08.08.2013

ՀԱՅԵՐԸ ԵՒ ԻՐԵՆՑ ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿԸ


Հայերը չկարողացան ազգագրօրէն միացեալ մի ամբողջականութիւն ստեղծել իրենց բարձրաւանդակում: Արտաշէս Ա.ի եւ Տիգրան Մեծի հայացման քաղաքականութիւնը համաբարձրաւանդակային չափանիշով թերի մնաց: Իրանական վաչկատուն ցեղերն աստիճանաբար նստակեաց դարձան յատկապես երկրի հարաւարեւելեան շրջաններում: Որքան էլ հայ պատմագիրները մինչեւ Թովմաս Մեծոփեցի (ԺԴ.-ԺԵ. դար) Հայաստանի սահմաններում չեն ուզում քիւրտերի գոյութեան մասին յիշատակութիւն անել, այնուամենայնիւ աշխարհագրական մի շարք անուններ (ո՜չ միայն Կորդուք, այլեւ Մարակերտ, Մարդաղի, Վրնջունիք, Խոչակունիք, Մարաթուկ եւն., եւն.) վկայում են, որ նրանք մեր երկրում ապրելիս են եղել` իսլամից առաջ: Դարձեալ Խորենացու ՙՎիշապազունք՚-ը ենթադրել է տալիս, որ հնուց ի վեր Մասիսը բնակւելիս է եղել քիւրտերով, իսկ արաբական պատմագրութիւնը, Հաբիբ Մասլամայի դէպի Արտաշատ կատարած արշաւանքի առիթով, Արարատեան դաշտում մատնանշում է մի ՙՆահր էլ - Աքրատ՚, որ նշանակում է ՙՔիւրտերի գետ՚:
Երկրի ներսում, ինչպէս Աղձնեաց Սասուն լեռնավայրում եւ եզերական նահանգներից Տայքի, Ուտեաց, Փայտակարանի եւ Արցախի այլեւայլ մասերում խալդ-ուրարտական-ալանական ցեղերի հայացման առաջընթացը մինչեւ Թ. դարը դեռեւս չէր յանգել կատարեալ ձուլման: Բնորոշ է, որ այս նորադարձ ՙհայերի՚ որոշ զանգւածները Փայտակարանում, Ուտեաց եւ Արցախի դաշտային մասերում, ԺԱ. դարից սկսած` կամաց-կամաց ձուլւեցին թաթարներին եւ դարձան շաղախ կովկասեան Ատրպատականի թաթարական ազգութեան: Տայքի բնակիչների մի մասը իսլամանալով մերւեց աջարացիներին եւ լազերին, իսկ Բարձր Հայքին մերձակայ վայրերում (յատկապէս Սպեր, Խոտրջուր, Թորթում) բնակւող հատւածը օսմանեան տիրապետութիւնից յետոյ, ուղղակի թուրքացաւ: Նոյն ճակատագրից զերծ չմնաց անգամ Սասունը, ուր խալդական ծագում ունեցող մի շարք ցեղախմբեր նետւելով իսլամի գիրկը` միացան քրտական ազգային օրգանիզմին: Աւելորդ է խօսել Չորրորդ Հայքի Փոքր Ծոփք (Դերսիմ) գաւառի ՙարմենօիդ՚ ցեղին պատկանող ղըզըլբաշների մասին:
Այս հայաստանակործան աղէտը սրւեց յատկապես իսլամի ներխուժումով, եւ սրանով առանձին թափ ստացած հայկական արտագաղթերով:
