22.06.2013

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ



Մայր Հայաստանում կարցնելով պետականությունը՝ հայերի հոծ զանգվածները տեղաշարժվեցին Փոքր Ասիայի արևմտյան մասերը և հիմնականում հաստատվեցին դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից հայերով բնակեցված Դաշտային Կիլիկիայում ու Լեռնային Կիլիկիայում: Ու երբ այս նոր տարածքում հայկական էթնոսը հասավ գերիշխանության, անհրաժեշտություն դարձավ հայկական պետականության ստեղծումը:

    Կիլիկիայի հայկական պետությունը ստեղծվեց 11-րդ դարի վերջին քառորդում՝ բյուզանդական և սելջուկյան նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարի շնորհիվ: Ապրել է զարգացման երկու ժամանակաշրջան՝ մեծ իշխանության (1080-1198թթ.) և թագավորության (1198-1375թթ.):
   Կիլիկյան Հայաստանը գտնվում էր Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում, Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան կողմում: Տարածքը մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր էր: Հարավից Կիլիկյան Հայաստանը շուրջ 500 կմ երկարությամբ ողողում էին Միջերկրականի ջրերը:
   Մեծ իշխանության հիմնադիրը Բագրատունիների և Արծրունիների ազգական Ռուբեն Առաջինն էր, իսկ թագավորությանը՝ Լևոն Բ Մեծագործը:
    Լևոն Ա Մեծագործի թագադրման արարողությունը տեղի ունեցավ 1198 թվականի հունվարի 6-ին՝ Քրիստոսի Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիայի մայր տաճարում: Թագադրության հանդեսին ներկա էին Բյուզանդիայի, Գերմանիայի Սրբազան կայսրության, Բաղդադի խալիֆայի, հարևան այլ երկրների, Մեծ ու Փոքր հայոց պատվիրակությունները, Տարսոնի հունաց պատրիարքը, Ասորիքի ու Հայոց կաթողիկոսները, բարձրաստիճան հոգևոր այլ գործիչներ, հայոց զորաբանակը, բազմահազար ժողովուրդ: Լևոն Ա-ն օծվեց <<Թագավոր ամենայն հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավռից>>:
    Կիլիկյան Հայաստանի պետականությունը շուրջ 300 տարի Փոքրասիական այս տարածաշրջանում հայամտածողության, հայապահպանության, հայ մշակույթի վերակերտման օազիս դարձավ:

    Կիլիկիայի հայկական իշխանապետության իշխանները, անշուշտ, ունեին իրենց զինանշանները, սակայն զինանշանների առավել հավաստի օրինակներ պահպանվել են Կիլիկիայի թագավորական շրջանից՝ հիմնականում այս շրջանում հատված հայկական հայատառ դրամների վրա:
     Կիլիկիայի հայոց թագավորության հիմնադիր Լևոն Առաջինը (1198-1219թթ.) իր իշխանության օրոք հատված արծաթյա հայկական երկդրամյանի վրա ընտրել է թագակիր առյուծի պատկերը: Առյուծը գլխով դեպի ձախ է դարձած և նայում է դիտողին: Առյուծի մարմնի կենտրոնական մասում, աջից  ձախ՝ վերից վար իջնող խաչ է պատկերված: Խաչի պատկերը գծված է վերևում կարճ, ներքևում՝ երկար հորիզոնական երկու գծերով:
    Վատիկանի թանգարանում են գտնվում Կիլիկիայի Լևոն Ա թագավորի կնիքները:
    Դրանցից մեկի վրա պատկերված է գահին բազմած Լևոն Ա թագավորը: Պատմուճանի վրա կրում է արքայական թիկնոց, որի վրայի կլոր մեդիալյոնների մեջ առյուծներ են պատկերված: Որպես արքայական խորհրդանիշ՝ Լևոն Ա-ն աջ ձեռքում բռնել է խաչանիշ գունդը, իսկ ձախում՝ շուշանագլուխ մականը:
     
