15.07.2013

ՄԱՐԶՊԱՆ ՎԱՍԱԿԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ


Է. Իսաբեկյան <<Սյունյաց սեպուհի
մահապատիժը>> 1967թ
Հայերի պատմական կյանքում 5-րդ դարը հատուկ հռչակ ունի: Քրիստոնեական նորածին
լուսավորության ազդեցության տակ տեղի ունեցած ժողովրդական ոգու արագ վերելքը արտահայտություն գտավ պարսկական միապետության դեմ ուղղված այսպես կոչված կրոնական շարժման մեջ: Այդ շարժման հանդեպ ավանդա-կան հայացքը, որն անցել է այն նկարագրող պատմիչներից՝ նոր հետազոտողներին, ինձ թվում է միակողմանի և Հայաստանում իրերի իրական դրությանը չհամապատասխանող: Հնարավորություն կա 5-րդ դա¬րի իրադարձություններին տալ փոքր-ինչ այլ լուսաբանություն և պատմական այլ գնահատական:
5-րդ դարի պատերազմների պատմությունը մեզ հասել է Եղիշեի և Ղազար Փարպեցու նկարագրությամբ: Փաստերի պատկերման մեջ նրանք ընդհանուր առմամբ համընկնում են: Ինչպես նրանք են կարծում հուզման պատճառը Հազկերտ Բ-ի պաշտոնական հրովարտակն է եղել, որով հայերին առաջարկվում էր հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել մազդեզականություն: Հոգևորականությունն ու իշխանները երկրի մարզպան Վասակի հետ միասին հավաքվեցին Արտաշատ քաղաքում՝ խորհրդակցելու և պատասխան տալու համար: Նրանք վճռեցին չկատարել արքայի կամքը և զենքի ուժով պաշտպանել հավատն ընդդեմ բռնության: Վճիռը հաստատվեց փոխադարձ երդմամբ Ս. Ավետարանի վրա: Երբ ժամանեցին մոգերը և սկսեցին արծարծել սրբազան հուրը` գազազած ամբոխը նետվեց ատրուշանների վրա, ոչնչացրեց դրանք և սպանեց մոգերին: Շուտով հայտնվեց պարսից զորքը: Այդ ճգնաժամային պահին մարզպան Վասակը իր համախոհների հետ միասին անջատվեց հայերից և անցավ պարսիկների կողմը: Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ճակատամարտ տրվեց պարսից զորքին, որն ավարտվեց Վարդանի մահով: Պարսիկները բռնեցին մնացյալ խռովարարներին և դատի տվեցին: Դատավարության ժամանակ բացահայտվեց Վասակի խարդախությունը և նրան դատեցին:
Այդ տեսքով են պատմիչները մեզ  ներկայացնում հայերի ապստամբությունը 5-րդ դարում, ընդ որում՝ նրանք, որպես հոգևոր կոչման և դաստիարակության տեր անձինք, ջանում են ամբողջ պատմությանը հաղորդել կրոնական բնույթ: Իմ կարծիքով Հայաստանում հուզումները հանգչում էին առավել կենսական հիմքերի վրա: Եղիշեի մոտ պահպանված որոշ դրական տվյալներ խոսում են հօգուտ այն բանի, որ խռովությունները Հայաստանում կրում էին ոչ միայն կրոնական, այլև ընդհանրապես սոցիալական բնույթ: Ցանկանալով մնալ զեկուցման սահմաններում՝ ես չեմ շոշափում հարցի այդ կողմը և քննարկում եմ սոսկ այն հիմնական գաղափարը, որն անցկացնում են պատմիչները:
Ըստ Եղիշեի, և մասամբ ըստ Ղազարի, Վարդանը և նրա զինակիցները, որոնք ընկել են մարտում, հավիտենական փառաց և հիշատակաց արժանի սուրբ նահատակներ են: Հակառակ կուսակցությունը՝ Վասակը և նրա համախոհները, դավաճաններ և նողկալի երդմնազանցներ են: Փառասիրությունից և անձնական շահագրգռություններից դրդված՝ նրանք տեղի են տվել պարսիկների թելադրանքին, ըստ Եղիշեի, նույնիսկ ընդունել են պարսից կրոնը և գլխավոր մեղավորները հանդիսացել երկրի բոլոր աղետների համար:

Մեսրոպի կենսագիր Կորյունը խիստ համակրանքով է խոսում Վասակի անձնավորության մասին: Կասկած է առաջանում պատմիչների դատողությունների ճշմարտացիության մասին, ուստի հարկ է առավել բանական հիմքեր փնտրել Վասակի գործողություններում:
Եթե մի կողմ նետելու լինենք վարքագրական տեսակետը, որով Եղիշեն և Ղազարը դիտում են իրերը և շարադրանքից հեռացնենք կուսակցական և Վասակի նկատմամբ թշնամական ոգին, ապա իրադարձությունը մեզ կներկայանա այլ լույսի ներքո:
Հայոց իշխանները, առավել ևս երկրի կառավարիչ Վասակը, օժտված էին քաղաքական խոհեմությամբ և քաջ գիտակցում էին, որ իրենց համար անհնարին է ուժերը չափել հզորագույն մի միապետության հետ:
Արտաշատի ժողովում հարցը քննարկելիս՝ նրանք հույս էին դնում արտաքին օգնության վրա: Որոշման համաձայն Ժողովից հետո Վասակը դեսպանություն հղեց Թեոդոսիոս կայսեր մոտ, որի հետ հայերը մեծ հույսեր էին կապում: Այդ բոլորի մասին տեղեկացնում են Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչ Վասակ Մամիկոնյանին, ինչպես նաև Անտիոքի ստրատեգոս Անատոլիոսին և խնդրում նրանց աջակցությունը: Սուրհանդակներ ուղարկեցին նաև հայկական հարավային նահանգներ՝ Աղձնիք, Անգեղտուն և Ծոփք, որոնք այն ժամանակ իրենցից ներկայացնում էին Բյուզանդիայի հովանուտակ գտնվող ինքնավար սատրապություններ: Կոչեր հղեցին Իբերիա և Աղվանք, և, վերջապես, բանակցությունների մեջ մտան հոների թագավոր Հեռանի և ուրիշ լեռնականների հետ:
Վասակը և նախարարները սպասում էին դեսպանների վերադարձին: Մինչ այդ, հոգևորականությունը եռանդով հրահրում էր ժողովրդի կրքերը: Ամբոխը տեղի տվեց նրանց բոցաշունչ քարոզների ազդեցությանը, և սկիզբ առան թշնամական գործողություն¬ներ, ցույցեր ու բախումներ: Զարեհավանում խաժամուժը սրբազան կրակը ջուրը նետեց, բռնեց մոգերին և սրանց պաշտած արեգակի ծագման ժամանակ սպանեց նրանց:
Իշխաններից ոմանք առաջարկեցին Վասակին կանգնել շարժման գլուխ և հայտարարել համընդհանուր ապստամբություն: Նա դանդաղում էր: Այդ ճգնաժամային պահին լուր ստացվեց Թեոդոսիոսի մահվան մասին: Նրա հաջորդ Մարկիանոսը կտրականապես հրաժարվեց աջակցել հայերին: Անատոլիոսի և Եղ-փարիոս ասորու (ավելի ճիշտ՝ Փղորենտիոս, ինչպես Ղազարի մոտ է), Եղիշեի արտահայտությամբ՝ այդ երկու անարգ և վատթար արանց, խորհրդով կայսրը գերադասեց խաղաղություն պահպանել հեթանոսների հետ, քան թե օգնել քրիստոնյաներին: Մարկիանոսն անգամ հարկ համարեց նույն Փղորենտիոսի միջոցով այդ մասին տեղեկացնել Հազկերտին: Դեսպանության անհաջող ելքը ջարդուփշուր արեց հայերի հույսերն ու ծրագրերը և շրջադարձային կետ հանդիսացավ շատ իշխանների համար՝ նրանց գործողություններում: Կայսեր մերժումին անմիջապես հաջորդեց Հայաստանի կայսերական մասի կառավարիչ Վասակի, ինչպես նաև հարավային նահանգների սատրապների մերժումը: Չգիտես ինչու հոներին չհաջողվեց կատարել տված խոստումը: Հետագայում հայերը կշտամբում էին նրանց, որ իրենց խոսքը չպահեցին և պատերազմի ժամանակ չհայտնվեցին: Ինչ վերաբերում է Իբերիա-յին և Աղվանքին, ապա այնտեղ ուղարկված պարսկական զորաջոկատը շեղեց նրանց ուշադրությունը և խանգարեց նրանց միանալու հայերին: Ըստ երևույթին, հոներին էլ այդ զորաջոկատն էր կասեցրել:
Հանգամանքների անհաջող դասավորման հետևանքով հայերն ընկան անելանելի դրության մեջ: Այդպիսի պայմաններում խզել կապերը պարսիկների հետ և նրանց բացահայտ պատերազմ հայտարարել` նշանակում էր երկիրը տանել դեպի անխուսափելի կործանում: Վրա հասավ հուսախաբության ու տատանումների պահը: Կարծիքները տարամերժվում էին: Պարագլուխները պառակտվեցին երկու բանակի: Մի մասը կանգնած էր հանուն ապստամբության և խորհուրդ էր տալիս շարունակել սկսված գործը՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա: Մյուս մասը, հասկանալով նման հանդգնության ամբողջ վտանգը, խոհեմ էին համարում կասեցնել հետագա գործողությունները և կոծկել գործը: Առաջին կուսակցության գլուխ կանգնած էին Մամիկոնյաններն ու Արծրունիները, իսկ երկրորդի՝ մարզպան Վասակն ու Բագրատունիները: Հաշտություն չկայացավ: Տեսակետների անհամաձայնությունը շուտով վերաճեց փոխադարձ թշնամության և երկու կողմերը սկսեցին գործել տարբեր ուղղություններով և բացահայտորեն միմյանց դեմ: Վասակը կոչ կոչի հետևից էր ուղարկում երկրի բոլոր կողմերը և հուզված ժողովրդին խաղաղության և կարգի հրավիրում: Նա ՙոչ երբեք դադար էր՚, ասում է Ղազար Փարպեցին, ՙգրել նամականի առ իշխանս և շինա-կանս և քահանայս աշխարհիս Հայոց, ցուցանէր իմն բերեալս ի դրանէ ուխտս սուտս և վկայութիւնս ընդունայնս, թէ ՙԱրքայից արքայ զքրիստոնէութիւն շնորհեաց աշխարհի, և զվնաս կոտորածի մոգուցն չխնդրէ. և զապստամբութենէն ասէ, թէ ՙբնաւ և յիշեմ իսկ ոչ, միայն թէ ի բաց դառնայք ի խրատուէ և ի բանից Վարդանայ, և մի՜ կորնչիք ընդ դմա՚: Այդ նույնն է հաստատում Եղիշեն: Մարզպանի խոսքը լիովին չկասեցրեց շարժումը: Ժողովուրդը եռանդով արձագանքեց Մամիկոնյանի կոչին և շարժվեց դեպի մարտադաշտ: Հայաստանի սահմաններում պարսից զորքի հայտնվելուն պես, Վասակը, որի վրա ավելի մեծ պատասխանատվություն էր ընկած երկրի ճակատագրի համար, ներկայացավ պարսից զորավարին: Նա վեր-ջինիս աշխատում էր տարհամոզել, որ երկրում ապստամբություն է, սա¬կայն դա ժողովրդական ապստամբություն չէ, ներշնչում էր մարզ-պանը սոսկ մի բուռ մարդիկ, հրահրված Վարդանից, անկարգություններ են կատարում, նրանց հետ հեշտ է հաշիվ տեսնել և նրանց հարկավոր է հանդարտեցնել:
Վարդանը նույնպես շտապեց հանդիպելու պարսից զորքին: Արաքսից ոչ հեռու տեղի ունեցավ ճակատամարտ: Ճակատամարտի հենց սկզբում նրա զինվորությունը, որը գլխավորապես ռամիկներից էր կազմված, փախուստի դիմեց, իսկ նա մի բուռ քաջերի հետ ընկավ մարտում: Պատմիչների խոսքերով հայերի կողմից ընկավ 287 մարդ, իսկ մարտադաշտ էր հայտնվել ըստ Եղիշեի 60 000 մարդ, պարսիկների թիվը եռակի ավելի էր: Որքան էլ առասպելական են այդ թվերը, բայց ցույց են տալիս, որ մարտական ուժերը նշանակալի էին: Այդքան պատկառելի ուժերի բախումից ստացվեց զոհերի համեմատաբար աննշան թիվ: Ակնհայտ է, որ պարսիկները հայերին դիտում էին որպես խռովարարների, որոնց հարկ էր ցրել և ոչ թե կոտորել՝ որպես թշնամիների: Այդպիսով, Վասակի միջնորդության շնորհիվ, Հայաստանը փրկվեց սարսափելի կոտորածից:
Ճակատամարտից հետո մարզպանը նույն բովանդակության կոչերով վերստին դիմեց բնակչությանը, և միաժամանակ աջակցում էր պարսկական իշխանություններին զինաթափելու և հանդարտեցնելու ժողովրդին: Շուտով Վասակի տեղը նոր մարզպան նշանակեցին Ատրորմիզդին՝ հանձնարարելով շարունակելու երկրի խաղաղեցումը: Վասակը մյուս իշխանների ու հոգևորականների հետ ամբողջ գործի քննության համար կանչվեց արքունիք: Հարցաքաննության ժամանակ պարզվեցին գործի բոլոր հանգամանքները: Տուժող կողմը, առաջնորդվելով Վասակի նկատմամբ տածած ատելությամբ, մատնեց բոլոր գաղտնիքները: Ներկայացվեցին գործին վերաբերող փաստաթղթեր՝ կնքված Վասակի կնիքով: Պարզվեց, որ մարզպանը ոչ միայն խառն է խռովություններին, այլ որ դրանք ամբողջապես նրա ձեռքի գործն են: Վասակին մերկացնելով պետական դավաճանության մեջ՝ պարսիկները նրան զրկեցին բոլոր իրավունքներից և զնդան նետեցին, որտեղ էլ նա մահացավ:
Շր­ջան­ցե­լով ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը ես ներ­կա­յաց­րի սոսկ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի սխե­ման այն հա­ջոր­դա­կա­նու­թյամբ և ներքին կա­պակց­վա­ծու­թյամբ, ինչ­պես որ ես եմ հասկա­նում դրանք: Բո­լոր փաս­տե­րը ես վերց­րել եմ պատ­­միչ­­նե­րից, ո­րոնց մոտ, սա­կայն, դրանք հայ­տն­վում են այլ ե­րան­գա­վո­րու­մով: Նրանք հարկ ե­ղած ուշադ­րու­թյու­նը չեն դարձ­նում և շարադրանքում բա­վա­րար տեղ չեն հատկաց­նում դեսպանություն­նե­րի հար­ցին: Իշ­խան­նե­րի և ժողովր­դի մի­ջև տեղի ու­նե­ցած պա­ռակ­տու­մը կախ­ման մեջ չի դրվում դեսպանու­թյան սպաս­ված ել­քից: Ղա­զար Փար­պե­ցին կարծում է, որ Բյու­զան­դիա ուղարկ­ված դես­պա­նու­թյու­նը վերադար­ձի ճանա­պար­հին հա­պա­ղեց Հյու­սի­սա­յին Հայաստա­նում և չհա­սավ պա­տե­րազ­մին: Պատ­մի­չը ճիշտ չէ: Նախ և ա­ռաջ, նրա տեղեկությու­նը հա­կա­սում է Ե­ղի­շեի ցու­ցու­մին, համաձայն ո­րի հայերն ի­մա­ցան դես­պա­նու­թյան հե­տևանք­նե­րի մա­սին, բայց և այնպես վճռեցին շա­րու­նա­կել գոր­ծը` ա­պա­վի­նե­լով Աստ­ծուն և իրենց: Երկ­րորդ, Թեո­դո­սիո­սը մա­հա­­ցել է 450 թվա­կա­նի հու­լիս ամսին. Արաք­սի մո­տի ճա­կա­տա­մար­տը տե­ղի է ունեցել հա­ջորդ թվա­կա­նին, Քրիս­տո­սի հայտնու­թյան շա­բաթ օ­րը: Դեսպանությու­նը Կոս­տանդ­նու­պո­լիս էր ժա­մա­նել դե­ռևս Թեոդոսիո­սի կեն­դա­նու­թյան օ­րոք: Մեկ ամ­բողջ տա­րվա ընթացքում այն կա­րող էր հա­յե­րին հաղոր­դել իր ա­ռա­քե­լու­թյան արդ­յունք­­նե­րի մա­սին, ինչ­պես, օրինակ, Մար­կիա­նո­սը հաջողացրեց ժա­մա­նա­կին տե­ղե­կաց­նել Հազկեր­տին իր ո­րոշ­ման մա­սին:
Ե­ղի­շեն ա­ղա­վա­ղում է Վա­սա­կի կո­չե­րի ի­մաս­տը: Նա չի հավա­տում դրանց անկեղծու­թյա­նը և կար­ծում է, որ այդ կո­չե­րի հետևան­քով հա­րա­վա­յին նա­հանգ­նե­րը և Հայաս­տա­նի բյուզանդական մա­սի կառավարի­չը օգ­նու­թյան չե­կան: Նրանց մերժումի իս­կա­կան պատ­ճա­ռը բա­ցա­հայտ­վեց վե­րը:
Ար­դա­րա­ցի չէ Ե­ղի­շեն նաև իր այն պընդ­ման մեջ, որ իբր թե Վա­սա­կը և նրա համախոհ­նե­րը ու­րա­ցել են քրիս­տո­նեու­թյու­նը և մազ­դե­զա­կա­նու­թյուն ըն­դու­նել: Ա­ռա­վել անկողմ­նա­կալ Ղա­զա­րը ոչ մի տեղ ո­րո­շա­կի չի ա­սում Վա­սա­կի հա­վա­տու­րա­ցու­թյան մասին. բո­լոր մակ­դիր­նե­րը, ո­րոնք ու­ղեկ­ցում են նրա ան­վա­նը, մատնացույց են ա­նում մի­այն նենգու­թյուն, ուխ­տադր­ժու­թյուն: Վասա­կի կուսակ­ցու­թյու­նը նա բնու­թագ­րում է որ­պես մի խումբ մարդ­կանց, ՙզո­րոց՚, ինչ­պես նա է ար­տա­­հայտ­վում, ՙգի­տէր զհոլովումն ի վատթար կողմն, և ոչ ուղ­ղա­կի ի խոր­հուրդ ուխտապա­հու­թեանն՚: Փաս­տո­րեն, չի արդարա­նում նաև եր­կու պատ­միչ­նե­րի հա­մար էլ ընդ­հա­նուր principium divisionis - մասնակիցների բա­ժա­նու­մը տվյալ ուխ­տի կամ դա­շին­քի նկատմամբ նրանց ու­նե­ցած վերա­բեր­մուն­քի տե­սան­կյու­նից: Արտա­շա­տի ժո­ղո­վին մաս­նակ­ցում էր 18 իշ­խան: Նրան­ցից գործին նվիր­ված դուրս ե­կան լոկ 8 մարդ, մնա­ցյալ տա­սը հրաժար­վե­ցին մաս­նակ­­ցե­լուց և կանգ­նած էին Վա­սա­կի կող­մը: Ակն­հայտ է` դրանում չի կա­րե­լի տես­նել ուխ­տադր­ժու­թյուն, այլ՝ սոսկ հար­ցի վերավճ­ռում:
Պա­ռակ­տու­մից հե­տո Վա­սա­կին հարե­ցին ևս հինգ իշխաններ՝ Խոր­խո­ռու­նի, Գա­բե­ղյան, Ա­կեա­ցիք և Ուր­ծե­ցիք, իսկ Վարդանին՝ երե­քը - Ման­դա­կու­նի, Ռոփ­սե­նյան և Տաշ­րաց իշխան­նե­րը, ինչ­պես ե­րևում է պարսիկ­նե­րի բռ­նած նախարարնե­րի ցուցակից: Մամիկոնյան­նե­րից հե­տո շարժմանը ա­ռա­վել ե­ռան­դուն մասնակցություն բե­րե­ցին Արծ­րու­նի և Կամսա­­րա­­կան իշ­խան­նե­րը: Մամիկոնյանները սերտ կա­պե­րի մեջ էին գտնվում նաև հոգևորակա­նու­թյան հետ: Վարդա­նը Սահակ կա­թո­ղի­կո­սի թոռն էր: Հոգևո­րա­կա­նու­թյան շար­քե­րում Արծ­րու­նի­ներն ու­նեին խիստ հայտ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ ի դեմս Աղա­նի, ո­րի եղ­բայր Մե­րու­ժա­նը մտ­նում էր Թեո­դո­սիո­սի մոտ ուղարկ­ված դես­պա­նու­թյան կազ­մի մեջ: Ար­շա­վիր Կամասարական իշխանը ա­մուս­նա­ցած էր Վար­դան Մամիկոնյանի դս­տեր հետ: Մյուս իշ­խան­նե­րից խռո­վու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հատ­կա­պես աչ­քի ըն­կավ Վա­հան Ա­մա­տու­նին. նա անձնա­կան հա­շիվ­ներ ու­ներ Վա­սա­կի հետ. դրա­նից ա­ռաջ պար­սից պաշ­տո­նյա Դեն­շա­պու­հը նրան հեռա­ց­­րել էր Հա­յաս­տա­նի հազարա­պե­տի պաշ­տո­նից: Հնա­րա­վոր է, որ նա իր անկ­ման մեջ կաս­կա­ծում էր Վա­սա­կին:
