02.02.2013

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ




Կուզեի, որ դո՛ւ, հա՛յ երիտասարդ, որ դու յուրացնեիր ինքնաճանաչությունը՝ որպես ուժի, հաղթանակի և բարձր երջանկության ամենակարճ և ամենաստույգ ճամփան:
     Ծանի՛ր զքեզ:
     Գիտցի՛ր, - ասում է դելփյան այդ բաղդատմամբ:
   Կուզեի, որ իմաստասիրական այդ հրամայականը քանդակված լիներ մեր դպրոցական շենքերի ճակատին, ապա և մեր աշակերտության ուղեղի մեջ: Այն ողորմելիորեն տկար չէ մարդը, որպիսին ճգնում է այն ներկայացնել նյութապաշտական կարճատես գիտությունը: Նա գրեթե անկարող է, երբ գիտակցում է, թե իր մեջ թաքուն ուժերի մի ամբողջ ծով կա, որից ազատորեն օգտվում է ինքնաճանաչ անհատը: Դու ավելի ուժեղ ես, քան կարող ես երևակայել և զգալ քեզ:
Դու օժտված ես անսպառ հոգեկան ուժով,որոնց մեծագույն մասը անինքնաճանաչության պատճառով շարունակում է մնալ քնած վիճակում և անօգտագործելի: Քեզ տրված ներքին ուժերի բերումով դու գրեթե ամենակարող ես, հրաշագործ, եթե վստահելով քո ներքին մարդուն, նրա ուժերից օգտվես միայն բարձր նպատակների համար: Ձեր մեջ ապրում է մի աստվածություն, որի միակ փափագն է ծառայել ձեզ, որ սրտառուչ համբերությամբ սպասում է, որ կանչեք իրեն: Հոգեբանական բացարձակ ճշմարտությամբ կշնչեն այդ ոսկե խոսքերը: Սահման չի տրված ինքնաճանաչ անհատի հոգեկան ուժերին: Գիտենալ և կամենալ՝ նշանակում է կարողանալ:
      Ինքնաճանաչ լինել, ասել է՝ կարողանալ ցանկացած վայրկյանի գործի դնել այն ուժերը, որոնց տերն ես՝ իմաստություն, սեր, աշխատունակություն և այլն: Ինքնաճանաչությամբ կարելի է դառնալ մագնիսական մի ամպ, որ չի խորտակվում և ո՛չ մի ուժից: Անհուսորեն տգետները միայն չգիտեն այսօր, որ չօգտագործվող ուժերի մի հսկայական պահեստ է մարդը, որից դժբախտաբար կարողանում են օգտվել քչերը միայն: Մեր ուժերի մեծագույն մասը շարունակում է մնալ թմրած վիճակում, երբ նրանց մասին գաղափար չունենք: Բայց երբ ձգտել սկսեցինք որևէ բարձր նպատակի և նոր ուժերի կարիքն զգացինք, մեր մեջ անմիջապես զգում ենք ներկայությունը մեր թաքուն ուժերի: Ո՞վ չի ունեցել երբեմն հանճարեղ ներշնչումներ, հայտնություններ, պարզատեսություններ: Ո՞ւմ հաճախ չի թվացել, որ ինքը որոշ արտասովոր վայրկյաններում ընդունակ է զարգացնելու իր մեջ շատ ավելի մեծ ուժ, քան այն, որ զգում է իր մեջ սովորական վիճակում:
      Մարդն այն է, ինչ որ կամ ինչպես որ մտածում է իր մասին: Անինքնաճանաչը, որ իրեն կենդանի մեքենա է համարում և ոչ ավելին, դատապարտված է ապրելու և գործելու իր տկար ես-ի աղքատիկ միջոցներով: Նմանի համար չեն աշխարհ զարմացնող մեծագործությունները: Նմանը՝ անինքնաճանաչ և անընդունակ վերանորոգումի, կուրորեն մասնակցում է իր ամենօրյա թաղմանը: Աստիճանական անձնասպանություն է նմանի կյանքը: Իսկ նա, որ գերագույն երջանկության հասնելու համար ձգտում է տիպար կատարելության, նա, որ գիտի, թե բոլոր մարդիկ կատարելության կարիելիություններ են, նա կասի ձեզ՝ ընդունեցի՞ր մի բանի անհրաժեշտությունը, նշանակում է, որ այդ բանը ոչ միայն կարելի է, այլև կիսով չափ արդեն կատարված է:
      Ուրեմն, եղի՛ր ինքնաճանաչ, երիտասա՛րդ բարեկամ, հավատա՛ թաքուն ուժերիդ, օգնության կանչի՛ր քո ներքին մարդուն, որ ավելի Աստված է, քան տկար արարածը, որպեսզի աշխարհը չկարողանա սահման դնել քո հոգու ավյունի թափին, թռիչքին:
      Եղի՛ր անկախ՝ հոգեպես: Եվ ո՛չ տուրք այնպիսինների ազդեցության, որոնք ավելի բարի չեն, արի չեն, անձնվեր չեն քեզանից:
    Հեռո՜ւ բանուկ ուղիներից: Նրանցից, որոնք անընդունակ են խանդավառության: Աշխարհն առաջ հրող լծակն է խանդավառությունը: Եվ նրանցից, որոնք հաճախ են գործածում դժվար և անկարելի բառեր: Աշխարհը և երևույթները մի՛ դիտեք ուրիշի աչքով: Հիմարություն է թութակորեն կրկնել ուրիշի խոսքերը: Ավելի մեծ հիմարություն՝ կուրորեն բաժանել այլոց կարծիքը: Մի՛ եղիր ուրիշի ստվերը, արձագանքը, եթե այդ ուրիշը անգա՛մ աշխարհածանոթ համբավ լինի: Ստեղծագործո՛ղ և ո՛չ ընդօրինակող: Անձնասպանության է նմանվելը: Ունեցիր քո՛նը՝ խոսք, խոսելու եղանակ: Եվ երբեք քեզ կատարյալ մի համարիր, որ չդադարի վերելքդ: Կատարելության չես ձգտում, եթե մտահոգեպես նույնն են այսօր, ինչ որ երէկ էիր: Սիրի՛ր վեհը, գեղեցիկը և հերոսականը նույնիսկ թշնամիներիդ մեջ:
      Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին: Թուլություն է չարությունը: Մեզանում քչերն են ուժեղ: Դրա համար էլ՝ չան են շատերը, չար, պարսավասեր, աններող: Մի՛ գարշիր հասարակությունից, բայց հաճախ գերադասիր իմաստուն մենությունը: Ասված է. Արծիվը թռչում է մենակ, ագռավները՝ խմբով: Գոռոզությունը ուժ չէ, այլ՝ տկարություն: Մարդկանց մի՛ նայիր վերևից, դա հեղինակություն չէ՛: Տկարն է ձգտում հաճոյանալ ամբոխին, արժանանալ փողոցի ուշադրությանը: Ասպետ եղիր նա՛խ անձիդ նկատմամբ: Դժվարանո՞ւմ ես հարգել քեզ, բարոյապես կորած ես արդեն: Զո՞ւրկ ես ինքնահարգանքի և ինքնատիրապետումի զորեղ զգացումներից, աշխարհն էլ ոչինչ չունի քեզ ուժեղ դարձնելու համար: Հեռո՛ւ ունայնամտությունից, գռեհկությունից և ունակությունից՝ եռյակ թշնամին բարձր նկարագրի: Մեռելություն է ունայնությունը: Դու խոկմամբ և փորձով հարազատի՛ր ճշմարտությունները: Հեռո՛ւ և հոգով ծույլերից, որոնք ճշմարտությունները, սկզբունքները և սրբությունները սրբապղծորեն կիջեցնեն մինչև իրենց տափակ հասկացողության աստիճանը Դու բարձրացի՛ր, ձգտի՛ր հասնելու նրանց բարձրության, այլապես զուրկ պիտ մնաս հոգեկան մշակույթից:
      Ինքնաճանաչությամբ մարդ դառնում է ներքնապես խաղաղ, ինքնավստահ և աներկյուղ: Նրա կյանքի նավը, որ առաջ խաղալիք էր գոյության ալիքների ձեռքին, ստանում է հաստատ և անշեղ ընթացք: Ծանի՛ր զքեզ, հա՛յ երիտասարդ:
      Քո մեջ մի գանձարկղ կաանբավ ու անհաշիվ հարստությամբ, բայց դու չես օգտվում նրանից, որովհետև քեզ պակասում է այդ արկղի ոսկե բանալին՝ ինքնաճանաչությունը:
      Ծանի՛ր զքեզ... Նույնացիր քո ներքին մարդու հետ, և դու պիտ զգաս քո մեջ ծովացումը հոգեկան նորանոր ուժերի, դու պիտ դառնաս ավելի քան զորեղ և ապա պիտ կարողանաս կապել բախտի անիվը և քարշ տալ ցանկացած ուղղությամբ:
Եղի՛ր պարզակյաց: Բազում կարիքների տեր անհատներն ու ժողովուրդները կլանված են լինում ներկայով և մոռանում իրենց անցյալն ու ապագան: Ունայնամտանում և տկարանում են նմանները: Դո՛ւ, հա՛յ երիտասարդություն, ուխտիդ բերումով, դու պիտ լինես ուժեղ՝ ամենակարողության աստիճան: Իսկ ուժեղ և կարող դառնալու իմաստուն միջոցներից մեկն էլ պարզակյացությունն է:
      Եղի՛ր պարզ, պարզակյաց, որպես Սպարտացի, քանզի որքան նվազ կարիքներ ունենաս, այնքան ավելի օգտակար կլինես ժողովրդիդ: Կարիքներ կան, որոնց բավարարումը ստրկացնում է մեզ՝ դարձնելով մեզ գերի՝ մեր կրքրի և ցանկության: Իսկ չկա ավելի աղետալի բան, քան կրքերի և անիմաստ կարիքների լուծը: Կան ավելորդ կարիքներ, որ ապրեցնում է մարդու հոգևոր ազատությունն ու կարողությունները: Հազար հիմարություններ փնտրող միշտ էլ կունենա հազարումեկ կարիք: Իսկ նմանը չի կարող չզգալ իրեն դժբախտ ու տկար: Նա, որի ամենօրյա մտահոգության առարկան իր հագուստի և կաշվի մեռյալ գեղեցկությունն է և ոչ թե սրտի և մտքի մշակումը, նա կմնա աղքատ հոգով, ասել է՝ և տկար: Նա, որ սովոր է ականջ տալ ունայնամիտ հասարակության և ոչ իր ներքին բարոյական օրենքի ձայնին, դժբախտ է երիցս և տկար: Նա, որ իր ժամանակն ու միջոցները վատնում է գեղեցկացնելու իր էության շրջանակը և ոչ պատկերը, արտաքին երևույթը և ոչ բովանդակությունը, նա, որ շարունակելով մնալ հիմարական արձագանքը սնոտիասեր ամբոխի, դժվարանում է իր հանապազօրյա հացին չավելացնել և կրկեսը, նման բարոյապես թեթևամիտը դառնում է մեռյալ թիվ և ոչ ստեղծագործ անհատ իր ժողովրդի համար:
      Վայելչասերների շրջանը՝ ահա՛ անբարոյականը ու անբարոյացուցիչը, թշնամին մաքրության ու պարզակյացության: Հեռո՛ւ այդ շրջանից, որ նեխություն կհոտի: Գիտես, Դիոգենեսն իրեն ավելի երջանիկ կզագար, քան իրեն այցի եկած աշխարհակալը: Զգո՛ւյշ հրապուրիչ երևույթներից: Դալարների տակ հաճախ մահաթույն օձ է թաքնված լինում: Թող քո հաճույքները լինեն մաքուր, ողջապահիկ, բարոյական: Կրքերն ու կարիքները ծառաներ պիտ լինեն և ոչ թե տեր ու բռնակալ: Եղի՛ր Սպարտացի, և բնավորությամբ անձնադյուր ու մեղկ երիտասարդներին համարիր անգոյ՝ նետված Էվրոտ գետը, ուր Սպարտացիները կթափեին իր հեղգ և երկչոտ զավակներին: Երբ երիտասարդները, սանձարձակ կյանքից հոգնած, քնքշորեն քնում են փափուկ բարձերի վրա՝ հավատո՞ւմ եք, որ եթե երթանք արթնացնելու, որ ելնեն ու քշեն թշնամուն, հավատո՞ւմ եք, թե նրանք վեր կռչեն տեղերից և իրենց մեջ կզգան ուժն ու կորովը այն դասական Աթենացիներիմն որոնք սովոր էին պառկել իրենց զենքրի կողքին, մերկ գետնի վրա և գիտեին արհամարել զգայական հաճույքները: Եթե վաղը, վերստին, արտաքին վտանգը պայթեց հայ ժողովրդի գլխին, դու վստա՞հ ես, որ հազարավորները շարքերից իրենց վահանն ու դրոշակները չեն խոնարհի թշնամու ոտների առջև: Ես ազատ եմ խոստովանելու, թե հայ երիտասարդությունը, եթե չհոգեփոխվեց, մեր Եռագույնի առջև ծունկի չի բերի թրքությանը:
    Պարզակյացությամբ և մշտապես ջանասիրությամբ էին հզոր և անպարտ Հին Հելլադան, Սպարտան և հռոմը: Զինվոր, թե զորավար, խաղաղության օրերին կմշակեին դաշտերը և առաջին ահակոչը լսելու պես, կթողներին արորը ու կկապեին սուրը: Ցինցինատին գտան դաշտում, արորելիս, երբ կփնտրեին իրեն՝ որպես զորագլուխ հռոմեական լեգոնների: Բայց, երբ մի օր Հույնի, Հռոմեացու և Հայի մեջ տկարացավ պարզակյացության հոգին, երբ այդ առնական և խրոխտ ժողովուրդները մեղկացան ճոխության և քնքշանքի մեջ, ընկան, կորան բարբարոսների կրունկի տակ: Ահա թե ինչո՛ւ քո սերունդը, հա՛յ երիտասարդ, պիտ լինի պարզակյաց, ազատ՝ կարծիքների ու կրքերի լծից՝ ուժե՛ղ լինելու համար: 

1 комментарий: