08.04.2013

ԲԱԽՏՈՐՈՇ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Երբեք տեսնված չէ, որ ժողովուրդն ավելին չտար, քան կարող են պահանջել իր
առաջնորդները: Ժողովուրդներն այն են, ավելի ճիշտը՝ դառնում են այն, ինչպիսին որ համարվում են իրենց մտավորականության կողմից: Մի ժողովուրդ, որ իր ղեկավար տարրերի կողմից համարվում է <<փափկամարմին>> կենդանիների տեսակից, երբեք չի լինի հաղթական ու հարգված: Տկար, քաղաքականապես մուրացիկ և դիպվածով գոյությունը քարշ տվող, ահա՛ նման ժողովուրդը:
     Պարտվում է մի ժողովուրդ, հենց որ իրեն պարտված է զգում մտավորականությունը: Կորած է այն ազգային դատը, որի ղեկավարները կորած են այն համարում: Պայքարում տեղի է տալիս այն կողմը, որի առաջնորդող տարրերն առաջինն են հուսահատվում: Այո՛, հանձին ժողովուրդների, միշտ էլ չափվում են իրենց մտավորականությունները, հաղթում կամ պարտվում իրենց առաջնորդող տարրերը:
    Եվ չի պարտվում այն կողմը, որ չի ուզում պարտվել: Պիտի չպարտվեր հայ ժողովուրդը և հոգեբանորեն, եթե նրա մարտավարության մի խոշոր  մասը չնետվեր պարտվողական ոգու գիրկը: Դժբախտաբար, այսօր նա ոչ թե իրեն պարտված է զգում, այլև պարտվողական: Նրա որոշ տարրերը մեր պարտության և բարոյալքումի օրերին ոչ թե չկարողացան բարոյական շանթարգել հանդիսանալ զանգվածների համար, այլև պարտվողականության քարոզիչներ և բարոյալքիչներ դառնան: Զուրկ ապագայի զգացումից, ինչպես և ազգային բարոյականից,  նա առանց մի հատիկ իսկ հարված փոխանակելու փորձի, թշնամուն հանձնեց իր դիրքերը, որին այնքա՜ն մեծացրել էր տկարի իր երկչոտ երևակայությունը: Նա բառացիորեն բաժանեց ճակատագիրը ծանոթ առակի այն դժբախտ եղնիկի, որը օդի մեջ քամուց տարուբերվող փետուրից սարսափահար, նետվում է... ուղղակի որսորդի գիրկը: Նա նմանվեց այն զորամասին, որ ոչխարների հոտի բարձրացրած փոշու ամպը թշնամի համարելով, փախչում է գլուխը կորցրած և ընկնում... թշնամու ամրացրած բնակատեղին:

    Ամենակարող է այն առաջնորդը, որ կարողանում է անպարտելիության հավատ ներշնչել իր ժողովրդին: Ժողովրդասպան է նա, որ իր նկուն կեցվածքով տկարացնում է իր ժողովրդի ուժը և կարողության գիտակցությունը: Վերջինին նմանվեց մեր մտավորականության մի մասը: Տեղի տվեց առանց մի հատիկ պատվո վերք ստանալու, նա փախավ և ոչ նահանջեց կռվադաշտից և իր դասալիքի հոգեբանությամբ բարոյալքեց թիկունքը: <<Վա՜տ է մեր ժողովուրդը, տգետ, անարի>>, - ամենուրեք հայտարարեց մեր սրտաթափ եղած մտավորականը: <<Նա չի կռվում, նա չկռվեց և ինչպե՞ս կարող էր կռվել տաճիկ բանակի դեմ>>, -  գրեց ու տարփողեց ծանոթ մտավորականը: <<Լինենք համեստ և բավականանք քչով, ո՞վ ասեց, որ անպայման պետք է անկախ լինել՝ ապրելու համար, ապրենք այնպես, ինչպես որ կուզեն թուրքն ու բոլշևիկը, և ոչ թե այնպես, ինչպես որ հայ ժողովուրդն է ուզում... ահա՛ այսպես գրեց, խոսեց և դեռ չարախոսում է անմիտ պարտվողականը: Տխուր, մեռորեն տխուր է պարտվողական մտավորականի պատկերը: Գլուխը կորցրած, նա այսօր ոչինչ չի խնայում վերջնական դարձնելու հայ ժողովրդի պարտությունը: Ազգային աստվածությունները մի աման ապուրի հետ փոխելուց հետո, նա այժմ իր վատությունը փիլիսոփայելով է զբաղված: Այլազան են, ընթերցո՛ղ, պարտվողական հայ մտավորականի հոգևոր դիմադրությունները:
    Մեկն այդ փաղագնից հոգևոր ստրկություն է քարոզում՝ հորդորելով հայությանն ապրել <<խոնարհության հովտում>> և է՛լ չերազել անկախության մասին: Երկրորդը գտնվում է, թե թուրքից լավը բոլշևիզմն է, որի կարմիր փորձարկության համար հայությունը հավատարմորեն պիտ նյութեր մատակարարի: Երրորդը՝ կենդանի հողմացույցը,  և՛ այս է, և՛ այն: Չորրորդը չգիտի, թե ինչ է ուզում, ամեն ինչ է և ոչինչ:  Հինգերորդը... Նույնն են բոլորն էլ էությամբ՝ ստրկամիտ, տկար, պարտվողական: Սրանք կուզեն ապրեցնել հայությունը որպես կենդանի ողորմելիություն, արտաքին ողորմություններով:
    Խոսե՛ք հետները, լսե՛ք իրենց և պիտ հասկանաք սրանց խորշակահար հոգին, որ մատնում են իրենց ամեն մի խոսքի և շարժուձևի մեջ: Սրանք ասում են, - եթե ամեն ինչ դեռ կորած չէ, եթե կարելի է և պետք է որևէ բան անել հայ ժողովրդի ճակատագրի դաժանությունը մեղմելու համար, այդ պիտ արվի վաղվա սերունդների ձեռքով, և ոչ մեր, որովհետև այլևս չենք ուզում մեր կերն ու հանգիստը զոհաբերել:
      Օ՜, այդ եսապաշտ ու անարի արարածները: Եթե սրանք հնարավորություն ունենային հայ ժողովրդի գոյությունը զրնգուն դրամի վերածելու և տրամադրելու իրենց հոգեպես հաշմանդամ և դյուրասեր սերունդին՝ այդ վերջինի հացն ու անդորրը ապահովելու համար, պիտի չնեղվեին ասելու՝ <<մեզանից հետո թկուզ ջրհեղեղ>>: Ուր մարդիկ խոստովանում են իրենց տկարությունները, բայց չեն ամաչում տկար լինելուց՝ հոգևոր ստրկություն է տիրում այնտեղ: Այդպիսին են մերոնք՝ հայ պարտվողականները, տկար, բայց տկարությունից չամաչող: Հոգեպես կաթնեղբայր, իրար նման, որոնց մեջ կա, սակայն, ամենավտանգավորը: Դա ջատագովն է թրքական կողմնորոշման: Հագեբանորեն հասկանալի է և այդ ամոթալի երևույթը հայ մտավորականության որոշ մասի մեջ: Վախը, սարսափը թշնամուց՝ սպանում է դեպի այդ թշնամին տածած մեր ատելությունը: Պիտ ներել թրքության և մոտենալ նրա անմիջական դրկիցը լինել, տկար հարևանը:
   Մտքի և հոգու ինչպիսի՜ աղքատություն:
    Հեռատես դիվանագետ չէ խոսողը, այլ ծանոթ պարտվողականը, որ չի ամաչի ծիծաղելի դառնալ իր ողբերգանքի մեջ:
   Ներե՜լ նրան, որից ծեծվել ես, թքվել, անարգվել:
    Ներե՜լ նրան, որին քեզանից ուժեղ ես զգացել և ծունկի եկել նրա առջև:
   Ներե՜լ իր տիրոջը, իր բռնակալին, իրեն հաղթողին: Ինչպիսի՜ մահացու տգիտություն և բարոյական անկում:
    Իսկ եթե թրքությունը, հա՛յ պարտվողական, կարիք չզգաց քո ներումի ստրկական արտահայտության և թքեց քո և քո ներումի երեսի՛ն: Իսկ եթե թրքությունն ասեց, <<Սրի քաշելով հայության կեսը՝ ես արձանի ու պսակի արժանի գործ եմ կատարել իսլամի համար: Եվ եթե վաղը սուրս երկարեց քո մյուս կեսի վզին, քո ստրկական ներումը չի փրկի քեզ>>: Եթե այսպե՛ս խոսեց Արևելքի մարդատիպ բորենին: Եթե լեզուն դրված լիներ միայն ճշմարտություններ ասելու համար՝ թրքությունը պիտ ասեր մեզ.