Մյուս կնիքի մեդիալյոնի մեջ պատկերված է գլխով դեպի աջ դարձած թագակիր  առյուծ: Առյուծը հայացքն ուղղել է դիտողին և թվում է, թե ավելի շատ տղամարդու դեմք ունի: Առյուծի պոչը Տ տառի տեսքով տնկված է վեր և ավարտվում է սրածայր զարդանշանով: Առյուծը առջևի աջ թաթով մարմնի վրա պահում է ծաչակիր գավազան, որն իշխանության նշան է:
    Փաստորեն, այս առյուծապատկերը Լևոն Ա թագավորի զինանշանն է:
    Լևոն Առաջինը, որպես պետության խորհրդանիշ, օգտագործել է նաև երկառյուծ պատկերագրությամբ զինանշան: Շրջանակի ներսում, հետևի և առջևի թաթերով շրջանագծին հենված՝ նայում են իրար: Երկու առյուծներին բաժանում և նրանց պոչի մասից սկսվում ու մինչև շրջանակի եզրը ձգվում է խաչը, որը դարձյալ հորիզոնական երկու գծով է ձևավորված: Այս պատկերը նման է Արտաշեսյանների երկարծիվ զինանշանին: Այստեղ ութաթև աստղին փոխարինում է խաչը:
    Լևոն Առաջինի երկդրամյանի պատկերագրությամբ՝ գլխով ձախ դարձած առյուծի պատկերով, զինանշան է օգտագործել նաև Լևոն Երկրորդը (1270-1289թթ.): Սակայն այս դեպքում առյուծը թագակիր չէ:
    Հայ արքաներից ուրիշ որևէ մեկըԿիլիկիայի հայոց Լևոն Բ թագավորի այն երջանկությունը չի ունեցել, որ իր ժամանակակից մանրանկարչի կողմից մի քանի անգամ պատկերվի: Մեզ են հասել Լևոն Բ-ի երեք դիմապատկերները, որոնցից երկուսի հեղինակը մանրանկարիչ Թորոս Ռոսլինն է:
     Ռոսլինյան այս երկու մանրանկարների վրա էլԼևոն Բ թագավորի հագուստի վրա պատկերված են զինանշաններ:
    Երևանի Մեսրոպ մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում պահվող թիվ 8321 ձեռագիր <<Ավետարանի>> 25ա էջում ողջ հասակով պատկերված է Լևոն Բ-ն, երբ դեռևս թագաժառանգ էր:
    Լևոն Բ-ն հագած է կապույտ գույնի պատմուճան, որի վրա կրում է կարմիր գույնի թիկնոց:

     Կապույտ պատմուճանի վրա դեղին ոսկեթելով գործված են կլոր մեդիալիոններ: Մեդալիոնների ներսում գործված է գլխով դեպի ձախ շրջված և վարգի դիրքով առյուծ: Կենդանու մեջքի միջին մասում գործված է կլոր գունդ՝ իշխանության խորհրդանիշը:
    1262 թվականին, Լևոն Բ թագավորի և Կեռան թագուհու ամուսնության առթիվ Թորոս Ռոսլինն ընդօրինակել է մի նոր <<Ավետարան>>, որի 288ա էջում պատկերված են թագավորն ու թագուհին՝ պաշտոնական հանդերձանքով: 
   Լևոն Բ թագավորը հագած է կապույտ գույնի պատմուճան և կրում է բաց ծիրանագույն թիկնոց: Պատմուճանի վրա կարմիր գույնով պատկերված են մեդալիոններ, որոնց ներսում նույն գույնով, գլխով դեպի ձախ դարձած առյուծ է պատկերված: Այն ամբողջովին կրկնում է Լևոն Բ-ի նախորդ նկարի առյուծապատկերը: Թիկնոցի վրա սպիտակ գույնով մեդալիոններ են պատկերված, որոնց ներսում գլխով դեպի աջ ու ձախ դարձած մարդու դեմքով արծիվներ են պատկերված: Մեդալիոնների առաջացրած կորագիծ քառակուսու ներսում պատկերված են պոչի վրա հենված, թևեչը մարմնից հորիզոնական դիրքով հեռացված դիմահայաց արծիվներ: Թռչունը կտուցով շրջված է դեպի աջ:
    Կեռան թագուհին հանդերձավորված է կապույտ պատմուճանով և կարմիր գույնի թիկնոցով:
    Պատմուճանը դրվագազատված է ոսկեգույն և կարմիր գույնի թելերով: Ոլորուն նախշազարդի ներսում պատկերված է պոչի վրա հենված, թևերը մարմնից ուղղահայաց հեռացրած, դիմահայաց, թագակիր, մարդու դեմքով արծիվ:
    Լևոն Բ թագավորի հագուստի վրա պատկերված առյուծը, մարդու դեմքով արծիվները կրկնում են շուրջ 200 տարի առաջ Կարսի Գագիկ Աբասյան թագավորի, Գորանդուխտ թագուհու և Մարեմ արքայադստեր հագուստի վրա եղած պատկերները և ներկայացնում  Հայոց արքայատների ժառանգորդության փաստը:
    Այստեղ շատ կարևոր է նաև գույների խնդիրը. օգտագործված են կարմիր, կապույտ, ծիրանագույն, սպիտակ գույները, որոնք համոզված ենք, Կիլիկիայի պետական դրոշի շերտագույներն են:
   Հեթում Առաջին թագավորն իր հատած դրամների վրա փոխել է առյուծի դիրքը. այն գլխով շրջված է դեպի աջ և նայում է իր պոչին: Փոխվել է նաև խաչի դիրքը. այն նույնպես սկսվում է ձախից և թեքությամբ իջնում է դեպի աջ:
    Կիլիկիայի հաջորդ թագավորները՝ Օշինը (1308-1320թթ.), Լևոն Չորրորդը (1320-1342թթ.), Կոստանդին Երրորդը (1344-1363թթ.), Կոստանդին Չորրորդը (1365-1373թթ.) օգտագործել են միատեսակ զինանշան: Նրանց դրամների վրա առյուծը, ինչպես և Հեթում Առաջինի օրոք, գլխով շրջված է դեպի աջ: Տարբերությունը միայն այն է, որ առյուծը դեմքով ոչ թե պոչի ուղղությամբ է նայում, այլ դեպի առաջ: Առյուծը պատկերված է բաց երախով: Բոլոր այս պատկերներում առյուծի թիկունքում եղած խաչը նույն տեղադրությունն ունի, ինչ որ Հեթում Առաջանի դրամների վրա: Այս բոլոր դրամների վրա խաչի պատկերը մեկ հորիզոնական գծով է պատկերված:
    Փաստորեն, Կիլիկիայի հայոց թագավորության զինանշանի վրա, բացի Լևոն Առաջինի երկառյուծ երկրորդ զինանշանից, մյուս բոլոր թագավորները (նաև՝ Լևոն Առաջինը) պատկերել են գլխով աջ կամ ձախ թեքված միայնակ առյուծ՝ որոշ պատկերագրական տարբերություններով:
   Կիլիկյան պետության Լևոն Առաջին թագավորի՝ գլխով դեպի ձախ շրջված և դեմքով դիտողին նայող առյուծի պատկերով զինանշանն օգտագործվել է թե՛ Հայաստանի Առաջին Հանրապետության, թե՛ Հայաստանի Երրորդ Հանրապետության զինանշանների վրա:
     Զույգ առյուծներ են քանդակվել նաև 1399 թվականին մահացած և Փարիզի Սեն Դնի տաճարում թաղված Լևոն Ե թագավորի տապանաքարի վրա:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 38-43, Տիգրան Հայազն 

Комментариев нет:

Отправить комментарий