Խռո­վու­թյուն­նե­րի պատ­մու­թյան մեջ Բագ­­­րա­­տու­նյաց իշխաննե­րին նրանց հզորու­թյա­նը վա­յել ու­շադ­րու­թյուն չի դարձված: Ա­մե­նաազ­դե­ցիկ նա­խա­րա­րա­կան տու­նը ե­տին պլան է մղ­ված այն պատ­ճա­ռով, որ ձեռն­պահ էր մնա­ցել հու­զում­նե­րին մասնակ­ցե­լուց: Բագ­րա­տու­նի­նե­րը նույ­նիսկ ժո­ղո­վին չէին ե­կել: Բայց երբ Վա­սա­կը ուխ­տը դր­ժեց, ա­պա Տի­րոց Բագ­րա­տու­նին հարեց նրան և օ­ժան­դա­կում էր նրա գործողություններին: Բագրատու­նի­նե­րի ազդե­ցու­թյան ո­լոր­տում գտնվող Արարատյան նա­հան­գի տար­բեր գա­վառ­նե­րի իշ­խան­նե­րը (Աբեղյան, Գա­բե­ղյան, Վա­հևու­նի, Վա­նան­դի, Աշոց­քի, Դվի­նի տերե­րը) հե­տևե­ցին Տի­րո­ցի օրի­նա­կին:
Բագ­րա­տու­նյաց իշ­խան­նե­րի գործելա­կեր­­պը ցույց է տալիս, որ հենց սկզբից հա­յոց ա­վա­գա­նու մեջ հա­մամ­տու­թյուն չկար: Այն պա­­հին, երբ տա­րա­ձայ­նու­թյու­նը պար­զո­րոշ ե­րևան եկավ և իշխաննե­րը պառակտ­վե­ցին կու­սակ­ցու­թյուն­նե­րի, Վասակը՝ երկ­րի մարզ­պա­նը, կանգ­նեց մեծամաս­նու­թյան կող­մը և վար­վեց նրա ցանկու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան:
Եր­կու պատ­միչ­ներն էլ` Ե­ղի­շեն և Ղա­զարը, վա­յե­լում էին Մամի­կո­նյան­նե­րի հո­վա­­­նա­­վո­րու­թյու­նը և նրանց հանձնարարությամբ գրե­ցին ի­րենց եր­կե­րը: Զար­մա­նա­լի չէ, որ նրանք ի­րե­րը դի­տում են իրենց հո­վա­նա­վոր­նե­րի աչ­քե­րով: Եղիշեն ուղղա­կի հայ­տա­րա­րում է, որ նա գրել է պատմու­թյու­նը այն բա­նի հա­մար, որ­պես­զի գա­լիք սե­րունդ­ներն ա­նի­ծեն ուխտադ­րուժ Վասա­կի հի­շա­տա­կը:
Նման կան­խա­կալ նպատա­կով է բացա­տր­վում այն պարագան, որ Եղի­շեն պատ­մու­թյու­նից մա­սամբ դուրս է նե­տել որոշ տար­րեր, մա­սամբ էլ վե­րամ­շա­կել է դրանք:
Ըստ Ղա­զար Փար­պե­ցու, Հազ­կերտն իր մոտ է պա­հել Վասակի եր­կու որ­դի­նե­րին իբ­րև պա­տանդ­նե­րի: Ե­ղի­շեն լռում է այդ մա­սին. ընթեր­­ցո­ղի աչ­քում այդ պա­րա­գան կա­րող էր փոքր­-ինչ մեղմել ուխ­տադ­րուժ Վա­սա­կի մեղ­քը: Ընդ­հա­կա­ռա­կը, նա հորի­նում է պատմու­թյուն, որ իբր թե Վա­սա­կը սպա­նել է իր հորեղ­բայր Վաղինա­կին և նրա­նից հափշտակել իշ­խա­նու­թյու­նը և որ նա հետապն­դում էր իր զար­­միկ­նե­րին: Ըստ Ղազա­րի, Վասակի փե­սան, ոմն Վա­րազ-Վաղան, կնոջ՝ Վա­սա­կի դս­տեր հետ վատ վարվե­լու պատ­ճա­ռով ըն­կել էր ա­նե­րոջ աչ­քից:
Վա­րազ-Վա­ղա­նը փա­խել էր Պարս­կաս­տան, ըն­դու­նել մազդեզա­կա­նու­թյուն և փոքր դեր չէր խա­ղա­ցել խռովությունների մեջ: Ղա­զա­րը նրա մա­սին ար­տա­հայտ­վում է կծու արտահայտություն­նե­րով և նկա­րագ­րում է նրա տան­ջա­լից մա­հը: Ե­ղի­շեն ա­մե­նևին չի հիշա­տա­կում նրա մա­սին. փե­սա­յի անձնավորու­­թյու­նը նրա մոտ միա­ձուլ­վում է անե­րոջ կեր­­պա­րին՝ քրիս­տո­նեու­թյու­նից նրա ու­րա­ցու­մը և մահ­վան պատ­կե­րը, ո­րը նկարագ­րում է Ղա­զա­րը, Ե­ղի­շեն փո­խան­ցում է Վա­սա­կին: Մարզպա­նի գա­հըն­կե­ցու­թյու­նից հե­տո նա­խա­րա­րա­կան իշխանությու­նը տոհմում ան­ցավ Վա­րազ-Վա­ղա­նին: Նա եր­կար չվա­յե­լեց ա­նե­րոջ նկատ­մամբ իր հաղ­թա­նա­կը և մա­հա­ցավ սոսկալի մա­հով:
ՙԱյլ աս­տէն իսկ նախ ըն­կա­լեալ յար­դար դա­տաս­տա­նեն Աստու­ծոյ զվ­ճիռ հա­տուց­ման ըստ ար­ժա­նի գոր­ծոց իւ­րոց,- ասում է Ղա­զա­րը,- քան­զի տեսիլ նշա­ւա­կի ե­ղև ա­մե­նայն տոհ­մին իւ­րոյ և գա­ւա­ռին մարդ­կան: Վասն զի ի խոր­հր­դակ­ցէն, ի դի­ւէն իւր­մէ, տանջեալ ամս բա­զումս ա­ռա­ջի ա­մե­նե­ցուն հա­նա­պա­զօր նշաւակօք, զգետնեալ փրփրէր անզգայու­թեամբ, և չկարա­ցեալ ասել, թէ մե­ղայ: Վասն որոյ գտեալ դի­ւին ա­մե­նա­թա­փուր զայրն ի խնա­մոց մարդա­սի­րին՝ յե­տոյ ա­պա սաս­տիկ և անհնարին խայտառա­կա­նօք մինչ ի բա­զում ժա­մա­նակս չա­րալ­լուկ կտտանօք զարկուց­եալ` հեղ­ձոյց: Որ և զմ­նա­ցորդս ժահահոտ չարա­համ խորտ­կին իւ­րոյ ե­թող զաւա­կին իւ­րում... Եվ այս­պէս նո­րա աս­տէն ընկա­լեալ զհա­տու­ցումն մե­ղաց իւ­րոց՝ պա­հի և անշէջ գե­հե­նոյն ի տար­տա­րո­սին՝ մատ­նել յաւի­տե­նից և ա­նանց բո­ցոյն՚:
Մո­տա­վո­րա­պես այդ­պի­սի գծե­րով Եղի­շեն նկա­րագ­րում է Վասա­կի մա­հը. ՙԵւ օր ըստ օ­րէ բե­րէին իբ­րև զգեշ ըն­կե­նուին ի մեծ հրա­պա­րա­կին, ձա­ղէին և այ­պա­նէին... Եվ իբ­րև այս­պէս յամե­նայն կող­մանց հա­րեալ վատ­թարա­ցաւ, ան­կաւ յախտս դժնդակս ան­դէն ի կա­պանսն: Ջե­ռաւ փոր նո­րա, և հա­րան և տրորե­ցան գոգք նո­րա, և քա­մեալ մզե­ցաւ թանձ­րամ­սու­թիւն նորա: Ե­ռա­ցին որ­դունք ընդ աղս նո­րա, և ի վայր սո­րե­ցին ընդ ռնգունս նո­րա. խցան լսե­լիք նո­րա, և ծա­կո­տե­ցան չարա­չար շրթունք նո­րա. լու­ծման ջիլք բազ­կաց նորա, և յետ կոյս կորացան կր­կունք ո­տից նորա: Բղ­խեաց ի նմա­նէ հոտ մա­հու, և փախստական ե­ղեն ի ն­մա­նէ ձեռ­նա­սուն ծառայք նորա: Լե­զուն միայն կայր կեն­դա­նի ի բե­րան նո­րա, և ոչ գտաւ խոստովանութիւն ի շր­թունս նո­րա: Ճա­շա­կեաց զմահ հեղձամղձուկ, և էջ ի դժոխս անհ­նա­րին դառնու­թեամբ: Ոտն­հար եղեն նմա ա­մե­նայն սի­րե­լիք նո­րա, և ոչ յա­գե­ցան սաս­տիկ հարուածովք ա­մե­նայն թշ­նա­միք նո­րա: Եւ այն, որ կա­մէրն թագաւոր լի­նել մե­ղօք Հա­յոց աշխար­հին, ոչ ե­րևե­ցաւ տե­ղի գերեզմա­նի նորա, քան­զի իբ­րև զշուն մե­ռաւ և իբ­րև զգէշ քարշեցաւ՚:
Ա­ռա­վել ճշ­մար­տա­ցի` Ղա­զարն այլ կերպ է ներ­կա­յաց­նում Վա­սա­կի մա­հը:
ՙԵւ նենգա­ւորն Վա­սակ կա­ցեալ ի դրանն ամս ինչ կա­րի վշտա­գին և նե­ղու­թեամբ բազ­մաւ՝ մա­շէր զա­ւուրս իւր հառաչելով և յոգ­ւոց հա­նե­լով... ինք­նին զիւ­րո­յին ծե­ծէր զդէմսն, ա­սե­լով. ՙԱ­հա ըն­կալ զայս ձաղսս, ա­սէր, զոր ետ բե­րել քեզ ուխտա­նեն­գու­թիւն Սր­բոյ Ա­ւե­տա­րա­նին և արիւն նահատակութեան Սր­բոյն Վար­դա­նայ Մա­մի­կո­նէի և այ­լոցն ցանկա­լի հա­ղոր­դե­լոցն ընդ նմա, ո­րոց ժառան­գեալ զյա­ւի­տե­նից կեանսն՝ ըն­կա­լան զա­նուն բա­րի յերկ­րի և անանց ազ­գաց յազգս իւ­րեանց: Իսկ դու, ա­սէ, մե­ղա­ւոր անձն իմ, կեաս խղ­ճիւ և ցաւովք մտաց զսա­կա­ւա­թիւ զա­ւուրս կեն­ցա­ղոյս, և պատրաստեալ պա­հիս մշտնջե­նա­ւոր և անանց գե­հե­նին՚:
Ըստ Ղա­զա­րի, Վա­սա­կը մին­չև կյան­քի վեր­ջը մնաց քրիստոնյա, և դրա հա­մար էլ մահ­­վան մահ­ճում նրա շուր­թե­րին զղջման խոս­քեր է դրել:
Ե­ղի­շեն նրան զր­կել է այդ մխի­թա­րու­թյու­նից ևս, քա­նի որ հավա­տու­րաց է հա­մա­րում:
Բեր­ված զու­գա­հե­ռը և ու­րիշ հանգա­մանք­­ներ հան­գեց­նում են այն մտ­քին, որ գրա­կան կապ գո­յու­թյուն ու­նի Ե­ղի­շեի և Ղազա­րի մի­ջև: Ա­նուն­նե­րի միև­նույն ցան­կե­րը միև­նույն կար­գով եր­կու­սի մոտ էլ կան: Նման ապ­շե­ցու­ցիչ զու­գա­դի­պու­թյու­նը կարե­լի է բացատ­րել մե­կի կախ­վա­ծու­թյամբ մյու­սից, և կամ նրանով, որ եր­կուսն էլ ունեցել են մեկ ընդ­հա­նուր աղ­բյուր: Կարծի­քը, թե Ղա­զարն օգտ­վել է Ե­ղի­շեից, քա­նի որ, ըստ ավանդության, ա­վե­լի ուշ է ապ­րել, հիմքից զուրկ է: Գրա­կան առու­մով Ղա­զա­րի երկն ա­վելի առաջնային է, քան Ե­ղի­շեի­նը: Մեզ հա­սած խմ­բագ­րու­թյամբ Ե­ղի­շեի պատ­մու­թյու­նը չի կա­րող բարձ­րա­նալ մին­չև ա­վե­լի վաղ ժամա­նակ, քան 6-րդ դա­րը: Եղիշեի գիր­քը կազմ­ված է եր­կու մա­սից. ա­ռա­ջի­նը նվիր­ված է պա­տե­րազմ­նե­րի պատ­մու­թյա­նը, երկ­­րոր­դը պարունակում է Ղևոն­դի և մյուս քա­հա­նա­նե­րի չար­չա­րանք­նե­րի պատ­մու­թյու­նը: Հա­յոց եկեղե­ցա­կան օ­րա­ցույ­ցում Վար­դա­նի և նրա զի­նա­կից­նե­րի և Ղևոն­դյանց քա­հա­նա­յից հիշա­տակ­նե­րը նշ­վում են ա­ռան­ձին, տար­բեր օ­րեր: Այդ օ­րա­ցույ­ցին հա­մա­պա­տաս­խան գոյու­­թյուն ուներ նաև ժո­ղո­վա­ծու, որն ամփո­փում էր օ­րա­ցույ­ցում նշ­ված բո­լոր սրբոց վար­քե­րը: Ե­ղի­շեի ներ­կա եր­կատ­ված տես­քը, ինչպես ինձ թվում է, ա­ռա­ջա­ցել է և պայ­մա­նա­վոր­ված է օրացույցա­յին նկատառում­նե­րով, այլ կերպ ա­սած, Ե­ղի­շեի եր­կը գր­ված է այդ ժո­ղո­վա­ծուի հա­մար: Բայց քա­նի որ օ­րա­ցույ­ցը և նրան համապատասխանող ժո­ղո­վա­ծուն ա­ռա­ջա­ցել են 6-րդ դարից ոչ վաղ, ա­պա և Ե­ղի­շեի պատմու­թյունն էլ, այդ տես­քով, չի կա­րե­լի վե­րա­գ­րել ա­վե­լի վաղ ժա­մա­նա­կի: Այդ դեպ­քում, եր­կու պատ­միչ­նե­րի մի­ջև կախվածու­թյան հար­­ցը կա­րե­լի կլի­ներ լու­ծել հօ­գուտ Ղա­զա­րի: Սա­կայն Ե­ղի­շեի մոտ կան ինք­նու­րույն բնույ­թի ամ­բողջ է­ջեր, ո­րոնց համար Ղա­զա­րի եր­կը իբ­րև աղ­բյուր չէր կարող ծա­ռա­յել:
7-րդ դա­րի պատ­միչ Սե­բեո­սը սեղմ բա­ռե­­րով շա­րադ­րե­լով 5-րդ դա­րի իրադարձու­թյուն­­նե­րը վկա­յա­կո­չում է ինչ-որ պատմություն. ՙայն ա­մե­նայն ի ձեռն այ­լոց գրե­ցաւ, որ­պէս ցուցանէ նոյն իսկ պատմութիւնն՚ նշում է նա: Այդ պատ­մու­թյան Վար­դա­նը կոչ­վել է Կար­միր (ՙԿար­միրն կոչեցեալ Վար­դան՚): Այդպի­սի մա­կա­նուն Վարդա­նը չու­նի ոչ Ե­ղի­շեի, ոչ էլ Ղա­զա­րի մոտ: Դրա հա­մար էլ Սե­բեո­սին հայտ­նի պատմությու­նը չի կարելի նույնաց­նել նրանց եր­կե­րի հետ: Սե­բեո­սի բա­ռե­րը` ՙի ձեռն այ­լոց գրե­ցաւ՚, ցույց չեն տա­լիս շատ հե­ղի­նակ­ներ, ո­րոնց տակ կա­րե­լի կլի­ներ հաս­կա­նալ Եղիշեին և Ղա­զա­րին, այլ  պարզա­պես նշանակում են հե­ղի­նա­կի ան­հայտ լինելը. չիմանալով կամ չցանկա­նա­լով նա չի տա­լիս հե­ղի­նա­կի անու­նը:

    Պետք է են­թադ­րել, որ գո­յու­թյուն է ունեցել հա­տուկ հին պատ­մու­թյուն` ՙԿար­միր Վար­դա­նի պատ­մու­թյուն՚ վեր­նագ­րով, ո­րը և ընկել է Ղա­զա­րի և Ե­ղի­շեի եր­կե­րի հիմ­քում: 



ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ
Հրատարակիչ՝ <<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ
Եր., 2007


Комментариев нет:

Отправить комментарий