    -Գիտեմ, որ իմ ներկայությունը Եվրոպայում շատ կարճ ժամանակի խնդիր է: Գիտեմ, որ այսուհետև առաջանալու մի հատիկ ճամփա ունեմ՝ ռուսահայության գերեզմանի վրայով դեպի Անդրկովկաս: Գիտեմ, զգում եմ և այն, որ հետայսու իմ գործը պիտ լինի ծեծվել եվրոպական ուժերից և ծեծել հայությունը, ծեծել ձեզ՝ վերջնականորեն պարտվածի սպանիչ հոգեբանությունից զերծ մնալու համար: Ավելացնեմ և այն, թե հաղթանակի իրավունքն է՝ զրկել պարտվածին փոխվրեժի դիմելու, ինձ վնասելու հնարավորությունից:
    Եթե դարավոր թշնամիդ այսպե՛ս խոսեց քեզ հետ: Եվ կարիք կա՞ խոսքի՝ թրքությունը ճանաչելու համար: Մի՞թե խոսուն և հասկանալի չէ նրա հայադավ լռությունը: Միջազգային բարոյակա՞նը: բայց այդ հակաբարոյական թուրքն ու հայ պարտվողակա՞նը հիմքը պիտի դնեն ցեղամիջյան բարոյականության: Վա՜յ և՛ այդ բարոյականին, և՛ հայության: Երբեմն աշխարհի կարեկցությունը, երբեմն ծիծաղը շարժող մեր պարտվողականները կիսով չափ քաված պիտ լինեն իրենց մեղքը, եթե հայությունը ծիծաղելի չդարձնեին իր խոր դժբախտությունների մեջ: Այո՛, ծիծաղելի է տկարի ներումը, ինչպես և նրա հիշաչար ոգին:  Մարդկությունը, և ամենից առաջ թրքությունը, իրավացիորեն, մեր ներումն ու հաշտ ոգին պիտ վերագրի մեր նվաստության և ոչ մեր մեծահոգության: Տկարին իրավունք չէ տրված մեծահոգի լինել:  Նա չի էլ կարող այդպիսին լինել: Մեր ներումը կշարժեր աշխարհի նողկանքը միայն: Ներելով, մենք հաստատած կլինենք, թե մենք արժանի էինք այն ամենին, ինչ որ ապրեցրեց մեզ թրքությունը: Ապացուցած կլինեինք և այն, թե իսկապես անկախության անարժան հավաքականություն ենք, գոհ՝ մեր վիճակից: Ներելով, մենք մատնած կլինենք մի այլ բան, թե մահացիորեն տկար ենք, և թե այդպիսին էլ պիտ մնանք հավետ: Իսկ նմանը պիտի չհանդգնի անկախ Հայրենիքի մասին երազելու, ինչպիսի աշխարհրագրական սահմաններով էլ լինի դա:
     Ներե՞լ եք ուզում՝ հաղթե՛ք նախ: Բայց թող չանհանգստանան մեր պարտվողականները: Մի օր հայությունը պիտ ների թուրքությանը, բայց ոչ ծունկի եկած նրա առջև, պարտվելուց հետո, այլ նրան ծնկի բերած՝ ծեծելուց հետո: Պիտ ներենք մի օր Արևելքի չարագործին, բայց նրան պարտության մատնելուց հետո:
    Ասված է՝ <<հաղթի՛ր և ապա անցիր պարտյալի կողմը>>: Մի հաղթություն և մենք կներեք թուրքին: Կասկածո՞ւմ է մեր անօրինակ մարդկայնության մասին հայ պարտվողականը: Թող լսի, ուրեմն, մեր հաղթական նահապետի խոսքը. <<Բայց Հայկ վեհանձն ու բարեպաշտ, կուտայ դիականց պատվավոր գերեզման բլուրի վրայ: Իսկ Նեբրովթայ մեծազանգված մարմինը դիապատելով մեծաճոխ հանդերձանոք կտանեն ի Հայս լեռնակեաց հաղթական արծիւք, ուր հիմա Թորգոմա արքայական տան մոտ կը ննջե զքուն յավիտենական ազատազգաց ոխերիմ թշնամին>>: Ճիշտ այսպես, հայկաբա՛ր պիտ վարվենք և մե՛նք թրքության մեռելոտիի հետ, նրա <<մեծազանգված դիակի>> հետ, երբ որ հաղթեց մեր սուրը: Մենք չենք ջախջախի մեր սվինից վիրավոր թուրք զինվորի գանգը, որովհետև մերը չէ այն շնական վարդապետությունը, որ տարբերություն չի դնի չարի և բարու միջև: Մենք չենք շնանա նրա գեղեցկուհիների հետ, չենք կրոնափոխի նրա որբերը, քանզի մերը չէ այն ցեղը, որի մեջ դարերով և դարերով շունը ավելի՛ ուժեղ է եղել, քան մարդը:
