08.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՉՈՐՍ ԾՈՎԵՐԻ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ


ՍԱՐԴՈւՐԻ Բ

Վանի թագավորության հզորությունը շարունակվում է նաև Արգիշտի Ա-ի հաջորդի` Սարդուրի Բ-ի օրոք (Ք.ա. 764-735թթ.)(Սարդուրի Բ-ի գործունեության մասնակի վերականգնմանն օգնում են ինչպես ՙՍարդուրյան տարեգրության՚ առանձին հատվածների տվյալները, այնպես էլ ասորեստանյան աղբյուրներից ստացվող տեղեկությունները: Այն փորագրված է Վանի քարաժայռի հյուսիսային կողմի Գանձադուռ կոչվող ժայռախորշի մեջ կանգնեցված կոթողի չորս կողմերին և պարունակում է արքայի կառավարման շուրջ տասներկու տարիների նկարագրությունը:): Իր գահակալության առաջին տարիներին Սարդուրին շարունակել է երկրում սկիզբ առած լայնածավալ քաղաքաշինությունը` հիմնադրելով այնպիսի խոշոր կենտրոն, ինչպիսին էր Տուշպայից ոչ հեռու գտնվող Սարդուրիխինիլին (Հայկաբերդ, Աստվածաշեն), ապա և Սարդուրիխինիլի անվամբ երկու այլ քաղաքներ` Արճեշից հյուսիս և Աղձնիքում:

Առաջին հեռագնա արշավանքը
Սարդուրին առաջին խոշոր արշավանքն ուղղում է Մելիտեա (Մալաթիա) պետության դեմ, որի նվաճումն իրականացվում է ուշագրավ ռազմավարական ծրագրով: Նա անցնում է Եփրատը, շրջանցում երկրի մայրաքաղաքը, խոր անցում կատարում դեպի արևմուտք և հյուսիս, ապա հետ շրջվելով` նվաճում Մելիտեայի արքայի նստավայրերից Սասինին: Դրանով փակվում են մայրաքաղաքի ճանապարհները, որից հետո այն պաշարվում է:
Մելիտեայի արքան ստիպված էր ներկայանալ Սարդուրիին և պարտավորվել վճարել հարկեր: Նրանից խլվում են երկրի անդրեփրատյան տիրույթները` այնտեղ կառուցված ամրոցների շղթայով, որը սկսում է ծառայել Վանի տերությանը: Նորանվաճ տարածքները հավելվում են տերությանը` կազմավորելով նոր նահանգ:

Պատերազմները
Սարդուրիի իշխանության առաջին շրջանում Ասորեստանը արտաքին (հատկապես Արգիշտի Ա-ից ստացած) հարվածների, ինչպես նաև ներքին ապստամբությունների հետևանքով ի վիճակի չէր տարածաշրջանային լուրջ դերակատարում ունենալ: Վիճակը ձգտում է փոխել Աշշուրնիրարի Ե թագավորը (Ք.ա. 754-746/5թթ.), որը գահ բարձրանալուն պես փորձում է պառակտումներ մտցնել Վանի տերության, նրա գերիշխանության տակ գտնվող և դաշնակից երկրների մեջ: Մասնավորապես, Ք.ա. 754թ. նա հարկադրում է Արպադի արքային ՙդաշնակցելու՚ պայմանագիր կնքել, ապա բանակցություններ սկսում Մանայի, իսկ մյուս կողմից` Ուրմե երկրի որոշ ուժերի դրդում հակաուրարտական ելույթի` զորք մտցնելով այնտեղ:
Սարդուրին, որն այդ ընթացքում արշավել էր Սևանա լճի ավազան` Վելիքուխի և Տուլիխու երկրամասերը, պատասխան քայլեր է ձեռնարկում:
Զորաբանակներից մեկն արշավում է Արմե, որի մայրաքաղաք Նիխիրիայի մոտ  ջախջախում է  ասորեստանցիներին, ապա նաև ճնշում Ուրմե երկրում բարձրացած ելույթը (տե՜ս քարտեզը):
ՙՍարդուրյան տարեգրության՚ պահպանված հատվածը սկսում է Սարդուրի Բ-ի` դեպի զագրոսյան լեռնաշրջան կատարած արշավանքով, որի ընթացքում նա նախ ճնշում է Մանա երկրի ապստամբությունը, ապա հաղթարշավը շարունակում դեպի հարավ: Սարդուրին կրկնեց հոր` Արգիշտի Ա-ի բացառիկ արշավանքը Ասորեստանի արևելքով դեպի Բաբելոն (Բաբիլու երկիր): Արարատյան թագավորության հաղթանակած բանակը մտնում է Բաբելոն` գրավելով երեք ամրոց և մոտ երկու տասնյակ քաղաքներ` տանելով գրեթե քառասուն հազար
ռազմագերի և հարուստ ավար: 
Բաբելոնիայի նվաճումով հայոց տերության հարավային սահմանը հասավ Պարսից ծոց:


Պատմական տեղեկանք. ՙԽալդին արշավեց, սեփական զենքին(?) ենթարկեց Մանա երկիրը, զգետնեց Սարդուրիի առջև Արգիշտորդու։ Խալդին (իմ) զորեղ (է), Խալդյան զենքն(?) իմ զորեղ (է)։ Արշավեց Սարդուրի Արգիշտորդին։ Սարդուրին ասում է.- Արշավեցի Բաբիլու(նի) երկրի վրա։ Գրավեցի Բաբիլու(նի) երկիրը։ Կտրում էի մինչև Բարուաթա (երկիրը)։ Խալդյան մեծությամբ Սարդուրին ասում է.-Գրավեցի երեք ամրոց, (որ) ամրացված էին, կռվում գրավեցի։ Քսաներեք քաղաք մեկ օրում նվաճեցի… 
ՀԺՊՔ, էջ 73; КУКН, с. 228

Չորս ծովերի տիրակալը
Ամրապնդելով դիրքերը հարավում` Սարդուրին նույն տարում արշավում է հյուսիս-արևելք և իր տիրապետության ոլորտում ընդգրկում Սևանի ավազանը և զանգեզուրյան հատվածը կապող կարևոր ճանապարհների ու անցումների շրջանը (Արփա գետի վերին հոսանքի տարածքը, Սելիմի և Որոտանի լեռնանցքները) ու այստեղ կատարում ամրաշինական աշխատանքներ:
Ք.ա. մոտ 749-746թթ. տեղի են ունենում Սարդուրի Բ-ի երկու արշավանքները դեպի հյուսիս` Իգանի երկրի դեմ (Հյուսիսային ծովակի ավազանում), և ապա Ճորոխի ստորին հոսանքի շրջանում Կուլխա (թերևս, հունական աղբյուրների Կոլխիդա) երկիրը, որը ձգվում էր մինչև Սև ծովի ափ։ Հյուսիսային արշավանքների ընթացքում Սարդուրին կրկին աշավում է Աբիլիանի և Էրիախի` պարտադրելով վճարել ամենամյա հարկեր: 
Հաջորդ տարի Սարդուրին հասնում է նոր բացառիկ հաջողության` հաղթելով Ռուիշիանի երկրի (Ռուիշիանին Սիրիայի (Դամասկոսի թագավորության) հնագույն անվանումներից է (եգիպտական աղբյուրներում` Ռեչենու, իսկ Ռաշունի արքան Աստվածաշնչում հիշվում է Ռեծուն, Ռասոն տարբերակներով)) արքա Ռաշունիին և նրան պարտադրելով դաշնակցել իր հետ: 
Սարդուրին առաջինն էր, որ Վանի թագավորներից, դուրս է գալիս Միջերկրական ծովի արևելյան ավազան:
Սիրիայի (Ասորիք) ընդգրկումը հակաասորեստանյան դաշինքի մեջ ավելի էր մոտեցնում Ասորեստանի լիակատար ոչնչացման ծրագրին, որը մշակվել էր դեռևս Արգիշտի Ա-ի օրոք։ Զագրոսյան լեռներով դեպի հարավ` մինչև Բաբելոն արշավանքները երեք կողմից շրջափակում էին Ասորեստանը, իսկ Սիրիայով և Եփրատի ավազանով Բաբելոն հասնելով` կիրականանար Ասորեստանի լիակատար շրջափակումը:
Հարավում մեծ ծրագրերն իրականացնելուց առաջ Սարդուրին հյուսիսում հուսալիորեն պետք է ամրապնդեր թիկունքը: Նա խաղաղության ու բարեկամության դաշնագիր է կնքում Էթիունիի արքա Դիուծինիի հետ (նրա անունը հնագույն հայե-րենում նշանակել է ՙԱստծուց ծնված՚, հմմտ. հունական Դիոգենեսին): Նույն ամսին, Էթիունիին օգնելու նպատակով, որը պատերազմում էր Իգանի երկրի դեմ, Վանի բանակը մեկ անգամ ևս ներխուժում է Իգանի: Վերադարձին Սարդուրին իր իշխանությունն ամրապնդում է հյուսիսարևելյան Հայաստանի մի շարք երկրամասերում, որոնց մեծ մասը կախյալ էր իրենից:
Միակ քաղաքական ուժը, որ կարող էր խոչընդոտել Սարդուրի Բ-ի ծավալմանը հյուսիսում, Կուլխան էր, որի դեմ ձեռնարկվում է երկրորդ արշավանքը: Նվաճվում են Կուլխայի բազմաթիվ քաղաքներ, այդ թվում` մայրաքաղաք Իլդամուշան, որի կայազորն ու բնակչությունը ոչնչացվում է: Իր հաջողությունը հավերժացնելու նպատակով Սարդուրին հրամայում է նվաճված մայրաքաղաքում կանգնեցնել Խալդի աստծո և իր գործերը փառաբանող կոթող:
Դրանով Սարդուրին վերջնականապես ամրապնդում է Վանի թագավորության տիրապետությունը նաև Սև ծովի ափին` Ճորոխի ավազանում:

Պատմական տեղեկանք. ՙՍարդուրին ասում է.- Արշավեցի Կուլխա (երկրի) վրա։ Երկիրը գրավեցի, Իլդամուշա քաղաքն արքայական Միշա արքայի՝
Կուլխա (երկրի), (որ) ամրացված էր, կռվում գրավեցի... Երկաթյա կնիք պատրաստեցի, արձանագրություն Իլդամուշա (քաղաքում) գրեցի, ամրոցները,
քաղաքները այրեցի, ավերեցի, երկիրը յուրացրեցի, մարդ, կին քշեցի՚։
ՀԺՊՔ, էջ 77; КУКН, с. 239

Նույն տարում Սարդուրին վերացնում է Վիտերուխիի ենթակա թագավորությունը (Ալաշկերտի շրջանում)` նշանակելով այնտեղ նահանգապետ: Վիտերուխիին հաջորդում է Էրիախի երկրի (Շիրակի շրջան) ամբողջական միացումը տերությանը, այստեղ կառուցվում է ամրությունների մի նոր շղթա: Մինչ այդ նման բախտի էր արժանացել Մելիտեայի թագավորության տարածքի մեծ մասը, իսկ քիչ հետո այդ ճակատագիրը կկիսի նաև Պուլուադի երկիրը: 
Սարդուրի Բ-ի կառավարման շրջանում նկատվում է շատ կարևոր անցում տերության կառավարման ոլորտում. նա սկսում է վերացնել կախյալ (գուցե ՙդաշնակից՚ համարվող) թագավորությունները` վերածելով պետության վարչական միավորների` դրանով իսկ համադաշնային կառավարման համակարգից անցում կատարելով գերկենտրոնացված պետության:
Արևելքում տերության սահմաններն ընդարձակելու նպատակով Սարդուրին Ք.ա. 746-745թթ. ընթացքում արշավեց դեպի Պուլուադի երկիր, որը գտնվում էր ապագա Ատրպատականի հյուսիսում, Արաքսից հարավ, մինչև Կասպից ծովն ընկած տարածքում: Երկիրը կցվում է Վանի տերությանը: Այստեղ ևս կատարվեցին ամրաշինական աշխատանքներ:

Պատմական  տեղեկանք. ՙԼսում էին ինձ աստվածները (և) տվեցին ինձ ճանապարհ։ Դեպի այնտեղ արշավեցի՝ Պուլուադի (երկրի) վրա։ Ելավ առջևս կռվով։ Նորից վռնդեցի, փախցրի (= հալածեցի) մինչև Լիբլիունի (քաղաքը)։ Լիբլիունե քաղաքն արքայական, (որ) ամրացված էր, կռվում գրավեցի, արձանագրություն այնտեղ դրեցի։ Քաղաքները այրեցի, երկիրը յուրացրեցի, մարդ, կին այնտեղից քշեցի։ Ամրոցներ այնտեղ կա-ռուցեցի՝ Բիաինիլի (երկրի) զորությունը լուլույան (=բարբարոսական) ցեղերի մեջ ամրապնդելու (համար)։ Երկիրը երկրիս վրա ավելացրի՚։
ՀԺՊՔ, էջ 77-7 78; КУКН, с. 241

Պուլուադի երկրի նվաճման մասին ժայռափոր արձանագրությունը հենց նվաճված երկրում (Վարզական բնակավայրում) պահպանվել և հասել է մինչև մեր օրերը: 
Տերության հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Կուր գետով. դեռևս Արգիշտի Ա-ի օրոք այդ սահմանն ընդգրկում էր Աղստևի հովիտը (Ալիշտու), իսկ Սարդուրի Բ-ի մեկ այլ արձանագրություն` թողնված Սևանա լճի հարավում գտնվող Ծովակ գյուղում, վկայում է, որ նրա տերության մեջ է մտել նաև Արցախը (Ուրտեխի):
Սարդուրին Պուլուադիի և Ուրտեխիի դեմ արշավանքներով Վանի տերության սահմանները հասցրեց մինչև Կասպից ծով և Կուր գետ:

Եզրակացություն
Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի օրոք Վանի տերությունը Առաջավոր Ասիայի հզորագույն ուժն էր, միանձնյա առաջատարը, ինչը տևեց ավելի քան կես հարյուրամյակ:
Ամփոփելով նշենք, որ Սարդուրի Բ-ի գահակալության շրջանում է Վանի հայկական տերությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը:
Նրա տերությունը հյուսիսում հասնում է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով,արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով Պարսից ծոց և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:
Չորս ծովերի միջև ստեղծված հզոր տերության կառավարման մեջ նա համադաշնային համակարգից անցում է կատարում գերկենտրոնացված պետության` դարակազմիկ նշանակություն ունենալով Հայոց պատմության մեջ:

“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий