16.11.2013

ՊԱՅՔԱՐ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ Ք.Ա. 522-521 ԹԹ.



Հայաստանի և Աքեմենյան Պարսկաստանի դաշնակցային հարաբերությունները պահպանվում են Կյուրոս Բ Մեծի որդու` Կամբյուսեսի (Կամբիզ) օրոք: Տիգրան Երվանդյանը մահանում է Կյուրոսի մահվանից (Ք.ա. 529թ.) հինգ տարի հետո, իսկ նրան, ըստ Մովսես Խորենացու, հաջորդել էր նրա երեք որդիներից Վահագնը, որը, հավանաբար, անվանակոչվել էր հայոց ռազմի գերագույն աստծո անունով: 
Ք.ա. 522թ. Կամբյուսեսի մահվանից հետո սկսվեցին գահակալական կռիվներ, որոնք, ի վերջո, ավարտվեցին Դարեհ Ա-ի հաղթանակով: Երբ Դարեհը հաստատվեց գահին, տերության ժողովուրդներն ապստամբում են Աքեմենյանների տիրապետության դեմ։ Նա իր իշխանության առաջին տարիներն անցկացրել է ապստամμությունները ճնշելով և հակառակորդներին ոչնչացնելով: Այդ իրադարձությունների մասին է պատմում նրա թողած Բեհիստունյան եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելերեն) արձանագրությունը։ 
     Դարեհն արձանագրել է տվել Կյուրոս Մեծի մահից հետո Պարսկաստանում սկսված խառնաշփոթ վիճակի, գահակալական կռիվների և պարսից տիրակալության դեմ ոտքի ելած երկրների ու ժողովուրդների ապստամբությունների ճնշման պատմությունը։ Արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում` Հարմինույա, բաբելերենում` Ուրարտու (ինչը Հայաստան-Արմենիա-Արարատ-Ուրարտու նույնության փաստարկներից է):
     Դարեհի իշխանության օրինականությունը չի ճանաչում Հայաստանը, որը Կյուրոս Բ-ի և Տիգրան Երվանդյանի դաշինքի ժամանակվանից ի վեր Աքեմենյան Պարսկաստանի գլխավոր դաշնակիցն էր, ընդ որում, Հայոց արքա Տիգրան Երվանդյանը Ք.ա. 538թ. միաժամանակ ՙԲաբելոնի փոխարքան՚ էր, տերության արևմտյան կեսի կառավարողը, երկրորդ գահակալը: Հայաստանի արքայի այդ կարգավիճակը շարունակվել է նաև Տիգրան Երվանդյանից հետո: Մասնավորապես, Դարեհը Բեհիստունյան արձանագրության սկզբում Հայաստանը չի հիշատակում ապստամբած երկրների շարքում, ցույց է տալիս, որ վերջինս լիովին անկախ էր: Հետագա իրադարձությունների մասին հաղորդումներից ակնհայտ է, որ Հայաստանն ուներ կարևոր դերակատարում տարածաշրջանում և բավական մեծ ռազմական ուժ:

Ճակատամարտերը
Արձանագրությունը հաղորդում է, որ Դարեհը Հայաստան է ուղարկել երկու զորավար, որոնք հինգ անգամ ստիպված են եղել իրենց ուժերը չափել հայ ռազմիկների հետ։ Հայաստանի դեմ արշավանքը Դարեհը նախ հանձնարարել էր իր մերձավորներից ծագումով հայ մի զորավարի՝ Դադարշիշին, որը Հայաստանում երեք ճակատամարտ է տալիս (տե՜ս քարտեզը): Թեպետ ամեն ճակատամարտից հետո արձանագրությունը նշում է, թե Հայաստանը պարտություն է կրել, սակայն այն հանգամանքը, որ պարսից արքունիքը ստիպված էր նորանոր զորքեր ուղարկել հայերի դեմ, հուշում է, որ նախորդ արշավանքներն ավարտվել են անհաջողությամբ:


Պատմական տեղեկանք. ՙԴարեհ թագավորն ասում է. - Դադարշիշ անունով հայ (արմինացի) իմ ծառային ես ուղարկեցի Արմինա։ Այսպես նրան պատվիրեցի. ՙԳնա՜ և ջախջախի՜ր այդ ապստամբ բանակը, որն իրեն իմը չի ճանաչում՚։ Ուստի Դադարշիշը գնաց։ Երբ նա հասավ Արմինա, ապստամբները հավաքվեցին և դուրս ելան Դադարշիշի դեմ
(նրան) ճակատամարտ տալու համար։ Արմինայի մեջ Զուզա անունով մի ավան կա, ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Ահուրամազդան ինձ օգնեց։ Շնորհիվ Ահուրամազդայի իմ բանակը բավական մարդ սպանեց ապստամբ բանակից...
    Դարեհ թագավորն ասում է. - Երկրորդ անգամ ապստամբները հավաքվեցին և նորից դուրս ելան Դադարշիշի դեմ ճակատամարտելու։ Տիգրա անունով մի բերդ կա Արմինայում. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Ահուրամազդան ինձ օգնեց. Ահուրամազդայի շնորհիվ իմ բանակը այն ապստամբ բանակից բավական մարդ սպանեց...
    Դարեհ թագավորն ասում է. - Երրորդ անգամ ապստամբները հավաքվեցին և նորից դուրս ելան Դադարշիշի դեմ ճակատամարտի։ Ույամա անունով մի բերդ կա Արմինայում. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Ահուրամազդան ինձ օգնեց։ Ահուրամազդայի շնորհիվ իմ բանակն այն ապստամբ բանակից բավական մարդ սպանեց... Հետո Դադարշիշը մնաց Արմինայում, մինչև ես հասա Մեդիա՚։
Հատվածներ Բեհիստունյան արձանագրությունից