Հայկական արտագաղթը նախ սկսւեց Արշակունիների անկումից յետոյ` դեպի Յունական Հայաստան: Նա զանգւածային բնոյթ ստացաւ Է. դարից, երբ Մամիկոնեանների վերջին փորձը` համահայկական շարժումով կասեցնել արաբական առաջխաղացութիւնը` լայն արձագանգ չգտաւ նախարարների մօտ եւ Տարօնի դրան առջեւ յուսահատ մաքառումի մեջ ընկաւ Մամիկոնեան վերջին սպարապետը: Հայկական արտագաղթի ալիքներն ողողեցին Փոքր Հայքը, Կապադովկիան, ՙարմենական թեմ՚-ի մարզը, Բիւզանդիոնը եւ կայսրութեան բոլոր մասերը` Թրակիայից մինչեւ իտալական թերակղզի եւ մինչեւ Հիւս. Ափրիկէ: Բայց Հայաստանի համար առանձնապէս ճակատագրական եղաւ ԺԱ. դարը, երբ կործանւեց Բագրատունեաց հարստութիւնը եւ հայոց քաղաքական դրօշը տեղափոխւեց Կիլիկիա: Այդ օրից Հայկական Բարձրաւանդակը իր որդիների համար դարձաւ դժոխք - մէկ կողմից հայոց արտագաղթի նորանոր ալիքներ, միւս կողմից` անկաշկանդ ներխուժում թաթարների - որոնք բռնեցին երկրի հիւսիս-արեւելեան եզերական դաշտերը եւ քիւրտերի, որոնք հարաւից առաջխաղալով նւաճեցին Բարձրաւանդակի լեռնագօտիները եւ կոները: Քիւրտ-թաթարական բռնագրաւումները քաղաքական մասնաւոր սիստեմ դարձան պարսկա-օսմանեան պատերազմների շրջանում. երբ թուրքերը պարսիկների ցեղակից սիւննի քիւրտերն էին զետեղում Հայաստանում, իսկ պարսիկները` թուրքերի ցեղակից շիա թաթարները: Սրանց վրայ, յատկապէս Բարձրաւանդակի արեւմտեան մասում աւելացան ե՜ւ օսմ. թուրքերը: Երբ սկսւեց հայ յեղափոխութիւնը, Հայկ. Բարձրաւանդակն արդէն բնօրէն վիճելի դարձած էր ո՜չ միայն քրիստոնէութեան եւ իսլամի, այլեւ հայերի, քիւրտերի եւ թուրք-թաթարների միջեւ: Քսաներորդ դարում հայերն ապրեցին իրենց պատմութեան ամենաահաւոր մարտիրոսագրութիւնը: Հայաստանի մեծագոյն մասում ջախջախւեց քրիստոնէութիւնը, որից յետոյ ժամանակի ոգին կշիռ տւեց ազգային-ցեղային գործօնին: Շիա թաթարները սկսեցին հոգեպէս բաժանւել պարսիկներից եւ կապւել թուրքերին, սիւննի քիւրտերը հակւեցին հայերին եւ պարսիկներին: Հայկական Բարձրաւանդակի պայքարը այ-սօր ստանում է նոր բնոյթ: Իրերի զարգացումով, կրօնների մոլեգին բախումը տեղի է տալիս ցեղերի լինել-չլինելու պայքարին:



