Ռուբեն ջան, Դեկտեմբերի 31-ն է, տարվա վերջին օրը, գիշերվա ժամը մոտ 11-ը: Մարգոն գնացել է ընկերների մոտ` նոր տարին դիմավորելու: Բնակարանում մայրիկն ու ես մնացել ենք մենակ: Երկուսս էլ լավ ենք: Մայրիկը նստած է սեղանատնում, ես` իմ սենյակում: Չգիտեմ ինչ մտքերի մեջ է խորասուզված մայրիկը, իսկ ես ընկել եմ հիշողությունների աշխարհը: Եվ ահա մտքերս եկան, կանգնեցին քեզ վրա - հիշեցի, թե ինչպես ճիշտ 12 տարի առաջ, այս նույն գիշերը ստացա քո երկտողը Ղարսից եւ թե ինչ ապրեցի ես այն օրերին: Ու մի անհաղթելի պահանջ զգացի գրել քեզ, թեեւ գրելը այնքան էլ հեշտ չէ: Մեր բնակարանում շատ ցուրտ է, եւ գրիչը հազիվ եմ շարժում, քանի որ ձեռներիս ձեռնոցներ ունեմ հագած:
Հուշեր, անվերջ հուշեր, շարան-շարան, մեկը մյուսի հետեւից ... Քանի-քանի նոր տարիներ անցել են գլխովս ու որքան տարբեր նոր տարիներ: Մանկության տարիներս պապենական տան մեջ` նահապետական նիստ ու կացով, հնադարյան սովորություններով ու կարգերով: Առաջին տարիները Թիֆլիսում` օտար միջավայր, փակ պանսիոնի գարշելի մթնոլորտ, ընտանիքի եւ հայրենիքի կարոտ: Հետագա տարիները դպրոցում` առաջին ցասումներ դպրոցական կարգերի ու ուսուցիչների դեմ, անարդարության, բռնության ու իրավազրկության դեմ: Առաջին աղոտ երազներ մարդավայել կյանքի մասին, ծանոթություն անլեգալ գրականության հետ, գաղտնի խմբակցություններ (խիստ կոնսպիրատիվ), ծրագրեր, տաք-տաք վեճեր: Հետո` ուսանողական շրջան, մի կողմից` աղմկալի հարբեցողություն մայրաքաղաքի տրակտիրներում ու փողոցային ընդհարումներ ոստիկանության հետ, մյուս կողմից` ըմբոստ հոգու վերջնական կազմակերպում, հեղափոխական տրամադրությունների ծավալում ու խորացում, քաղաքական խիզախ ծրագրեր ու պատրաստություններ, առաջին փորձեր լրջորեն կազմակերպվելու պայքարի համար, աշխատելու ու զոհվելու - մանավանդ զոհվելու բուռն տենչ: Արանքում՝ սիրահարություն, ամուսնություն, կին, երեխաներ: Հարատեւ ու սուր կոնֆլիկտ` ընտանիքի հետ ու քաղաքական գործչի պարտականությունների մեջ: Հետո` երկար տարիներ ընդհատակյա աշխատանքի, մշտական լարված դրություն, մշտական երկյուղ բռնվելու, շպիկներ, խուզարկություններ, ժանդարմերիա: Հետո` թուրք-հայկական արյունահեղ ընդհարումներ, զինված ինքնապաշտպանություն, կյանքի ու մահվան կռիվ: Հետո` առաջին հեղափոխությունը, նոր հույսեր ու հեռանկարներ, նոր դիրքավորումներ, կարճատեւ ոգեւորություն: Հետո` ստոլիպինյան ռեժիմ, սրված ռեակցիա, հետապնդումների խստացում, ձերբակալություն, մեղադրական ակտ, քաղաքական մեծ դատ: Հետո` փախուստ արտասահման, թափառում օտար հորիզոնների տակ` ինչպես կասեր Ահարոնյանը: Հետո` կես լեգալ վերադարձ, պատերազմ, Ազգային խորհուրդ, կամավորական խմբեր, վճռական պայքարի եռ ու զեռ: Հետո` սարսափելի 15 թվականը. տեղահանություն, կոտորած, բնաջնջում, տասնյակ հազարներով փախստականներ, սով, համաճարակ: Մի ահռելի զոհաբերություն - բազմատանջ ժողովրդի մի կեսի ոչնչացում` հանուն մնացած կեսի քաղաքական ազատագրման: Հետո` փետրվարյան հեղափոխությունը - նոր խանդավառություն, նոր հույսեր, հաղթական կեցցեներ արնաքամ սրտերից, մեռնող կոկորդներից: Ժողովուրդների ու երկրների ինքնորոշում, տեղական իշխանությունների կազմակերպում, պահանջներ, ծրագրեր, խմբավորումներ, պատրաստություններ Համառուսական Սահմանադիր ժողովի համար: Հետո` հոկտեմբերյան հեղափոխություն, քաղաքացիական կռիվների ու անարխիայի շրջան, լքում պատերազմական ճակատների, թուրքերի ագրեսիան, անզոր ճիգեր դիմադրելու քայքայված, ուժասպառ բանակի մնացորդներով:
Անդրկովկասյան Սեյմ ու Ռուսաստանից անկախ դեմոկրատական ֆեդերացիա, ներքին հակամարտություններ, փոխադարձ դավադրություններ: Բանակցություններ Տաճկաստանի հետ Տրապեզոնում ու Բաթումում, պարտություն ու խայտառակ հաշտություն: Հետո` Անդրկովկասյան խախուտ շենքի վայրկենական փլուզում, Հայաստանի անկախության ակամա հայտարարում, փաստական գերիություն Տաճկաստանի ձեռին, կռիվներ Վրաստանի ու Ազրբեյջանի հետ, երկրի սահմաններից դուրս ու սահմանների ներսը, տնտեսության ծայրահեղ քայքայում, սով, համաճարակ, բարքերի վայրենացում, ընդհանուր հուսահատություն: Հետո` դաշնակիցների հաղթանակը 18 թվականի վերջին, Տաճկաստանը կործանված, Ալեքպոլի, Ղարսի ու Էրզրումի վերագրավում - նոր հույսեր, նոր հեռանկարներ: Հետո` ճամփորդություն Արեւմտյան Եվրոպա ու Հյուսիսային Ամերիկա, մեծ պետությունների դռների բախում, մուրացկանություն եւ դառն հուսախաբություն: Հետո` 20 թվականի վերջը, թուրքերի վերստին ներխուժում, արագ ու վերջնական պարտություն, բոլոր ուժերի սպառում, անձնատրություն: Հետո` Հայաստանի խորհրդայնացում, նոր փախուստ, նորից թափառումներ օտար երկրներում, հաղթված ու հուսալքված վտարանդիի չարքաշ կյանք: Հետո` Լոզանի դաշնագիր - եզրափակման վերջին խոսք, գերեզմանաքար խորտակված մի ամբողջ դարաշրջանի վրա: Վերջ մի քաղաքական գծի, մի քաղաքական ծրագրի, որի կառուցման ու իրագործման մեջ որոշ մասնակցություն ունեցել եմ եւ ես, որով ապրել եմ ամբողջ 30 տարի ...

Հիմա արի ավելացրու սրա վրա այն զուտ ու նեղ անձնական ցնցումները, որոնց ենթարկվել եմ ես պատերազմի շրջանում. Հրաչյան` անհայտ կորած Ռուսաստանում, դուք երեքդ` պատերազմի մեջ: Լուրեր Հրաչյայի ձերբակալման մասին, Արամը լրջորեն վիրավորվում է Բաքվում, Աշոտը սպանվում է Ղարաքլիսում, Արամը սպանվում է Զանգիբասարում, դու գերի ես ընկնում Ղարսում, ենթարկվում ես զինվորական դատի, դատապարտվում ես տաժանակիր աշխատանքների, տեղափոխվում ես Արզրում, ուր շատերը ուղարկվեցին, բայց քչերը վերադարձան:
Եվ այդ բոլոր նոր տարիները անցել են գլխովս, տեսել եմ, ապրել եմ այդ տարիները եւ մնացել եմ կենդանի: Ոչ միայն մնացել եմ կենդանի, այլեւ պահել եմ ընդունակություն ժպտալու ու այսպիսի երկար նամակներ գրելու: Անհավատալի չէ, արդյոք: Ինչ է սա - անզգայություն, աներեսություն, թե հերոսություն: Ոչ մեկը եւ ոչ մյուսը: Գաղտնիքը նրանում է, որ մինչեւ այսօր ես մնում եմ լեցուն վառ հույսերով - եւ թերեւս այսօր ավելի, քան 15 տարի առաջ: Խորտակված եմ անձնապես, խորտակված է իմ քաղաքական գիծը, խորտակված են իմ հետեւած ուղիները, բայց ամենեւին չի խորտակված իմ կյանքին բովանդակություն տվող իղձը: Հայաստանի ազգային-պետական կյանքը կառուցվում է - ահա այն ահագին փաստը, որի հանդեպ նսեմանում է մնացածը: Կառուցվում է, եւ այդ կառուցման մեջ ես էլ ներդնում եմ իմ մի փշուր աշխատանքը: Ահա, այն գիտակցությունը, որ պահում է ինձ կանգուն: Մի ամիս հետո կլրանա իմ 65 տարին: Եվ այդ հասակում, մարմնով եւ հոգով հոգնած, ուժասպառ, ես առավոտ շտապ վեր եմ կենում անկողնուց, գնում եմ աշխատանքի, ուրախանում եմ, երբ հաջողվում է մի դրական բան անել եւ սրտանց ցավում, եթե օրս անցնում է ապարդյուն:
Ահա, սիրելիս, քո հայրիկը եւ նրա մեծ գաղտնիքը:
Հնուց սովորություն կա` նոր տարվա շեմքի վրա կաղանդել մերձավորներին, մաղթել նրանց համար ամեն տեսակի բարիքներ: Ես էլ ուզում եմ մաղթել քեզ համար, եւ ահա իմ մաղթանքը. թող դու մի գծով նման լինես ինձ, ունենաս հոգուդ մեջ մի աստված, մի սրբություն սրբոց, արժեքներից արժեք - մի բան, որը ոգեւորում է քեզ, բովանդակություն է մտցնում կյանքիդ մեջ, մղում է դեպի աշխատանք ու պայքար: Սա շատ լավ մաղթանք է: Խոսքս կտրեցի, գրածս ջնջեցի ու շարունակությունից հրաժարվում եմ, որովհետեւ նկատեցի, որ քարոզի բնույթ է առնում, իսկ քարոզը տաղտկալի բան է թե ասողի եւ թե լսողի համար: Կետ եմ դնում. Չեմ կասկածում, որ հասկացար ասելիքս: Եվ հոգնեցի արդեն:
Նամակս սկսեցի երեկ, դեկտ. 31-ին եւ շարունակում եմ այսօր, հունվարի 1-ի գիշերը: Երկարեց, որովհետեւ մի քանի տող գրում եմ ու ընդհատում, ընկնում մտքերի մեջ: Ձեռներս ու ոտներս էլ սառեցին:
Դեհ, մի կողմ թողնելով բարձր նյութերը, գրկում ու համբուրում եմ քեզ պինդ-պինդ: Հիշում եմ խոստումդ, թե շուտով կվերադառնաս Թիֆլիս ու այնտեղից էլ կանցնես Երեւան: Կարոտով սպասում եմ, թեեւ շատ էլ չեմ հավատում խոստմունքիդ: Առողջ եղեք, ղոչաղ:
Հայրիկդ
31 դեկտ. - 1 հուն. 1933
Комментариев нет:
Отправить комментарий