Թուրք, քուրդ, բոշա, ջուլո և ավելի քան քսան հազար խառնիճաղանճ բաշիբոզուկներ, խառն
տաճկաց կանոնավոր զորքերի հետ, շրջապատել էին կիսավեր քաղաքը: Նա ծխում էր կրակի
մեջ, որպես մի ընդարձակ խարույկի տարածություն: Քրիստոնյա հայերի տները դատարկվել էին բնակիչներից: Բարբարոսի սուրը և գերությունը սպառել էր նրանց: Հայերից մի փոքրիկ մաս միայն ազատվել էր, կանխապես փախչելով սահմանակից Մագու քաղաքի կողմերը, որ պարսից հողի վրա է գտնվում:
Բայազեդի միջնաբերդը դեռ մնացել էր անառիկ: Փոքրաթիվ ռուս զինվորներ, հայ և թուրք
կամավոր միլիցիայի հետ, ամրացել էին այնտեղ, և օրհասական հուսահատությամբ, սպասում էին մի սարսափելի վախճանի: Բերդը չորեք կողմից սեղմված էր, կարծես, մի երկաթի օղակի մեջ, որը հետզհետե նեղանալով, կամենում էր միանգամից խեղդել և մահացնել հուսաբեկ պաշարվածներին: Հարաբերությունը դրսի հետ բոլորովին կտրված էր:
Պաշարումը պատահեց 1877 թվի հունիսի 6-ին և տևեց ամբողջ 23 օր: Դա այն ժամանակն էր,երբ ռուսաց հաջողակ սրի բախտը Հայաստանում հանկարծ փոխվեցավ: Տեղային մահմեդականությունը, որ սկզբում այնքան հոժարությամբ ընդունեց ռուսաց տիրապետությունը, կրկին ապստամբվեցավ և միացավ Սմայիլ Փաշայի զորքերի հետ: Գեներալ Տեր-Ղուկասովը, երևանյան զորաբաժնի հրամանատարը, այդ միջոցում գտնվում էր Զեյդեգանի և Դալի-Բաբայի մեջ, և իր փոքրաթիվ գունդերով քաջությամբ պատերազմում էր Մուխթար փաշայի հինգ անգամ ավելի ուժի դեմ: Նա, երևի, տեղեկություն չուներ, թե ինչ էր պատահել դժբախտ Բայազեդի հետ, որին թողել էր բերդապահ (կոմենդանտ) Շտոկվիչի պահպանության ներքո:
Գիշեր էր:
Կիսալուսնի եղջյուրը դեռ նոր չքացել էր հորիզոնից, թողնելով իր ետևից մթին խավար: Կարծես, այդ խավարը, այդ մութը ավելի ախորժ լիներ պաշարվածների համար: Կարծես, լուսինը, տիեզերքի սիրելին, իր արծաթափայլ ճառագայթներով մատնում լիներ նրանց: Բայց գիշերի մթությունը դարձյալ չկարողացավ արգելք լինել բարբարոսների կատաղի հարձակմանը: Բայազեդի միջնաբերդը, որպես մի մռայլ կետ, անորոշ կերպով նկարված էր բլուրների բարձրավանդակի վրա: Եվ ամեն կողմից կրակը մաղվում էր այդ կետի վրա, և ամեն կողմից թնդանոթների ռումբերը և հրազենների գնդակները կարկտի նման թափվում էին այնտեղ: Բերդը մռնչում էր, որպես մի վիթխարի գազան, որին ամեն կողմից հարվածում էին: Նա դեռևս համառությամբ մաքառում էր օրհասի և մահվան դեմ: Նա վճռել էր մեռնել, բայց փառքով մեռնել:
Մոտ 1000 ռուս զինվորներ, նույն չափով հայ և թուրք կամավորների հետ, կռվում էին Սմայիլ
փաշայի քսան հազարի դեմ: Բերդից խիստ սակավ էին պատասխանում, որովհետև հրազենների պաշարը խնայում էին, որը սպառվելու մոտ էր: Միայն երբեմն արձակում էին մի կամ երկու թնդանոթ, որոնց բերանը դարձնում էին այն կողմը, ուսկից հայտնվում էր թշնամու կրակը:
Նույն գիշերը, բերդի խարխուլ շինվածքներից մեկի մեջ, որ մի ժամանակ ծառայում էր որպես զինվորանոց, և ռուսների տիրելուց հետո, օսմանցիները թողել էին կիսավեր և հեռացել, — նույն գիշերը այստեղ գետնի վրա տարածված էր մի բազմություն, մի ուժաթավփ, և ուշակորույս բազմություն, որ սարսափելի տագնապի մեջ ներկայացնում էր կատաղության բոլոր զարհուրանքը:
— Մի կաթիլ ջո՜ւր... նվաղեցա ծարավից...-լսվում էին զանազան դառն հառաչանքներ:
— Մի պատառ հա՜ց... մեռնում եմ սովից... — աղաղակում էին զանազան խուլ ձայներ:
Այդ ողորմելիները մի ամբողջ շաբաթ համարյա ոչինչ չէին կերել, ոչինչ չէին խմել: Պաշարումը այն աստիճան շուտափույթ և անակնկալ կերպով կատարվեցավ, որ բերդի մեջ բավական պաշար վեր առնելու ժամանակ չգտան: Այժմ պաշարվածները ստիպված էին պատերազմել երեք հզոր ոսոխների դեմ. ներսից՝ սովի և ծարավի դեմ, իսկ դրսից՝ թշնամու կրակի դեմ:
Ամսի 8-ից զինվորները զրկվեցան տաք կերակրից: Բերդապահի ձին և արտիլերիայի ձիաները բոլորը մորթել և կերել էին: Ձիաների գարին մնաց զինվորների համար, որը նույնպես սպառվեցավ: Վերջապես ուտեստը այն աստիճան նվազեցավ, որ յուրաքանչյուր զինվորին տալիս էին օրեկան 1/8 ֆունտ կամ 4 լոտ պաքսիմաթ և մի-մի գդալ ջուր: Իսկ հունիսի տոթը այդ ժամանակ անտանելի էր: Հիվանդանոցում հիվանդների վիճակը, ուտելու և խմելու կողմից, շատ չէր զանազանվում առողջներից:
Բերդի մեջ ջուր չկար: Բերդից դուրս, 300 քայլ հեռավորության վրա գտնվում էր մի աղբյուր, որը փակել էին թուրքերը: Ամեն գիշեր փորձում էին ցած իջնել բերդից ջուր բերելու համար, բայց 20-30 գնացողներից շատ անգամ մեկն էլ չէր վերադառնում:
— Հա՜ց... ջո՜ւր... — կրկին լսելի եղան օրհասական հառաչանքները:
Ահա կրկին և կրկին որոտաց թնդանոթի բոմբյունը և խլացրեց թշվառականների ձայները...
Այդ այն րոպեներից մեկն էր, որ մարդը կորցնում է իր կարեկցությունը դեպի ընկերը, — կորցնում է, որովհետև ոչինչով օգնելու հնար չունի: Այդ պատճառով, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում սովյալների վրա, ոչ ոք հոգ չէր տանում ծարավիներին: Ամեն մարդ, ընդհանուր խռովության մեջ, սպասում էր մի վճռական րոպեի, երբ թշնամին հեղեղի նման ներս կթափվեր, և սուրը ձեռքում կհանդիպեին իրանց պատվավոր վախճանին:
Միջնաբերդի ներսից, պատսպարված վերնապարսպի ետևում, շուրջանակի շարված էին պահապան զինվորներ, և հրացանների համար բացված ծակերից դիտում էին թշնամու շարժումը: Նրանք չէին համարձակվում գլուխները վեր բարձրացնել պարսպից: Բերդի չորս կողմի բարձրավանդակներից անխնա նետում էին, և գնդակները շվշվալով սլանում էին աջ ու
ձախ, զարկելով պահապանների երեսին մի անախորժ տաք օդ:
Այստեղից տեսնվում էր քաղաքը, որ ներկայացնում էր մի սոսկալի տեսարան: Նա լուսավորված էր, կարծես, մի մեծ տոնախմբության համար: Լուսավորված էին և քաղաքի շրջակա բարձրությունները: Կատարվում էր մարդկային անգթության եղեռնական տոնը: Դա գազանների մի տոն էր, որ հանդիսացնում էին մուսուլմանները: Տարտարո՛սը, միայն տարտարոսը, իր կրակի բոցերով, իր չար ոգիներով և իր բոլոր զարհուրանքով կարող էր պարծենալ մի այսպիսի անգթության առջև: Այրվում էին հայերի տները: Յուրաքանչյուր տան լուսամուտներից և դռներից հոսում էին, կարծես, հրեղեն գետեր, և խառն ծխային թանձրության հետ, բարձրանում էին օդի մեջ, սփռելով դեպի ամեն կողմ կայծերի հորդ և առատ հեղեղ: Հրդեհը հետզհետե սաստկանում էր, ճարակելով հայերի ամբողջ թաղը: Այժմ տների կտուրներից դուրս էին ցայտում հրեղեն լեզուներ: Վառված գերանները խորտակվում էին, և ամբողջ կտուրը դղրդալով, գոռգոռալով փուլ էր գալիս, և հրակեզ վերմակով ծածկում էր բնակիչներին, որոնք ամեն կողմից կրակով փակված լինելով, դուրս գալու հնար չունեին: Թշվառ զոհերի աղաղակների և հառաչանքների ձայները խառնվում էին բոցերի որոտմունքի հետ, որոնք վիթխարի վիշապների նման գալարվում էին և պտտվում էին օդի մեջ, տարածելով դեպի ամեն կողմ մի սարսափելի լուսավորություն: Այդ լուսավորության մեջ, որպես մի հսկա պանորամայի մեջ, մինը մյուսի ետևից հանդիսանում էին ավելի և ավելի զարհուրելի պատկերներ: Մուսուլմանները կոտորում էին հայերին... կոտորում էին կրակից դուրս փախչողներին, չխնայելով ոչ սեռի և ոչ հասակի... Մանկահասակ աղջիկներին, ծամերից բռնած քարշ էին տալիս տներից... Ամեն կողմից լսելի էին լինում ցավալի աղաղակներ... Բայց թշվառների լացը և արտասուքը չէր կարողանում ամոքել գազանների սիրտը...
Այս բարբարոսությունների մեջ մասնակցում էին ոչ միայն քրդերը, այլև տաճկաց կանոնավոր զորքը, և որ ավելի սարսափելին է՝ քրդերի կանայքը... Այդ վերջինները, կատաղի ֆուրիաների
նման, մոռացած կնոջ գութը և սերը, խլում էին երեխաներին մոր գրկից և ձգում էին կրակի մեջ... մի փոքրիկ ընդդիմադրությունն անգամ պատժվում էր սրով...
Մի քանի հայ կամավոր զինվորներ, բերդից նայելով այդ դժոխային տեսարանին, լաց էին լինում...
Կոտորածը շարունակվում էր ամբողջ երեք օր և երեք գիշեր:
— Ա՜խ, ինչպես մորթում ե՜ն... — ասում էին նրանք հառաչելով:
Դրանց մոտ կանգնած էր մի ուրիշ հայ երիտասարդ, որ նույնպես նայում էր քաղաքում կատարվող բարբարոսությունների վրա: Նրա աչքերում արտասուք չէր երևում: Տխրության մի
նշույլ անգամ չէր կարելի տեսնել նրա զայրացած դեմքի վրա: Նրա սիրտը նույն րոպեում լցված էր մի դառն ատելությամբ՝ ոչ դեպի այն գազանները, որ այրում էին, որ մորթում էին, այլ դեպի այն վախկոտները, որ ոչխարի նման թույլ էին տալիս իրանց մորթել:
— Նայեցե՛ք, նայեցե՛ք, — ասաց նա, — այսքան բազմության մեջ մի մարդ էլ չեք տեսնի, որ ձեռք բարձրացներ իր սպանողի վրա... էլ դրանից ավելի ինչ կարող է լինել, որ շարժեր մարդու կատաղությունը, որ բորբոքեր մարդու վրեժխնդրությունը: Տունը աչքի առջև այրում են, զավակները կրակի մեջ խորովում են, կինը, աղջիկը քաշում տանում են... Տղամարդը տեսնում է այդ բոլորը և ինքը ամենայն խոնարհությամբ պարանոցը դեմ է անում թշնամու սրին... Տո, անիծյա՛լ, դու էլ մարդ ես, դու էլ սպանիր, հետո մեռիր...
— Վարդան, դու միշտ այսպես անգութ ես... — նկատեց նրան ընկերներից մեկը:
Վարդանը ոչինչ չպատասխանեց և հեռացավ: Կարծես, նրան խիստ ծանր էր նայել այն տեսարանին, որի մեջ տեսնում էր հայի ամոթալի պատկերը... «Այդ ազգը պատվով մեռնել
չգիտեե... — մտածում էր նա:
Դրանցից փոքր ինչ հեռու, բերդի մի խուլ անկյունում, մի ուրիշ խումբ հայ կամավորների մեջ, անց էր կենում հետևյալ խոսակցությունը.
— Եթե Պետրոսն էլ ետ չդառնա, այս գիշեր հինգ հոգի կկորցնենք...
— Շատ ուշացավ, երևի, խեղճ տղան...
— Չէ՛, ականջ դրեք, այդ նրա սիգնալն է, լսում ե՞ք ագռավի կռնչյունը...
— Նա է, իջեցնենք թոկե սանդուղքը:
Սանդուղքը ցած թողեցին և քանի րոպեից հետո բերդի վերնապարսպի վրա հայտնվեցավ մի երիտասարդ, բեռնավորված մի ահագին տիկ ջրով: Ընկերները օգնեցին ջրբերին, և նա վեր եկավ բերդի մեջ: Բոլորը գրկեցին և նրա երեսը սփռեցին համբույրներով: Մեկը զարհուրելով հոտ քաշեց և ասաց.
— Այդ ի՞նչու է երեսդ թաց, Պետրոս:
Այդ միջոցին հրդեհի բոցերը ավելի բարձրանալով, լուսավորեցին Պետրոսի ներկված դեմքը:
— Արյուն է հոսում... — գոչեցին բոլորը:
— Վնաս չունի... — պատասխանեց Պետրոսը ծիծաղելով,-քանի օր էր, որ երեսս չէի լվացել.այս գիշեր մի լավ լվացվեցա...
Պետրոսը կարճ կերպով պատմեց, թե հասնելով ջրի աղբյուրի մոտ, գտավ այնտեղ մի քանի քուրդ պահապաններ, որոնք հսկում էին, չիցե թե պաշարվածները, բերդից իջնելով, ջուր տանեին: Նրանք հարձակվեցան իր վրա, և մինչև կարողացավ բոլորի «ձայնը կտրելե, ինքը գլխից վերք ստացավ:
— Ի՞նչ եղան Հանեսը, Թոմասը, Ադամը, Ներսոն, — հարցրին նրանից:
— Գրո՜ղը տանե նրանց, — պատասխանեց Պետրոսը իր սովորական հեգնական եղանակով: —
Կարծես, այդ անիծյալները մեկ մեկու խոսք էին տվել, որ հենց այս գիշեր շնորհք տանեին իրանց
հանգուցյալ պապերի մոտ: Մեկը պարսպի ներքև ընկած էր, երևի, հենց ցած իջնելու միջոցին
գնդակ էր կերել... մյուսը կես ճանապարհի վրա թավալվում էր, խեղճը դեռ չէր հանգստացել... մեկը աղբյուրի մոտ գերանի նման անշարժ պառկած էր... բայց խեղճ Թոմասը, նրանցից մի փոքր հեռու, կողքի վերքը բռնած, անիծում էր քրդերին. իսկ ես նրանց ջիգրը առեցի...
Այս չորս հայ երիտասարդները, որոնց մասին խոսում էր Պետրոսը, մինը մյուսի ետևից ուղարկված էին ջուր բերելու, բայց և ոչ մեկը չվերադարձավ: Այսպիսի դեպքեր այնքան հաճախ էին կրկնվում, որ մահը, սպանությունը դարձել էր նրանց համար մի սովորական բան: Այս պատճառով Պետրոսի պատմությունը մի առանձին տպավորություն չգործեց ընկերների վրա: Նրանք մինչև անգամ չէին մտածում շուտով փաթաթել Պետրոսի գլխի վերքը, որից արյունը անդադար հոսում էր: Ինքը Պետրոսն էլ չէր մտածում այդ մասին:
— Սատանան տանե այդ քրդերին, — շարունակեց նա, — կարծես, այդ անիրավների աչքերը գայլի նման մթնումն էլ տեսնելիս լինեն: Որ կողմից որ մի շշնջոց են լսում, իսկույն գնդակը հասցնում են. տեսար, զոհը դողղողաց և գլորվեցավ գետին...
Այսպես խոսում էին խավարի մեջ, հետո մտաբերեցին փաթաթել Պետրոսի գլխի վերքը, և ապա վեր առնելով ջրի տիկը, որ պարունակում էր իր մեջ հազարավոր անձինքների կյանքը, նրանք սկսեցին դիմել դեպի բերդի բակը:
— Տղերք, — ասաց նրանցից մեկը, — թուրքերին մի կաթիլ անգամ պետք չէ տալ. հանաք բան չէ. այս գիշեր մենք չորս հոգի կորցրինք այս մի տիկ ջրի համար, բայց նրանցից ոչ մեկը չուզեց բերդից դուրս գալ:
— Չէ՛, լավ բան չէ, — ասաց Պետրոսը, — պետք է նրանց էլ տալ:
— Ի՞նչ վատ բան է, — պատասխանեց առաջինը, — մի քանի օր առաջ նրանք էլ ջուր բերեցին, բայց գողի նման թաքցրին և իրանք միայն խմեցին:
— Նրանք վատ վարվեցան, բայց մենք պետք է ցույց տանք, թե ինչ բան է զինվորական եղբայրությունը:
Նրանք մտան զինվորանոցի բակը:
— Ջո՜ւր... ջո՜ւր... — լսելի եղան ամեն կողմից ուրախության աղաղակներ, և բազմությունը հավաքվեցավ մեր երիտասարդների շուրջը:
Անկարելի է նկարագրել այն հոգեկան բերկրանքը, այն կատաղի ուրախությունը, որով այդ ծարավի բազմությունը դիմեց դեպի ջրի տիկը: Բոլորը իրար խառնվեցան, և մինը մյուսի գլխովն էր ուզում թռչել, որ առաջ ինքը խմե:
— Մի ճրագ վառեցեք և մեզ մի խանգարեք, ամենքիդ բաժին կհասնի, — ասաց ջուր շալակող երիտասարդը և տիկը դրեց գետին:
Վառեցին մի ջահ, որի գունատ-կապտագույն լույսը տարածվեցավ խռովված, և ուրախությունից իրան կորցրած, բազմության վրա:
Հայ երիտասարդը առեց իր ձեռքը արաղի մի ամենափոքրիկ բաժակ և սկսեց նրանով բաժանել ջուրը: Նա խիստ սաստիկ զզվելի հոտ ուներ, իսկ համը չափազանց անախորժ էր: Մի քանիսը խմեցին և ոչինչ չնկատեցին: Մեկը բացականչեց.
— Այդ ի՞նչ գույն ունի ջուրը:
— Խմի՛ր, — խոսեց Պետրոսը, որ այնտեղ կանգնած էր. — քրդերը հիմա ջուրը այսպես ներկած են տալիս մեզ...
— Ի՞նչպես ներկած... — ձայն տվեցին ամեն կողմից:
— Ներկում են մեր արյունով... դուք մի տեսնեիք, թե քանի դիակներ էին ընկած այն աղբյուրի մեջ, որտեղից ես գողացա այդ ջուրը:
Բազմությունը սոսկաց, բայց դարձյալ ուշադրություն չդարձնելով, խմեց պղտոր կարմրագույն հեղուկը, որի մեջ թափված էր այնքան մարդկային արյուն... որի մեջ լուծված էին այնքան մարդկային մարմիններ... Մեկը մինչև անգամ իրան թույլ տվեց ասել մի այսպիսի
բարբարոսական սրախոսություն.
— Դա շա՜տ լավ է... ջուրը կպարարտանա և ավելի ուժ կտա:
Ուրախացած զինվորների կատակները շուտով ընդհատվեցան:
Թնդանոթների խուլ որոտը կրկին լսելի եղավ հեռվից, և կրկին ռումբերը սկսեցին մռնչելով սլանալ բերդի վրայից: Նրանցից մեկը ընկավ զինվորներից մի փոքր հեռու, և պայթելով տարածեց դեպի ամեն կողմ իր մահաբեր հարվածները...
Այդ միջոցին ամրոցի սենյակներից մեկի մեջ, ուր մի ժամանակ կենում էր օսմանցի բերդապահը, այժմ ռուս բերդապահը, Շտոկվիչը, մի քանի օֆիցերների հետ կազմել էին զինվորական խորհուրդ: Խորհրդին մասնակցում էին հայ և թուրք միլիցիայի գլխավորները: Փոքրիկ սեղանի վրա վառվում էր լամպա և աղոտ կերպով լուսավորում էր նրանց տխուր և բազմահոգ դեմքերը:
Վերջին օրերում անդադար նամակներ էին ստացվում թշնամի բանակից, որոնցմով հայտնում էին անձնատուր լինել: Նամակները գրում էր ռուսաց հին ոխերիմ, երևելի Շամիլի որդի գեներալ-լեյտենանտ Շամիլը, որ այժմ թշնամու բանակի մեջն էր գտնվում և նորին մեծության սուլթանի սվիտայի համհարզ էր: Վերջին նամակը լի էր սպառնալիքներով և խոստումներով: Զինվորական խորհրդի առարկան այդ նամակն էր. մտածում էին, թե ինչ պետք է պատասխանել:
— Անձնատուր չենք լինի, — խոսեց բերդապահը, — քանի որ դեռ կենդանի ենք:— Եթե մի քանի օր ևս կտևե պաշարումը, մեզ անհնարին կլինի դիմանալ, — խոսեց մի օֆիցեր:
— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է, — խոսեց մի ուրիշը, — ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն: Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել, — ավելացրեց նա մի փոքր վրդովված ձայնով:
— Այո՛. շատ անխոհեմ վարվեցանք...-ասաց մի այլ օֆիցեր:
— Անցյալը ուղղել չենք կարող, խոսենք ներկայի վրա, — նկատեց բերդապահը, որ նախագահում էր խորհրդին, և զինվորական օրենքի համեմատ, պաշարման ժամանակ էր բոլորի բարձրագույն հրամանատարը, խիստ ընդարձակ իրավունքներով:
— Աձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք, — կրկնեց նա իր առաջին խոսքը:
— Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք, — պա՛տասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր:
— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել, — խոսեց մի բեկ, — իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը:
— Վերջինն ավելի հավանական է, — պատասխանեց հայ կամավորների գլխավորը, — բայց
հետևանքը սարսափելի կլինի: Այս բերդը այժմ, գոնե որպես պատնեշ, պահում է օսմանցի զորքերի առաջ գնալը, երբ սրան կորցնենք, այն ժամանակ բաց կանենք Սմայիլ փաշայի բաշիբոզուկների ճանապարհը, և նրանք մի քանի օրվա մեջ անարգել կերպով կտիրեն Երևանը, Նախիջևանը և գուցե շատ հեռու կգնան: Տեղային մահմեդականությունը, որքան ինձ հայտնի է, անհամբեր սպասում է այդ ինքնակոչ հյուրերին, իսկ քրիստոնյա հայերի ձեռքում զենք չկա: Մեր երկիրը պահպանելու համար խիստ աննշան թվով զորք է թողած, որովհետև մեր գլխավոր ուժերը այժմ կենտրոնացած են Ղարսի մոտակայքում: Մինչև նրանց հասնելը, օսմանցիք ամեն ինչ ոչնչացրած կլինեն:
Հայ աստիճանավորի խոսքերը գրգռեցին թուրք խանի բարկությունը, և նա խոսեց խռովված
կերպով.
— Դուք մահմեդականների մասին կասկած եք հայտնում:
— Իմ կասկածը անտեղի չէ, որովհետև ինձ հայտնի են փաստեր, որ հաստատում են ասածս: Հենց այս րոպեիս մեզ պաշարող քրդերի թվում գտնվում են շատ զիլանցիներ, որոնք պատերազմից առաջ ռուսաց հպատակներ էին: Իսկ Նախիջևանի կողմերում մի ցնորված մոլլա ամեն գիշեր երազներ է տեսնում, թե շուտով իսլամը կտիրե այդ երկրին:
Նախագահը դադարեցրեց վիճաբանությունը ասելով.
— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել: Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք: Գեներալ Տեր-Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից: Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու: Միայն պետք է շուտով նրան իմացում տալ:
— Ի՞նչ միջոցով, — հարցրին նրանից:
— Նամակո՛վ, — պատասխանեց նա:
— Ո՞վ կտանե:
— Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ:
— Դիցուք թե գտնվեցավ, բայց ի՞նչպես կարող է անց կենալ, թշնամին մեր բոլոր կողմերը բռնել է:
— Կփորձենք:
Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր-Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսների հետ դուրս եկան խորհրդարանից:
Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա: Բերդապահը բարձր ձայնով խոսեց.
— Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է: Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրա հաջողությամբ դրսից գալու օգնության վրա: Եթե օգնությունը ուշացավ, մենք կորած ենք: Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է: Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում: Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու: Հիմա ո՞վ կլինի ձեզանից այն քաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թո՛ղ մոտենա և ընդունե նամակը:
Ես խոստանում եմ, որ նա կստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ է լինելու: Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը:
Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ:
— Կրկնում եմ, — շարունակեց բերդապահը ավելի զգալի ձայնով, — որ այս նամակի հետ կապված է մեր ամեն փրկությունը. ո՞վ է ցանկանում վայելել այդ փառքը և մեր բոլորի ազատիչը լինել:
Դարձյալ ոչ մի ձայն լսելի չեղավ:
— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ, — կոչեց նա դողդոջուն ձայնով, — ո՞վ է
հանձն առնում տանել նամակը:
— Ես, — լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց
նամակը:
Այս երիտասարդը Վարդանն էր;
Комментариев нет:
Отправить комментарий