  Հատկանշական է Դարեհի խիստ համեստ գնահատականն իր իսկ բանակի ձեռքբերումների մասին` ՙիմ բանակը բավական մարդ սպանեց ապստամբ բանակից՚: Հասկանալիորեն, սա եղել է պարտություն, այլապես հաջորդ արշավանքների կարիքը չէր լինի:
   Դադարշիշի անհաջողությունից հետո Դարեհը Հայաստան է ուղարկում պարսիկ զորավար Վահումիսային։ Նա հայերի հետ առաջին ընդհարումն ունենում է Հյուսիսային Միջագետքում, Իզալայում։ Այն հանգամանքը, որ ընդհարումը տեղի է ունեցել Հայաստանի սահմաններից դուրս, ցույց է տալիս, որ հայերը նախահարձակ էին եղել` ռազմական գործողությունները տեղափոխելով հակառակորդի տարածք: Անհաջողության մատնված պարսիկները ստիպված
էին իրենց հաջորդ` հինգերորդ արշավանքն իրականացնել Հայաստանի դեմ (տե՜ս քարտեզը):

Ռազմական դաշինքը
Բեհիստունյան արձանագրությունը տեղեկացնում է Բաբելոնում երկրորդ անգամ բարձրացած ապստամբության մասին, ընդ որում, ապստամբության գլուխ կանգնում և արքա է հռչակվում հայազգի Արախան` Խալդիտայի որդին:

    Պատմական տեղեկանք. ՙԴարեհ թագավորն ասում է. - Այնուհետև Վահումիսա անունով պարսիկ իմ ծառային ես ուղարկեցի Արմինա (և) այսպես նրան պատվիրեցի. ՙԳնա՜, ջախջախի՜ր այն ապստամբ բանակը, որն իրեն իմը չի ճանաչում՚։ Ուստի Վահումիսան գնաց։ Երբ նա հասավ Արմինա, ապստամբները հավաքվեցին և դուրս ելան Վահումիսայի դեմ ճակատամարտի։ Ասուրեստանում Իզարաանունով մի վայր կա. ճակատամարտը տեղի ունեցով այնտեղ։ Ահուրամազդայի շնորհիվ իմ բանակը այն ապստամբ  բանակից բավականին մարդ սպանեց...
    Դարեհ թագավորն ասում է. – Իմ Պարսկաստանում և Մեդիայում գտնված ժամանակ բաբելոնացիները երկրորդ անգամ ապստամբեցին իմ դեմ: Ապստամբեց Արախա անունով մի մարդ` արմեն, Խալդիտայի որդին: Բաբելոնիայի մեջ Դուբալա անունով մի երկիր կա. այնտեղ
ապստամբեց: Այսպես խոսեց և ստեց. ՙԵս Նաբուգոդոնոսորն եմ, Նաբոնիդի որդին՚: Բաբելոնացիներն ապստամբեցին իմ դեմ և բռնեցին այս Արախայի կողմը, որը Բաբելոնը գրավեց և դարձավ Բաբելոնի թագավոր՚:
Հատվածներ Բեհիստունյան արձանագրությունից


Արձանագրության տվյալներից երևում է, որ Հայաստանը նվաճելու համար Դարեհը գործադրել է մեծ ջանքեր և որ հայերը կապի մեջ են եղել Բաբելոնի (հնարավոր է` նաև Մարաստանի) հետ` փոխհամաձայնեցնելով իրենց գործողությունները։
Վահումիսայի երկրորդ` վճռական ճակատամարտը տեղի է ունենում Հայաստանի հարավում, Աուտիարա գավառում, որով ավարտվեց Հայաստանի դեմ ուղղված հինգերորդ արշավանքը: 

Պատմական տեղեկանք. ՙԴարեհ թագավորն ասում է. - Ապստամբները երկրորդ անգամ հավաքվեցին (և) դուրս ելան Վահումիսայի դեմ ճակատամարտի։ Արմինայում Աուտիարա անունով մի գավառ կա. այնտեղ նրանք ճակատամարտ տվեցին։ Ահուրամազդան ինձ օգնեց.
Ահուրամազդայի շնորհիվ իմ բանակը այն ապստամբ բանակից բավականին մարդ սպանեց... Հետո Վահումիսան մնաց Արմինայում, մինչև ես հասա Մեդիա՚։
Հատված Բեհիստունյան արձանագրությունից

Դատելով փաստերից` կնքվում է հաշտություն փոխզիջումներով:

Եզրակացություն
Ք.ա. 522-521թթ. հայ ժողովուրդը զենքը ձեռքին կարողանում է պաշտպանել իր Հայրենիքի սահմանները: Տարածաշրջանում իր տերության դիրքերը պահպանելու համար Դարեհը հարկադրված է լինում ընդունել փոխզիջումային տարբերակը:
Հայաստանը ճանաչում է Աքեմենյանների գերիշխանությունը, սակայն պարսիկները ևս իրենց հերթին ստիպված էին գնալ մեծ զիջումների:

Հայաստանում շարունակեցին իշխել Երվանդ Սակավակյացի և Տիգրան Երվանդյանի ժառանգները, որոնք հատում էին սեփական դրամ և վայելում լիակատար ներքին անկախություն:

Ք.ա. 401թ. Հայաստանում իշխում էր Երվանդ (Օրոնտես) Բ-ն, որին Աքեմենյան տիրակալ Արտաքսերքսես Բ-ն կնության էր տվել իր դստերը, իսկ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ` Երվանդ (Օրոնտաս) Գ-ն, որը Գավգամելայի ճակատամարտից հետո հայտարարեց Մեծ Հայքի լիակատար անկախությունը: 

“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий