13.08.2013

ՎՏԱՆԳԻ ԳԻԾԸ


Թուրքերը տիրելով Փոքր Ասիային, Հելլեսպոնտոսից (Դարդա-նէլ) անցան Թրակիա, մտան Բալկաններ, խորացան մինչեւ Կենտրոնական Եւրոպայի դռները, առանց ձեռք տալու Վոսփորի շուրջը խցկւած բիւզանդական ՙկայսրութեան՚: Նրանք նոյնիսկ խնամիական - բարեկամական կապեր հաստատեցին բիւզանդական կայսրերի հետ: Գրեթէ մէկ դար (93 տարի) թուրքերն իրենց տիրապետութեան կենտրոնում հանդուրժեցին բիւզանդական կայսրութեան այդ կղզեակը, մի օր էլ (1453թ.) խորտակելու նրա պարիսպները եւ կայսրերի մայրաքաղաքում սուլթանների գահը հաստատելու:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Եթէ մի բոլշեւիկի հարցնենք, թէ ի՞նչ է կատարւում Խ. Հայաստանում, նա կը պատասխանի` չտեսնւած շինարարութիւն:
Իսկ եթէ լուրջ մի պատմագէտի հարցնենք, թէ ի՞նչ է կատարւում Խ. Հայաստանի շուրջը, նա կը պատասխանի` այնտեղ քաշւում է դեղին այն պարիսպը, որ մի ժամանակ թուրքերը քաշեցին Բիւզանդիոնի շուրջը:
Այն ժամանակւայ Բիւզանդիոնի սահմաններն էին. արեւելքից` Թուրքիա, արեւմուտքից` Թուրքիա, հարաւից` Թուրքիա, հիւսիսից` գրեթէ Վոսփորի լայնութեամբ մի գծով` Սեւ ծով: Խ. Հայաստանի սահմաններն են. արեւելքից` կովկասեան Թուրքիա (Ազրբէյջան), արեւ-մուտքից` Թուրքիա, հարաւից` Թուրքիա եւ թուրք-թաթարական Ատրպատական, հիւսիսից` Լոռւայ ձորի լայնութեամբ մի գծով` Վրաստան:
Մինչդեռ թուրքերը դարանակալում էին, բիւզանդացիք զբաղւած էին աստւածաբանական վէճերով, եւ օրհասական վայրկեանին Վոսփորից ո՜չ օգնութիւն ստացան, ո՜չ էլ փրկութեան ելք:
Այսօր նոյնանման օղակի մէջ ընկած հայերը վիճում են քաղաքական օրիենտացիաների եւ ընկերային խնդիրների մասին, կրքեր են հրահրում եւ դաւեր նիւթում, առանց մտածելու, որ Լոռւայ ձորի ճամբան կարող է մի օր փակւել:
Այս երեւոյթի բուն պատճառն այն է, որ մենք սիրտը թողած` զօռ ենք տալիս խելքին:
Բայց խելք, որի մէջ սիրտ չկայ, կենսաբանօրէն ի սպառ անպէտք է: Դա մտքի այլասերում է եւ հոգեւոր վայրէջք:
Ամէն բանից աւելի մեզ պէտք է ոգու նոր յղութիւն, ցնցում եւ խռովք:
Հայաստանի առեղծւա՜ծ, հայոց գոյութեան առեղծւա՜ծ - սրանք ցեղի կնճիռներն են եւ ո՜չ թէ այլասերւած մտքի:
Այլասերւած միտքը` դա անարիւն ճարպիկութիւնն է, փերեզակների զէնքը, ապահովութեան խաբկանքը:
Ցեղը` դա վտանգի կռահումն է, կենսաբանական թափը, յաղթանակի կարօտը:
Յաղթանակ երազել - նշանակում է կանխազգալ վտանգը: Վտանգի գիծը` դա յաղթանակի կամուրջն է:

