20.08.2013

ՀԱՍԱՆ - ՋԱԼԱԼԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Հայոց Արևելից երկրամասը՝ պատմական Արցախը, իր բարձրագահ լեռներով, իր ազատատենչ որդիների ուխտով, երբևէ գլուխ չի խոնարհել որևէ նվաճողի առջև: Թշնամիներն արնախում գայլերի պղտոր գետի պես եկել են Արցախի վրա, բայց ծեծված, թրջված կատվի նման՝ պոչները ոտքերի մեջ առած, գլխապատառ փախել են, որ կարողանան փրկվել:
    Երկրամասի իշխանավոր տերեը, որ սերում էին Հայկյան տոհմի Առանշահիկներից, թշնամիների  դեմ մղած դարավոր կռիվներում մաս-մաս կորցրեցին հայրենի հողերը հյուսիսում, արևելքում, բայց 11-րդ դարի կեսերին, երբ Մայր հայրենիքում թշնամիների հարվածներից  կորսվեց անկախությունը, Արցախ աշխարհում այն կարողացան պահել:
   12-րդ դարի երկրոդ կեսին Ներքին Խաչենում իշխում էր Վախտանգ-Տանգիկը: Նրա իշխանատիրույթի մայրաքաղաքը Խոխանա բերդն էր, իսկ իշխանատոհմի հոգևոր կենտրոնը՝ Գանձասարը:
    12-րդ դարի 80-ական թվականներին Զաքարյան Սարգիս Բ-ն, սկսելով Հայաստանի անկախության համար պայքարը, դեռևս իրենց անկախ կամ կիսանկախ վիճակը պահպանած հայ իշխանների ուժերը միավորում էր ոչ միայն քաղաքական ճանապարհով, այլև ազդեցիկ իշխանական տների հետ խնամիական կապեր հաստատելով: Նա իր դուստրերից Դոփին ամուսնացրեց Վերին Խաչենի իշխանաց իշխան Հասան Ա-ի, Վանենուն (հայտնի է նաև Նանա անունով)՝ Լոռու Կյուրիկյան Աբաս թագավորի, Նրջիսին՝ Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան իշխանական տան իշխանազուններից մեկի հետ, իսկ Խորիշահին կնության տվեց Ներքին Խաչենի իշխան Վախտանգ-Տանգիկին:
   Վախտանգ-Տանգիկի և Խորիշահի որդին ու իրավահաջորդը նրանց ավագ որդին՝ Հասան-Ջալալն էր: Նա հորը հաջորդեց 1214 թվականին: Հայրենասեր իշխանապետի գործունեության սկզբնական 20 տարիներին, մինչև մոնղոլ-թաթար նվաճողական արշավանքները, բարձրացավ իշխանատիրույթի տնտեսական հզորությունը, ծավալվեց մշակութային աննախընթաց վերելք: Հասան-Ջալալը մեծ խորաթափանցությամբ ճկուն քաղաքականություն ծավալեց թաթար-մոնղոլների տիրապետության շրջանում և հիմնականում զերծ պահեց իր իշխանատիրույթն ավերածություններից: Մոնղոլ նվաճողների բարեհոգի վերաբերմունքին արժանանալու նպատակով՝ նա 1236 թվականին իր դուստր Ռուզուքանին ամուսնացրեց մոնղոլ զորավար Չարմաղանի որդի Բորա-Նոյինի հետ:
    Մոնղոլների իշխանության հաստատումից հետո՝ 1230-ական թվականների վերջերից, Հասան-Ջալալը դուրս է բերել իր իշխանատիրույթը Զաքարյան Ավագի ենթակայությունից, այն դարձրել ինքնօրեն վարչական միավոր՝ հարկատու ուղղակի մոնղոլներին: Հասան-Ջալալն ինքն իրեն կոչում է <<ինքնակալ բարձր ու մեծ Արցախական աշխարհի, ինքնակալ Խոխանաբերդի>>: Ժամանակակից հիշատակությունների մեջ Հասան-Ջալալը պատվվում է <<ինքնակալ>>, <<արքա>>, <<բարեպաշտ արքա>>, <<թագավոր>> տիտղոսներով, որոնք բնավ էլ ձևի համար չեն օգտագործվել, այլ տրվել են Արցախական աշխարհի կողմակալ Հասան-Ջալալին:

    Հասան-Ջալալի շինարարական գործունեության գլուխգործոցը Գանձասարի վանքն է: Հոյաշեն այս կառույցը համարվում է համաշխարհային մշակույթի գանձարանը մտած հայկական հինգ ճարտարապետական հուշարձաններից մեկը, հայ ճարտարապետության հանրագիտարանը: Կաթողիկե եկեղեցու կառուցումը 1216 թվականին սկսել են Հասան-Ջալալը, մայրը՝ Խորիշահը, կինը՝ Բաղաց թագավորի դուստր Մամքանը: 22 տարի է տևել շինարարությունը: Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1240 թվականի հուլիսի 22-ին, Վարդավառի տոնի օրը, բազմահազար հյուրերի մասնակցությամբ:
    Հասան-Ջալալի տոհմի զինանշանի մասին ոչինչ հայտնի չէ: Իսկ ահա իր՝ Հասան - Ջալալի զինանշանը, փորագրված է Գանձասարի գավթի հյուսիսային մուտքի վերևում, շրջակալի երկու կողմերում: Պատկերված են դեպի իրար կողմ շարժվող երկու առյուծներ: Կենդանիները պատկերված են կողքից՝ հարթաքանդակ եղանակով: Քանդակագործն ընգծել է կենդանիների իշխանատենչ, կամային հատկանիշները, որոնք արտահայտված եմ բացված երախով, կատաղի աչքերով, դեպի վեր ցցված պոչերով, սուր մագիլներով: Պետք է նկատել նաև, որ եթե չլինեն կենդանիների վզի ակոսավոր փոսիկները, որոնք ներկայացնում են առյուծների բաշերը, նրանց կարելի է շփոթել ցանկացած կենդանու, հատկապես գայլերի հետ, քանի որ անհավաստի են պատկերված առյուծների գլուխները: Իրար մոտեցող առյուծները հայր ու որդի Հասան-Ջալալն  ու Աթաբեկն են: Անգամ համոզված կարելի է պնդել, որ Հասան-Ջալալը ներկայացված է ձախակողմյան պատկերում, որտեղ առյուծի դիմաց փորագրված է վեցթև աստղ՝ իշխանության նշանը:
   Զույգ առյուծների այս պատկերը, հավանաբար, դաջված է եղել նաև Հասան-Ջալալի դրոշին, իսկ հետագայում փոխանցվել է Աթաբեկին:


<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 86-86  Տիգրան Հայազն

Комментариев нет:

Отправить комментарий