որի թերությունը գրչի, վրձնի, մուրճի փոխարեն սրբագրում է թշնամու արնոտ սուրը:
Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ ի՛ր բազուկի, ի՛ր զենքի վրա:
Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:
Ահա՛ թե ինչու անկախության բարիքներից լիուլի օգտվելու իրավունքը ձեռք բերելու համար, ժողովուրդները նախ հրամայողաբար ձեռք են բերում ինքնապաշտպանության բարդ արվեստը, որը պահանջում է լինել ուժեղ, էլի՛ ուժեղ և մի՛շտ ուժեղ:
Մի ժողովրդի բարոյաքաղաքական արժեքը մատնում է նրա ինքնապաշտպանությունը:
Ողբալի է այն ժողովուրդը, որն իր ինքնապաշտպանության կռիվներում կրավորաբար մեռածների - ֆիզիկապես թե բարոյապես- մեծ թիվ է տալիս:
Թշնամին ունի մեզ բնաջնջելու վճիռ, մենք չունենք ինքնապաշտպանության ծրագիր և ինքնապաշտպանության զենք:
Մի չափազանց ուշագրավ և ցանկալի պարագա է սա: Այդ նշանակում է, թե մեր ժողովուրդը ոչ միայն պատերազմի և խաղաղության մասին սխալ ըմբռնում ունի, այլև անուղղելի է իր անփութության մեջ՝ դեպի սեփական գոյությունը, զուրկ խրատելու և հրահանգելու ընդունակությունից, անկարող ըմբռնելու մի տարրական ճշմարտություն, թե՝ խաղաղապաշտ և անարի ժողովուրդները պատերազմից անհամեմատորեն ավելի են տուժում:
Բարոյանյութական առաջընթաց - ասել է՝ ներուժ ինքնապաշտպանության: Առաջընթացի հրամայականն է ինքնապաշտպանությունը: Այլևս ոչ ոք չի հավատում մեր ժողովրդից զատ - թե կարելի է կանգնեցնել առաջընթացի հաղթական կառքը՝ գետինը փռված պարտվածների հառաչանքով:
Հաղթելու համար պետք է սեփական պարտությունը հաղթահարել:
Հաղթահարել սեփական պարտությունը նշանակում է ընդունակ լինել ինքնապաշտպանության, որը ուրիշ բան չէ, քան թշնամու պարտությունը:
Ինքնապաշտպանություն՝ ահա թե ինչ են թելադրում ժամանակն ու առաջընթացը:
Ինքնապաշտպանություն՝ ահա՛ մեր նոր կրոնը:
Ինքնապաշտպանություն՝ միակ միջոցը, որ թե՛ ժողովուրդների և թե՛ աստվածների գոյությունն է ապահովում:
Եսականություն չէ բնավ, երբ մի ժողովուրդ իր ինքնապաշտպանությունը իր կրոնն է հայտարարում:
Ինքնապաշտպանությունը ոչ թե բնական իրավունք է յուրաքանչյուր ժողովուրդի, այլև պարտականությունն է դեպի մարդկությանը:
Մակաբույծ է մի ժողովուրդ, եթե իր ինքնապաշտպանության համար հենվում է միայն օտար ուժի շնորհին:
Ինքնապաշտպանությունը մի պարգև չէ ուրիշից իրեն, այլ մի բան իրենից - իրեն, մի ազդեցություն ենթակայից - ենթակային:
Ինքնապաշտպանությունը մի ժողովրդի գոյության ներքին ճիգն է: Մինչև հիմա այդ ճիգն արտահայտվեց որպես աղոթք, աղերսանք, մուրացկանություն - հետևանքը՝ հազար և հազար կրավորական զոհեր: Հիմա ճիգը մեր ներքին ուժի արտահայտությունը պիտ լինի:
Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ:
Քեզանից զատ - խրատում է պատմությունը - ո՛չ ոք չի կարող բարեփոխել քո դրությունը:
Ինքնափրկություն - ահա՛ պատմության թելադրանքը:
Հայը հասկացա՞վ այդ - նա կանգնած կլինի փրկության անշեղ ճամփին:
Պատերազմում հարվածում է, սպանում, վերքեր հասցնում ցավեր ու ավերներ պատճառում և՛ ինքնապաշտպանվող կողմը, բայց նա չի հանցագործում:
Որքան անիծյալ է սուրը հարձակման, այնքան նվիրական է նա ինքնապաշտպանվողի ձեռքում:
Գարեգին Նժդեհ
Комментариев нет:
Отправить комментарий