      Մենք մարդ, ավելի քան մարդ կլինենք թրքության հանդեպ, երբ մեր սուրը նրան ծունկի բերեց մեր առջև: Իսկ մինչև այդ օրը, նա մեր գլուխը, իսկ մենք նրա գարշապարը պիտ փնտրենք: Որովհետև նա չի կարող մարդ լինել մեր նկատմամբ: Նա չի զղջա մեզ հասցրած անլուր չարիքների համար, իսկ մենք ներելու համար պիտ ճգնենք լինել նրանից ուժեղ: Ա՜հ, գիտեմ, չկա աստվածորեն ավելի վսեմ ու գեղեցիկ շարժուձև, քան մեր սրից ու գնդակից զարնված հակառակորդի վերքերը կապելը: Ինչպես չկա ավելի բարբարոս արարք, քան վիրավորներին նոր վերքեր հասցնելը: Գիտե՜մ, գիտե՜մ, արժի ներել, իրեն ուժեղ զգալու համար: Գիտե՜մ, աստվածային արարք է ներումը, բայց ուժեղի, հաղթականի:
   Ներե՞լ եք ուզում, արիացե՛ք, հզորացե՛ք, հաղթե՛ք նախ: Ասում են՝ մեր տխուր Արևելքում նվաստությունը ծառայել է որպես ինքնապաշտպանության միջոց: Հայ պարտվողականը այդ զազիր զենքից զատ այլ բան չեն գտել հանձնարարելու մեր ժողովրդին: Չեն հասկանում, որ նվաստություն՝ ասել է շպարված թուլություն, որ միշտ էլ, վաղ թե ուշ, պատժվում է չարաչար:  Մեր միամիտները չեն հասկանում, որ նվաստությունը ժողովուրդների համար ավելին չէ, քան փտած եղեգն, որին կռթնել են հրավիրում հայությանը:
    Նվաստություն, ներողամտություն, խոնահրություն, սրանցով գուցե և կարելի լինի երկարել հիվանդությունը, բայց այս բարոյազուրկ միջոցները չեմ փրկի նրան ո՛չ հիվանդությունից, ո՛չ էլ՝ մահից: Փրկություն չէ հոգեվարքի երկարումը: Ինչպես և ցավերի  ժամանակավոր մեղմացումը, երբ հիվանդությունը պիտ շարունակի մնալ և սպառնալ մահվամբ: Ցավերը վերացնելու համար՝ հիվանդությունը, պատճառներն են, որ պետք է գտնել: Թուլություն է, որ պետք է խաչ հանվի: Անիծված թությությունը, որի պատճառով դարերով տառապանքի և ստորացումի դառն բաժակն է դատարկել մեր ժողովուրդը: Գիտակցենք վերջապես, որ ժողովուրդների բախտավորության և անբախտության, հզորության և տկարության աղբյուրը գտնվում է իրենց մեջ: Հայ հոգուց դուրս չէ և հայ տառապանքի, անլուր քաղաքական զրկանքների աղբյուրը: Հարազատե՛ք այդ ճշմարտությունը, հա՛յ երիտասարդ, հասկանա՛նք՝ փրկվելու համար: Բայց մի՞թե տկար ժողովուրդ է օրվա հայությունը: Մի՞թե նա կարող էր և տկար մնալ՝ իր կեսը թրքական վայրագության սրին հանձնելուց հետո: Մինչև մեր ցեղի մի մասի ողջակիզումը, դեռ հոգեբանորեն հասկանալի էր մեր տկարությունը: Իսկ այսօր, երբ կա թրքության կողմից մի միլիոն հայության ոչնչացումի փաստը, իրեն այսօր էլ տկար զգալ կնշանակի ապրելու անարժան լինել:
    Չէ՛, չէ՛, չի՛ կարելի հազար և հազար զոհեր տալ և մնալ նույնը հագեպես: Չի՛ կարելի հազար և հազար մեռելներ ունենալ և բարոյական անզորությամբ տառապել: Դա կնշանակեր մարդկային ցեղից չլինել:
    Ա՜հ, մեռելների անչափելիորեն զարհուրելի ուժը: Մի միլիոն անհանգիստ և վրեժխնդիր ուրվականներ, ահա՛ մեր ուժը, որի նմանը չի ունեցել աշխարհի ոչ մի ժողովուրդ: Բայց, ամո՜թ մեզ, հայությունը չօգտվեց այդ ուժից, չօգտվեց, որովհետև շուտ, շատ շուտ մոռացավ իր մեռելներին: Աշխարհը կսպասեր, որ այն հրեշային չարչարանքներից, որոնց դատապարտեց մեզ <<վայրագության, ծուլության, և գողության միայն ընդունակ ցեղը>>, աշխարհը կսպասեր, որ, ահա՛, հայ մտավորականության շարքերից դուրս կգան ծայարահեղապաշտներ, անհաշտներ՝ գայլի հոգեբանությամբ, կսպասեր, որ ահա՛ հայ տառապանքը կծնի ուխտվածներ, դեմոնական տիպեր՝ սրբազան խենթությամբ: Կսպասեր, որ այլևս հայությունը պիտ սովորի խոսել մարդկության հետ այնպես, ինչպես որ կարող էր և պե՛տք է խոսեր բազմաբյուր ողջակեզների տեր ժողովուրդը: Բայց ավա՜ղ, հայությունը, աննշան բացառությամբ, շարունակեց մնալ նույնը՝ տկար ու մուրացող: Հայության ճակատագրի վարողները չգիտցան  խոսել աշխարհի հետ, որ բնազդական արհամարանք ունի դեպի տկարն ու լալկանը:
    Գերմարդկային ցավերից խելագարվածի լեզվով խոսելու փոխարեն, նա խոսեց կանացի քրիստոնեության լեզվով: Գերագույն վշտի մեջ կատաղելու փոխարեն, նա մնաց միևնույն <<բնականոն ջղերի>> տեր ժողովուրդը: Նա չխոսեց բռնամահ եղած հայության կեսի լեզվով: Նա, որ կարող էր այնպես վարվել, որ թուրք պետության ներկայացուցիչները, Թուրքիո սահմաններից դուրս չերևան, նա, որ կարող էր մի միլիոն չարչարամահ եղած հայերի ուրվականներով՝ առանց բանակների և մարտանավերի, սարսափով պաշարել Թուրքիան՝ կտրելով նրա հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, նա, որ կարող էր ահաբեկել մարդկության խղճմտանքը վարող հրեշների երևակայությունը, որի վրեժխնդրական ամեն մի շարժուձևը հիացումով պիտ լցներ մարդկության սիրտը՝ նա ոչինչ արեց իր գերագույն վշտից մղված: Եվ աշխարհը հիացում ու սարսափ զգալու փոխարեն, զզվանք ու զայրույթ զգաց մեր նողկալի կանացիության հանդեպ: Ինչո՞ւ այդպես: Ինչո՞վ բացատրել այդ տխուր երևույթը:
    -Մեր կուլտուրականությամբ, - պիտ աճապարեն պատասխանել մեր պարտվողականները:
   Կե՜ղծ և թքելի՛ կուլտուրականություն, որ կայանում է անհամ ոտանավորներ գրելու և մի քանի եվրոպական լեզուներ գործածելու կարողության մեջ: Ծիծաղելի՜ կուլտուրականություն, որ մեր ժողովուրդը դարձրել է որբ ու որբախնամ: Զայրույթից չե՞ս դողում դու, հա՛յ երիտասարդություն, որ մի միլիոն հայրենակիցներիդ ողջակիզումն իսկ չկարողացավ խռովել հայրերիդ մի մասի հոգևոր մրափը: Դու չե՞ս դողում սրբազան կատաղությունից, որ մեր ցեղի միտքն ու բազուկը, իրենց վրեժխնդրական մոլուցքի մեջ, սատանայի հետ իսկ զինակցելու փոխարեն, մնացին գերին քաղաքական տոլստոյականության: Վրեժի ու քանդումի՝ աշխարհին ծանոթ և անծանոթ արվեստներին աշտակերտելու փոխարեն, որ վաղը ի վիճակի լինի հրով և երկաթով պատժելու բարբարոսությամբ հիվանդ թրքությունը, քո սերունդն այսօր, իր հայրերի շնչով թրծված, հետևում է մի կտոր հաց ապահովող գիտությանը:
     Սթափվի՛ր, հա՛յ մարդ, ուշքի՛ եկ, քանի դեռ ուշ չէ, այլապես՝ մարդկությունը, որ դեռ սպասում է քո սրբազան խենթության, մի օր հուսախաբ պիտ թքի մեր ժողովրդի անունին: Մարդը, որ ստրկացած է պարտվողական հայի մեջ, պիտ մարդկայնանա: Հայ մտավորականությունը իր  ամբողջության մեջ պիտ ազատվի ստրկական և սարսափելի հոգեբանությունից:
     Պիտ արիանա նա: Պետք է ազատվել և ոչ թե միայն ազատագրվել: Մինչև որ հայ մարդը չզգա իր ուժերի գերազանցությունը, չի ազատվի պարտվողական հոգեբանությունից, չի փրկվի նա: Թրքական կողմնորոշում, ներում, հաշտություն՝ այդ ամենը կոչված է սնուցանելու մեր տկարությունը և նախապատրաստվելու թուրք զենքի վաղվա հաղթանակը Հայաստանում: Այսպես՝ մեր մտավորականության թևաբեկ մասը, իր առաջնորդության ապավինած ժողովուրդը վաղվա հաղթանակի համար նախապատրաստվելու փոխարեն, կլանված է մի ամոթալի խնդրով.
    -Օտար լուծերից ո՞րն է տանելին, ցանկալին, - ահա՛ հարցը, որով նա զբաղեցրել է հայությունը: Օտար տիրապետության դեմ անողոք պայքար կազմակերպելու և վարելու փոխարեն՝ նա առաջարկում  է իր ժողովրդին ընտրել այս կամ այն օտար լուծը:
    Փոքրոգությո՜ւն, տգիտությո՜ւն, ստրկամտությո՜ւն: Այդ հրեշները, միացած՝ հայ պարտվողականի մեջ, նրան մղել են ժողովրդասպանության: Ժողովրդասպանություն, այո՛: Ներսես Մեծը, լսելով Հայաստանի գլխին եկած դժբախտություքնների մասին, հունական օժանդակ զորքերով կմտնի Հայաստան: Մերուժանը, հրամայելով բերդի պատերից կախ տալ հայ նախարարների կանանց, կթողնի Հայաստանի սահմանները և օգնություն կխնդրի Շապուհից: Կհասնեն պարսից զորքերը և դավաճանը կշարժվի Հայաստանի դեմ: Կռիվը կսկսվի Ձիրավի տափարակի վրա... երբ Ներսես Մեծը կբարձրանա Նպատ լեռը, ձեռքերը կբարձրացնե դեպ երկինք և աղոթելով, կիջացնե ձեռքերը, մինչև որ չեն հաղթի հայերը:
   Ահա՛ հաղթելու գաղտնիքը:
     Ներսես Մեծը լեռան վրա: Ինչպիսի՜ վեհ պատկեր: Ինչպիսի՜ վսեմական նյութ հանճարեղ վրձնի և մտահայեցողության համար: Իսկ առաջնորդի համար՝ սկզբունքը և վախճանը իմաստության: Ռազմավարի համար՝ հաղթելու գաղտնիքը, նշանակը այդ աստվածային գաղտնիքի, որ շարունակում է արձանացած մնալ մեր պատմության ոսկե էջերից մեկի վրա:
    Մեծ Պարթևը լեռան վրա: Սիրում եմ ապրել ու վերապրել այդ կախարդիչ պատկերի գեղեցկությունն ու վեհությունը: Նրա՝ իմ մեջ առաջացրած խոկումներից թելադրված , ես հաճախ մտովի կայցելեմ մեր հին ու նորագույն ռազմավայրերը, մեր պարտության և հաջողության պատճառներն ինձ համար պարզելու ցանկությամբ: Եվ գտել եմ, որ այն բոլոր դեպքերում, երբ Ներսես Մեծի նման մեկը <<բարձրանա լեռը>>, երբ մեր ցեղը լարել է իր բովանդակ ուժերը և չի տկարացել հոգով, մինչև որ տեղի կտար թշնամին, մի՛շտ էլ հաղթության դիցուհին իր ոսկե մատներով պսակադրել է հայ զինվորի ճակատը: Իսկ երբ չի գտնվել պարթևատիպ առաջնորդը, որ կարողանար լարված պահել ժողովրդի ուժերը, չթուլացնել ժողովի բազուկը, մինչև որ կտկարանար թշնամին, երբ պսակել է կատարյալ առաջնորդը, պարտությունն ու ամոթն են եղել հայ զորքի բաժինը: Մի ժողովուրդ, որ եղել է և կարող է լինել ուժեղ, բայց իր մտավորականության մի մասի հոգևոր ծուլության բերումով շարունակում է մնալ տկար:
     Եվ աշխարհը ասում է նրան՝ արիացի՛ր կամ մեռի՛ր: Ոչ մի չար աստվածություն հավիտենական թուլության չի դատապարտել քեզ, հա՛յ պարտվողական: Դու տկար ես, որովհետև քեզ պակասում է գիտակցությունը ուժեղ լինելու կարելիության: Քեզ տկար ես զգում, որովհետև հոգու արիություն չես ունեցել թրքությանը տկար տեսնելու: Ուժը չի պակասում քեզ, այլ՝ ուժեղ լինելու կամքը: Պակասում է հայրենապաշտությունը, որ հզորացնել գիտի: Քեզ պակասում է բարձր նպատակը և ոչ իրագործելու միջոցները:
     Գարշի՛ր, գարշի՛ր թուլությունից և պիտ ուզենաս լինել, և պիտ լինես ուժեղ: Իսկ երբ քեզ հոգով ուժեղ զգացիր, պիտ տկարանա թրքությունը, որին և պարտության պիտ մատնես՝ ներելու համար: Ապառաժ լեռան կռթնած չեն մեր մտավորականության և այն տարրերը, որոնք օրվա անելիքները թողել են՝ մասամբ եկող սերունդներին, մասամբ էլ՝ եվրոպական դիվանագիտության: Կարծեք, սրանք էլ դեռ համոզված չեն , թե եվրոպական մարդկության համար միշտ էլ գետին փռվածը, միշտ էլ ընկածն է մեղավոր: Տկարը մեղավոր է, որ տկար է՝ ահա՛ դատավճիռը: Իր պետության շա՛հը, ահա՛ գերբարոյականը պետական գործիչների համար: Սրանց սիրտը՝  Նապոլեոնի արտահայտությամբ՝ գլխումն է լինում: Սրանց համար նպատակը բարոյականացնում է այն բոլոր միջոցները, որոնք իրենց պետության ուժեղացման և բարեկեցության կծառայեն:  Ազգային եսականության հզորացումը՝ սա՛ է տիրող իրապաշտ քաղաքականությունը: Ահա՛ թե ինչու այս կամ այն պետության ճակատագիրը վարողները երբեմն իրենց թույլ են տալիս արարքներ, որ թույլ չէին տա  որպես սոսկական մարդ: Արդ, թե ինչու պիտ հասկանալ և ոչ թե դժգոհել և անիծել աշխարհը: Միամտորեն չպահանջենք, որ աշխարհը լինի այն, ինչպես որ մենք ենք ուզում, այլ՝ ազգովին մենք դառնանք այն, ինչպիսին լինել դա՛ է թելադրում:
     -Եղի՛ր ավելի բարձր էակ, քան մարդը: Ի՞նչ, երիտասա՛րդ հայություն, պիտ դառնա՞ս մեր դյուցազնախառն սերունդը, պիտ կարողանա՞ս կատարել ժամանակի պահանջը ու փրկել՝ ապագան վտանգված մեր ժողովուրդը:
    Ցանկության դեպքում՝ ԱՅՈ:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить