Ցեղակրոն ՈՒսմունքի բաղկացուցիչ՝ չորս հիմնարար մասերից մեկն է Ցեղապաշտությունը: Սեղմ ասած, դա պաշտամունքն է Ցեղի որակների, արժեքների և սրբությունների: Ցեղապաշտությունը, սակայն, հիմնված չէ կույր
բնազդի կամ սոսկ տրամաբանության վրա: Ցեղակրոնությունը պահանջում է սիրել ու պաշտել Ցեղը՝ անհատականության բովանդա՛կ ուժով՝ մտքի, զգացումի և կամքի ողջ թափով: Ցեղակրոնության սահմանած արժեքներն ու որակները, որոնցով պայմանավորված է Ցեղապաշտությունը՝ յոթն են: Այսօր կներկայացնեմ դրանցից յոթերորդը. Առաջնորդապաշտություն:
-«Դա պաշտամունքն է Ցեղի ճշմարիտ Առաջնորդի, որի աջն է գծում ազգերի ճակատագիրը, որին են պարտական ազգերն՝ իրենց վերելքներն ու անկումները: Ա՛յն Առաջնորդի, որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի՝ նրա՛ն ահա, հնազանդվել, նշանակում է նաև՝ հնազանդվել Ցեղի կամքին»,- Սա Ցեղապաշտության տված սահմանումն է:
Ճշմարիտ առաջնորդ. դա նախ և առաջ ենթադրում է՝ Ցեղային բարձր բարոյական, սեփական Տեսակի համար՝ յուրաքանչյուր պահի, մեռնելու և մեռցնելու պատրաստակամություն, Ցեղի ցավն ու հպարտությունն իրենում կրելու կարողություն: Առաջնորդն է տալիս գաղափարներ և, միաժամանակ, անձնական օրինակով ցույց տալիս դրանց կենսունակությունն ու արժեքը:
Ազգերի հավաքական կամքի արտահայտողներն են առաջնորդները, և սրանք սոսկ խոսքեր չեն: Պատմություն ստեղծում են միայն և միայն ճշմարիտ առաջնորդներ ծնելու ընդունակ ազգերը: Թողնենք, սակայն, մնացածին, և խոսենք մեզանից: (Պատմական մի քանի թեթև անդրադարձ, որ կբերեմ այստեղ, ընդհանուր առմամբ հայտնի են շատերիս և իրենց հիմնական գծերով՝ ժամանակին ներկայացվել են ուսումնասիրողների կողմից, ուստի, հղումներով չեմ ծանրաբեռնի ընթերցողիս, այլ բավարարվեմ միայն ասելով, որ բերում եմ բացառապես օրինակներ, որոնք քաղել եմ մեր լավագույն պատմաբանների ու տեսաբանների մտքերից: Հետաքրքրության դեպքում, ամենայն պատրաստակամությամբ, կտրամադրեմ համապատասխան գրականության մասին տվյալներ):
Վերցնենք մեր պատմության ցանկացած շրջան. առանց առաջնորդի, առանց ուժեղ, գաղափարապաշտ ու ցեղային ընդգծված արժեհամակարգով ապրող արքաների ու իշխանների, մեր ուժը երբեք արդյունավետ ու Նպատակասլաց չի գործածվել: Ավելին, միայն հզոր առաջնորդի գլխավորությամբ է մեզ հաջողվել՝ ոչ միայն միավորվել Հայկական Բարձրավանդակի բնական սահմաններում, այլև մեր Տեսակի հավաքական կամքին պատշաճեցնելով մեր Բնօրրանի՝ իրականում կենտրոնախույս հակումները, լավագույնս օգտագործել մեր Արյան ու Բնության միասնությունը, մեր Հայրենիքը վերածել անառիկ մի բերդի, և հաճախ, տարածվել նրանից դուրս՝ շրջակա հարթավայրերին կյանք, իսկ երբեմն էլ՝ մահաբեր պատիժներ տվող մեր լեռների ու գետերի պես:
Մեր պատմության վաղ շրջանում, երբ տարածաշրջանային իրողություններից թելադրված, ու նաև՝ մեր Հայրենիքի բնությանը համահունչ, ապրել ենք առանձին համայնքների ձևով, բնականաբար, մեր Ազգին հարիր բարձր նկարագիրը մեզ թույլ է տվել առանձնանալ շրջակա միջավայրից՝ նաև մեր բարոյականով, կենսակերպով ու շրջապատի կողմից «աստվածային» որակված մեր արժեհամակարգով: Բայց պետք էր մի Հայկ, որ քաջությամբ, ուժով ու ազնվությամբ իրենից ոչ պակաս դյուցազուններին հավաքելով մի տեղ՝ բացատրեր ու ՍՏԻՊԵՐ, թե մեր Ցեղին անհարիր է սեփական նկարագիրը եղծելը, արժեհամակարգը վտանգի տակ դնելը, թե Անկախությունն է Ազգ-Անհատի գերագույն առաքինությունը, և թե առանց միացյալ, կենտրոնաձիգ պետության, այլևս անհեթեթ է ապրել անջատ-անջատ, բազմազան ու խայտաբղետ կիսա-նպատակներով: Ո՞վ էր Հայկը՝ բռնակա՞լ. ո՛չ իհարկե: Դա և՛ մեր Տեսակի հավաքական, Անդրանցական տիպարն է՝ հավերժի մեջ, և՛ պատմականորեն նրա երկրային մարմնավորումը՝ իբրև կատարյալ առաջնորդ: Ովքե՞ր էին նրան հնազանդվող հայկական տոհմերի նահապետ-դյուցազունները՝ ստրկացած հոգեբանությամբ ենթարկվածնե՞ր, թե՞ սեփական Տեսակի գերագույն շահը հետապնդող հերոս անհատներ, որոնք անհրաժեշտ համարեցին իրենց փոքրիկ իշխանությունները միավորել մեկ ընդհանուր, զորեղ տանիքի տակ՝ սեմականության, հարթավայրային ստրկատիրական-կայսերապաշտական վտանգը դիմագրավելու համար. իհարկե, վերջի՛նը:
Առաջնորդն ընդունակ է ինչպես բարձրացնելու, այնպես էլ՝ անդունդը գլորելու իր ազգի ապագան. դա, իհարկե, այդպես է: Բայց պատմությունը՝ ուզենք, թե չուզենք, շարժվում է ա՛յս օրինաչափությամբ. Ցեղային ոգուն հաղորդակցվող անհատներն են այն գծում: Բոլոր այն շրջաններում, երբ չունեցանք կամային, ազգային բարձր նկարագրով օժտված առաջնորներ, կրկին սփռվեց մեր հավաքական կամքը՝ մեր Բնաշխարհի ինքնամփոփ ծվեններում, կրկին անջատողականությունն ու քաղաքական գորշ, անկումային գոյատևումը տիրեցին հայոց աշխարհում: Հայկից հետո բավական էր մեկ Արամ, և այդ Կամքն արձանանալով Հայկական Բարձրավանդակում՝ աշխարհասասան բանակներ առաքեց Ասորիք, Եգիպտոս, Հնդկաստան ու Կովկասից անդին: Բավական էին մեկ Տիգրան, Վաղարշակ, Արտաշես Տիեզերակալ... Եվ կրկին դրախտային լեգենդներում հիշատակվող «հրեղեն սուրն» էր պահպանում Հայոց լեռնակղզին:
Ցեղային աշխարհիմաստությունը մի հետաքրքիր բնական օրինաչափություն է տեսնում մեր Հայրենիքում, որի միակ ծնունդն ենք մենք՝ Արարչագործության հենց սկզբից. Հայկական բարձրավանդակի գետերը՝ արևելքից արևմուտք երկարող լեռնագրական մեր իրականության պարտադրանքով, թեև հոսում են արևելք-արևմուտք կամ արևմուտք-արևելք հոսանքով, սակայն, հանկարծակի ստանում են հյուսիսային կամ հարավային ընթացք, և վերջանո՛ւմ է Բնական Հայաստանը: Մեր մայր գետերը երբե՛ք մեր լեռների պարտադրած ուղղությամբ չեն շարժվում դեպի իրենց ավազանները, որով՝ Հայաստանը զրկվում է դեպի ծով բնական ելքից: Միաժամանակ, նրանց վտակներին բնորոշ է՝ հյուսիս-հարավ կամ հարավ-հյուսիս ընթացքը. ասես փորձելով շրջանցել իրենց լեռների կամքը՝ սրանք ձգտում են ամեն կերպ պառակտել մեր Բնաշխարհի կենտրոնացվածությունը: Մեր գետերն, այսպիսով, հակառակ մեր Հայրենիքի՝ արտաքուստ կենտրոնացված բնույթի, ճգնում են խույս տալ այդ միությունից՝ կյանք պարգևելով հարևան սարահարթերին ու անապատներին: Այս կռիվը, պայքարը Արարատյան բավիղի շուրջ համախմբված՝ դեպի արևմուտք ձգվող մեր լեռների, և Բարձր Հայքի ավազանից բխող ու արտաքուստ՝ մեր լեռների պարտադրած հոսանքով շարժվող մայր գետերի միջև, իր աներկբայելի դրոշմն է դրել մեր Տեսակի հոգեբանության վրա. մի կողմից, բնական պայքար՝ կենտրոնացված, միասնական ուժ ստեղծելու համար, մյուս կողմից՝ հաճախ բնազդական, անբացատրելի մի ձգտում՝ այդ միությունից խույս տալու համար:
Այս պայքարը բնական է, և բոլոր հազարամյակներում դա՛ է պայմանավորել մեր Պետականության թռիչքներն ու անկումները: Այս պայքարում է, որ իր վճռական խոսքն է միշտ ասում Ճշմարիտ Առաջնորդը: Իսկ այդ առաջնորդը երբեք չի՛ ծնվել քաղաքական սակարկությունների արդյունքում: Բնականորեն, նրա գալուստը միշտ էլ պայմանավորված է եղել իրեն ծնող տոհմի ազնվությամբ ու դարերի ընթացքում նրա մեջ մշակված որակներով: Մեր ժամանակներում, չկան այլևս Հայկյան փառահեղ տոհմերը՝ իբրև այդպիսիք, կա և պայքարում է, սակայն, նրանց արմատի վրա աճած, անխառն մեր Տեսակը, որն ընդունա՛կ է ծնելու Կատարյալ Առաջնորդներ: Մնում է միայն, որ անկախ քաղաքական ու սոցիալական դժվարություններից, անկախ մեզ շրջապատող եսակենտրոն անհատներից ու կառավարիչներից՝ մեր Մտավորականները նախապատրաստեն այդ Առաջնորդի ծնունդը՝ Ցեղորեն ու Նպատակամղված կրթելով իրենց մատաղ սերնդին:
Գևորգ Հովհաննիսյան
Комментариев нет:
Отправить комментарий