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Մի՞թէ Հայկական Բարձրաւանդակն ու հայ ցեղը արժանի էին այս ճակատագրին: Մի՞թե այդ առաջընթացն անխուսափելի էր:
Այո՜, ասում է ցեղօրէն ան-ՙես՚ մարդը, իրապաշտը, քաղաքաբանողը, նւաստը, խելօքը:
Չկայ աւելի վնասակար յիմարաբանութիւն, քան ՙիրապաշտական՚ կոչւած կիսամտածումը: Իրապաշտը նա է, ո՜վ չգիտէ անցեալը տառապելով ապրել, ո՜վ գտնւում է ներկայի կոպիտ փաստերի ազդեցութեան տակ, ո՜վ չգիտէ կռահել եւ տեսանել ապագան: Ով ժամանակի մի մասով է ապրում` նա յաւիտենականութեան տիպ չէ, նա ամբողջական էակ չէ, նա մարդաբեկոր է, հոգեւոր թզուկ: Հայաստանի կործանման բուն պատճառներից մէկը հանդիսացաւ հայ ժողովրդի մէկ մասի կոպիտ ներկայապաշտութիւնը, ՙռէալիզմը՚: Դեռ այսօր էլ շատ հայեր հպարտանում են իրենց մտքի այդ տխուր առաքինութեամբ: Ես ՙռէալիստ՚ եմ եւ գտնում եմ, որ Հայաստանը այլ ճակատագիր չէր կարող ունենալ, որ գաղութում բացի մեր ազգային մշակոյթը եւ համրանքը պահելուց այլ բան չենք կարող անել, որ առանց մեծ մի ոյժի աջակցութեան Հայաստանի վերանւաճման մասին խօսք լինել եւն., եւն.: Այսպէս է դատում ՙռէալիստ՚-ը, առանց մտածելու, որ Հայաստանը կարող էր այլ ճակատագիր ունենալ, որ գաղութներում ո՜չ մէկ ազգային մշակոյթ կարող է զարգանալ եւ ո՜չ մէկ համրանք պահւել, որ առանց ռազմաքաղաքական ոյժ ներկայացնելու` ո՜չ մէկ պետութիւն կարող է մեզնով հետաքրքրւել: Հայկական ՙռէալիզմ՚-ը միշտ էլ եղել է եւ է՜ մեր ժողովուրդի տկարութեան պոչը, որ միշտ էլ քամւել է օտարից եւ արիւնոտւել. նա մի՜շտ էլ հոգեւոր մուր է ցանել մեր կեանքի վրայ եւ ստւերոտել մեր պատմութիւնը: Հայոց ողբերգութիւնը պայմանաւորւում է այս ազգի մանր, միայն առօրեայի իմաստով գործնական խելքով: Դարեր անընդհատ հայը ճարտարօրէն հաց հանեց իր բարձրաւանդակից եւ կշտացրեց իր ոսոխներին, մի վայրկեանով վտանգից խուսափելու համար` նա վար իջաւ իր լեռներից եւ երկրի ռազմագիտական կէտերը յանձնեց քիւրտերին, մի վայրկեանով աւելի հանգիստ ապրելու համար` նա բռնեց արտագաղթի ճամբան:

Ինչո՞ւ այսպէս եղաւ:
Հայը երկու բան չըմբռնեց - իր բարձրաւանդակի արժէքն ու խորհուրդը եւ Մամիկոնեանների ցեղային կանչը:
Հայկական Բարձրաւանդակը - իրօ՛ք դա ճանապա՞րհ է, ասպատակող ցեղերի կարաւանների ուղի՞, ինչպէս կրկնում ու թոթովում է պարտւողական հայը, ՙռէալիստ՚-ը: Ո՜չ, հազար անգամ ո՜չ: Դա` նախ եւ առաջ բնական վիթխարի մի բերդ է եւ անառիկ բերդ: Օժտւած հսկայակարկառ լեռնապատերով եւ բազմաթիւ վսեմատիպ կոներով` աշխարհը կարող էր զարկւել նրան եւ փշրւել. եթէ ցեղի ոգին խօսէր այդ տիտանական բարձունքներից: Գէոսոֆիական բարձր մի ճշմարտութիւն է, թէ աշխարհագրօրէն ամբողջական մարզերը ներկայացնում են բնական մի անհատականութիւն: Բնական անհատականութեամբ օժտւած երկրներում կենսաբանօրէն առողջ մի ցեղ կարող է քաղաքական ուրոյն նկարագիր ստեղծել, որ ասել է` ո՜չ միայն ինքնապաշտպանւել, այլեւ` աշխարհակալել: Հայկական Բարձրաւանդակը բնական մի անհատականութիւն է, ինչպիսիք են, օրինակ, Իրանը, Կենտրոնական Ռուսաստանը, Բրիտանական Կղզիները եւն.: Իւրաքանչիւր բնական անհատականութիւն ունի իր բնաբեւեռը եւ իր բնակորիզը: Եթէ այս կորիզը ազգագրօրեն ամբողջական է եւ տւեալ ազգը կենսա-հոգեբանօրէն առողջ` նրա քաղաքական ոյժի ծաւալումը դառնում է անխուսափելի. ազգօրէն առողջ օրգանիզմները մի՜շտ էլ ծաւալւում են: Եթե այդ բնակորիզն ազգագրօրէն խոցւում է եւ տւեալ ազգը ի վերջոյ կործանւում` գիտցէք, որ նա կենսաբանօրէն եւ հոգեբանօրէն փտախտաւոր մի ընկերութիւն է եղել, ընկերային մի հաւաքոյթ միայն եւ ո՜չ թէ ցեղակամ եւ առողջ մի օրգանիզմ. ազգօրէն հիւանդոտ օրգանիզմները մի՜շտ էլ կծկւում են:
Այո՜, ահագին առաւելութիւնների հետ, Հայաստանի բնութիւնն ունի մի քանի թերութիւններ. օրինակ, իր գետային կենտրոնախոյս սիստեմը, իր լեռնագօտիների ներանջատական մոլուցքը, իր եզերական կիրճերը: Հակահոս գետերը միշտ էլ առաջ են բերում տնտեսական եւ քաղաքական պառակտում: Օրինակ, Գերմանիոյ եւ Աւստրիոյ անջատումը պայմանաւորւում է Հռենոս - Էլբա - Օդեր - Շպրէի (միով բանիւ հիւսիս-արեւմտընթաց ջրերակների) եւ Դանուբի (հարաւ-արեւելընթաց) հակահոս ընթացքով: Բայց ցեղերի հանճարը նրանում չէ, որ նրանք յարմարւեն միջավայրի բնական պայմաններին, այլ որ այս պայմանները պատշաճեցնեն իրենց գոյութեան:
Հայութեան ցեղօրէն արթուն տարրի մէջ պատմական ամբողջ անցեալում նկատելի է պատշաճեցման այս ճիգը: Արաքսն ու Արածանին հակահոս են, բայց Այրարատն ու Տարօնը չշեղւեցին համահայկական ուխտից - եւ հայոց պատմութեան միակ փայլուն գիծը Տարօնի հայրենանւէր զինակցութիւնն է Այրարատին: Եւ այսքանը միայն: Ինչո՞ւ նոյն ոգին չիշխեց բովանդակ բարձրաւանդակում: Ինչո՞ւ հայը չկարողացաւ յաղթահարել իր գետերի քմահաճոյքը, իր երկրի ներանջատական բնութիւնը:

