18.02.2013

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ՆԵՐՍԵՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՎԵՐՋԻՆ ԶՐՈՒՅՑԸ


Հայր Մարդպետի հուղարկավորության հաջորդ օրն ևեթ արքան մարդ ուղարկեց՝ քննելու նրան ուղեկցած զինվորներին, հուսալով  հուշող որևէ տեղեկություն իմանալ: Զինվորներն ասացին, թե նախարարը կաթողիկոսի հետ մենակ է տեսնվել, ապա ճաշել են երկուսով, իսկ թե ի՞նչ են խոսել, ոչինչ հայտնի չէ իրենց, քանի որ հայր Մարդպետը ոչինչ չի ասել այդ մասին: Պապը նաև մարդ ուղարկեց Աշտիշատ՝ աննկատ հարցուփորձելու նախարարի և կաթողիկոսի զրույցի մասին, սակայն ոչ մի լուր  հայթայթել չհաջողվեց, քանի որ հոգևորականներից ևս ոչ մեկը ներկա չեր ճաշին: Մնում էր հարցում անել կաթողիկոսին: Բայց դա կբորբոքեր եկեղեցուն, և արքան համառորեն այլ ուղիներ էր որոնում՝ սպանության պատճառն ու պատվիրատուին պարզելու համար:Այդ ընթացքում նրան լուրեր հասան Ներսեսի վատառողջության մասին: Եվ նա մեկնեց Վաղարշապատ՝ կաթողիկոսին տեսության: Մտածում էր՝ գուցե թե նաև հարմար առիթ է՝ նրանից իմանալու դրվագներ Հայր Մարդպետի հետ հանդիպումից:
     Ներսեսը հազիվ էր ոտքի վրա մնում, սակայն արքային պատշաճորեն ընդունելու համար ելել էր անկողնուց: Նա տկար էր այնքան, որ երբ արքան սրահ մտավ, անկարող եղավ հարմար ելնել վեհափառի իր գահից:
     Արքան հետաքրքրվեց նրա որպիսությամբ և արագ ապաքինում մաղթեց:
     Ներսեսի դեմքին հիվանդության գունատություն հետ նաև զայրույթ ու դժգոհություն էր դրոշմված:
     Արքան ձևացրեց, թե չի նկատում դա, ու նրան պատմում էր նահանգների իր շրջայցերի, երկիրը ոտքի կանգնեցնելու համար արվող քայլերի ու դրանք իրագործելու դժվարությունների մասին:

     Ներսենը նրան ասես չեր լսում:
     Հետո արքան ասաց, թե իրեն շատ է վշտացրել Հայր Մարդպետի սպանությունը, և որ ինքը ոչ միայն լավ ընկեր է կորցրել, այլ նաև երկրին նվիրված անփոխարինելի հայորդու:
      Ներսեսը զգաց, որ այս խոսքերն ասելու ընթացքում արքան ուշադրությամբ զննում է իր դեմքը:
     -Չգիտեմ, - անկեղծորեն տրտնջաց արքան, - առանց նրա դժվար է ինձ համար, սակայն առավել ծանր է այն, որ մարդասպանը ողջ է, շրջում է մարդկանց մեջ, իսկ ես անկարող եմ պատժել նրան:
      -Եվ հարմար պահը որսալով՝ արքան հարցրեց.
      -Վերջին մարդը, ում հետ նա խոսել է, ինքդ ես եղել, վեհափա՛ռ. արդյո՞ք նա որևէ անհանգստություն չէր հայտնել քեզ իր կյանքին սպառնացող վտանգի մասին:
       Նրա հարցին ի պատասխան՝ Ներսեսն ասաց, թե ինքն էլ է խոր վիշտ ապրում Հայր Մարդպետի մահվան համար: Եվ ապա ավելացրեց, թե Հայր Մարդպետն այն օրը եկել էր բարձր տրամադրությամբ ու ոչ մի անհանգստության մասին չի խոսել իր հետ:
    Հետո սահուն փոխելով խոսքի նյութը՝ Ներսեսն իր խորին դժգոհությունը հայտնեց արքայի վերջին հրովարտակի վերաբերյալ (Պապ թագավորը հրամայել էր փակել բոլոր կուսանոցները, իսկ հոգևորականներին ներգրավել էր զինված ուժերում ծառայության):
     
