ՙՆա մեկն էր ա՜յն հին պետական
գործիչներից, որոնց համար առաքինություններից
առաջինն էր տիրասեր լինելը՚։
Լեո
Մամիկոնյան ռազմաշունչ ու տիրասեր ասպետներից հետո Հայաստանի պետական կյանքում հազվադեպ եղան գահին ու կենտրոնացված ուժեղ պետության գաղափարին նվիրված ռազմական այնպիսի գործիչները, ինչպիսին էր հայոց իշխանաց իշխան և սպարապետ Վահրամ Պահլավունին։ Ամենածանր պահերին իսկ նա չհուսահատվեց, չլքեց իր հայրենիքը և շարունակեց պայքարը Հայաստանի անկախության ու միասնականության համար։ Վահրամը Բջնիի տիրոջ որդին էր, Պահլավունյաց նշանավոր տոհմից։ Արդեն երիտասարդ տարիքից աչքի է ընկնում ռազմական մեծ ընդունակություններով, իսկ արդեն իշխանաց իշխան Գագիկ Ա-ից ստանում հայոց սպարապետի պաշտոնը։ Եռանդուն ու տաղանդաշատ զորավարը երկրի միասնականության վերականգնման գործում Գագիկ Ա-ի աջ ձեռքն էր։ Այդ շրջանում հատկապես արժանահիշատակ է 998թ. Ծումբի ճակատամարտը։ Ատրպատականի էմիրի դեմ հայ-վրացական միացյալ ուժերի մղած կռվում Վահրամը ղեկավարում է հայկական զորքը։ Ցուցաբերելով չտեսնված խիզախություն և ռազմական մեծ տաղանդ նա ապահովում է ճակատամարտի հաղթական ավարտը։ Գագիկ Ա-ի փառաբանված բանակը արդյունք էր նաև Վահրամ Պահլավունու հսկայական ջանքերի։ Այդ բանակն էր, որ ահ ու սարսափ էր տարածում հարևան բոլոր թշնամիների վրա` Բագրատունյաց Հայաստանը հասցնելով իր հզորության գագաթնակետին։
Սակայն, Գագիկ Ա-ի մահից հետո ամեն ինչ փոխվեց։ Գահը ժառանգած իր ավագ, բայց ապիկար եղբոր` Հովհաննես-Սմբատի դեմ դուրս եկավ Աշոտը։ Առանց այն էլ արդեն թուլացած պետությունը ներքաշվեց գահակալական կռիվների մեջ, որը սպառնում էր երկրի հետագա գոյությանը։ Նման պայմաններում հասկանալով երկրին սպառնացող վտանգը Վահրամ Պահլավունին իր բոլոր ջանքերը գործի է դնում երկու եղբայրներին հաշտեցնելու համար, ինչը և նրան հաջողվում է։ Սակայն, Հայաստանին վիճակված չէր հզորանալ, որովհետև դավաճան կաթողիկոս Պետրոս Գետադարձի դրդմամբ թուլամորթ Սմբատը Անին մահից հետո կտակում է Բյուզանդիային։ Սմբատի մահից հետո կաթողիկոսը, Վեստ Սարգիս իշխանը և նրանց համախոհները փորձում են երկիրը հանձնել թշնամուն։ Սակայն, դավաճանների այս քաղաքականությանն ընդդիմանում է Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ազգային խմբակցությունը։
Միաժամանակ, Վահրամ Պահլավունին հակազդելով Վեստ Սարգսի գահակալական նկրտումներին մեծ հաջողությամբ ետ շպրտեց բյուզանդական զորքերի գրոհները Անիի վրա։ Վերջին հաղթանակից հետո նա առանց հապաղելու երկրի գահին նստեցրեց արդեն մահացած Աշոտ Բագրատունու որդի Գագիկին։ Պահլավունին հիանալիորեն հասկանում էր, որ օրհասական այս պահին հարկավոր էր թույլ չտալ, որ անիշխանության մատնվի հայոց երկիրը։ Գագիկ Բ-ի հետ ծերունի սպարապետը եռանդուն կերպով սկսեց երկրում կարգ ու կանոնի վերականգնման գործը, որը պսակվեց հաջողությամբ։ Վահրամի հավատարմությունը գահին ոչ մի չափով չերերաց նաև այն ժամանակ, երբ սրվեցին հարաբերությունները թագավորի և Վահրամի եղբորորդի Գրիգոր Պահլավունու միջև։ Ավելին, անգամ այն ժամանակ, երբ թագավորը խստացրեց իր հալածանքները Գրիգորի նկատմամբ, սպարապետը ոչնչով չօժանդակեց բյուզանդամոլ եղբորորդուն։
Սակայն, Բյուզանդիան չէր դադարեցնում իր խարդավանքները, և անհաջող մի հարձակում էլ գործելով Անիի վրա` Գագիկին հրավիրեց Կ. Պոլիս հաշտության բանակցությունների։ Պահլավունի իշխանը` զգալով որոգայթը, չէր թողնում արքային հեռանալ երկրից։ Բայց, խաբվելով Պետրոս Գետադարձի ու Վեստ Սարգսի երդումներից` Գագիկը գնաց Կ. Պոլիս և նրան այլևս չթողեցին վերադառնալ։ Գրիգոր Մագիստրոսի` Կ.Պոլսում և Վեստ Սարգսի` Անիում նյութվող որոգայթներին միացավ կաթողիկոսը, որը Անիի բանալիները վաճառեց բյուզանդական կայսրին։
Այս պայմաններում անգամ Վահրամ Պահլավունին Անիի պարիսպներից մեծ ջանքերով ետ էր մղում բյուգանդական զորքերի գրոհները։ Սակայն, երբ թշնամու զորքերը ետ էին քաշվում Անիից` քաղաքի դարպասները բացվեցին նրանց առջև։
Վահրամ Պահլավունին ընկավ սուրը ձեռքին` Դվինի քուրդ էմիրի դեմ մղվող մարտում: Չցանկանալով լքել երկիրը` նա նախընտրեց բյուզանդացիներին օգնել` կործանելու քուրդ էմիրին, որը նույնպես ժամանակին ոտնձգություն էր կատարել հայոց գահի դեմ։
ժողովրդի մեջ պահպանված մի ավանդություն ասում է, թե երկնքից լույս իջավ իշխանաց իշխանի գերեզմանի վրա։
Գևորգ Հովհաննիսյան
ՙՀանրապետական՚, 1995,
սեպտեմբեր-հոկտեմբեր, թ. 13:
սեպտեմբեր-հոկտեմբեր, թ. 13:
Ազգային պետական գործիչներ,
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008
Комментариев нет:
Отправить комментарий