18.02.2013

ՀԱՅԻ ՃԱՄՓԱՆ


Կանգնե՛ք, հսկումի՛ կանգնեք քարտեզի առջև, մտովի գծե՛ք Հայաստան անունը կրող երկրի սահմանները, և դուք Հայոց պատմության ամեն մի էջի, տողի, բառի տակ, ինձ հետ պիտի կարդաք հետևյալ ճշմարտությունը - այդ ազգի կենսունակության գաղտնիքը նրանում է, որ նա շնչել է ցեղի միջոցով, որ իր գոյության բոլոր դարերում - ազատ թե նվաճված, հաղթական թե իբրև վսեմ պարտյալ - ապրել է, պայքարել, ստեղծագործել ցեղորեն, խորապե՛ս ցեղորեն:
    Այո՛, նայեք քարտեզին, և պիտի համոզվեք, որ հայությունը կարողացել է քայլել ժամանակների հետ իբրև ցեղ, և ոչ իբրև ցեղային  բովանդակությունից դատարկված ժողովուրդ:
     Շատե՛րը, իր հասակակիցներից շատե՛րն այսօր չկան - նրանք վաղուց են չքացել մեր Երկրագնդից: Իսկ Հա՛յը, որ ըստ որոշ պատմաբանների վաղուց անտի մեռած պիտի լիներ, անգիտանալով պատմության երկաթե օրենքները, դեռ կա ու կմնա:
     Գիտենք, որ մշտատև վտանգն է օրորել հայության մակությունը: Իսկ վտանգի ենթակա ամեն ժողովուրդ ապավինում է իր ցեղային արթուն բնազդին, իր ներցեղային բարոյականին:
     Գիտենք և այն, որ ուրիշ և ո՛չ մի երկիր այնքան արտաքին թշնամանք ու ախորժակներ չէ՛ գրգռել, որքան Հայաստանը:
    Պատճա՞ռը - դա համարվել է ո՛չ միայն բարեբեր ու հարուստ երկիր, այլև՝ իբրև գերազանց կարևորություն ներկայացնող ռազմագիտական մի կետ, իբրև երկու աշխարհամասերի իրար միացնող մի կամուրջ:

    Մարդկային անհատների պես՝ ժողովուրդներն էլ ունեն իրենց բարոյականը:
    Կենսաբանորեն բարոյական է նա, որի կյանքում ցեղի կամքը կատարում է գերագույն գործոնի դեր, նա, ով իր ստեղծած հոգևոր և նյութական արժեքները - մասնավորապես առաջինները՝ կրոն, իմաստասիրություն, արվեստներ՝ հարմարաբար ծառայեցնում է իր ցեղի հավերժացմանը, իր երկրի ինքնապաշտպանության գործին: Ցեղորեն խաթարված է այն ժողովուրդը, որ ասում է՝ աշխարհն է իմ հայրենիքը:
   Աշխարհ ասելով՝ ցեղորեն առողջ ժողովուրդները հասկանում են նա՛խ իրենց տիեզերական օրրանը, իրենց հայրենի երկիրը:
    Նմաններից է հայը, որը ո՛չ միայն իր ամբողջական երիրը, այլև՝ իր երկրամասերն անվանել է աշխարհ, օրինակ՝ Արարատյան Աշխարհ, Տարոն Աշխարհ, Սյունյաց Աշխարհ և այլն:
   Այդ ըմբռնումի արդյունքն է մշտաթարմ աշխարհազգացողությունը:
    Ճշմարիտ է պատմության միայն ցեղային փիլիսոփայությունը: Ցեղը - տիեզերական սկզբունք է - դա նշանակում է, որ ժողովուրդների պատմության սաղմերը պիտի փնտրել իրենց արյան և երկրի բնության մեջ:
   Ցեղը արյուն է, որի ձայնը լռեցնել կարելի է, բայց ո՛չ և մեռցնել:
     Ցեղը ճակատագիր է: Նրանից չի՛ կարելի խուսափել: Կարող ես Եվրոպայի գիտական փառք հանդիսացող Էյնշտեյն լինել, բայց և այնպես՝ էությամբ կմնաս հրեա: Կարող ես Սարոյանի պես ամերիկյան գրող լինել, բայց չես կարող խուսափել հարազատ ցեղից:
      Ամեն ցեղ մեր երկրագնդի վրա կոչված է իրականացնելու միորոշ առաքելություն: Հայը պիտի չկարողանար իրականացնել գաղղիական ազգին տրված պատմական առաջադրությունը, անգամ այն դեպքում, եթե ողջ հայության արտոնվեր ապրել Փարիզում:
     Ժողովուրդը ընդօրինակող է, ցեղը՝ ստեղծագործ ինքնատիպություն: Իբրև անկրկնելի անհատականություն՝ դա թույլ չի տալիս ժողովրդին դիմազրկվելու և կորչելու մարդկության մեջ: Իբրև բնակենսաբանական գործոն՝ ցեղը ներգործում է ազգության վրա՝ սնուցանելով նրա արմատները: Ժողովուրդը հագևոր ցրվածություն է. ազգը՝ ոգի, որի ամենենակատարյալ արտահայտությունը հանդիսանում է հանճարը, սուրբը, հերոսը - ընտրանին, ցեղը կենտրոնացուցիչ ուժ է:
   Առաջինը հատուկ է եսականությանը, երկրորին՝ այլասիրությունը, երրորդին՝ նաև մերձավորի համար գիտակցորեն մեռնելու ուրախությունը:
    Ազգության գաղափարի թշնամին է ո՛չ միայն մեծամասնականը, այլև՝ ընկերավարականը, դեմոկրատը, լիբերալը: Ընկերավարությունը ենթադրում է հակամարդ դասակարգեր, որ ասել է՝ պառակտված ժողովուրդ:  Ամեն ժողովուրդ, որ վերածվում է դասակարգերի, դեմոկրատիայի՝ մահացորեն մեղանչում է իր ազգային ոգու դեմ, քանդում է այդ ոգին: Նաև՛՝ ամեն պետություն, որ հանուն վերացական միջազգայնության, հալածանք է սկսում ազգային գաղափարի դեմ՝ կորցնում է իր հոգևոր ստեղծագործության խանդը: Օրինակ՝ սովետական երկրներում կա մեռյալ շինարարություն, բայց ո՛չ և ստեղծագործություն, այնտեղ խոսք լինել կարող է նյութական որոշ բարիքների, բայց երբե՛ք՝ հավիտենական արժեքների մասին: Այսօր այնտեղ գոյություն ունի աղքատիկ քաղաքակրթություն, բայց ո՛չ և մշակույթ:
    Արդ թե ինչու հավասարապես արդար և անհրաժեշտ է, որ ժողովուրդը գիտակցորեն և միստիկաբար ենթարկվի ցեղին, եթե չի ուզում դատապարտվել հոգևոր ամլության ու կորչել:
   Հայաստանի ու հայության բոլոր թշնամիները, բոլոր դարերում, իրենց մահացու հարվածը միշտ էլ հասցրել են մեր ցեղը մշտնջեցնավոր ընտրանիին: Հազար տարի առաջ և հազար տարի հետո մեր թշնամիները - արաբ, թուրք, բոլշևիկ - փորձեցին սպանել ցեղը հայության մեջ՝ ոչնչացնելով մեր ազգի ցեղազգաց տարրերը:
   Չմոռանա՛նք, չմոռանա՛նք, չմոռանա՛նք այդ իրողությունը, որպեսզի այսուհետև ավելի ջերմ պաշտամունքով փարվենք մեր ցեղին, իբրև մեր միակ ապավենին, իբրև երկրորդ աստվածության:
Ժողովուրդների համար - որոնք իրենք իրենց պատմության մեջ հայտնմաբերում են այն, ինչ որ զորութենապես դրված է իրենց արյան մեջ - ժողովուրդների համար խորապես ցեղորեն ապրելը դառնում է անհրաժեշտություն հետևյալ պատճառներով:
  1.  Երբ իրենց վիճակվում է ապրել աննպաստ աշխարհագրական միջավայրում.
  2. Երբ կորցնելով իրենց պետական անկախությունը, նրանք կորցնում են բնականոն գոյության կարելիությունը.
  3. Երբ իրենց վտանգ է սպառնում թվով և քաղաքականապես ավելի հզոր, ցեղորեն ու կրոնապես օտար հարևանները և այլն:
     Այդ պատճառներով, ահա՛ հայությունը իր պատմության ողջ ընթացքում, հանդես է եկել իբրը ցեղավար ժողովուրդ:
      Այսպիսի՛ն էինք, թեկուզ մեր անկախությունը կորցրած, բայց ցեղորեն արթուն, ռազմունակ և ստեղծագործ:
    Այսպիսին էինք - ցեղավայել կեցվածքով Ավարայրից առաջ, և Ավարայրից հետո՝ մեր վարած բոլոր պատերազմներում:
       Ցեղամարդ էր հայը՝ հավիտենականի ու կատարելության, ընկերային արդարության ու հերոսականի, միության և ուղղության զգացմունքներով զորավոր:
    Առհավական՝ իր աշխարհիկ գուսաներգության և կրոնական շարականների, իր մատենագրության և արվեստների մեջ:
     Մի և անբաժան էինք մտածողությամբ, կամքով, բազուկով, որովհետև ցեղը կենտրոնացուցիչ ուժ է:
     Ա՛յս էինք մինչև անցյալ դարի 90-ական թվականները, երբ եվրոպական սոցիալիստների և ռուսական սոցիալիստ-հեղափոխականների քանդիչ ազդեցության ենթարկված հայ մտավորականությունը, շեղվելով ցեղային գծից, պառակտեց հայությունը, կասեցնելով նրա բնական զարգացումը և վտանգելով նրա ապագան:
     Այդ օրերից, ահա՛ հայությունը՝ դատարկվելով ցեղային իրականությունից, կդառնար վայրկյանի արտաքին շահերով ապրող ժողովուրդ՝ ատակ իր ապրած աղտներին, և արժանի օրվա իր ճակատագրին:
    Օտար, փոխառիկ, կեղծ գաղափարները այլևս պղտորել էին հայկական տոհմիկ, վճիտ - և իր խորքում՝ բարոյական - մտածողությունը:
    Այլևս հայությունը մի և անբաժանելի չէ՛ր՝ մտքով արժեքապրումով, կամքով:
    Այլևս սկսված էր ազգի ապազգայնացումը - ազգաքանդությունը, մի բան., որ դեռ շարունակում է մեր ապրած օրերի և մեր ցեղի էաբանական խորքի հետ կապ չունեցող խմբակցությունների կողմից:
    Պարտվեց Ֆրանսիան, խայտառակորեն, որովհետև իր զինվորները և զորավարները չգիտեին, ի՛նչ է նշանակում դեմոկրատիա, որի անունից օդի մեջ կխոսեր իր կառավարությունը: Անբարո և ապականարար դեմոկրատիաից ծնվեց խուժանավարությունը: Ազգը վերածվեց խուժանի, և գաղափարավար ու ցեղավար մի ժողովրդի կողմից զարնվեց գետին, նվաստության փոշիների մեջ, երեսի վրա:
     Այսպե՛ս, ցեղից հեռու ժողովուրդներին այսպե՛ս է պատժում պատմությունը: Պատմությունը՝ դատավորներից ամենաարդարը, ավելի անողոք եղավ մեր հանդեպ՝ ապրեցնելով մեր Դեր էլ Զորի ողբերգությունն ու նվաստությունը: Ֆրանսիան - զարնված Ֆրանսիան, իր պարտության երկրորդ օրն իսկ գտավ փրկիչը՝ հանձին իր մի զինվոր զավակի: Ո՛չ թե դեմոկրատիա, այլ՝ իդեոկրադիա - գաղափարավարությունը: Ազգերին խուժանացնող դեմոկրատիայի փոխարեն՝ վերանորոգող Ֆրանսիան  այսօր դավանում է մի նոր երրորդությույն - Հայրենիք, աշխատանք, ընտանիք:
    Իսկ հա՛յը - քառորդ դար է անցել Դեր Զորից, և դեռ նա քարշ է գալիս մոլորակի ճամփեքում: Շարունակվում է ազգասպանությունը: Եվ հայության որոշ մասը դեռ զգաստության և զղջումի նշաններ ցույց չի տալիս:
    Ցեղապրումից զուրկ այդ տարրերը շարունակում են մնալ իբրև կենդանի դիակներ նոր ժամանակի ճամփին, որ իր հաղթական վազքի մեջ այնքան անողոք է: Դանդաղ, շա՛տ դանդաղ է հասունանում հայ քաղաքական միտքը:
    Կա՛մ վերանորոգի՛ր, կա՛մ մեռիր - գոռում է նոր օրը:
    Հասկանա՛նք, քանի դեռ ուշ չէ՝ հասկանանք, որ կյանքի պես հավիտենական է նոր՛ վերանորոգումը: Իսկ վերանորոգիչ ուժ է միա՛յն ցեղը:
    Հոգեվերանորոգվում է ժողովուրդը՝ դառնում  ազգություն, երբ սկսում է շնչել ցեղի միջոցով:
    Ցե՛ղն է միացնում, կենտրոնացնում, ներդաշնակում ժողովուրդը կազմող մարդկային անհատներին:
    Դեպի՛ ցեղը, չմեռնելու համար. դեպի՛ ցեղը, դեպի՛ հայու ճամփան՝ մե՛ծ զղջումի ճամփան:

Ռազմիկ, 1941թ., թիվ 24, 25 Նժդեհ

Комментариев нет:

Отправить комментарий