|
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ |
Գերագույն հաճույք է ինձ համար վերհիշել, թող հիշեցնեմ և քեզ, ընթերցո՛ղ, մի
այլաբանական և իմաստալից պատկեր Կառլ Հաուպտմանի ծանոթ թատրերգությունից: Տարվա այն եղանակն է, երբ բոլորը ձգտում են դեպի լեռները: Անսպասելիորեն, <<Հսկաների Լեռան>> վրա պայթում է փոթորիկը: Մարդիկ ապաստան են գտնում փրկարար տանը: Այնտեղ երգ, երաժշտություն, հանգիստ կա: Դուրսը փոթորիկը կրկնապատկել է իր կատաղությունը: Երկնահաս կատարների վրա հայտնվում է արծվահայաց մի տղամարդ՝ ջահել, գլխաբաց, գանգրահեր: Նրա կողքին ընթանում է մի ամեհի զամբիկ՝ իր թեթևորեն թամբված և ապերասան ձին: Մեկը՝ պատկերը ուժի, մյուսը՝ խելահեղ թռիչքի: Մարդը կանգ է առնում ժայռերի վրա և խոսում ինքն իրեն: Հայտնվում է մի ուրիշը՝ սպառազեն հրեշտակի պատկերով: Առաջինը՝ <<Լեռների Պահակն>> է, երկրորդը՝ համագերմանական Ազատության և Միության թևավոր բանբերը: Նայի՛ր և տե՛ս, - ասում է այդ վերջինը և նշանացի ցույց է տալիս ընկերոջը՝ բարձրացող փոթորիկի ալիքները: Անհամար զինավառ զանգվածներ՝ ատելությամբ գինով և ոգևոր: Նրանք կուտակվում են Արևելքում, Հարավում, Արևմուտքում: Շարժվում են լեռներով, գետերով, ծովերով: Նրանց ոտքի տակ տրորվում է և երկինքը, օդը: Գալիս են գերման մշտաջահել հայրենիքի դեմ:
Ժամանա՛կն է, ահազանգի ժամը: Լեռների Պահակը պիտ արձակի իր ճիչը, նա հեռուները պիտ նետի իր աղաղակը:.
-<<Հայրենիքը վտանգի մե՜ջ է, արթնացե՜ք>>... Կանչը գնում է,, հասնում հեռուները, բայց մնում անարձագանք:
-<<Մեկ է՛լ>>, - թելադրում է Ազատության Ոգին:
-<<Հայրենիքը վտանգի մե՜ջ է, արթնացե՜ք>>...
Թույլ արձագանք: Լռել են երգն ու երաժշտությունը փրկարար տանը, բայց ոչ ոք դեռ դուրս չի նետվել: Անհանգիստ՝ Լեռների Պահակը նետվում ձիու վրա և շեփորում զարհուրելի ուժով.
-<<Հե՜յ, հայրենիքը վտանգի մեջ է, արթնացե՜ք, փրկե՜ք>>...
Այժմ ոտքի վրա են բոլո՛րը, բոլո՛րը: Ամեն ոք աճապարում է դուրս և ի զեն: Այժմ ոտքի է ողջ ցեղը և լսվում է նրա երգերից ամենագոռն ու էլեկտրացուցիչը:
Դո՛ւ, հա՛յ երիտասարդություն, պիտ ուզեի, որ դու լինեիր <<Լեռների Պահակը>> մեր կյանքում: Եվ պահապան հրեշտակը մեր Ազատության ու Միության: Պիտ ուզեի, որ դու հաճախ ու հաճախ հայ աշխարհի ամբողջ տարածությամբ արձակեիր անհանգիստ աղաղակդ.
-Հե՜յ, վտա՜նգ կա, թրքական վտանգ սև ամպի պես կախված Հայաստանի գլխին, վտա՜նգ, որ միայն եոթնիցս կույրերը չեն տեսնում:
Комментариев нет:
Отправить комментарий