ՙՑեղ եւ Հայրենիք՚, 1936թ., թիվ 1


ՎՏԱՆԳ ԵՒ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ

Թնդանօթի միս, աննպատակ մահ - սա է վիճակւում անազատ ազգերին, եթէ դրանք ընդունակ չեն, վտանգից առաջ, նպատակ դնել իրենց հաւաքական կեանքին:
Գաղութում` ամէն հայ անձնանպատակ է - հոգեախտաւոր, որ պատրանքներով լեցրած իր փչակը համարում է գոյութեան ճակատագիրը:
Մեռնում են նրանք, որոնք իրենց ինքնանպատակ են դարձնում, աստւածացնում. եւ նրանք, որոնք կտրւում են նպատակից, Աստծուց:
ՙՆպատա՞կ՚ - ՙկայ այդ՚, կ’ասի ձեզ ամեն սոփեստ եւ ցոյց կը տայ մաշւած արժէքների փտած մի տախտակ, որի վրայ իր ՙես՚-ն է գրւած, իր ՙես՚-ի մանր գործը կամ մանր միտքը:
Հանճարները սպանւում են մանր գործերից, ժողովուրդները մեռնում են մանր առաքինութիւններից:
Ոգին է կեանքի խորքը, իսկ ոգու տարողութիւնը չափւում է նպատակի մեծութեամբ, ինչպէս բարոյականը` նպատակի իմաստով:
Նպատակի մեծութիւն եւ իմաստ չի ունեցել եւ չունի անցեղ հայը: Նա չունի բարոյական խառնւածք, նրա համար չկայ արժէքների աստիճանաւորում:
Ո՞վ իր անձը, իր մէկ ու կէս հոգիանոց ՙկազմակերպութիւնը՚ կը ստորադասի ազգի ճակատագրին:
Ինչո՞ւ է գաղութը նպատակների շփոթարան, արժէքների եւ բարոյականների խառնարան: Որովհետեւ հոգեւոր գաղութը, ամէն բանից առաջ, վտանգի մոռացումի ճիգ է: Ուր այս անկենսաբանական ճիգը կայ, այնտեղ շղթայազերծւում է հոգեւոր անիշխանականութիւնը: Դեռ հասկացողութիւն չկայ ա՜յն մասին, որ վտանգը սարսափի ուրւական, երեւակայութեան բանդագուշանք եւ մտացածին ահազանգում չէ, այլ ընկերային զգացումի առաջին ստեղծիչ ազդակը, կեանքի կենսաբարոյական դաստիարակը եւ պատմութեան մարզում այնքան անխուսափելի, որքան տեղատարափը` ամպումից, երկրաշարժը` հրաբխային ժայթքումից յետոյ: Քանի դեռ այս հասկացողութիւնը չկայ - չկայ կենսաբանօրէն նպատակայարմար ինքնապաշտպանութեան գործ:
Ի՞նչ է վտանգը - դա նաե՜ւ ոգու կռահում է: Ի՞նչ է յաղթահարումը - դա նաե՜ւ կռահող ոգու կանխումի ճիգի իմաստութիւն է:
Օրւայ հայ կեանքում կռահում չկայ - կայ միայն ենթադրութիւն. կանխումի մտահոգութիւն չկայ - կայ միայն պայմանների հաշւառում:
Ի՞նչն է անկարելին - պայքարը Հայրենիքի՞ համար: Ի՞նչն է կարելին - գաղութում ՙհայը` հայ պահե՞լ՚-ը, ՙներգա՞ղթ՚-ը:
Ժողովրդի համար հնարաւոր են այն բաները, որոնցում ճիգի իմաստութիւն, նւիրումի եւ արիութեան պահանջ չկայ:
Ազատւել տկարութեան բանդագուշանքներից - ասել է ինքնապաշտպանութեան գործը հասկանալ ո՜չ թէ ՙպայքար այլասերումի դէմ՚, այլ ՙպայքար Հայրենիքի համար՚:
Դրանով միայն հայը` յաւիտենօրէն հայ կը մնայ:

ՙՏարօնի Արծիւ՚, 1938թ., թիվ 2
 Հայկ Ասատրյան, <<ՀԱՏԸՆՏԻՐ>>




Комментариев нет:

Отправить комментарий