14.03.2013

ԱՔԱԴ ԵՎ ԱՐՄԱՆ (ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՒՄԻՑ Ի ՎԵՐ ՈՉ ՈՔ ՉԻ ՆՎԱՃԵԼ ԱՐՄԱՆ ԵՐԿԻՐԸ)



Աքադի չորրորդ տիրակալ Նարամ-Սուենը (Ք.ա. 2236-2200) Եփրատի և Տիգրիսի հոսանքներն ի վեր ձեռնարկում է բազմաթիվ արշավանքներ և որոշ հաջողություններ ունենում: Սակայն ի վերջո հաղթանակներն ուղեկցում են Հայկական լեռնաշխարհի զորքերին և նրանց դաշնակիցներին, իսկ միջագետքյան բռնակալն ընկնում է հայոց քաջարի մարտիկների սրից... 

Ըստ այսօր վերականգնվող ժամանակագրության, Նարամ-Սուենի հյուսիսային արշավանքներից առաջինն ուղղված էր Արման (Սուբուր, Սուբարտու) երկրի դեմ, որի ընթացքում երկու զորքերի միջև ճակատամարտ է տեղի ունենում Թալմուս բնակավայրի մոտ (ժամանակակից Մոսուլից 40կմ հյուսիս, Խուշր գետի ափին) , հավանաբար Սուբուր-Արմանի հարավային սահմանի մոտ: Ակնհայտ է, որ հակառակորդին  երկրի կենտրոնական շրջաններ ներխուժել թույլ չտալով՝ Արմանի բանակի հրամանատարությունը ձգտում էր երիրը զերծ պահել ավերածություններից:
     Համարձակորեն հակառակորդի դեմ շարժվելը և սահմանային շրջաններում վճռական ճակատամարտով նրա առաջխաղացումը կասեցնելը մի կողմից վկայում է Արմանի ռազմական հզորության, մյուս կողմից՝ հայկական ռազմարվեստի զարգացման բարձր մակարդակի մասին: Ք.ա. 3-րդ հազարամյակում ռազմարվեստի, ինչպես նաև ռազմաիրավական մտքի զարգացման կարևոր վկայություններից է նաև, որ հզոր հակառակորդի դեմ պայքարում Արմանի Ռիշ-Թեշուբին  կարճ ժամանակում հաջողվում է Աքադի բռնակալի կամայականություններից դժգոհ երկրների միասնական ճակատ ստեղծել: Ավելին, հյուսիսում Նարամ-Սուենի դեմ կազմած առաջին հզոր ռազմական դաշինքը ղեկավարում է հենց Արմանը: Ի դեպ, հայտնի է, որ Ռիշ-Թեշուբի առաջնորդությամբ մարտնչում էին դաշնակից 17 երկրների զորքերը: Դատելով Սուբուր-Արմանի հարավային սահմանի մոտ ճակատամարտերի կրկնվելուց՝ պետք է ենթադրել, որ ճակատամարտերն ավարտվել են Նարամ-Սուենի պարտությամբ, քանզի հակառակ դեպքում, նա կշարունակեր իր առաջխաղացումը:

    Եվս մի շարք արձանագրություններ վկայում են Սուբուր-Արմանի հարավային Ազուխինում բնակավայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտի կամ մի քանի ճակատամարտերի մասին: Ռազմական գործողությունների այս փուլում Նարամ-Սուենն Ազուխինի մոտ ժամանակավոր հաջողության է հասնում: Թելլ Բրաք հնավայրի տարածքում (Հյուսիսային Միջագետք) կառուցած ամրոցը հենակետ դարձնելով՝ Նարամ-Սուենը մի քանի արշավանք է ձեռնարկում դեպի շրջակա տարածքներ: Նա հասնում է մինչև <<ակունքը Տիգրիսի և ակունքը Եփրատի>> (Ամիդ/Դիարբեքիրից մոտ 25 կմ հս-արլ), ուր իր պատկերաքանդակով և արձանագրությամբ կոթող է թողնում:
     Հայկական Տավրոսի լեռնազանգված մտնելը և դեպի հյուսիս առաջանալը համարվել է բացառիկ հերոսություն, ինչը երևում է Նարամ-Սուենի գահակալության տարիները այդ իրադարձություններով անվանակոչելու փաստից: Դրանք վկայում են Տիգրիսի և Եփրատի ակունքները հասնելու, Սուբուր-Արմանի դեմ պատերազմի, Արևմտյան Տիգրիսի ակունքներում գտնվող Աբարնում (Ամարնում) երկրի դեմ արշավելու մասին: Ընդ որում, նրա արձանագրություններում մատնանշվում է Սուբուր-Արման երկրի գտնվելու վայրը՝ <<Վերին ծովի>> ափերին, այսինքն՝ Վանա ծովի ավազանում:
     Եփրատի վերին հոսանքների երկրները արշավելու մասին է պատմում Նարամ-Սուենի ամենածավալուն արձանագրություններից մեկը, որում Արմանը ներկայացվում է որպես աննվաճ երկիր:
<<Քանի որ երբևէ՝ մարդկության արարումից ի վեր, ոչ մի թագավոր չեր կարողացել նվաճել Արման ու Էբլան: Ներգալն (միջագետքյան դիցաբանության անդրաշխարհի աստվածը) իր զենքով ճանապարհ բացեց Նարամ-Սուենի՝ հզորի համար, և տվեց նրան Արմանն ու Էբլան: Եվ նա տվեց նրան Ամանոսը՝ Մայրիների լեռը և Վերին Ծովը... Երբ Դագանը (արևմտասեմական ռազմի, գերագույն  աստված) որոշեց ճակատագիրը Նարամ-Սուենի՝ հզորի,. նրա ձեռքը հանձնեց Ռիդ-Թեշուբին՝ Արմանի արքային, և երբ նա (Նարամ-Սուենը) անձամբ հաղթեց նրան իր պալատի մուտքի կետրոնում, Նարամ -Սուենը իր արձանը քանդակեց դիորիտից և նվիրեց այն Սին (Լուսնի) աստծուն:
     Այսպես է ասում Նարամ-Սուենը՝ հզորը, արքան աշխարհի չորս կողմերի.
>>
:
    Արձանագրության շարունակության մեջ նշվում է նվաճված տարածքներում ամրոց կառուցելու և Նրամ-Սուենի պատկերով արձանագրությամբ կոթող կառուցելու մասին: Վերջին երկու միջոցառումները ամենայն հավանականությամբ, կապվում են Թիլլ-Բրաք և Փիր-Հուսեյն հնավայրերի հետ:
    Արման երկիրը հիշատակվում է Ք.ա. 2-րդ հազարամյակում գրի առնված <<Նարամ-Սուենն ու իր թշնամիները>> անվանումը ստացած խեթերեն բնագրում, որը հաղորդում է միջագետքցի արքայի դեմ ելած տասնյոթ երկրի դաշինքի մասին: Դաշնակից 17 երկրները տարածված են  եղել Փոքր Ասիայի կենտրոնից մինչև Ուրմիո լճի ավազանի հարավային շրջանները, իսկ Արմանը գտնվել է ամտ. Տիգրիսի սնման տարածաշրջանում:

    Նարամ-Սուենի՝ Ամիդի շրջան մտնելը, հուշակոթող թողնելը և արձանագրությունները, թերևս, վկայում են նրա ունեցած ժամանակավոր հաջողության մասին, ինչև, սակայն հաղթանակ չէր դաշինքի նկատմամբ: Նարամ-Սուենի դեմ դաշնակցած 17 երկրների մասին է պատմում նաև <<Քութայի արքայի լեգենդը>> անունով հայտնի բնագիրը, որում արդեն դաշինքի առաջնորդ է հիշատակվում Ուրիմիո լճի հարավային մասում գտնվող Լուլլուբում երկրի արքա Անուբանինին: Դաշնակից երկրների 90,000 բանակի տիրապետության տակ էին միավորվել Փոքր Ասիայի կենտրոնից մինջև Էլամ ընկած տարածքները, այսինքն՝ գրեթե նույն տարածքները, որը զբաղեցնում էր Արմանի երկրի ղեկավարած 17 երկրների դաշիքնը:

    Նշանակում է՝ դաշինքի ղեկավարումն անցել էր Արմանից Լուլլուբումից, ինչը պայմանավորված էր դաշինքի կառավարման համակարգով:
     Հայկական լեռնաշխարհի տարածքի բնագրում հիշատակվում են Ուման-Մանդան, <<Ծովերը>>, Գուտիումը (Կորդված աշխարհը), ընդ որում, նշում է, որ բոլոր զորքերը հավաքել էին Սուբարտուի կենտրոնում, այսիքն՝ Վանա լճի ավազանի կենտրոնական մի վայրում:
   Անուբանիից մեզ է հասել ժայռափոր կոթող՝ պատերազմի Ինանա-Իշտար դիցուհու և իր պատկերով ու աքադերեն արձանագրությամբ, որում նա ներկայանում է <<հզոր արքա, արքա Լուլլուբումի>> տիտղոսներով: Չափազանց վնասված արձանագրության մեջ  հիշատակվում են Վերին և Ներքին ծովերը (Վանա և Պարսից ծովեր):
    Նարամ-Սուենի մասին <<Քութայի արքայի լեգենդը>> ստեղծվել է շումերների միջավայրում այնտեղից տարածվել է նաև Փոքր Ասիա, և Ք.ա. 2-րդ հազարամյակում գրի առնվել խեթերենում: Այն ենթարկվել է գեղարվեստական մշակման՝ ճշգրիտ պահպանելով մթա 23-րդ դարի իրադարձություններն ու հատուկ անունները: Բնագրի մեզ հետաքրքրող հատվածում խոսքն ասվում է Նարամ-Սուենի անունից.

     <<Երբ եկավ առաջին տարին,  ես ուղարկեցի 120.000 զորք, բայց ոչ ոք կենդանի չվերադարձավ: Երկրորդ տարին ուղարկեցի 90.000 զորք, բայց ոչ ոք կենդանի չվերադարձավ: Երբ երրորդ տարին եկավ, ես ուղարկեցի 60.700 զորք, բայց ոչ ոք կենդանի չվերադարձավ: Ես այլայլվեցի, շփոթվեցի, մթագնեցի, վշտաբեկ, ուժասպառվեցի: Այսպես ես ասացի իմ սրտում, սրանք էին իմ բառերը: Ի՞նչ ունեցա ես՝ իմ թագավորությանը ցույց տալու: Ես արքա եմ, որ չի բերում ծաղկում իր երկրին: Ես արքա եմ, որ չի բերում բարգավաճում իր ժողովրդին...(բնագրի  84-92 -րդ տողերը)>>:

     Փաստորեն Նարամ-Սուենը դաշնակից զորքերի դեմ է ուղարկում  երեք բանակ՝ 120,000, 90,000 և 60,700 զինվորներով, որոնցից ոչ մեկը չի վերադառնում: Որքան էլ այս թվերը վիպականացված լինեն, Միջագետքում և Փոքր Ասիայում տարածված այս բնագիրը միանշանակորեն վկայում է Հայկական Լեռնաշխարհի զորքերի տարած հաղթանակների մասին:

    Հատուկ ուշադրության է արժանի  <<ոչ ոք կենդանի չմնաց>> արտահայտությունը: Եթե մի կողմից ակնհայտ է, որ գործ ունենք վիպական չափազանցության տիպիկ օրինակի հետ, ապա մյուս կողմից այս արտահայտությունը հայոց մարտավարության ակունքների բացահայտման հնարավորություն է տալիս: Ըստ ամենայնի, հնագույն շրջանի հայ ռազմիկները կիրառել են թշնամու զոքերը շրջափակումներով լիակատար ոչնչացնելու մարտավարությունը: Բավական է հիշել, որ լեռնային կտրտված տեղանք ունեցող հայկական լեռնաշխարհում այս մարտավարության իրականացման բոլոր հնարավորությունները կային, և զորավարները պետք է, որ այս հնարքին դիմեին: Աքադի բռնապետության դեմ պայքարում կիրառված ռազմարվեստի մասին նկարագրությունները նոր լույս են սփռում հայոց ռազմարվեստի պատմության վրա և հնարավորություն է տալիս նորովի մեկնաբանելու հայոց հաղթանակների մարտավարությունը: Ինչպես հետագայի պատերազմների և ճակատամարտերի նկարագրություններում կտեսնենք՝ երկիր ներխուժած հակառակորդի ոչնչացման հաստատակամությամբ պայքարի ելած հայորդիները բազմիցս հաջողությամբ են կիրառել այս հնարքը: Այն կազմել է 5-րդ դարի հայոց ռազմարվեստում տիրապետող տիրապետող դարձած ապստամբական մարտավարության կարևորագույն բաղկացուցիչ մասը:

“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий