05.07.2013

ՏԻՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ


Դուք կցրվեք ու կբաժանվեք, ձեր սահմաններն էլ՝ իսրայելացոց նման ցրիվ կգան: Դուք կմնաք անտեր, անխնամ, ոչ ոք ձեզ չի խնայի: Դուք խաշներ կդառնաք, որոնք հովիվ չունեն: Ինչպես ոչխարների հոտ՝ կմատնվեք գազանների ձեռքը, ձեր փառքերից կզրկվեք, օտար թշնամիների ձեռքը կմատնվեք՝ իբրև գերի: Նրանց ծառայության լծի տակ կընկնեք, և այդ լուծը երբեք ձեզանից չի վերանա և չի պակասի:
Ձեր պարանոցից երբեք չի պակասի ծառայության՝ չարաչար ստրկության լուծը. ձեր ցանկությունների մեջ հալումաշ կլինեք:
Ինչպես որ Իսրայելը պատառվեց և այլևս չկարկատվեց, այնպես էլ դուք կցրվեք ու կկործանվեք:
Ձեր վաստակածն ուրիշները կվայելեն, ձեր զորությունն ուրիշները կուտեն, և չի լինի մեկը, որ ձեզ փրկե:
Տերը չի քաղցրանա, ձեզ չի նայի, ձեզ այլևս չի փրկի...


Ա


Հայոց աշխարհում քրիստոնեության հաստատվելուց անցել էր չորս տասնամյակից քիչ ավելի.1 ավերումի, ոչնչացման, դաժան ու արյունահեղ պատերազմների 47 տարի, և ահա, արքունի բանակը՝ արքայի, մեծամեծ նահապետների ու հոգևորականների ներկայությամբ, քարացած լսում էր ազգի և պետականության գլխին թափված նզովքի սահմռկեցուցիչ այս տարափը: Նզովողն՝ ի պաշտոնե և կոչման համաձայն օրհնություն ու փառք պիտի բերեր արքային, հաղթանակ մաղթեր հայոց բանակին և բարօրություն՝ ազգին ու պետությանը: Այդպես եղել է բոլոր երկրներում, միայն՝ ոչ մեզ մոտ:    Թունախառն այս խոսքերի հեղինակը պարթև Գրիգորի աշակերտ ու զինակից, Հայքի եկեղեցիների գլխավոր տեսուչ ու վերակացու ասորի Դանիելն է: Ատելությունից մոլեգնած ասորու նզովքն ամենայն հոգատարությամբ ու խնամքով փոխանցվեց սերունդներին՝ իր անդառնալի կնիքը դնելով հայոց պետականության ճակատագրի վրա, խարանելով նրա ապագան, կասկածի տակ դնելով գոյության իրավունքը, իմաստն անգամ: Սա միայն սկիզբն էր հրեշային այն մարգարեացումների, որոնցով զինված՝ Գրիգորի հետնորդներն ավարտին հասցրին «հայոց թագավորության բարձումը»:
     Սարսափելի անեծքի այս խոսքերը, սակայն, չճայթեցին անամպ երկնքից և ունեն իրենց նախապատմությունը...



Բ

Արևմտյան Հայաստան. Մարդինից մի քանի վերստ հեռու, բարձրաբերձ լեռներում ծվարել է փոքրիկ, աննշան մի գյուղ՝ Բենաբիլը2: Թրքաշունչ է այն, խղճուկ, աննշմար: Իր անկիրթ գոյությունն այստեղ քարշ տվող այսօրվա կիսագրագետ թուրքի մտքովն իսկ չի կարող անցնել, որ Ծոփաց աշխարհի փառքը, հարստությունն ու վեհությունն է խորհրդանշել մոռացված այս բնակավայրը: Անհիշելի ժամանակներից այստեղ վեր է խոյացել անձեռակերտ մի ամրոց՝ հանճարեղորեն պատշաճեցված շրջակա միջավայրին: Բնաբեղն է դա՝ արքունիքի անառիկ ոստանը: Հայ տիրակալների համար բացառիկ նշանակություն է այն ունեցել: Դեռ արքայից արքա Տիգրանն է այս ամրոցում պահել իր գանձերը: Պետական գանձարանի զգալի մասն այստեղ են պահել նաև նրան հաջորդած արքաները՝ ընդհուպ մինչև Պապ: Այստեղ պահվում էր մշտական կայազոր՝ արքունի ոստանիկ ասպարավորների հզոր մի գունդ, որ ենթակա էր Մարդպետության մեծ գործակալությանը: Այդտեղ ազատ ելումուտ ուներ միայն արքունի գանձարանի տեսուչ Հայր Մարդպետի նշանակած վերահսկող մարդպետը, ով հաշվետու էր միայն նրան: Արքաները հազվադեպ էին այցելում Բնաբեղ` վստահում էին իրենց մարդ-պետներին:  
   Տիրան արքայի օրոք, Մարդպետության գործակալության ներկայացուցիչը Բնաբեղում Դրաստամատ մարդպետն էր՝ Անգեղտան իշխանը, որին միաժամանակ վստահված էին նաև Անգեղ բերդում գտնվող արքունի գանձերը: 
 
    347 թվական. Բնաբեղում անսովոր եռուզեռ էր: Խաղաղ ու անվրդով կյանքով ապրող ամրոցը երբեք այսպիսի իրարանցում չէր տեսել: Պատերազմներն անգամ անցնում էին նրա կողքով: Չարագուշակ, տագնապալից սպասում կար օդում, մի զգացում, որ ամրոցի բնակիչներին հանգիստ չէր տալիս: Անհանգիստ էին բերդապահ զինվորները, մռայլ էր Դրաստամատ մարդպետը այն պահից, երբ չգիտես ինչու ժամանեց քահանայապետ Հուսիկը: Հայտնվեց առանց արքայի ու նրա մերձավոր իշխանների: Ժամանեց մի խումբ սևազգեստներով: Տարեկան տոնի օր է, և քահանայապետի խելքին փչել է՝ աս
տծու սպասավորությունը կատարել Բնաբեղի եկեղեցում, այն դեպքում, երբ արքան Միջնաշխարհում է, հայոց զորքը՝ ռազմադաշտում: Տարօրինակ էր այս ամենը և անբացատրելի:  
    Անհանգստությունն առավել սաստկացավ, երբ ամրոց հասավ անսպասելի լուրը. արքան ժամանում է: Բնաբեղցիները խռնվել են նեղլիկ փողոցներին, իրարանցում և աղմուկ 
է ամենուր. եկել են դիմավորելու արքային: Միայն ամրոցի եկեղեցին է, որ ամուր փակած դռները՝ չարագույժ լռություն է պահպանում: Եվ ահա, բացվեցին դարբասներն, ու ամրոց մտավ արքունի հեծելախումբը: Աղմուկը դադարեց: Առջևից ինքն է՝ Տիրան արքան, մռայլ ու անհամբեր հայացքով: Քրտնաթոր երիվարների վրա նրան են հետևում երկրի տերերը՝ ամենազոր Հայր Մարդպետն ու իմաստուն Արշավիր Կամսարականը, երիտասարդ իշխան Սիսական Անդովկն ու քաջարի Վասակ Մամիկոնյանը, Մեհենդակ Ռշտունին ու արքայազն Արշակը: Շքախմբի հոգնած, անհանգիստ տեսքը հուշում էր, որ եկել են առանց դադար առնելու, գաղտնի լուրն ստանալուն պես՝ Հուսիկը Բնաբեղում է: Արքային դիմավորեց լուրն առաքող Դրաստամատը, և իսկույն, առանց հապաղելու, արքայական շքախումբը շարժվեց դեպի եկեղեցի: Շվարած ամբոխը հետևում էր արքային:                Ահա Տիրանն իջնում է ձիուց, մոտենում եկեղեցու դռանը: Նրա հետ են իր հավատարիմ իշխանները: Ահա բացվում է դուռը, և արքան քայլ է անում դեպի ներս: Բայց, կատարվեց անսպասելին. ապշած ժողովրդի առջև, զարմացած իշխանների հայացքի ներքո, եկեղեցու դռնից դուրս նետվեց «սուրբ մանուկ» Հուսիկը և դեպի արքան կարկառելով ձեռքերը՝ գոչեց սպառնագին.- արժանի չես, ինչո՞ւ ես եկել, հեռացիր3  
      Ահեղ Տիրանն ապշած նայում էր քահանայապետին: Ցնցված էին բոլորը: Այն, ինչ երբևէ չէր լսվել ոչ մի տեղ, կարող էր կատարվել միայն Հայոց աշխարհում: Ինչ-որ մի սևազգեստ սպառնալից արգելում էր երկրի տիրոջը՝ ոտք դնել եկեղեցի: Հուսիկը մոռացել էր, որ իր առջև անկամ ու թուլասիրտ Խոսրով Կոտակը չէր: Սակայն, Հուսիկը գիտեր նաև այն, որ աղոթք անելու համար չէ հեթանոս Տիրանը մուտք գործում եկեղեցի, որ մոմ վառելու համար չեն իրենց նախնյաց հավատքին մնացած Հայր Մարդպետը, Անդովկն ու Վասակը կտրել-անցել Միջնաշխարհից Բնաբեղ ընկած հսկայական ճանապարհը: Գիտեր, և ուրիշ ոչինչ չէր գտնում անելու, քան նզովքի սպառնալիքով կասեցնելու նրանց մուտքը եկեղեցի: Ատելություն էր թափվում Հուսիկի աչքերից: Երբևէ չէր սպասում, որ լուրն այսքան շուտ կհասնի արքային:    
    Տեղի ունեցավ անխուսափելին. արքայի տիրական հայացքի ներքո նրա հավատարիմ իշխանները քարշ տվեցին քահանայապետին եկեղեցի, պառկեցրին գետնին և սարսա-փահար սևազգեստների աչքերի առջև սկսեցին գանահարել: Պապանձվել էին ամենքը: Միայն արքան էր Հայր Մարդպետի հետ միասին անվրդով հետևում իշխաններին, ովքեր գործում էին անասելի ջերմությամբ: Փշրեցին պարթև Գրիգորի թոռան «սուրբ» ոսկորները, թողեցին Հուսիկին անշարժ փռված եկեղեցու սրահում և դուրս եկան: Արքայական շքախումբն այլևս անելիք չուներ Բնաբեղում: Տիրանն իսկույն հեռացավ՝ այստեղ թողնելով Հայր Մարդպետին. Դրաստամատը վերջինիս շատ բան ուներ զեկուցելու: 
 
     Լկտի պահվածքի վարձը ստացած քահանայապետին եկեղեցականները Բնաբեղից իսկույն տեղափոխեցին Դարանաղյաց գավառի Թորդան ավանը՝ Գրիգորի տոհմական տիրույթ: Չանցած մի քանի օր, արքունիք հասավ լուրը. Հուսիկը վախճանվել է՝ այդպես էլ ուշքի չեկած
4: 
   Հայաստանյայց առաքելական եկեղեցին հերթական սուգը հայտարարեց Հայոց աշխարհում...

 

Գ
338 թվական. Հայոց աշխարհը սգի մեջ էր: Վախճանվել էր քաջարանց, աշխարհաշեն Խոսրով Կոտակը՝ Տրդատ Գ որդին. առաքինի ու բարեպաշտ, խաղաղասեր, աստվածա-հաճո մի այր, իսկական հետնորդն ու ժառանգը հոր: Հայոց երկիրը նրա օրոք հաստատակամորեն բռնեց քրիստոնեացման ուղին: Կառուցվում էին եկեղեցիներ, հիմնվում թեմեր, արքունիքն ընկղմված էր բարեպաշտ աղոթքների և աստվածաբանական իմաստուն զրույցների մեջ: Ասենք, Կոտակին այլընտրանք չէր էլ տրված: Այդպիսին էր կամքը Գրիգորի որդի Վրթանեսի, որ Հայոց երկրի փաստացի տերն էր ու տիրակալը: Նա աղոթում էր մեր աշխարհի շենության ու բարօրության համար, աստծու աչքը քաղցր պահում մեզ վրա, և փոխարենը՝ արքան նրան էր տալիս այն ամենը, ինչ վաղուց արդեն իրենն էլ չէր՝ հող, զորք, իշխանություն: Իսկ եթե որևէ մի հանդուգն ըմբոստանում էր համատարած այդ թմբիրի դեմ՝ պատիժն ահավոր էր: Այդպես բնաջնջվեցին Հայկյան Բզնունիները, Մանավազյաններն ու Որդունիները: Սրանց տոհմական կալվածքներն ու հարստությունն, իհարկե, անցան եկեղեցուն: Այդպես պախարակվեց հայոց թագուհու՝ Կոտակի կնոջ անունը, ով համարձակվել էր համակրել Վրթանեսի դեմ հայ իշխանների սկսած շարժմանը: Այլևս փոխել չէր կարելի այն, ինչ ամրագրված էր արյունով, հրով ու արքայական հրամանով: Այսպես նախանձելի ներդաշնակությամբ գոյատևում էին արքունիքն ու եկեղեցին. Վրթանեսն օրենքներ էր սահմանում, նախարարական տոհմեր բնաջնջում ու նորերին առաջ մղում, երկրի արտաքին ու ներքին «աստվածահաճո» քաղաքականություն վարում: Արքան աղոթում էր, անտառներ տնկում և քաղաքներ կառուցում: Երկիրը գոհ էր, կուշտ ու շեն: Հոգ չէ, որ հայկական պետականության սահմանները վաղուց արդեն չէին համապատասխանում բնական Հայաստանի տարածքին: Հոգ չէ, որ պարսիկն ու հռոմեացին էին տիրում հայոց ծայրագավառներին: Արքան մեկ անգամ էր աշխարհ եկել և պատերազմը թեկուզ Հայրենիքի ամբողջա-կանության համար` նրա սրտով չէր: Եվ մի ամբողջ տասնամյակ՝ հայոց տերերը տրված էին որսին, խրախճանքներին ու «աստվածահաճո» այլ վայելքների: Գլխավորը, գոհ էր Վրթանեսը, գոհ էին պարսիկն ու հռոմեացին, կուշտ էր ժողովուրդը, և Միջնաշխարհը հեռու էր պատերազմներից:  
    Ամեն ինչ վերջացավ: Այլևս չկար աշխարհաշեն Կոտակը, և Վրթանեսն անկեղծորեն սգում էր իր հավատարիմ արքայիկի մահը: Հայոց աշխարհի հսկողությունը թողնելով Առաջին իշխան Արշավիր Կամսարականին, նրան ու երի-տասարդ իշխան Անդովկին վստահելով փոքրաթիվ բանակի հրամանատարությունը՝ Վրթանեսը շտապեց պաշտոնապես 
ստանալու կայսեր համաձայնությունը գահաժառանգ Տիրանին թագադրելու համար: Տիրանը Կոտակ չէր. ամբարտավան էր և գոռոզ, եկեղեցի չէր հաճախում, քամահրում էր սևազգեստներին: Շրջապատել էր իրեն Ռշտունյաց, Տայոց և Սյունյաց աշխարհների հեթանոս իշխաններով, ժամերգությունից առավել՝ նախընտրում Արամազնյա փանդռահար ծերերի գողթան երգերը: Ասում էին, ինքն էլ հեթանոս է մոր պես ու նախնյաց հավատքով էլ դաստիարակում է իր Արշակ որդուն: Գոռոզ, հեթանոս Հայր Մարդպետն էր Տիրանի միակ խորհրդատուն՝ քրիս-տոսատյաց մի այր, որից սարսափում էր սևազգեստների ողջ բանակը: Այո, այն չէր Տիրանը, սակայն Վրթանեսին այլ ելք չէր մնում. Կոտակն այլ ժառանգ չէր թողել:  
    Մինչ քահանայապետը Հռոմում բանակցում էր կայսեր հետ, Արշավիր Կամսարականն ու Անդովկ Սյունին Մռուղի դաշտում զենքի ուժով էին պաշտպանում Տիրանի գահակալական իրավունքները: Փոքրաթիվ ուժերով ջախջախելով Շապուհ Բ եղբայր Ներսեհի բանակը` ստիպում են պարսից արքունիքին ճանաչել Տիրանին հայոց օրինական արքա
5:   
   Այն, որ Տիրանը չէր կառավարելու նախորդների պես՝ հասկանում էին ամենքը: Կտրուկ շրջադարձերի ակնկալիք կար կախված օդում: Հոգևոր դասից մինչև երկրի ավագագույն իշխաններ՝ բոլորն էին անհանգիստ: Տիրանին Հայոց աշխարհում լավ էին ճանաչում: Եվ երիտասարդ արքան երկար սպասել չտվեց...
_____________________
Քրիստոնեության իբրև պետական կրոնի հաստատման տարեթիվ ընդունում եմ 301թ. վարկածը, որը սակայն, խիստ պայմանական է:
Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Ե., 1987:
Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, ԺԲ.:
Օրմանեան Մ., Ազգապատում, Պէյրութ, 1959, հտ. Ա., էջ 73-75:
Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն, Գիրք Գ., Ժ.:


Գևորգ Հովհաննիսյան, <<ՀԱՅՈՑ ՏԵՐԵՐԸ>> գրքից հատվածներ

Комментариев нет:

Отправить комментарий