Պատճա՞ռը.

Հայը չհասկացաւ Մամիկոնեանների ցեղային կանչը: Նա ապրեց աւելի իբր ժողովուրդ, քան թէ իբր ցեղ:
Առաջին հայ անունը, որ յիշւում է Դարեհի արձանագրութեան մէջ, դա Դատարսէսն է, ՙԴարեհի ծառան՚, այսօրւայ ըմբռնումով` ՙռէալիստ՚ հայը:
Դաւեր Տիգրան Մեծի շուրջը - գարշապարից եւ թիկունքից, որդիներից եւ ազգականներից:
Արշակունիները չկարողացան ազատւել, Փաւստոսի որակումով` ՙշնաբերան՚ Փիսակներից, Հայր Մարդպետներից, Մերուժաններից:
Եղիշէի ասելով` իդէալիստ Մամիկոնեանների հետ Հայրենիքի համար ոտքի ելած ՙուխտապահ՚ բանակի թիւը 66 հազար էր միայն, մինչ ռէալիստ հայերը 60 հազարով խախտեցին ազգային ուխտը:
Մամիկոնեանների վերջին օրհասական կանչին արաբների դէմ` փոխանակ 180 հազար հայերի` արձագանքեցին միայն 18 հազար:
Եւ վերջապէս մօտաւոր անցեալում ճրագով չէի՞ն փնտրւում հայդուկները եւ ամէն քայլափոխում չէի՞ն հանդիպում ռէալիստը, կրաւորականը, անտարբերը, ծաղրածուն, ողբերգուն, սարսափահարը, շահամոլը, խորամանկը, վախկոտը, հաշւետեսը եւ դաւաճանը:
Այսօ՞ր. այսօր սակա՞ւ են նրանք, որոնք ո՜չ միայն ցեղի կանչից են սարսափում, այլեւ ՙցեղ՚ բառից:
Մարդն իր համար ճակատագրական մի անասուն է, կենդանական մի անցում, եւ նրա գոյութիւնը արժէք է ստանում միմիայն աստւածայինի հետ հաղորդակից դառնալու տենչով:
Մենք չենք ճանաչում այլ կերպ եւ կամուրջ մարդու եւ Աստծու միջեւ, քան ցեղը:
Ցեղը` դա ո՜չ միայն Աստուծոյ շունչ է, այլեւ յաւիտենականութեան ուղի:
Կարելի է եւ առանց ցեղզգացութեան ապրել, բայց երբե՜ք ստեղծագործել յաւիտենականութեան ճամբին, որով եւ պատմութիւն երկնել:
Հայոց պատմութիւն - դա երկունքն է արմենական ցեղի ոգու: Հայկական Բարձրաւանդակի ճակատագիր` դա հետեւանքն է` հայ ժողովրդի հոգեւոր ցեղաթափութեան: Ի՞նչ ես մտածում, տարագի՛ր հա՜յ:
Դեռեւս դու շարունակում ես մնալ կէս-ժողովուրդ, կէս-ազգ, կէս-ընկերվարական, կէս-աշխարհաքաղաքացի փերեզակ:
Դեռեւս դու կէս-ՙԵս՚ ես, կէս-մարդ, կէս-բարի եւ կէս-չար:
Դու անկայուն ես, քմահաճ եւ փխրուն. դու դեգերում ես քեզնից դուրս, դու կորցրել ես ինքդ քեզ:
Ի՞նչ ասաց մարդկային հանճարը. Գէոթէն ասաց.
ՙԿազդուրում դու ձեռք չես բերի, եթէ նա չի բղխում սեփական հոգուց՚:
Զննե՞լ ես հոգուդ խորին անդունդները, տեսնելու, թէ ի՛նչ կազդուրիչ ոյժեր կան այնտեղ քնած:
Գիտե՞ս ինչ բան է ցեղը - ոգուդ այդ ովկիանը` անծանօթ:
Մի օր խռովե՞լ ես այդ ովկիանը, նայե՞լ ես երկնքին եւ գոյութեանդ ամբողջ ոյժով զարկե՞լ ես հոգուդ կայծքարը:
Լսե՞լ ես Մամիկոնեանների կանչը, դարձե՞լ ես զայրոյթի աղաղակ. ՙԱրթնացի՛ր, Հայաստա՛ն՚:
Երբ հովիւն է քնած` գայլը կը գրաւի փարախը:
Ցեղը քնած մնաց եւ Հայկ. Բարձրաւանդակը դարձաւ թշնամու տուն:
ՙԱրթնացի՛ր, Հայաստա՛ն՚: Գիտե՞ս ինչպէս է արթնանում խայթւած հպարտութիւնը, ինչպէ՞ս յանկարծօրէն մոխիրի տակից բորբոքւում է կրակը:

Կորա՞ծ է այլեւս Հայկական դատը. աշխարհը կարող է ասել` այո՜: Բայց մենք կասենք - Հա՜յ, տո՜ւր ցեղօրէն արթնացած մի սերունդ, զարկող ու զարկելով ստեղծագործող մի սերունդ, եւ պատմութիւնը քեզ պիտի վերադարձնի քո երկիրը:

ՙՑեղ եւ Հայրենիք՚, 1936թ., թիվ 2





Комментариев нет:

Отправить комментарий