Արքան պարզաբանեց, թե երկրի վիճակն է իրեն ստիպում նման քայլերի գնալ, և որ ամենքն են հիմա նեղություն կրում, ինքն, օրինակ՝ ծախսել է արքայական գանձերի մեծ մասը:
     Կաթողիկոսն արքայի պատճառաբանությունները հիմնավոր չհամարեց:
     Արքան ասաց, թե չէր կամենա այս պահին վեճի մտնել նրա հետ և խնդրեց հարցերի քննումը թողնել մեկ այլ հարմար առիթի, երբ կաթողիկոսը կհաղթահարի տկարությունը:
      -Այսօր ես եկել եմ քո որպիսությունն իմանալու և ապաքինում՝ մաղթելու: Ու թե կարիք ես տեսնում, կարող եմ Վաղարշապատ ուղարկել պալատի փորձառու բժշկողներին:
     Ներսեսը չեր հանդարտվում:
     Պապն այդժամ ասաց, որ ինքը մի նպատակ ունի, ստեղծել ուժեղ պետություն և հանուն այդ նպատակի իրականացման պատրաստ է ինքն իրեն էլ զրկել հողերից, հարստությունից, հարմարավետությունից, և որ ամենքը պիտի պատրաստ լինեն բեռ կրել իրենց ուսերին՝ այդ պետությունն ունենալու համար: Ասաց, որ իր նպատակն ամենևին Աստծո դեմ չէ, բայց իրեն այս պահին ոչ թե մենաստաններ, այլ զինվորներ են հարկավոր:
     -Դու քիչ բան ես հասկանում Աստծո գործերից, - վրդովված նետեց կաթողիկոսը:
     -Հնարավոր է,- արձագանքեց արքան՝ ջանալով վիրավորանքի երանգ չհաղորդել իր խոսքերին,- ես քո փորձառությունը, իհարկե, չունեմ, բայց ես տեսնում եմ, թե ինչ է հարկավոր  անել՝ երկրին օտարի ոտքի կոխան չդարձնելու համար, և անում եմ ամենը՝ այդ նպատակին հասնելու համար:
     -Դու խակ պատանի ես, - արտաբերեց Ներսեսը քամահրանքով, - և չես հասկանում՝ ինչ ես անում:
     Հաշվի առնելով կաթողիկոսի դիրքը, տարիքը, առողջական վիճակն ու նաև մոր կողմից Արշակունի լինելը՝ արքան նրա հետ խոսում էր ընդգծված պատկառանքով: Եվ հազիվ զսպեց իրեն բուռն չարձագանքել:
     -Քո դեմ Հայոց Աշխարհի արքան է կանգնած, և բարի՛ եղիր հարգալից վերաբերվել նրան, - ասաց: - Եվ մի՛ մոռացիր, որ ես ի՛նքս եկա քո ետևից ու քեզ կարգեցի իմ, ավագանու և ժողովրդի վերակացու և խրատատու:
     -Արքա՜ն, Հայոց Աշխարհի արքա՜ն, - նույն քամահրանքն էր Ներսեսի դեմքին:
     -Մի՞թե եկեղեցին այլ մեկին է ճանաչում որպես հայոց Աշխարհի թագավոր, - հարցրեց Պապը հեգնանքով:
      -Բայց դու օրինական արքա չես, և քո հրովարտակները ուժ չունեն, - ասաց Ներսեսը:
      -Այդ ինչպե՞ս թե չունեն, - հարցրեց արքան բորբոքված: -Մի՞թե կա արքայից վեր մի ատյան, որը որոշում է դա:
     -Չունեն, քանի որ կայսրը, քեզ Հայոց Աշխարհ ուղարկելով, չի օժտել արքայական իրավունքներով, ինքդ էլ գիտես, թե ինչո՞ւ, որպեսզի չխախտի պարսիկների հետ ունեցած պայմանը ու չբորբոքի նրանց:
    -Ա՜խ, ահա թե ի՜նչ, - ծոր տալով կանչեց արքան՝ քայլելով սրահում: - Հռոմեական կայսրն ինձ չի հաստատել ու արքա՞ չեմ: Ահա՜ թե ինչ:
     Հետո Պապն ընդուպ մոտեցավ կաթողիկոսին, խոնարհվեց նրա վրա ու նրա աչքերի մեջ նայելով՝ ասաց.
    -Բայց, հարգարժա՛ն Ներսես, դու մոռանում ես, որ ես կաթողիկոս չեմ, որ գնամ օտար ափեր ու մետրոպոլիտից ճանաչում բերեմ ինձ համար: Ես, ի տարբերություն քեզ, թագավոր եմ, ես իմ երկրի արքայի օրինական ժառանգն եմ, մկրտված քո իսկ ձեռքով: Իմ սրտում Արշակույնաց արյուն է հարդում. ամենքը գիտեն դա, և ես կարիք չունեմ այլոց կողմից հաստատումին, քանի որ ես կայսեր կամ թե Շապուհի տեղապահը չեմ, այլ ի՛մ երկրի թագավորը:
     Արքան ուղղվեց, փոքր-ինչ հեռացավ կաթողիկոսից:
      -Իմ ուզածը գիտե՞ս որն է. ունենալ այնպիսի մի երկիր, որ երբևէ հայոց արքան ուրիշի ճանաչման կարիքը չզգա: Չէ՞ որ այդպես եղել է բյուրավոր տարիներ: Ասա՛ ինձ, դու և եկեղեցին կարո՞ղ եք օգնել ինձ այդ հարցում: Սա՛ է ինձ համար կարևորը:
     Ներսեն անհանգիստ շարժվեց գահի վրա.
     -Դու ավերում ես Աստծո կամոք ստեղծված կարգերը և դեռ խոսո՞ւմ երկրի հզորության մասին: Դու նզովյալ հեթանոս ես. Արտաշատի դպրանոցում պիղծ դևերին են պաշտում պատանիները:
     -Եկեղեցին հազար դպրոց ունի, այդ մեկը թողե՛ք ինձ,-պատասխանեց արքան անվրդով_ -Դու ինձ ա՛յն ասա, թե այդ հազար դպրոցներից և ոչ մեկում ինչո՞ւ ուսուցումը հայերենուվ չէ՞: Մի՞թե իմ ժողովուրդը տառեր ու լեզու չունի: Ո՞վ եղան հույնը և ասորին, որ հնագույն իմ ազգի տղաները պիտի նրանց գրերը սերտեն: Եվ հետո, մեծապատի՛վ Ներսես, քեզ համար նրանք դև են, իսկ պատանիների համար՝ իրենց հայրերի դիցերը, ովքեր հովանավորել են մեր երկիրը տաս հազար տարի: Ու պատանիներն էլ ոչ թե պաշտում են նրանց, այլ սոսկ ծանոթանում են իրենց երկրի պատմությանը: Ի՞նչ ես առաջարկում. նորեն լռեցնե՛լ մարդկանց հարկադրանքով, ինչպես հաջողեցրիր իմ հայր Արշակի օրոք, երբ նա պատերազմում էր նախարարների դեմ...
ՆԵՐՍԵՍ 
     -Մի դևապաշտ էլ նա էր, - թունոտ նետեց Ներսեսը:
     -Համենայն դեպս քո հոր և հորեղբոր նման անառակ ու ցոփ կյանք չի վարել ու արհամարել, ծաղրել արարչական կարգերը: Եկեղեցում գինարբուքի չի տրվել պոռնիկների, վարձկանների, գուսանների ու կատակաբանների հետ:
     Արքայի այս պատասխանը հունից հանեց կաթողիկոսին:
     -Ինչպես քարբ օձն է խցում իր ականջները՝ ճարտար կախարդական ձայնը չլսելու համար, այնպես էլ դու, թագավո՛ր, ականջներդ ես փակել, որպեսզի չլսես աստվածային խրատը:
     -Բայց ինչո՞ւ այդպես: Մի՞թե Աստծո խրատ ես համարում իր իսկ կողմից  առաջինն արարված ժաղավրդին ցիրուցան լինելը: Մի՞թե դա աստվածահաճո գործ էր, մեծապատի՛վ կաթողիկոս: Հանուն ինչի՞ հալածեցիք ու մոթեցիք նրան վայրագ թշնամու նման: Հանուն Աստծո՞: Բայց ի՞նչ էին արել այդ մարդիկ Աստծուն:
       Արքան հետզհետե բորբոքվում էր;
       -Քո մի նախնին սպանեց իմ երկրի հզոր թագավորին, որ քո տոհմը տիրի մեզ: Ի՞նչ է, կարծում ես չգիտեմ նրա ու Արշավիրի պայմանը: Մտածե՞լ ես երբևէ, թե քո տոհմն ի՞նչ աղետ է բերել իմ ժողովրդին:
     -Ես անիծում եմ քեզ, և Աստված չի ուշացնի քո պատիժը, - գոչես Ներսեսը այլայլված:
      -Իսկ ես միամտաբար կարծում էի, թե մեր եկեղեցին կսատարի ինձ՝ վերականգնելու մեր երկիրը, - արքան թևերը կողք տարածեց, - դեռ ավելին՝ կհանի իր հոգեպահուստը՝ հանուն հայրենիքի փրկության: Մինչդեռ այն ահա անիծում է ինձ և Աստծո պատիժ պահանջում ինձ համար: Երանի՜ թե Երկրի վրա ամենը կատարվեր Աստծո կամոք, այլ ոչ թե ոմանք վճիռ կայացնեին նրա փոխարեն՝ նրա կարծիքը չհարցնելով: Այդ ժամանակ արդարություն կլիներ:
     Արքան բազմանշանակ հայացքով նայեց Ներսեսի աչքերի մեջ ու շարունակեց:
      -Ինձ երկիր է հարկավոր, ուժե՛ղ, որ կանգնի իր ոտքերի վրա ամուր, ինքնավստա՛հ, ուր ամենքը զինվոր են՝ այր թե կին, դպիր, թե վանական, հողագործ, թե արքա: Սա՛ է իմ ուզածը, իսկ եկեղեցին հազարավոր իր սպասավորներին ու տասնյակ հազարավոր նրանց հարազատներին արտոնել էր բանակ չգնալ: Ինչո՞ւ, կարո՞ղ ես ասել: Դու ահա դժգոհում ես, թե ինչո՞ւ նրանց զինվորագրեցի բանակ: Խնդրե՜մ, ես կարող եմ նրանց հետ վերադարձնել: Բայց մի պայմանով. վանականներիդ ուղարկի՛ր հարավ, ուղարկիր արևելք կամ հյուսիս, ու թող համոզեն և ետ բերեն հազար բյուր այն հայերին, որոնց հալածել, արտաքսել է քո պապ Գրիգորիսը: Նրանց ես կվերցնեմ ծառայության ու քո մարդկանց ազատ կարձակեմ: Կարգադրի՛ր, թող գնան:
     Ներսեսը խոժոռ հայացքով նայում էր նրան:
     -Չես անի: Մինչդեռ ինձ ուժեղ երկիր է պետք, ուր մարդիկ ոգով ամուր կլինեն ու անվեհեր: Չեն երկյուղի մահից և պատրաստ կլինեն իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի բարօրության և ազատության: Ուր թույլ չեն տա օտարի կամքն իշխի իրենց վրա ու քարից զենք կկափոն, երկնքից շանթեր կիջեցնեն ու չեն համակերպվի նվաստացմանը: Ուր կգտնեն, որ ազգի արժանապատվությունը վեր է ազգի գոյությունից: Ուր մարդն Աստծուն հավասար կսիրի իր երկիրը, իր հայրենիքի պատիվն ու իր անձի արժանապատվությունը: Իսկ դրա համար մարդը պիտի լինի ազատ, խրոխտ, ոգելից, ոչինչ չպիտի կաշկանդի նրա ներսի փոթորիկը: Նա պիտի մի մղում ունենա՝ հերոսացում: Ինձ համար միևնույն է, թե ում կերկրպագի այդ մարդը, հրեշտակների, դիցեր կունենա, արև, թե խաչափայտ կպաշտի, ճերմակազգեստ քուրմ, թե կնգուղավոր քահանա կունենա: Այդպիսի մարդ է ինձ հարկավոր, այլապես իմ երկիրը չի դիմանա ախոյաններին ու կուլ կգնա: Այդպիսի՛ երկիր է ինձ պետք: Ասա ինձ, դու, իմաստո՛ւն կաթողիկոս, որ խակ պատանի անվանեցիր ինձ, կարո՞ղ ես ապահովել դա: Եթե այո՛, ապա հիմա ևեթ կհրաժարվեմ իմ կոչումից ու թագը կդնեմ քո ոտքերի տակ: Ապացուցի՛ր ինձ, որ քո՛ կրոնը կապահովի դա, ու ես ծնկաչոք բոլոր վանքերը կգնամ ու նրանց քարերը կհամբուրեմ: Ապացուցի՛ր ինձ:
      Ներսեսը խիստ մռայլ, խոր շունչ քաշեց՝ խոսք սկսելու համար: Բայց արտաբերած առաջին բառերի հետ հազ բռնեց նրան: Այն գնալով սաստկանում էր՝ ցնցելով նրա մարմինը: Արյան բծեր երևացին նրա շուրթերին:
     Արքան շփոթվեց, չգիտեր՝ ի՞նչ աներ: Ակամա շուրջը նայեց. սրահի մի անկյունում սափոր էր դրված: Մի գավաթ ջուր հրամցրեց Ներսեսին: Բայց կաթողիկոսը հազիվ էր մի քանի կում խմել, երբ հանկարծ հազի հետ արյան գնդեր դուրս թռան բերանից: Արքան տագնապած դուրս եկավ նախասրահ և օգնություն կանչեց: Եկան մի քանի վանականներ, նրանց հետ՝ նաև Գնել իշխանը, ով սպասում էր արքային: Վանականները կաթողիկոսին ուղեկցեցին ննջարան:
     -Արդեն երկու շաբաթ այս վիճակն է, - արքայի շփոթված դեմքը տեսնելով՝ պարզաբանեց վանականներից մեկը:
      Ննջարանի դռան մոտ արքան ու Գնել իշխանը կանգ առան:
       Բժշկողը փութով անցավ նրանց կողքով՝ մի փոքր պայուսակ ձեռքին:
       -Երկար չի ապրի, - ասաց Գնել իշխանը, - մահվան ուրվականն էր նրա դեմքին:
        Երկու օր անց Ներսես կաթողիկոսը մահացավ:

Հատված Արծրուն Պեպանյանի <<Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ>> գրքից, էջ 110-116., 

Комментариев нет:

Отправить комментарий