05.07.2013

ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ


13-րդ դարի սկզբներին  Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրների ազատագրական արշավանքների ընթացքում առաջ քաշած իշխանական տոհմերից էր Վաչուտյանների նորաստեղծ իշխանական ընտանիքը, որի անդամներին վիճարկված էր շուրջ մեկուկես  հարյուրամյակ իշխել պատմական Նիգ -Արագածոտնի (ներկայումս՝ Ապարանի և Աշտարակի տարածաշրջանների հողերին):
    Վաչե Ա-ն և Մամախաթունը, ինչպես նաև նրանց հաջորդները՝ Քուրդ Ա-ն և Խորիշահը, Վաչե Բ-ն, Հասանը, Դավիթը, Քուրդ Բ-ն և Խուանդ Խաթունը, Թեոյդոսը Նիգ-Արագածոտնի իրենց իշխանատիրույթում իշխեցին մինչև 1350-ական թվականները: Նրանց կողմից կառուցվեցին Անբերդի նոր դղյակը, բերդաքաղաքի նոր բուրգավոր պարիսպները, Կարբիի բերդը, Վարդենիսի (Ապարան) դղյակը և բերդը, Աստվածընկալի բերդը, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Տեղերի, Ուշիի, Աստվածընկալի, Եղիպատրուշի վանական համալիրները, Կարբիի հաղթակամար զանգակատունը, Արայիի, Ճանճիկի իջևանատները, Աշտարակի կամուրջը (այժմ այդ կամուրջի ձախակողմյան խելը պահպանվում է 1664 թվականին կառուցված կամրջից մի քանի քայլ հեռվում): Վաչե Ա-ն կառուցել է Սանահինի մեծ գավիթը, Մակարավանքի գավիթը: Նա և Մամախաթունը նպաստավորել են նաև Հոռոմոսի գրատան կառուցումը: Վաչե Ա-ն նորոգել է Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին: Ամուսիններով բազմաթիվ նվերներ են ընծայել Հաղպատի և Սանահինի վանական համալիրներին: Քուրդ Ա-ն պատրաստել է տվել Սևանի եկեղեցու փայտե դուռը:

    Վաչուտյան իշխանատոհմի զինանշանների հնագույն օրինակները պահպանվել են Հովհաննավանքում: Դրանցից մեկն ագուցված է եղել 5-րդ դարի բազիլիկ եկեղեցու արևելյան պատի արանքի ձախ կողմում, մեկն էլ ընկած է եղել կաթողիկե եկեղեցու ավերակների մեջ և տեղափոխվելով Հայաստանի պատմության թանգարան՝ ցուցադրվում է թանգարանի առաջին հարկում՝ միջնադարյան քարարվեստի բաժնում:
    5-րդ դարի բազիլիկ եկեղեցու պատին ագուցված զինանշանին Վաչուտյանները որպես խորհրդանիշ ընտրել են արծիվների ընտանիքին պատկանող երկու միացեղ թռչուն: Հին ու նոր իշխանական տներից Արծրունիների և Բագրատունիների, Մամիկոնյանների, Օրբեյլանների, Պռոշյանների, Ազիզբեկյանների զինանշաններին հակառակ, որոնցում նույնպես հիմնական խորհրդանիշն արծիվներն են, որոնք իրենց ճանկերի մեջ պահում են որևէ կենդանու (եղնիկ, այծ, գառ, թռչուն), Վաչուտյանների զինանշանի քարի վրա քանդակված են գլխով դեպի աջ դարձած արու և էգ արծիվներ, որոնցից արուն կանգնած է էգի մեջքին և կտոցով  շոյում է վերջինիս վիզը: Այստեղ արտահայտված է սիրո, հավատարմության խորհուրդը և գործնականում գովերգում է արուի և էգի (տղամարդու և կնոջ, այս դեպքում՝ Վաչե Ա-ի և Մամախաթունի) միությունը: Որ Վաչուտյաններն այդ են ցանկացել ընգծել, հավաստում են արծիվների գլխամասից դեպի աջ պատկերված հավերժության  խորհրդանիշ մեծ ու փոքր կենաց ծառերը: Ինչպես ընդհանուր քանդակը, այնպես էլ այն մատուցելու եղանակը, շատ նուրբ ու թափանցիկ ձոն են սիրո, միության, բազմացման և հավերժության: Ներկայումս այս պատկերաքանդակը տեղադրված է Կաթողիկե եկեղեցու արևմտյան պատի քիվի տակ:
    Երբ կառուցվում էր Կաթողիկե եկեղեցին, հարկ է եղել պատրաստել նույն զինանշանի ևս մեկ օրինակ և տեղադրել եկեղեցու, հավանաբար, արևմտյան արտաքին պատին: Այս զինանշանային քանդակը կրկնում է առաջինին ինչպես թռչունների տեղադրությամբ, այնպես էլ նրանց գլխի՝ դեպի աջ կողմ ուղղվածությամբ: Պակասում են միայն կենաց ծառերը, իսկ թռչունների մարմինները ձևավորված են թեփուկաքանդակներով:
    Ծննդաբանական ի՞նչ սկզբնաղբյուր ունի Վաչուտյանների որդեգրած էգ և արու արծիվների զուգադրմամբ զինանշանը:
    Իրար մեջքի կանգնած և դեպի աջ ուղղված գլուխներով արծիվներով հնագույն զինանշանը պատկերված է Աղթամարի Սուրբ Խաչ տաճարի պատկերաշարում՝ Համազասպ Արծրունու ձախ կողմում: Տաճարը կառուցվել ու քանդակազարդվել է 915-921 թվականներին, և, փաստորեն, այնտեղ պատկերված զույգ արծիվների քանդակը շուրջ երեք դարով նախորդում է Վաչուտյանների զինանշանին: Արծրունիների և Վաչուտյանների զինանշանների տարբերությունը միայն  այն է, որ Աղթամարում վերևում կանգնած արու արծիվը քանդակված է թևերը թափահարելու դիրքով:
    Ժամանակագրորեն՝ Հովհաննավանքի պատկերաքանդակներից մի քանի տարով ավելի վաղ, Վաչուտյաններն իրենց զինանշանը քանդակել են Մակարավանքի եկեղեցու բեմառէջքի ութաթև աստղի մեջ: Մակարավանքի եկեղեցու կառուցումն ավարտվել է 1205 թվականին: Եկեղեցին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը:
    Եթե Բազազ իշխանի և նրա որդի Վարդանի մասին այլուստ ոչինչ հայտնի չէ, ապա կարևոր է, որ այդ երկրամասի տերը Սադուն իշխանն է:
   Այս Սադունը Կայենի և Մահկանաբերդի մեծ իշխան, աթաբեկ, ամիրսպասալար Սադուն Բ-ի պապն է, Ամիր Քուրդ Արծրունու որդին: Փաստորեն, դարձյալ գործ ունենք  Արծրունիների հետ և կարող ենք հավաստել, որ որդեգրելով  զույգ արծիվների պատկերով զինանշանը, Վաչե Ա-ն, ամենայն հավանականությամբ, շեշտել է իր հարազատությունը Կայենի տեր Արծրունիների կամ վերջիններիս արյունակից կամ ենթակա Բազազ իշխանի տոհմերի հետ: Այդ է թելադրում նշաններիօ, հատկապես զինանշանի որդեգրումը, որը չի կարող կամայական լինել, ալյ պատճառաբանված ժառանգականության արդյունք է: Հավանաբար, նաև այս բարեկամությամբ պետք է բացատրել Վաչուտյանների անվանացանկ մտած Քուրդ անձնանունը:
    Վաչե Ա-ի կենդանության օրոք նրա զինանշանը ևս մեկ անգամ պատկերվել է Հյուսիսային Հայաստանում՝ Նոր Բերդի (Տավուշ) Վարագավան գյուղից 2 կմ արևմուտք կառուցված Նոր Վարագավանք հոգևոր համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին: Եկեղեցին 1224-37 - ական թվականներին կառուցել է Նոր Բերդի Դավիթ իշխանի որդի Վասակ Բ-ն: Եկեղեցու արևմտյան մուտքի աջ կողմում, բարձրուստ, վեցանկյուն եզրագիծ ունեցող սալիկի վրա փորագրված է Վաչե Ա-ի արծվանշանը, որը ևս հար և նման է Հովհաննավանքի քանդապատկերներին:
    Վաչե Ա-ի որդեգրած զինանշանը ևս երկու անգամ պատկերվել է ժամանակակից կառույցների վրա: Դրանցից ժամանակագրորեն առաջինը փորագրվել է 1225-30- ական թվականներին կառուցված Գեղարդի համալիրի գավթի մուտքի վերնամասում, երկրորդը՝ 1273-79-ական թվականներին՝ Գլաձորի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավային ճակատին: Սակայն այս երկու պատկերաքանդակներն առանձնանում են նրանով, որ արծիվները, հակառակ Հովհաննավանքի, պատկերված են գլխով դեպի ձախ դարձած:
    Եթե Մակարավանքում և Նոր Վարագավանքում Վաչե Ա-ի զինանշանի առկայությունը կապվում է նրա տարածքից սերված լինելու կամ այդ տարածքներում հարազատներ ունենալու հանգամանքի հետ, ապա Գեղարդում և Գլաձորում նրա զինանշանի փորագրվելն այդ կառույցների՝ Վահե Ա-ի կամ նրա ժառանգների կողմից նյութական աջակցություն ցույց տալու արդյունք է:
    Վաչե Ա-ի օրոք օգտագործված զինանշանը նրա հաջորդների ժամանակ ևս եղել է պաշտոնապես ճանաչված (Գլաձորի Սուրբ Ստեփանոս եկեղեցու քանդակն այդ կարծիքի վկայությունն է), սակայն հավանական է նաև, որ Վաչուտյան իշխանատոհմի ժառանգները շրջանառության մեջ ունեցել են զինանշանների այլ տարբերակներ ևս:
    1250-ական թվականների սկզբին մահացած իրենց մանկահասակ դստեր՝ Մամախաթունի հիշատակին Քուրդ Ա-ն և Խորիշահը 1255 թվականին Սաղմոսավանքի համալիրում գրատուն են կառուցել:
   Շինության կտուրի տակ, խաչվող կամարներից մեկի վրա փորագրված են երկու բարձրաքանդակներ: Դրանցից մեկը մանկահասակ աղջնակ է, իսկ նրա կողքին՝ դիմահայաց պատկերով արծիվ, որը ճանկերով հենված է զուգահեռ ալիքներից կազմված կիսագնդի վրա: Այս արծվապատկերը հարդարանքի մաս չէ և քանդակված է որպես զինանշան: Հետևաբար, Քուրդ Ա-ի օրոք զինանշանի համար օգտագործվել է արծվի դիմահայաց պատկերը: Պետք է ընդգծել նաև, որ այս զինանշանի վրա ևս արծիվը ճանկող չէ և բռնություն չի խորհրդանշում:
   Քուրդ Բ Վաչուտյանը 14-րդ դարի 30 - ական թվականներին Կարբի գյուղում կառուցել է հաղթակամար-զանգակատուն, որի արևմտյան պատին 1338 թվակիր հիշատագրական արձանագրություններից մի փոքր վեր, աջ կողմում կա մի բարձրաքանդակ, որը հաստատապես զինանշանի իմաստ ունի: Պատկերված է թևատարած, դիմահայաց արծիվ, որն ուղղահայաց դիրքով, հզոր ճանկերով հենված է հորիզոնական դիրքով թևերը մարմնին պինդ սեղմած և կողքի պառկած ինչ-որ թռչնի վրա: Այս զինանշանով Վաչուտյաններն առաջին անգամ ցուցադրում են ուժի, իշխանության խորհրդանիշը:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 54-58, Տիգրան Հայազն 

1 комментарий:

  1. Սա էլ զինանշանի վերականգնումը՝ https://lh4.googleusercontent.com/znx27c2VojSJ2PZZjV6xCBpo9LPOnlVH44byWvoPBR4Mrx0zajXpmQsIOzrVWnZpK_4s5vSZ390

    ОтветитьУдалить