15.07.2013

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Ծնվող յուրաքանչյուր հայ երեխա մայրական առաջին  գորովագութ խոսքերից հետո  լսում է
հայ զորավարների, հայոց  պատմության վերելքների ու վայրէջքների մասին: Եվ բոլոր պատմությունների մեջ ամենամեծ ակնածանքով տրվում են Հայոց  աշխարհի պաշտպանության վահան դարձած Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչների անունները: Թե այս բնիկ հայկական ազնվական տոհմը ինչպիսի հերոսներ է ծնել, բավական է հիշել Վասակի, Մուշեղի, Մանվելի, Վարդանի, Վահանի, Վարդի, Դավթի, Գրիգորի անունները:
    12-րդ դարի վերջերին, Միջին արևելքում, Բյուզանդիայում, Վրաստանում ցրված Մամիկոնյան նախարարական տոհմի ճյուղերից մեկը հաստատվել է պատմական Գուգարքում, ներկայիս Դսեղ գյուղում: Այս նոր իշխանական տան հիմնադիրը թեև Սարգիս Մամիկոնյանն էր, բայց նրա պապի՝ Համազասպի անունով տոհմը երբեմն Մամիկոնյանին զուգահեռ կոչում են Համազասպյան:
    Իշխանատիրույթը փոքրերից է: Այն միավորում էր ընդհամենը Դսեղ, Մղարթ, Կարմիր քար, Կկվաշեն, Ծաղկուտ, Իգատակ բնակավայրերն իրենց շրջակա հողերով:
   Իշխանատան հիմնադիր Սարգիս Մամիկոնյանն ակտիվորեն մասնակցել է Հայաստանի ազատագրության համար Զաքարյան եղբայրենրի մղած կռիվներին և 1201 թվականին, հավանաբար, Բջնին  գրավելու համար մղած մարտերում զոհվել է ու մեծ շուքով թաղվել Զաքարյան տոհմի ընտանեկան հանգստարանում՝ Սանահինի վանքի գավթում: Նրա գերեզմանին մի հոյաշուք խաչքար է կանգնեցվել:
    Այս իշխանական ընտանիքը խնամիական կապերով կապված էր միջնադարյան Հայաստանի անվանի իշխանական տների՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Զաքարյանների, Ուքանանց, Դոփյանների հետ: Ընտանիքի որոշ անդամներ եղել են Զաքարյանների զորավարները (Սարգիս Ա, Համազասպ Գ, Մամիկոն Գ), մի քանիսը նվիրվել են հոգևոր ծառայության, եղել են Հաղպատի (Համազասպ եպիսկոպոս), Հովհաննավանքի (Համազասպ և Ներսես եպիսկոպոսներ) առաջնորդներ: Զաքարյաններին մատուցած ծառայությունների համար հողային կալվածքներ են ստացել Ուրծ գավառում, Խաչենում:

    Մամիկոնյան-Համազասպյան իշխանատունն իր իշխանանիստ մայրաքաղաք է դարձել Դսեղ գյուղը, իսկ հոգևոր կենտրոնը՝ Դսեղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարց  գետակին հարող ձորալանջին կառուցած Բարձրաքարշ Սուրբ Գրիգոր վանքը:
   Մամիկոնյան-Համազասպյան տան ներկայացուցիչների շինարարական գործունեության արգասիք են Դսեղ գյուղի Լուսավորիչ եկեղեցին, Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանական համալիրը, տասնյակ  բարձրակարգ խաչքարեր, Դեբեդ գետի վրա 1247 թվականին կառուցված կամուրջը: Առավել ընդգրկուն է այս իշխանատան ներկայացուցիչների մշակութանպաստ գործունեությունը: Տասնամյակների է հասնում այն ձեռագրերի թիվը, որ պատվիրել են Դսեղի Մամիկոնյանները: Դրանցից Հովհաննավանքի առաջնորդ Համազասպ եպիսկոպոս Մամիկոնյանի պատվիրած ձեռագրերից միայն վեցն են հասել մեր օրերը և այժմ գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում:
  14-րդ դարի կեսին Մամիկոնյան-Համազասպյան իշխանատունը հեռացավ պատմության թատերաբեմից, սակայն նրանց հաջորդները շարունակեցին ապրել Դսեղում:
   Մամիկոնյան նախարարական տոհմի զինանշանի մասին հավաստի տեղեկություններ չկան: Բայց ահա Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան իշխանատան զինանշանը պահպանվել է:
   Դսեղ գյուղի Լուսավորիչ եկեղեցին ավելի վաղ շրջանի կառույց էր, բայց գյուղին տեր դառնալուց հետո՝ Սարգիս Մամիկոնյանը կամ նրա անմիջական հաջորդ Սմբատ Ա-ն, 1200 թվականին բազիլիկ, միանավ եկեղեցին վերակառուցել են: Եվ վերակառուցման ընթացքում էլ հարավային ավանդատան արևելյան ճակատին, պատուհանի  պսակից վերև տեղադրել են իրենց զինանշանը: Ուղղանկյուն քարի վրա քանդակված է դիմադարձ երկգլխանի արծիվ, որը ճանկերով պահում է գառան մարմինը: Հարթաքանդակը թեև բավականին հողմահարված-մաշված է, մանրամասները չքացել են, բայց արծվի պատկերը լավ երևում է:
    Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքային համալիրի գավթի արևելյան պատին հնգանիստ ծավալի կենտրոնական ճակատին, պատուհանից վերև մնում է նույն զինանշանի անխաթար օրինակը: Գավթի կառուցումն ավարտվել է 1247 թվականին: Այդ նույն ժամանակ էլ քանդակվել է զինանշանը. նույն երկգլխանի արծիվն է: Թռչունի գլուխները պատկերված են իրար նկատմամբ հակադիր դիրքով, գլխի վերնամասերը լավ տեսանելի են, վիզը ձևավորված է  եղևնանախշով: Թևերը վերնամասում պարույրաձև գալարներով շրջան են կազմում և իջնում են ներքև՝ մինչև ճանկերը, որոնք խրված են գառան ողնաշարի մեջ և պինդ պահում են կենդանուն պոչի վրա: Գառը, ինչպես և Լուսավորիչ եկեղեցու պատկերում, ուղղորդված է գլխով դեպի ձախ և դեմքով նայում է դիտողին: Աշխատանքը թեև իրականացված է առանց ավելորդ պաճուճանքների, սակայն քանդակագործական կատարյալ գլուխգործոց է:
    Դիտարկելով Դսեղի Մամիկոնյանների զինանշանը՝ համոզված կարելի է պնդել, որ այն անպատճառ կապ ունի Մամիկոնյան տոհմի նախորդ շրջանի պատկերացումների, տոհմում ավելի վաղ գործածված զինանշանների հետ: Հավանաբար, իրենց զինանշանով Մամիկոնյան-Համազասպյան տան ներկայացուցիչները հաստատում են, որ իրենք աչալրջորեն հսկում են Մայր Հայաստանի սահմանները և նրա հողին աչք ունեցողներին կճռմեն գառան պես:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 61-64, Տիգրան Հայազն 

Комментариев нет:

Отправить комментарий