26.06.2013

ՀԱՅԿՅԱՆ ԿԱՐԱՆ


 Ցայսօր մեզ համար մշուշոտ է Հայոց պատմության մի ցեղաշունչ և շատ կարևոր ժամանակաշրջան, որը հայագիտության մեջ ընդունված է նշել <<Հայասա-Ազզի ցեղային միության ժամանակաշրջան>>:  Իրականում այդ ցեղային միությունն  իր աստվածատուր Հայրենիք Հայկական բարձրավանդակում մշտնջենական հարատևող և Նախագո Հայ ցեղն է, իսկ նրա պատմաշրջանը՝ Ցեղի պատմության անուրանալի մասը, որի կերտողներից է մեր արի նախապապ Հայկյան Կարանը: 
    Թուդհալիա Գ-ն (Մ.թ.ա. 1400-1380թթ.) խեթական նոր պետության տիրակալներից առաջինն էր, ով ցանկացավ փորձել Հայ զենքի ու բազկի կարողությունը: Այդ ժամանակ Հայոց պետության արքան էր Հայկյան Մարիան: Խեթաց թագավորի հաջողվում է հանկարծակի հարձակվել մեր սահմանների վրա՝ պարտության մատնել հայկական զորքերին: Նա իրեն է ենթարկում Փոքր Հայքը, Բարձր Հայքն ու Տայքի արևմուտքը:  Խեթերին հաջողվում է նաև գերել Հայոց  թագավորին ու որպես պատանդ տանել իրենց մայրաքաղաք Խաթթուսա:
    Հայ ազգի համար օրհասական այս պահին զգացվում էր հզոր մի ցեղապետի անհրաժեշտություն, որը կարողանար չար թշնամուն ցույց տալ Հայկյանների արքայական գերդաստանի ողջ զորորությունն ու փառքը: 

    Այս ժամանակ է, որ հայրենյաց պաշտպանության սուրբ գործն իր ձեռքն է վերցնում Հայքում նոր թագադրված Կարան Նահապետը՝ հայտնի նաև Կարեն, Կարին, Կար անուններով (խեթական աղբյուրներով՝ Կարաննիս), որը սկզբից ևեթ որոշում է վրեժխնդիր լինել <<Խաթթի երկրի մարդուն>>:  Բայց դրա համար հարկավոր է ոգեպնդել պարտված Ազգը, կազմակերպել ուժեղ զորք, ինչին և ձեռնամուխ է լինում մեր թագավորը: Այուհետև իմաստուն Կարանը գործելով <<ակն ընդ ական>> սկզբունքով, որոշում է նենգ խեթերին հարվածել նույն հանկարծակիությամբ, ինչպես նրանք դա արեցին: Խեթերի դեմ հարձակումը նա ծավալում է երկու ուղղությամբ՝ Տայքի արևելքից ու Ծոփքից: Եվ իրոք, լեռնային նպաստավոր դիրքերից շեշտակի գահավիժելով թշնամու գլխին վրիժառու Կարանը ոչ միայն ամբողջովին ազատագրում է Հայոց նվաճված հողերն ու ոչնչացնում այնտեղ բնակվել հասցված խեթերին, այլև գրավում և ավերակի է վերածում նրանց բնակավայրերը: Փաստորեն, հայերին հաջողվում է նաև առաջանալ Խաթթիի սահմաններից այն կողմ: Խեթական տարեգիրն ասում է. <<Ազզի երկրի հակառակորդն եկավ վերին երկրները ամբողջությամբ ավերեց>>: Հիրավի, այլևս Խաթթիի համար սկսված էր հայկական պատուհասն ու սարսափը, որը երեք դար իր համարժեքը չպետք է ունենար, մինչև Խաթթիի վերջնական անհետացումը քաղաքական ասպարեզից: Այնուհետև Հայկյան Կարանը՝ իր քաջ որդվոց գլուխ կանգնած և ռազմակառքերով զինված, մի զորեղ բանակով մտնում է Կումմախա և դիմում Խաթթիի վրա, նրան նոր ուղղությամբ հարվածելու մտադրությամբ: Խեթաց տիրակալը, որը դեռևս ուշքի չէր եկել իր գլխով անցած հանկարծահաս և կորստաբեր դեպքերից, Հայոց զորքի առաջխաղացման բոթն առնելուն պես դուրս է գալիս նրանց ընդառաջ: Մեր և խեթերի բանակները դեմդիմաց հանդիպում են Կումմախա քաղաքի մոտ՝ Եփրատի ափին, որտեղ <<Կարաննիսը՝ Հայասա երկրի արքան, ռազմիկներով ու ռազմակառքերով եկավ նրա (Խաթթիի թագավորի) դեմ կռվելու>>:  Սպասվում էր հզոր ճակատամարտ, որը հայոց համար իր հետագա նշանակությամբ իրավասու է կրելու մեծամարտ տիտղոսը, զի պետք է վճռվեր ոչ միայն ձեռք բերված հաջողությունների մնալ-չմնալը, այլև՝ կրկին հարցականի տակ կարող էր դրվել հայոց անկախությունը:
    Ճակատամարտում Թուդհալիային չի հաջողվում կասեցնել հայոց զորքի հարձակումը և ծանր մարդկային կարուստներ կրելով նա դիմում է խելակորույս փախուստի՝ Կարանի քմահաճույքին թողնելով գերի ընկած մեծաքանակ զինվորներին:
    Հայկ Նահապետի կենսատու փառքն էր, որ միշտ ընթանալով իր արի ժառանգների առջևից՝ ապահովեց նրանց հաղթանակը: Իր հայրական <<մեռնե՛նք կամ հաղթե՛նք>> զորավոր խոսքն էր, որ գալով հազարամյակի խորքից թևածում էր ռազմի դաշտում՝ իրեն լսելի դարձնելով սերունդներին: Խեթերին Հայոց աշխարհից դուրս շպրտելուց հետո Հայկյան Կարանը լծվում է պետության հզորության ամարապնդման գործին: Նրա գործունեության հետ է կապված Հայոց նշանավոր քաղաքների շինարարությունը՝ Կարին և Կարս: Ահավասիկ, մեր սիրելի արքայի գործունեության ստեղծագործ այդ շրջանին անդրադարձող հայկական հնագույն մի ավանդություն.

