04.07.2013

ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ


Հայոց արքայից արքա (մ.թ.ա. 96-55թթ-ին)
Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. մոտ 140-55թթ.) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, Արտաշեսյան հարստության ամենահզոր արքան, Տիգրան Ա-ի որդին, Արտաշես Ա Բարի թագավորի ծոռը: Երկար տարիներ պատանդ է եղել Պարթևստանում: Տիգրան Բ-ն մ.թ.ա. 96 թ-ին պարթև  Միհրդատ Բ Արշակունուն  (մ.թ.ա. 123-87թթ-ին) զիջել է Հայաստանի հարավ-արևելյան գավառները (70 հովիտները), վերադարձել Հայաստան և մ.թ.ա. 96թ-ին ժառանգել հայրական գահը: Դիվանագիտական ճկունություն է դրսևորել երկու հզոր հարևանների Պարթևստանի և Հռոմի նվաճողական ձգտումներին հանդեպ և Հայաստանը դարձրել է զարգացող ու հզոր երկիր և զերծ պահելով վտանգներից: Սրան զուգահեռ ռազմական ճանապարհով ամբողջացրել է իր նախորդների սկսած Հայաստանի հողահավաքի քաղաքականությունը: Մ.թ.ա. 93-91 թթ-ին դիվանագիտական պայքար է ծավալել Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ, որը սպառնալիք էր դառնալու Հայաստանի արևմտյան սահմաններին: Մ.թ.ա. 93թ-ին արշավել է Կապադովկիա և գահից զրկել Հռոմի դրածո թագավորին: Հայաստանի սահմանները հյուսիսից անվտանգ դարձնելու համար մ.թ.ա. 94-91 թթ.-ին  դաշինք է կնքել Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորի (մ.թ.ա. 111-63թթ-ին) հետ: Հին աշխարհում ընդունված կարգի համաձայն կնության է առել Միհրդատ Զ-ի դստերը: Կապադովկիայի համար պայքարում մ.թ.ա. 93թ-ին տեղի է ունեցել հայ-հռոմեական առաջին բախումը, որն ավարտվել է հայ զորքի պարտությամբ: Նույն թ-ին Հայաստանի սահմանին է մոտեցել զորավար Սուլլան, որ Եփրատի մոտ հանդիպել պարթևների հետ և քննարկել Հայաստանի դեմ հռոմեա-պարսկական դաշինք ստեղծելու հարցը: Երկու կողմերը որոշել են Եփրատ գետը դարձնել Հռոմի և Պարսից տերության ազդեցության ոլորտների սահման:
Պարթևների որդեգրած սպառնալից դիրքը ստիպել է Տիգրան Բ-ին առժամանակ Կապադովկիայի խնդրով դադարեցնելու Հռոմի հետ առճակատումը: Մ.թ.ա. 91-87 թթ-ին Տիգրան Բ -ն իրեն է ենթարկել Վիրքը ու Աղվանքը, իրականացնելով ռազմական լայնամասշտաբ ռեֆորմ և ավարտել Պարթևստանի դեմ պատերազմի նախապատրաստութունը: Մ.թ.ա. 86-85 թթ-ին պատերազմելով պարթևների դեմ՝ հաղթել է նրանց, ազատագրել 70  հովիտները, գրավել Ատրպատականը, Հյուսիսային Միջագետքի Բաբելոնյայի միջև ընկած պետությունները: Վերջնական կործանումից խուսափելու համար պարթևները իրենց համար ծանր պայմաններով դաշն են կնքել Տիգրան Բ-ի հետ: Մ.թ.ա. 85 թ-ին հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները նրան զիջել են <<արքայից արքա>> տիտղոսը: Տիգրան Բ-ն Հռոմի տիրապետությունը Միջերկրածովյան ավազանում կանխելու նպատակով զուտ դիվանագիտական քայլեր է ձեռնարկել Ասորիքի հանդեպ: Այս երկրի հելլեն վերնախավը Տիգրան Բ-ի անձի մեջ տեսնելով հելլենիզմի իրական պահապանի՝ մ.թ.ա. 83 թ-ին, առանց ռազմական գրավման, Սելեվկյան գահը հանձնել են Արևելքի գերագույն տիրակալին՝ Տիգրան Բ-ին: Միաժամանակ գրավել է Կոմագենեն ու դաշտային Կիլիկիան: Լայնարձակ պետության հզորությունը ցուցադրելու, ինչպես նաև պետության կառավարումը մեկ կենտրոնից իրականացնելու  համար Աղձնիքի նահանգում մ.թ.ա. 83-78 թթ-ին կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը: Տիգրանակերտ անունով հիմնադրվել է ևս 3 քաղաք՝ Գողթն գավառում, Ուտիք և Արցախ նահանգներում: Ռազմական գործողություններին զուգահեռ դիվանագիտական ճանապարհով վարել է Պարթևստանի հետագա թուլացման քաղաքականությունը, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, մ.թ.ա. 81 թ-ին խրախուսել և հովանավորել Միջերկրական ծովում ծովահենների շարժումը Հռոմի դեմ, մ.թ.ա. 78թ-ին գրավել Հռոմի դաշնակից Կապադովկիան: Տիգրան Բ-ի գերիշխանությունը տարածվել է Կասպից ծովից մինչև Միջերկրականի ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծովը: Տիգրանյան Հայաստանի հզորության վկայություններից է այն իրողությունը, որ նրա գահակալության օրոք Հայաստանն ուներ միաժամանակ երեք մայրաքաղաք՝ Տիգրանակերտ, Արտաշատ և Անտիոք: Մ.թ.ա. 70-ական թթ-ին Տիգրան Բ-ն մշտապես եղել է պատերազմական գործողությունների մեջ: Մ.թ.ա. 73-69 թթ-ին պատերազմել է Փյունիկյայում Սելեվկյանների, հարավային Ասորիքում Նաբաթեացիների արաբական թագավորության դեմ, մ.թ.ա. 73-72 թթ-ին ճնշել է ավագ որդու՝ Զարեհի ապստամբությունը: պատերազմական գործողություններ է ծավալել Հռոմի դեմ: Մ.թ.ա. 69թ-ին Հռոմի դեմ սկսած պատերազմի սկզբնական փուլում Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Արածանիի ճակատամարտում ջախջախիչ պարտության է մատնել Լուկուլլոսի բանակին, որը բարոյալքվելով հրաժարվել է շարժվել դեպի Արտաշատ և մ.թ.ա. 67թ-ին  ամբողջովին վտարվել է Հայաստանի սահմաններից: Մ.թ.ա. 67-66 թթ-ին ճնշել է որդու՝ Տիգրան Կրտսերի ապստամբությունը, որը պարտությունից հետո փախել է Պարթևստան և քաղաքական նկատառումներով փեսայացել Պարսից Հրահատ Գ թագավորին: Մ.թ.ա. 66թ-ին հռոմեա-պարթևական պայմանագրի համաձայն Հրահատ Գ-ն ներխուժել է Հայկաստան, միևնույն ժամանակ Հայաստանի արևմտյան սահմաններին է մոտեցել Հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսը (մ.թ.ա. 106-48 թթ-ին): Հայաստանի համար կորստաբեր կլիներ երկու ճակատով պատերազմը: Դրանից խուսափել է՝ ջախջախելով պարթևներին (Տիգրան Կրտսերն այս անգամ փախել է Պոնտոս, ապա՝ հռոմեական զորավար Պոմպեոսի մոտ) և հաշտության պայմանագիր առաջարկելով հռոմեացիներին: Պոմպեոսը նույն ցանկությունն է ունեցել քաղաքական նպատակներով օգտագործել Տիգրան Կրտսերին, սակայն Տիգրան Բ-ի հաշտության առաջարկումից հետո չի օգտագործել նրա անձի շահարկումը: Մ.թ.ա. 64թ-ին, ամենայն հավանականությամբ Ծոփքում, Տիգրան Բ-ի ներկայացուցիչները հաշտության պայմանագիր են կնքում Պոմպեոսի հետ, որի արդյունքում Տիգրան Բ-ն հրաժարվել է իր արտաքին նվաճումներից և պահպանել Հայաստանի ամբողջականությունը, իսկ պայմանագրի համաձայն  տրվելիք 6 հազար տաղանդ պատերազմական ռազմատուգանքը դրվել էր Ծոփքի վրա, որը տրվել է Տիգրան Կրտսերին: Այս պայմանագրով պահպանվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հետագայում ևս Տիգրան Բ-ն շարունակել է  հակահռոմեական քաղաքականությունը և մ.թ.ա. 64 թ-ին կնքելով հայ-պարթևական պայմանագիր, դրել է Հռոմի դեմ հայ-պարթևական հետագա համագործակցության հիմնաքարը: Տիգրան Բ-ն Հին աշխարհի վերջին մեծ զորավարը, դիվանագետն ու հելլենիզմի պաշտպանն է և հենց իր ժամանակակիցներից է ստացել <<Մեծ>> կոչումը: Տիգրան Բ Մեծի պատկերով հատվել են արծաթե և պղնձե դրամներ: Եվրոպացի կոմպոզիտորները նրան նվիրված 24 օպերա են գրել:


<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 20-22, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց

Комментариев нет:

Отправить комментарий