27.02.2014

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՄՔ


Փաստելով, որ օրվա հայությունը զերծ է ազգային ամբողջականության զգացումից, որով եւ՝ ազգային միության գիտակցումից, նաեւ, լինելով հատվածապաշտ եւ եսակենտրոն՝ առաջնորդվում է նախանձի, հաշվի վրա հենված ներկուսակցական բարոյականով, Տարոնականությունը իբրեւ սկզբունք որդեգրելով ներցեղային բարոյականը՝ ձգտում է արմատախիլ անել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը ներքին ճակատից տեղափոխել եւ կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ: ՙԿա՜ արտաքին ճակատը, որի  վրա միայն  կարելի է  արժանապես
հերոսանալ՚,- նշանաբանում է Տարոնականությունը:    Միաժամանակ,  մատնանշելով  այն  վտանգավոր  հանդուրժողականությունը եւ համակերպվելու տրամադրությունը, որ առկա են մեր մեջ ներքին թշնամիների` ստոր, նյութապաշտ, թուլամորթ, հաշվենկատ ՙհայ- րենասիրությամբ՚ հայ կոչվողների ներկայության նկատմամբ, որոնք, ցավոք, հաճախ առաջավոր դիրքեր են գրավում մեր ազգային կյանքում, Տարոնականության գաղափարախոսները գտնում էին, որ անհրաժեշտ է ամենից առաջ ներքին այս արգելքները վերացնել, որպեսզի կարողանանք հաջողությամբ դիմագրավել արտաքին անխուսափելի արգելքները:
Որպես ցեղային միություն դավանող ուսմունք՝ Տարոնականությունը դեմ է ՙդասակարգային՚ մտածումին, որ կոչված է մասնատելու ազգային մարմինը: Նա ապադասակարգային ուսմունք է:
- Մի՜ ըսեր ՙհայ աշխատավորություն՚, ՙհայ քաղքենիություն՚ (բուրժուազիա,- Մ. Լ.), ՙհայ ավատատեր՚, ՙհայ կղեր՚, ազգը մի՜ պատկերեր ներքուստ պառակտված, այլ ըսե՝ ՙհավիտենական հայկականություն՚, ՙհայություն՚,- ուսուցանում է Տարոնականությունը:
Նա ընդամենը ազգային միության քարոզ չէ. վստահ, որ ՙմիությունը կստեղծվի ո՜չ թե կողմերի, հատվածների սակարկություններով, այլ՝ ընդհանուր նպատակի մը, արժեքի մը ենթարկվելու բացարձակ կամքով՚ , Տարոնականությունը սահմանում է այդ ընդհանուր նպատակը (իմա՜ Ցեղի հավերժացումը) եւ ցույց տալիս ընդհանրական հավիտենական արժեքները (իմա՜ Ցեղը եւ Հայրենիքը): Միա՜յն այս գերնպատակի ու ընդհանրական այս արժեքների շուրջ եւ դրանց ծառայելու կամքով է հնարավոր մեր ազգային միությունը:

*  *  *

Երկու կարեւոր, փոխկապակցված հասկացությունների՝ ազգային զգացումի եւ ազգային գիտակցության վերաբերյալ Տարոնականությունն ունի հետեւյալ բացատրումները:
Ազգային զգացումը արդյունք է ազգային հավաքական էության, եւ առանձին անհատի մեջ հանդես է գալիս իբրեւ այդ հավաքական էությունից փոխանցված մասնիկ: Այս դեպքում, անհատը բնազդաբար զգում է, որ ինքը կապված է մի հավաքականության եւ զգացումի (բնազդի) թելադրանքով ապրում է այդ հավաքականության կյանքով (կենցաղով, բա- րոյականով եւ այլն):
Ազգի հավաքական գիտակցությունը ձեւավորվում է նրա առանձին անհատների անջատանջատ գիտակցությունների միավորումով եւ ամբողջացումով: Անհատի ազգային գիտակցությունը հենվում է նրա ազգային զգացումի վրա. դա է ամենասերտ կապը ազգի առանձին անհատ- ների գիտակցությունների միջեւ: Այս դեպքում, անհատը սկզբում գիտակ- ցում է այն կապերը, որ կապում են իրեն ազգային հավաքականությանը, այն առանձնահատկությունները, որոնցով ինքը տարբերվում է մյուս ազգերից, գիտակցում է սեփական արժեքը ազգերի համալիրում, ապա, գի- տակցաբար կամենում է պահպանել ու զարգացնել դրանք՝ այդպիսով հավերժացնելով իր ազգային անկրկնելիությունը, ամրապնդելով ազգի հավաքական միությունը:

Տարոնական Շարժում. ՀՀԿ, 2002

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить