20.02.2013

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


Քրքրի՛ ազգերի պատմությունը և երես առ երես պիտ հանդիպես հետևյալ ճշմարտության, ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով կսբեն իրենց երկիրը և ապա՛ այդ սրբացած հողի վրա կբարձրացնեն շենքն իրենց անկախության: Այո՛, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա՝ ազատ ու երջանիկ Հայրենիքը:
      Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները:
      -Անոնք, որոնք պիտ գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը: Ուիլսըն, բախտ, հայկական սվին, սրանցից միայն վերջինի գծած սահմանները կլինեն իրական ու կայուն:
      -Ինչպիսի՞ հայրենիք կունենաք վաղը:
      -Ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի և հոգու մեջ; Երբ որ մեր սիրտը և ուղեղը լցնողը ապառաժահիմն ու հաղթական հայրենիքի գաղափարն է, վաղվա Հայաստանը չի կարող ավազահիմն, ապազոր և դժբախտ լինել: Ազգերն ունեցել են, ունեն ու պիտ ունենան իրենց արժանի ճակատագիրը: Արի և հայրենապաշտ, որ ասել է՝ հզոր, ահա՛ անկախության արժանի ժողովուրդը:
     Քեզանից զատ, - խրատում է պատմությունը, -ո՛չ ոք չի կարող բարեփոխել քո դրությունը: Ինքնափրկություն. ահա՛ պատմության թելադրանքը: Հայը հասկացա՞վ այդ՝ նա կանգնած կլինի փրկության անշեջ ճամփին: Բայց կան, դեռ կան որոշ տարրեր մեզանում, միամիտ, <<հիմա՛ր սրբության աստիճան>>, որ կարծում են, թե կարելի է մուրալ անգամ պետականորեն անկախ ապրելու իրավունքը: Սրանք կուզեին, որ աշխարհի ուժեղները և՛ շնորհ անեին իրենց, և՛ պաշտպանեին այդ շնորհը և՛ արտաքին վտանգից: Սրանք դժբախտություն ունեն ուժեղ համարելու հայությունից զատ բոլորին, բոլոր ժողովուրդներին: Չեն հասկանում, թե հզորությունն ու տկարությունը հարաբերական հասկացողություններ են, թե ժողովուրդներից և ոչ մեկն է առանձին բացարձակորեն ուժեղ, ինչպես և ոչ մեկն է նույն ձևով ամենաթույլը:
Գոյություն ունեցող զանազան դաշինքների դրությունը թվապես տկար ժողովուրդներից շատերին է դարձրել ուժեղ և ապահով: Տկարացնել ուժեղ հարևաններին ու պաշտպանություն ցույց տալ  տկարներին ի գին սրանց զենքի բարեկամության, ահա՛, հաճախ պետությանց արտաքին  քաղաքականությունը:
      Հեռատես ժողովրդի քաղաքականությունը իր գործունեության համար ընդգրկում է մի առաջնորդող նպատակ և նրա համաձայն որոշում իր հավանական թշնամին և վճռական քայլերով, և, օգտվելով սեփական և զինակից ուժերից, չեզոքացնում է խոչ ու խոչընդոտներն իր ճամփին: Նա նախապատրաստում է բարեհաջող պայմաններ իր ռազմագիտության համար, երբ պետք է զենքի դիմել: Դաշինքների միջոցով նա ապահովում է այս կամ այն պետության զինակցությունը կամ չեզոքությունը, օգտագործում հասարակական կարծիքն իր դատի համար, երբ պետք է պատերազմել: Նա չի արհամարում ամենատկար զինակցին անգամ, բայց միշտ էլ գերադասում է ուժեղը, այդպիսին համարելով ոչ թե թվով մեծ ժողովուրդը, այլ՝ նկարագրով և ռազմունակությամբ գերազանցը:
      Միևնույն նպատակի համար աշխատում են երբեմն մեկից ավելի սերունդներ: Հաջողությունը կախված է լինում պայքարը վարողի ծայրահեղ հետևողականությունից և համառությունից: Քաղաքականության մեջ պարտվում, ձախողում են այն ժողովուրդները, որոնք չունեն որոշ և հստակ նպատակ, կամ երբ ունեցածը խստորեն ազգային չէ: Պատերազմը դա քաղաքականության շարունակությունն է և մի վճռական միջոց քաղաքականության համար:  <<նա այնպես է զարգանում քաղաքականության մեջ, ինչպես երեխան՝ մոր արգանդի մեջ>>: Քաղաքականությունն է վարում աշխարհի և անհատ պետության բախտը՝ մեծապես հեշտացնելով սրի գործոնը: Ուզում եմ կրկնել, թե իմաստուն քաղաքականությունից մեծապես շահել են և շահում են թվապես, տեխնիկապես և աշխարհագրորեն տկար ժողովուրդները: Ուրեմն, մեզ մնում է որոշ ուժ և արժեք ներկայացնել միջազգային փոխհարաբերությունների մեջ, ողբերգորեն մենակ և տկար չմնալու համար: Այդ նպատակին պիտ ձգտի հայությունը, խորապես գիտակցելով, թե ազգերն այն են, ինչպես որ կզգան իրենց, եթե չեն՝ կդառնան վաղը, թե աղետալի է տկարության ինքնաներշնչումը, որից պիտ ազատվի մեր ժողովուրդը, այլապես նա կմնա անհոսորեն տկար, ինչպես որ զգում է իրեն, այլապես կմնա անհայրենիք, այսինքն՝ պարարտացուցիչ աղբ իրենց ուժեղ ժողովուրդների համար: Հայրենի՛ք: Այդ հասկացողությունը կպատկանի ավելի բարոյական իրերի կարգին, քան նյութական: Դա հայրենի հողը լինելուց զատ, <<որին նախախնամությունը շղթայել է մեր մարմինը ու հոգին>>, միությունն է նաև նրանց, որոնք ապրել են, որոնք կապրեն և որոնք պիտ ապրեն:
      <<Մեռելների աճյունն է ստեղծում Հայրենիքը>>, - ասել է Լամարտինը: <<Ուր հայրեր՝ այնտեղ հայրենի>>, - պատգամել է Նիցշեն: <<Դուք,- ասել է Ժորեսը, - դուք կապված եք այդ հողին այն ամենով, որ գոյություն է ունեցել ձեզանից առաջ, այն ամենով, որ ստեղծել է ձեզ, այն ամենով, որ դուք կստեղծեք, անցյալով և ապագայով, գերեզմանների անշարժությամբ և օրորոցների երգով>>:
      Հայրենի՛ք: Երկյուղած սեր և հարգանք դեպի մեր նախահայրերի հիշատակը, դեպի մեր հավատքը, որ ցեղի սիրտն է, դեպի մայրենի լեզուն, որ հայրենասիրության թթխմորն է, դեպի տոհմիկ գրականությունը և արվեստները, որ ցեղի մտքի և հոգու կյանքն են, ազգային պատմությունը, որ <<Ցեղի հոգին ամրացնելու ճիգերի պատմություն է>>, իրար հաջորդող սերունդների հայրենի հողի վրա թափված քրտինքն ու արյունը, գեղջուկի հորովելն ու Տիգրան աշխարհակալի սուրը, դեպի Անիի ավերակներն ու հայկյան եռաթև աղեղը, դեպի մեր հեթանոս  աստվածնեն ու փառատաճարները, անսասան հավատը դեպի մեր մեծ հույսը... Գումարի՛ր, ընթերցո՛ղ, գումարի՛ր այդ բոլորը և կստացվի հոգևոր հայրենիքը:
      Նվաճելի նյութական Հայրենիք, հոգևորը՝ գրեթե ոչ: Երբ կորցնելով իրենց անկախությունը, շատ անգամ և հայրենի երկիրը, ժողովուրդները կշարունակեն իրենց հոգու մեջ ապրեցնել աննյութեղեն, միստիկ Հայրենիքը, նրանց աշխարհագրական Հայրենիքը երկար չի մնա օտարների ձեռքին: Երբ թրքությունն այսօր կաշվից դուրս է գալիս սրբելու մեր ցեղագրական հետքերն իսկ մեր պատմական Հայրենիքում, և ծիծաղում եմ նրա անհատակ տգիտության վրա և հարց է տալիս. <<Պիտ կարողանա՞ս սպանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը>>, -Ո՛չ,- նրա փոխարեն պատասխանում է իրականությունը: Ասել է՝ իմ երկիրը ժամանակավորապես մնալով օտար լծի տակ, չի կարող դառնալ այդ օտարի Հայրենիքը, քանզի Արևելյան անուղղա խուժը, որ թրքություն կկոչվի, ոչինչ ունի տված այդ երկրին՝ ո՛չ մե՛ծ մեռելներ, ո՛չ միտք, ո՛չ զգացում.... այն ամենը, որ աննյութեղեն Հայրենիքը կստեղծի: Այո՛, մարդկային ուժերից վեր է մի ժողովրդի պատմությունն սպանել, մի ժողովրդի հոգևոր Հայրենիքը նվաճել:  Սակայն եթե նույնիսկ դա հնարավոր լիներ, արդյո՞ք թույլատրելի է դա: Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Որովհետև սպանել մի ժողովրդի ազգությունը, կնշանակի սպանել նրա ցեղային հանճարը, կնշանակի մարդկությունը զրկել քաղաքակրթական մի ստեղծագործ ազդակից, որպիսին կհանդիսանան ազգությունները: Աշխարհն ու իր խաղաղությունը ոչինչ չեն շահի, եթե միայն մենք վայր դնենք մեր սուրը, որ մերկացրել ենք հանուն մեր ազգային անկախության և ի պաշտպանությունը մեր ցեղի առանձնահատուկ հանճարի: Չկա միաիդեալ և միականմ մարդկություն: Կան ինքնանկախ ու ինքնիշխան  ազգեր միայն - մի դրություն, որ պիտի շարունակվի մնալ նույնը և մեր՝ որպես ուրույն ազգություն չքանալուց հետո: Միջազգային մրցումներն ու բախումները պիտի շարունակվեն տեղի տրված ազգության գերեզմանի վրա: Մեր օրերում, երբ մեծագույն թագավորությունները բաժանում են ճակատագիրն <<այն նավերի, որոնք չափից ավելի են բեռնավորված>>, երբ մեծ պետությունները դատապարտված են կորչելու, վերածվելով ազգային ուրույն միավորների, հայ համայնավարները, որոնք ճգնում են սպանել հայ ազգության գաղափարը, կամենալով, որ Հայաստան երկիրը բաժանված մնա Ռուսիո և Թուրքիո միջև, կատարում են միաժամանակ և հակաքաղաքակրթական մի քսմտելի դեր: Իսկ մենք, դավանելով անկախ Հայրենիքի գաղափարը, պաշպանում ենք քաղաքակրթական մի լուրջ ազդակ: Ազգերի հանճարը ստեղծագործ, իսկ նրա արտահայտությունը հորդաբուխ է լինում միայն  բացարձակ անկախության մթնոլորտում: Ահա՛ թե ինչու մարդկությունն ավելի օգտակար լինելու համար, ժողովուրդները պիտի լինեն ինքնիշխանորեն ազատ և անկախ: Անկախությունը, անկախ Հայրենիքը, ինչպես տեսնում ես, հա՛յ երիտասարդ, իրավունք լինելուց զատ և պարտականություն է, որից խուսափոխ ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:
       Չկան մեծ ու փոքր ազգեր: Կան հավասար իրավունքներով անդամները մարդկության ընտանիքի: Եվրոպական դիվանագիտության կեղծ լեզուն է ստեղծել մեծ ու փոքր անունները: Ճշմարիտ մեծություն չի թվական գերազանցությունը: Փոքրիկ Հելլադան կիշխեր պարսից անծայրածիր թագավորության վրա: Այսօր էլ երկայնամազ Չինաստանը չի համարվում ազգերից մեծագույնը: Կարմիր լաթը երկրպագող սակավաթիվ հայերի համար գուցե թրքությունը մեծ ազգ է, որին պիտի ծառայի փոքրիկ հայությունը, մեզ համար, սակայն, Անիի փլատակների մեջ ավելի մեծություն կա, քան թուրքցեղի խուժական հոգու մեջ: Զինվորական եմ, չեմ սիրում երկարաբանել, թող, ընթերցո՛ղ, թող մտքերսհայրենասիրության մասին արտահայտեմ աֆորիզմների ձևով:
      -Վաղը պիտ անասնանան ու կործանվեն այն ժողովուրդները, որոնց որդիները այսօր ուսումնասիրում են իրենց պատմությունը Մարքսից կամ Լինինից և ոչ իրենց նախահայրերից ցկցած:
       -Չկա՞ հայրենասիրություն, չկա հոգևոր Հայրենիք: Եղածը լոկ աշխարհագրական սահմաններ են, իսկ նմանը ավազահիմն է, դյուրակործան, անապագա:
       -Չկա հրեշ, որ կարողանա գերազանցել անհայրենասերին, որ հոգեբանորեն անտարբեր է դեպի իր երկիրն ու ժողովուրդը:
      -Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:
     -Սուրբ, հերոս, բարեգործ, սրանք կենդանի անհեթեթություններ են մեր կյանքում, եթե միաժամանակ հայրենասեր և արի չեն:
       -Ժողովուրդների  մեջ մի ստոր կա՝ անհայրենասերները:
        - Հերիք է, որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր, որպեսզի համարվի պատրաստի որս և նրա երկիրը բաժանվի իր հարևանների միջև:
     -Գինետնային հայրենասիրությունը, որ բավականին դավանողներ ունի մեր մեջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրություից:
     -Հզորանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրությունը:
      -Ինքնապաշտպանությունը բնազդից մղված՝ ժողովուրդները ուժի և կորովի նորանոր աղբյուրներ կփնտրեն, որովհետև գիտեն, որ Աստվածներն իսկ անցան ուժեղի, հաղթողի կողմը:

ՆԺԴԵՀ
ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ

Комментариев нет:

Отправить комментарий