Ի պատմագիրս այսպես ճառեն, 
Ըստոյգ գրեալ և հավաստեն
Վասն մերոյ այս քաղաքին
Հիմըն արկման, շինման սորին: 
Այս բարելի քաղաք Կարին 
Շինեալ վաղուց՝ ավուրս հին
Ձեռաց Կարին թագավորին,
Հայկյան տոհմի մեր արքայի:

Պատմահոր մոտ Կարանը հիշատակվում է Կար անվամբ՝ որպես քսաներեքերորդը Հայկ Նահապետից հետո: Կարին ձևով է նրան հիշում Երեմիա Վարդապետը, մեկտեղ նշելով, որ քաղաքը <<Կարին անուն կոչի ի Կարին նախարարեն Հայկազանց, որ բնակեցավ առ ափն Եփրատայ>>:
    Կարանի հետ է կապված նաև Բարձր Հայքի անունը: Հայոց այս կենսական տարածքը ազատագրվելով Հայկյան Կարանի կողմից, ի պատիվ նրա կոչվեց Կարնո աշխարհ: Հայոց արքան իր փառագոչ անունը կտակեց սերունդներին՝ Կարեն: Հավանաբար մեր նախնու հզոր ուրվականն էր, որ <<Էրզրումի հայոց լեռներեն>> հնչեցրեց Հայ Հեղափոխության ձայնը:
   Եվ այսօր Կարնո լեռներից իր վրիժառու հայացքով Կարանը մեզ հարցնում է. <<Մինչև ե՞րբ ոսկորներս հեծեն>>:  Արդ կարո՞ղ ենք այրաբար պատասխանել արի Նահապետին. <<Մեր սո՛ւրբ արքա Կարան, մոտ է օրը քո սուրբ Նշխարքների, քո սուրբ շիրիմի փառավորման, բովանդակ Հայաստանի վերատիրման, մոտ է օրը Հայոց Նոր Արշալույսի>>:

Արմեն Փոլադյան
<<Հանրապետական>>, 1995, դեկտեմբեր, թ. 18
Ազգային պետական գործիչներ,
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008


2 комментария:

  1. Բարի,իսկ ինչ կասեք Ցեղակրոնների մասին,դա Քրիստոնեական խաչակրած նոր արշավանք է?

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Նժդեհը ոչ թե հարց է դնում Հայ եկեղեցու վերացման, որը ,սխալ է ըմբռնել քրիստոնեական սիրո խորհուրդը և դրա հետևանքով՝ ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության, այլ՝ նրա ազգայնացման, գաղափարական վերագնահատման: Հայ եկեղեցին ՛՛վերագնահատումի պիտի ենթարկե քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը, ՛՛Քրիստոսի անձնական կյանքը դարձնի իրեն ուղեցույց, սիրո և զոհաբերության ընդունակ արի ժողովրդի մասին պիտի խոսի, եթե ուզում է, որ քրիստոնեության հետքերը մնան Փոքր Ասիայում և Հայաստանում՛՛: ՛՛Ինքնապաշտպանությունը հայ ժ-ողովրդի - ահա՝ Հայ եկեղեցու նոր հավատամքը՛՛. - Եզրակացնում է Նժդեհը:

      Գ. Նժդեհ ՛՛բաց նամակներ՛՛

      Удалить